Շվեյցարական գյուղից՝ հայկական հեղափոխություն
HAYP Pop Up Gallery-ն և Ցյուրիխի դիզայնի թանգարանը մեկ հարկի տակ են հավաքել տասնյակ քաղաքական պաստառներ: Դրանցից ամենահները 100 տարեկան են, իսկ ամենաթարմ՝ Թավշյա հեղափոխությանը նվիրված օրինակները՝ ընդհամենը մի երկու ամսական:
Տեքստը՝ Կարինե Ղազարյանի
Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի
Հունիսի 29-ին բացվեց «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» ցուցահանդեսը:
«Ձայնաղբյուրի» կազմակերպիչները պատմում են, որ ցուցահանդեսի միտքը ծագել էր դեռ մինչև ապրիլ, բայց Թավշյա հեղափոխությունը այն դարձրեց շատ ավելի արդիական: «Երբ հանրահավաքները սկսեցին թափ առնել, հասկացանք, որ ցուցադրության մեջ անպայման պետք է դրանց մասին կտոր ներառենք, — պատմում է HAYP Pop Up Gallery-ի համահիմնադիր Աննա Գարգարյանը: — Զարմանալի է, բայց մերօրյա գործերը ավելի դժվար էր գտնել, քան արխիվների ու պահոցների հին պաստառները: Միգուցե պատճառն այն էր, որ պաստառը ոչ թե թանգարանային, այլ ժողովրդական արվեստ է, հետևաբար դրանք պետք է ուրիշ ուղիներով փնտրել»:
Աննա Գարգարյանը ասում է, որ ամեն ինչ սկսվեց, երբ Շվեյցարիայի դեսպանատունը առաջարկեց HAYP-ին Ցյուրիխի թանգարանի էքսպոզիցիան բերել Հայաստան: HAYP-ում մտածում էին, թե ինչպես համադրել այդ հավաքածուն հայաստանյան կոնտեքստում: Արդյունքում, շվեյցարարկան հին ու նոր նմուշներին միացան Սարդարապատի թանգարանի, Երևանի պատմության թանգարանի, Հայ ազգային կոնգրեսի և այլ հավաքածուների պաստառները:
Ցուցադրության այս հայկական մասը ներառում է Ղարաբաղյան շարժման ու անկախության առաջին տարիներին նկարվածից մինչև Թավշյա հեղափոխության օրերին ստեղծված գործեր, օրինակ՝ Սամվել Սաղաթելյանի «Քայլ արա» պաստառը:
«Ձայնաղբյուրն» արդեն երկրորդ ցուցահանդեսն է, որ կազմակերպվում է Արտաքին գործերի նախարարության նախկին շենքում: Առաջինը ավելի վաղ հունիսին բացված Ներկայ դիզայն տաղավարն էր: «Սա հրաշալի էքսպոզիցիա է, և այս քաղաքական տարածքն էլ շատ խորհրդանշական է դրա համար, — ասաց բացմանը ներկա Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը: — Հուսամ, ի վերջո սեփականատերերը կհրաժարվեն հյուրանոցի գաղափարից ու արվեստի թանգարան կամ մշակութային կենտրոն կհիմնեն այստեղ»: Ցուցադրվող նմուշների շարքում կարելի էր տեսնել Մարիներ Հարոյանը ամուսնու՝ հայտնի նկարիչ Կամո Նիգարյանի գործերը, որոնք հայկական դրոշը պատկերող առաջին պաստառներն են:
HAYP Pop Up Gallery-ն շարժական պատկերասրահ է, որը ցուցադրությունների համար օգտագործում է ամենաանստասելի տարածքները: 2017-ի սեպտեմբերին, օրինակ, այն ժամանակակից արվեստի երկօրյան ցուցահանդես կազմակերպեց Բյուրականի աստղադիտարանում և Հերունու ռադիո-օպտիկական դիտակում: