Փորձարկում․ Երևանի նոր ավտոբուսները  🚌
Տրանսպորտ

Փորձարկում․ Երևանի նոր ավտոբուսները 🚌

Երևանի քաղաքապետարանի խոստացած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն երթուղում է։ ԵՐԵՎԱՆը երթևեկել է այդ նոր ավտոբուսներով ու կիսվում է տպավորություններով։ 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի

 

2020-ի սկզբին Երևանի Քաղաքապետարանը՝ ՀՀ Կառավարության և EBRD բանկի հետ համատեղ հայտարարվել էր 100 հատ «Եվրո 6» ստանդարտի ավտոբուսի մրցույթ։ Մրցույթը չկայացավ համավարակի պատճառով և ավտոբուսները ձեռքբերվեցին համայնքային բյուջեով՝ տնտեսված միջոցներով։ Հայտարարվեց 100 «Կոմպակտ» դասի ավտոբուսների մրցույթ։ Այս անգամ ամեն բան հաջող ընթացավ, մրցույթը հաղթեց ռուսական «Գազ» ընկերությունը՝ 2020-ի արտադրության իր վերջին «Եվրո 5» ստանդարտի մոդելով։ Պլանավորվում է, որ 100 ավտոբուսն էլ այս տարվա ընթացքում փուլ առ փուլ կմտնեն երթուղի։

#Տրանսպորտ

100-անոցը չմոռանա՛ք 

Որպես Երևանի հանրային տրանսպորտի «վաստակավոր ուղևոր», որոշեցի ինքս անցնել այս փորձությունը։ Դեռևս երկու նոր երթուղի կա՝ 26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին, և 38 համարի երթուղին, որն էլ Ծարավ աղբյուր թաղամասը Կենտրոնով կապում է «Երևանի ՋԷԿ»-ին։ Վերջինն ինձ շատ հարմար էր, գնալու տեղ էլ ունեի, ամեն ինչ շատ լավ դասավորվեց, միայն թե լսել էի, որ պարտադիր 100 դրամանոց է պետք ունենալ։ Մոտակա խանութում խնդրեցի երկու 50 դրամանոցներս փոխարինել 100-անոցով ու ինձնից գոհ քայլեցի դեպի կանգառ։ 

 

 

Մետաղադրամը գցեք ու անցեք ներս

Հեռվից նկատեցի այդ 38 համարի միկրոավտոբուսի և ավտոբուսի հիբրիդին (մոտավորապես գազելի երկարության, բայց ավտոբուսից բարձրության ու հարմար նստարաններով), հասկացա, որ էլ չեմ հասցնի ու դե սովորության համաձայն մտածեցի որ հիմա ստիպված եմ լինելու սպասել ու սառել կանգառում։ Բայց, ի զարմանս ինձ, ավտոբուսը երկար սպասեցնել չտվեց, մոտ 5 րոպե անց եկավ հաջորդն ու ես լայն բացված դռներից ներս մտա։ Աջ կողմում կոպեկը գցելու հարմարանքն էր։ Գցեցի ու մի վայրկյան մի տեսակ չգիտեի ինչ անել, տպավարություն էր, թե կոպեկը գցեցիր ու մի բան պիտի կատարվի, իսկ իրականում՝ ոչ մի բան, «գցել ես, նստի՛ աղջիկ ջան»։ 

 

 

Կարելի է կանգնել ու չավիրել ողնաշարը

Միանգամից ուշադրություն գրավեց դիմապակու վերևում վազող տողով գրվող երթուղին։ Ազատ տեղեր կային, բայց կանգնելն էլ հարմար էր՝ բարձրությունն այնպիսին է, որ կարիք չկա կորացած մեջքով երթևեկելու։ Ես նախընտրեցի նստել ու հանգիստ հետևել ընթացքին։ 

 

Լուսավոր ու լուռ

Ավտոբուսում անչափ լուսավոր էր, շնորհիվ մեծ պատուհանների, ու նաև բավական լավ օդափոխված։ Ի դեպ՝ մաքրության մասին․ ավտոբուսը թարմ տեսք ունի թե՛ ներսից ու թե՛ դրսից, վարորդն էլ կոկիկ համազգեստով էր, չէր ծխում ու բավական անսովոր էր լինել հանրային տրանսպորտում և չմտահոգվել հիգիենայի մասին, չվախենալ դիպչել ինչ-որ բանի։ Ամեն դեպքում կարելի էր օգտվել ներսում առկա ախտահանիչ նյութից։ 

 

 

Ինձ հատկապես զարմացրեց անսովոր լռությունը։ Լուռ էին թե՛ վարորդը (հեռախոսով էլ երբեք չխոսեց) ու թե՛ ուղևորները։ Ես միանգամից պատկերացրի, որ ընթացքում գիրք կարդալը պիտի որ հարմար լինի։ Մի քանի ուղևոր միայն խոսեցին, բայց շշուկով, կարծես այդտեղ ընդունված չէ բարձր խոսել։ Ու ինձ համար սովորական դարձած «Էս մի հատ կփոխանցե՞ք», «Սա մի հատ ստացեք», «ստացած ա, կիջնես» ու «տվեք պահեմ»-ների փոխարեն միակ արտահայտությունը, որ շշուկով շրջանառվում էր, դա՝ «100-անոց ունե՞ք, կմանրե՞ք» թախանձագին հարցն էր։ Ի դեպ, քաղաքապետարանը հայտնել է, որ առաջիկայում վարորդներն օգնելու են քաղաքացիներին այդ հարցում, մինչև որ կներդրվի նաև էլեկտրոնային վճարման համակարգը։ 

 

Ի դեպ՝ ավտոբուսը տեսահսկվում է, ու հա, մի լավ բան էլ՝ այն հարմարեցված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։ 

 

 

Ստացած է

Ու երբ արդեն իջնելու ժամանակն էր, ես սովորության համաձայն ձեռքս տարա դրամապանակիս, հետո հիշեցի, որ սկզբում եմ վճարել, վեր կացա, ու իջա ավտոբուսից։ Տպավորություն էր, թե մոռացել եմ վճարել։ Մի խոսքով՝ բավական հաճելի փորձառություն էր։ 

 

Մնում է հուսալ ու սպասել, որ երթուղիները կավելանան ու Երևանում հանրային տրանսպորտով երևեկելն այլևս չի նմանվի պատժամիջոցի։