Փուչիկի տրիումֆն ու անկումը
Պաչյան

Փուչիկի տրիումֆն ու անկումը

Արամ Պաչյանը ԵՐԵՎԱՆի խնդրանքով հիշում է Մանումենտի հանրահայտ մարզադաշտը, քուչի տղեքի հարաբերությունները ֆուտբոլի համատեքստում և իր կարճ, բայց դրամատիկ կարիերան մանկապատանեկան ֆուտբոլում:

Տեքստը՝ Արամ Պաչյանի ⚽

 

Նկարազարդումը՝ Սարգիս Անտոնյանի

 

ԵՐԵՎԱՆ #9 | 2012

 

 

Սկզբում մենք ֆուտբոլ խաղում էինք մուտքերի դիմաց: Շենքի պատին կավիճով դարպաս էինք գծում, հետո ցելա էինք գցում ու սկսում: Երբ գնդակ չէր լինում, տշում էինք ինչ պատահեր՝ քար, փետ, շիշ, խնձոր: Հետո գնդակի հետ միասին դեպի առաջին ու երկրորդ հարկի պատուհաններն ու պատշգամբներն էին թռչում մեր եռման բոթոները, որոնք կատաղած տերերի կողմից նույն ուղղությամբ ու ուժգնությամբ իջնում էին ուղիղ մեր գլխին: Ձյաձ Ռազը, որից միշտ քացախի հոտ էր փչում, հարմար առիթի դեպքում դանակով ճղում էր գնդակը: Թեկուզ բակով անցնելիս, երբ հանկարծ գնդակը հայտնվում էր ոտքերի առաջ, ձիու պես խրխնջալով ու խոշոր փորը ցնցելով՝ հանկարծ գրպանից դանակ էր հանում ու առանց խղճի խլում գնդակի կյանքը: Դե մենք էլ բռնեցինք ու սրբազան վենդետա հայտարարեցինք, կարճ ժամանակում ձյաձ Ռազին հասցրինք ինֆարկտի: Օրը մեջ գնդակով ջարդուփշուր էինք անում նրա պատուհանի ապակին ու փախչում: Բայց ձյաձ Ռազը նստել էր պոչներիս: Անգիր էր արել ֆուտբոլ խաղաղալու մեր ժամերը ու հանկարծ խելագարված զամբիկի պես դուրս էր թռչում մուտքից ու վազում գնդակի ուղղությամբ: Թումբանը քամակից կախ, վառվող թշերով նա ամենավերջին հայհոյանքներն էր տալիս ու քարերով լարում էր մեզ մինչև փողոցի ծերը: Ի տարբերություն ձյաձ Ռազի՝ ծյոծ Սեդան երբեք չէր ջղայնանում:

 

Երբ փշրում էինք նրա պատուհանի ապակին, հանկարծ գնդակը ձեռքին եթերային էակի պես իջնում էր ներքև, հետո մեղմ ժպիտով ու անթարթ աչքերով ձեռքի ասեղը խրում կամեռի մեջ:
 

Ֆուտբոլ խաղալու համար մեզ նոր տարածքներ էին պետք: Հենց էդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցինք «Փուչիկի» մասին: Քուչի մեծերը՝ «ֆիֆա» գնդակները ձեռքներին, նոր բոթասներով ու մի տեսակ հանդիսավոր դեմքերով, մեզ բոլորիս հավաքեցին Սևիլի հացի կրպակի մոտ ու հայտարարեցին, որ «Քուչի համար էսօր ամենակարևոր օրն ա», որ «Փուչիկում» մանումենտցիքի հետ գառի վրա ֆուտբոլ են խաղալու ու որ մենք պիտի բալետ անենք, ինչքան ուժ ունենք. ինչքան ուժ ունենք պիտի գոռանք քուչի անունը»: Ուրախությունից գժվեցինք ու քսան քանի հոգով հետևներից հասանք Բաբայան փողոց: «Փուչիկը» գտնվում էր այժմյան «Չայկոֆֆ» խանութի դիմաց: Կանաչ ցանկապատներով շրջապատված փոքրիկ մարզադաշտ էր: Ոմանք ասում էին՝ «Փուչիկը» բերել են Գերմանիայից, ոմանք՝ Ռումինիայից: «Փուչիկը» իր անունը հենց այնպես չէր վաստակել, իրոք փուչիկ էր՝ ասֆալտե դաշտն իր մեջ առած բրեզենտե օղակ, որը ձմռանը փչվում էր ու ծածկում դաշտը: Նրան փչել էին երկու սեզոն, հետո բրեզենտի վրա ճաքեր էին գոյացել, որը ոչ մի թելով հնարավոր չէր եղել կարկատել: Փուչիկը թսկել էր անվերադարձ: Բայց կար դաշտը՝ սիրուն գծված, մեծ դարպասները կաթի պես ճերմակ ցանցեր ունեին, դարպասներից մեկի հետևում ծիրանի այգի կար:

Հենց մտանք «Փուչիկի» դռնից ներս, հուզմունքից մեր ոտքերը սկսեցին դողդողալ: Գառը բերել, զադնի տված կանգնեցրել էին ծիրանի այգում: Մանումենտցիք մեզնից շատ էին: Էդ օրը բոլորիս ձենը կտրվեց, ինչքան էլ որ գոռացինք «Պը-յա-ձև՜»՝ չօգնեց: Մերոնք կրվան գառը, վերջում էլ ցխոցի գնաց: Քյաբաբի գլուխը քարով բացին, ինքն էլ բաց գլխով տվեց մեկի քիթը կոտրեց: Շենքից գոռացին, որ ոստիկանություն են զանգում՝ թռանք: Էդ օրերին «Փուչիկում» եռում էր գրազը: Նրա մոտով անցնելիս միշտ կարելի էր տեսնել այգում զադնի տված գառ, գետնին մի քանի արկղ գարեջուր, կոբրիոլետ դարձրած «զապառոժեց»՝ սալոնը պատված կարմիր, խավոտ մահուդով: Մեքենան մերոնք երկու անգամ կրվել էին ու երկու անգամ հետ բերել: Ու կաբրիոլետ «զապը» դարձել էր «Փուչիկի» սեփականությունը, ով երբ ուզեր կարող էր քշել, քուչեքում պտտվել ու վերադառնալ: Հետո լուրեր պտտվեցին, որ «Փուչիկը» իսկական մարզիչ ունի, որ էդ իսկական մարզիչը քուչեքից թիմ է հավաքում: Քաչալ գլխով մի մարդ մատյանում անուն-ազգանուններ էր լրացնում: Հերթի պոչը չէր երևում: Երբ առաջին օրը շարվեցինք դաշտում, մարզիչը գլուխը բռնեց: Ինչքան քոռ, թոփալ, ալկաշ, ուռող, ծակվող կար՝ բոլորը մի մարդու պես եկել-կանգնել էին: Մինչև երեկո մարզիչը մաքրման աշխատանքներ էր անում՝ բոլորին մեկ առ մեկ համոզում էր, որ սա մանկապատանեկան թիմ է, որ եթե նրանց կարիքը զգացվի, ինքը անպայման կդիմի: Մռթմռթալով ու դժգոհելով հեռացան:

 

«Փուչիկին» առաջին ու վերջին անգամ հռչակ բերած մեր թիմը սկսեց պարապմունքները:

 

Դպրոցը մոռացանք. մոռացանք տուն-տեղ, հեծանիվ, հոլ, հալամուլա, յոթ քար: Գժի պես էինք մարզվում: Առավոտյան վազում էինք Մանումենտի լիճ, լողանում սառը ջրի մեջ, հետո ասեղով ծակած հում ձու էինք խմում, սանրվում էինք մեր սիրած ֆուտբոլիստների պես: Էն ժամանակ կյանքը ուրիշ էր, ու ուրիշ էին ֆուտբոլային աստղերը: Մեր Կրիշտիանո Ռոնալդուն՝ Էրիկ Կանտոնան էր, Լեոնել Մեսին՝ Ջանլուկա Վիալին էր, Անդրես Ինիեստան՝ Էդգար Դավիդսն էր, մեր «Բարսելոնան» «Այաքսն» էր, «Ռեալը»՝ «Յուվենթուսը»: Թիմում մի պահ մանումենտցիք գերակայում էին ու մարզումից հետո համարյա միշտ տփում էին մեզ: Հետո մերոնք շատացան, ու սկսեցինք մենք տփել: Տփում էին իրար, քաշքշում, կծում, ընկնում էինք հողերի մեջ, թավալ գալիս, բայց առավո-տյան մարզիչի մոտ երբեք ցույց չէինք տալիս ու խաղի ժամանակ զինվորների պես մեջք-մեջքի կռիվ էինք անում:

 

Սկզբում ասֆալտին դժվար էինք սովորում, մեր ծնկների, թևերի, ուսերի ու ճակատների քերծվածքները չէին հասցնում չորանալ: Ասֆալտի վրա մեր մաշկը էնքան էր քերվել, որ պադոշ էր դարձել, եթե մեխն էլ ծակեր, ցավ չէինք զգա: Ափսոս, մեր խփած գոլերը չէին տեսագրվում, հաստատ YouTube-ը իր երազներում էդպիսի բան չէր պատկերացնի, ու դիտումների քանակով մենք կլինեինք առաջին հորիզոնականներում:

 

Հորս արև, ասֆալտի վրա Թիթիզի «մեժդուսաբոյը» ով տեսներ, աչքին էլ ուրիշ բան չէր երևա:

 

Ցոգոլը պնդանալուն պես, բոլորս աշխատում էինք գնդակը տշել-գցել այգի: Ու ով գնում էր գնդակի հետևից՝ հարձակվում էր ծառերի վրա ու սաղիս համար ցոգոլ պռճոկում: Դպրոցում ու քուչում մենք հերոսների համբավ էինք ձեռք բերել: Երբ պարապմունքից հետո՝ քրտնած ու սմքած փողոց էինք մտնում, մեծից-փոքրից բռնած ժպիտով ու հարգանքով էին դիմավորում: Մի տարի հետո ամառվա սկզբին մարզիչը մեզ հայտնեց, որ «Փուչիկի» թիմն ընդգրկել են քաղաքային առաջնության մեջ ու տանելով իր սենյակ՝ առաջին անգամ մարզահագուստ բաժանեց: Երջանկությունից պարում էինք. բոլորիս առանձին-առանձին համար, կարմիր գծով սպիտակ շապիկ, կապույտ շորտիկ ու գիտրիներ: Քուչում մեկ-մեկ թաքուն հագնում էինք ու իջնում ֆուտբոլ խաղալու, ուզում էինք, որ տեսնեն ու ապշեն: Շուխուռ էինք գցել, թե «Փուչիկի» թիմը էնքան ա աճել, որ մասնակցելու ա քաղաքային առաջնությանը, շուխուռ էինք գցել, թե իբր հեսա Հոլանդիա ենք գնում, որ մեր վռոյին «Այաքսը» ուզում ա առնի: Քանի որ «Փուչիկը» ասֆալտի դաշտ էր ու հանդիսատեսի տեղ չուներ, մենք միշտ պիտի հյուրընկալվեինք, բայց մարտական էինք տրամադրված:

Առաջնության առաջին խաղի տասը րոպեն չէր անցել՝ արդեն լեշ էինք: Շունչներս փչում էր: Սովոր չէինք համապատասխան չափսերով խոտի դաշտին: Մարզիչը կատաղությունից քրֆում էր, էս կողմ էն կողմ էր գնում: «Էշեր, պռաստիտուտկի, վի գրյազնիե պռաստիտուտկի՜», — գոռում էր մեր խեղճ մարզիչը: Ոչինչ չէր օգնում: Մենք կանգնած նայում էինք, թե ոնց են հակառակորդի հարձակվողները իրար հետևից գոլեր մխում, ու չկար-չկար՝ հիանում էինք էդ սիրուն գոլերով ու նախանձից մեռնում: Մալաթիայի թիմին կրվանք 13–0, Կիլիկիային՝ 18–0, Շենգավիթին՝ 5–0, Էրեբունուն՝ 16–0: Դասերից մի ամսով ազատված՝ մենք մասնակցում էինք առաջնությանը: Խաղից առաջ մեկիս տանը հավաքվում, Մայքլ Ջեքսոն էինք քոքում, Թուփաքի հետ ռեպ էինք կարդում, հետո մետրոյով իջնում էինք Գործա-րանային կամ Գարեգին Նժդեհի կանգառ, արագի մեջ դեղին տակառից սառը կվաս էինք ծվվցնում ու խաղից հետո լիքը գոլեր կերած հետ դառնում՝ չմոռանալով խժռել անցումի տակի կծու կետչուպով սասիսկին: Պարտությունների լուրերը հասան քուչին: Բոլորը նեղված էին: Չաղ Գոհարը օրորում էր գլուխը: Մեզ տեսնելիս ձյաձ Ռազի դեմքին եխիդնի ժպիտ էր հայտնվում: Մեր մեծերը էլ բարև չէին տալիս ու տեղ չէին ուղարկում մեզ: Տուն դառնալիս ու առավոտյան դուրս գալիս՝ մեղսագործների հայացքնե-րով ճողոպրում էինք, որ հանկարծ չնկատեն ու խաղի հաշիվը չհարցնեն: Բայց մի անգամ գոլ խփեցինք: Չգիտեմ ոնց եղավ: Մի հատ Հարութիկ ունեինք՝ 14 տարեկան տղա էր, բայց օրը մեջ թրաշվում էր ու էնքան դախ էր, որ դեմքին նայելիս զգաստանում էինք: Էս Հարութիկը նոր էր փոխարինման դուրս եկել ու հակառակորդի կիսադաշտում անվրդով կանգնած թրաշն էր քորում: Եսիմ ոնց եղավ՝ գնդակը ընկավ ուղիղ ոտքերի մոտ:

 

Էս էլ վերցրեց ու առանց նայելու ինչքան ուժ ուներ բզեց: Գնդակը մխրճվեց դիվյատկա, իսկ դախ Հարութիկը մինչև կյանքի վերջ մնաց մեր թիմի պարծանքը:

 

Անհաջողությունների տևականությունից մեր նյարդերը տեղի տվեցին: Թիմի ներսում կոնֆլիկտներ սկսվեցին: Ամեն գոլից հետո ով ում հասցներ՝ մեղադրում էր: Քանի որ փոքր դաշտի էինք սովոր՝ ընդարձակ տարածության զգացողությունը վերացել էր: Գնդակը մեկի մոտ տեսնելով՝ բոլորս մեղվի կատաղած պարսի պես հարձակվում էինք զոհի վրա ու բաց թողնում մյուս ֆուտբոլիստներին: Խոտը մեզ համար օտար նյութ էր, երկար փոխանցումները՝ անհաս տիեզերանավեր: Դարպասապահների կյանքը դժոխք սարքեցինք: Մեր աչքին բոլոր գնդակները որսալի էին թվում ու բաց թողնված ամեն մի գնդակի համար սկսեցինք դարպասապահներից պատասխան ուզել: Ով չէր տալիս՝ տփում էինք ու լարում: Արդեն մի վեց անգամ դարպասապահ էինք փոխել: Եվ ահա «Փուչիկի» ֆուտբոլային թիմի քաղաքային առաջնությունում վերջին խաղը Շեքսպիրի դրամաներին ոչ մի ձևով չզիջեց: «Նաիրիի» հետ խաղի կեսին, մեր դարպասապահը ոտքերի արանքով գոլ կերավ: Տղերքը վրա տվին ու մի քանի սիլլա հասցրին: Փախավ: Սաղ թիմով վազեցինք հետևից: Փոխարինող դարպասապահ չունեինք: Մեր վերջին հույսն էր: Խելագարի պես հետևից վազում էինք ու գոռում՝ «Կանգնի՜, կանգնի՜»: Վռոն թոզ ու դուման անելով անհետացավ: Լացակումած ու դատարկաձեռն հետ դարձանք: Մրցավարը խաղն ավարտել էր: Մեր մարզիչը թողել տուն էր գնացել: Իսկ «Փուչիկի» թիմը քաղաքային առաջնությանը այլևս չմասնակցեց: Մի քանի ամիս հետո թիմը ցրվեց, ու ամեն մեկը գնաց իր գործին: «Փուչիկը» բուլդուզերներով քանդեցին երկուհազարականներին: Հիմա նրա տեղում շենքեր են կանգնած: Ես «Փուչիկին» երազներում չեմ տեսնում, բայց մեկ-մեկ «Չայկոֆֆ» խանութից դուրս գալիս, հանկարծ լսում եմ հարազատ ձայներ, հետո հասկանում եմ, որ ձայներն իմ հիշողություներն են, իսկ հիշողությունները՝ պատմությունս: