Փող տպելը
Փող

Փող տպելը

ՀՀ դրամի նոր սերիայի թղթադրամների թողարկումն ամբողջությամբ իրականացնում է գերմանական Giesecke+Devrient ընկերությունը, որը շուկայում աշխատում է դեռ 1862 թվականից: Ընկերության մասնագետներ Վիտալի Ռուբաուն և Յուրգեն Ցերբեսը բացատրել են ԵՐԵՎԱՆին, թե ինչպես է տեղի ունենում դրամի թողարկումը:

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսնկարները՝ ՀՀ կենտրոնական բանկ


ԵՐԵՎԱՆ #52 | 2018

#Դիզայն

Փող տպողները

Հայաստանի կենտրոնական բանկն ու գերմանական Giesecke+Devrient տպարանը համագործակցում են դրամի գոյության առաջին օրվանից. դեռ 1993 թվականին D+G-ն թողարկել էր նորաստեղծ արժույթի առաջին սերիան ամբողջությամբ: Հետագայում ԿԲ-ի հայտարարած որոշ տենդերները հաղթել են նաև այլ ընկերություններ, օրինակ՝ 2015-ին D+G-ն թողարկել է միայն 1000 դրամանոցը, իսկ մնացած նոմինալները հասել են նիդեռլանդական Enskede ընկերությանը, որը 2012-ին թողարկել էր ամբողջ սերիան: Այս տարի սպասվող նոր սերիան՝ վեց նոմինալներ, ամբողջությամբ կատարում է D+G-ն:

 

Փողի թողարկումը բավական հագեցած և մրցակցային բիզնես է: Միայն եվրոպական շուկայում գործում են մի քանի խոշոր ընկերություններ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Նիդեռլանդական Enskede-ն սնանկացել է (այո՛, հնարավոր է փող տպել և սնանկանալ):

 

 

 

Հիբրիդ

Նոր սերիայի թողարկումը Կենտրոնական բանկի և D+G-ի խոշորագույն համատեղ նախագիծն է: Հատկապես աննախադեպ են տեխնիկական լուծումները. գերդիմացկուն սուբստատը, որն արդեն այդքան էլ թուղթ չէ, այլ մի քանի նյութերի հիբրիդ և ինչի հաշվին ապրելու է շատ ավելի երկար, վանում է կեղտը և ունի պաշտպանության աննախադեպ օղակներ:

 

Բայց Հայաստանն առաջինը չէ, որ օգտագործում է այս նորարարական հիբրիդը: 2008 թվականին առաջին անգամ այն փորձարկեց աֆրիկյան Սվազիլենդն իր ամբողջ սերիայի վրա: Վերջերս Հարավային Աֆրիկան նոմինալներից մի քանիսն էր տեղափոխել հիբրիդին, շուտով կմիանա նաև Տաջիկստանը: Նպատակը նոր թղթադրամների հնարավորինս երկարակեցությունն է, ինչի հետևանքով էլ հնարա-վոր կլինի միջոցներ խնայել նոր թողարկումները հետաձգելու հաշվին:

 

 

 

Գաղափարից մինչև դրամապանակ

Նախ հայտարարվում է ձևավորման մրցույթ, որից հետո արդեն պատրաստ դիզայնի հիման վրա սկսվում է աշխատանքը թողարկող ընկերության հետ: Այդ փուլում կարող են ավելանալ որոշ տարրեր, որոնք բխում են տեխնիկական պահանջներից կամ հնարավորություններից: (Լինում են դեպքեր, երբ D+G-ին պատվիրում են ամբողջ փաթեթը՝ դիզայնից մինչև տպագրություն):

 

Միայն հրատարակիչները կարող են պատկերը վերածել թղթադրամի (banknotization) հատուկ՝ միայն թղթադրամի թողարկիչներին հասանելի ծրագրերի միջոցով: Պատկերը բաժանվում է շերտերի, որոնցից յուրաքանչյուրը մշակվում է առանձին, հետո դրանց հիման վրա ստեղծվում են տպագրական ֆորմաներ:

 

Երբ հաճախորդը, այս դեպքում՝ ԿԲ-ն, ստորագրում է բոլոր ամենաանտեսանելի մանրուքների տակ, պատրաստվում է վերջնական բանկնոտային դիզայնը և դրա հիման վրա՝ ֆորմաները:

 

 

 

 

Սրան զուգահեռ, թղթի գործարանում պատրաստվում են թելերը, ֆիբրերը, ջրանշանները և այլն: Հաջորդ փուլում հանդիպում են ֆորմաներն ու թուղթը:

 

Դրամի նոր սերիայի ստեղծումը՝ ձևավորումից մինչև տեխնոլոգիական լուծումներ և տպագրություն, տևեց շուրջ մեկ տարի: Համեմատության համար՝ եվրոների առաջին սերիայի ստեղծումը տևել է ութ տարի:

 

Վիտալի Ռաբաու.

«Ամեն նոր թղթադրամի վրա աշխատելիս մենք երազում ենք, որ սովորական մարդիկ այն ձեռքում բռնելիս ասեն՝ Վաու՜, այլ ոչ թե անցնեն առաջ առանց նույնիսկ նայելու: Արժույթը, ի վերջո, պետականության խորհրդանիշ է, այն պետք է հպարտություն առաջացնի: Դրամի նոր սերիան ինձ դուր է գալիս վառ գունային գամմայով, իսկ դիզայնի առումով ամենից շատ հավանում եմ 5000 և 2000 նոմինալները: Ընդհանրապես, շատ հպարտ ենք այս աշխատանքով, վստահ եմ, որ մարդիկ էլ կգնահատեն»:

 

«Կարող էր թվալ, որ էլեկտրոնային վճարումները դուրս են մղում կանխիկը, բայց հակառակը՝ թղթադրամների քանակն աճում է տարեկան մոտ 5 տոկոսով՝ մեծանում է Աֆրիկայի բնակչությունը, աճում է անվստահությունը բանկերի հանդեպ, և մարդիկ նախընտրում են գումարը պահել տանը: Իրավիճակը նման է էլեկտրոնային գրքերի և ավանդական գրքերի օրինակին՝ տասը տարի առաջ շատերին թվում էր, որ տպագիր գիրքը մահանում է, իսկ հիմա պարզ է, որ բալանսը մոտ 50–50 է: Նույնն էլ փողի շուկայում է»:

 

 

Յուրգեն Ցերբես.

«Մենք գերմանացի ենք և մտածում ենք գերմաներեն, բայց կարողանում ենք տպագրել թղթադրամներ միաժամանակ Հայաստանի և Սվազիլենդի համար: Գաղտնիքը սերտ համագործակցությունն էր պատվիրատուի հետ, միայն նա գիտի նոր դրամի ասելիքը, բովանդակությունը, արժեքը: Սա համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված արվեստի գործ է, որտեղ միմյանց լրացնում են մշակույթն ու տեխնոլոգիաները»:

 

«Դժվար է ասել, որ հիմա կան բոլորի համար ընդհանուր թրենդներ: Կան երկրներ, որոնք շարունակում են հավատարիմ մնալ ավանդական բովանդակությանը՝ սեփական անցյալ, մշակույթ, հայտնի դեմքեր: Աֆրիկայում ընդունված է ներկայացնել այն, ինչ պետությունը տվել է բնակչությանը՝ էլեկտրակայան, ամբարտակ: Մյուսները փնտրում են ավելի առաջադեմ լուծումներ: Օրինակ՝ Հոնկոնգը, որի հետ հիմա աշխատում ենք, թղթադրամների միջոցով ներկայացնում է և՛ մշակույթը, և՛ բնությունը, և՛ ապագայի տեսլականը: Եվ ահռելի մեծ, լուրջ աշխատանք է տարվում բազմաթիվ փորձագետների մասնակցությամբ: Օրինակ մի թիթեռի տեսակ պետք է պատկերվեր, որը հանդիպում է միայն և միայն Հոնկոնգում և ոչ մնացած Չինաստանում: Դա կոնկրետ ասելիք է: Միևնույն ժամանակ, թրենդ կա տեխնոլոգիաներում՝ բոլորը ձգտում են կիրառել ամենաթարմ ու ամենաապահով լուծումները»:

հավելյալ նյութեր