Ժամանակները փոխվում են, իսկ մենք ժպտում ենք
Պայքար

Ժամանակները փոխվում են, իսկ մենք ժպտում ենք

Ռոք երաժշտության մասին խոսակցությունը կիսատ կլիներ, եթե չանդրադառնայինք նրա բողոքական բաղադրիչին։ Բոբ Դիլանից ու Վուդսթոքից մինչև Սիսթեմ օֆ ը Դաուն, Առաքյալներից մինչև Զոմբիներ. ովքեր և ինչի դեմ էին/են բողոքում դրսի և Հայաստանի ռոքերները։

Տեքստը՝ Միքայել Զոլյանի

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

Speak out, you got to speak out against
The madness, you got to speak your mind,
If you dare.
But don't try to get yourself elected.
If you do you had better cut your hair.

 - Crosby, Stills, Nash and Young, “Long time Gone”

 

Մենք նրանց բերեցինք նոր օրվա երազներ,
Ջահել ճիչ բերեցինք ապագա օրերի,
Նրանց հայացքը, ափսոս, վաղուց խուլ է դարձել,
Մեր զնգուն, գրկաբաց երգերին,
Մեր սիրուն, աղմկոտ երգերին…

- Մհեր Մանուկյան, «Մենք Ժպտում ենք» 

 

«Գեղագիտականը, որը դադարում է լինել զուտ գեղագիտական, մտնում է քաղաքականի տարածք»

Մի իմաստուն մարդ, ում անունը չհաջողվեց գտնել համացանցում

 

Freedom! Ինչպես ռոքը դարձավ ազատության երաժշտություն

1969 թվականի oգոստոսի 15-ին Նյու Յորք նահանգի Բեթել բնակավայրի մոտ՝ Ռուսաստանից ներգաղթած հրեա էմիգրանտների որդի Մաքս Յասգուրին պատկանող ֆերմայի տարածքում, հավաքվել էր մի քանի հարյուր հազար մարդ: Արդեն մի քանի ժամ էր, որ երկար մազերով և գույնզգույն շորերով ջահելները սպասում էին խոստացված համերգին: Փառատոնին այնքան շատ մարդ էր եկել, որ ճանապարհները խցանված էին, և երաժիշտները չէին կարողանում տեղ հասնել: Վերջապես երեկոյան ժամը 5-ին բեմ դուրս եկավ բարձրահասակ մի աֆրոամերիկացի՝ ակուստիկ կիթառով: Ռիչի Հեյվենզն էր, ֆոլք-երաժիշտ, ով երգում էր սուր քաղաքական և սոցիալական խնդիրների մասին՝ Վիետնամ, սևամորթների իրավունքներ, գալիք միջուկային ապոկալիպսիս: Նա պետք է լիներ հինգերորդը, բայց քանի որ մյուս երաժիշտներից ավելի շուտ էր տեղ հասել, նրան խնդրեցին սկսել ելույթը: Երբ Ռիչին ավարտեց իր երեքժամանոց սեթը, հաջորդ խումբը դեռ չէր հասցրել պատրաստվել ելույթին և նրան խնդրեցին ևս մեկ երգ երգել: Ռիչիի երգացանկն արդեն սպառվել էր, բայց նա իրեն չկորցրեց: Պարզապես սկսեց նվագել մտքին եկած առաջին ակորդները և կրկնել «Freedom» բառը՝ «ազատություն»: 

 

 

Ռիչի Հեյվենսի Freedom-ը՝ Վուդսթոքում, 1969


Հետագայում Հեյվենզը պատմում էր. «Երբ սկսեցի նվագել, գաղափար չունեի՝ ինչ պիտի երգեմ... կարծում եմ՝ արտաբերեցի «ազատություն» բառը, քանի որ իմ առջև տեսնում էի ազատությունը...»: Քիչ անց հարյուր հազարավոր մարդիկ երգում էին «Freedom! Freedom! Freedom!»: Այդպես սկսվեց Վուդսթոքի լեգենդար փառատոնը:


1960-ականներին ռոքը և ազատությունը դարձել էին հոմանիշներ: Սրանից տասը տարի առաջ «ռոքնռոլ» նշանակում էր պարային կարճ երգ՝ պարզ և անլուրջ բառերով: Քչերն էին պատկերացնում, որ մի քանի տարի անց ռոքը կդառնա լուրջ գլխացավանք իշխանություն ունեցողների համար: Ճիշտ է, կային դրա նախանշանները: Այսպես, ամերիկյան պահպանողականներին արդեն իսկ անհանգստացնում էր, որ սև երաժիշտների երգերը հաճույքով լսում էին սպիտակները, և, ավելին, անամոթաբար կրկնում էին սևերի անպարկեշտ պարային շարժումները: Հատուկ անհանգստություն էր պատճառում, երբ երգելու զգացական ոճը և վերոհիշյալ անպարկեշտ շարժուձևը կրկնում էին սպիտակ երգիչները, օրինակ՝ «ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլին: Առավել հեռատեսների համար ակնհայտ էր, որ այս ամենը կարող էր սպառնալիք դառնալ ամերիկյան ավանդական արժեքների, և, անգամ, ազգային անվտանգության համար: 


Սակայն անգամ ամենահեռատեսները չէին պատկերացնում, թե ինչ է կատարվելու մեկ տասնամյակ անց: 60-ականները դարձան երիտասարդների խռովության և մշակութային հեղափոխության դարաշրջան ոչ միայն Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում, այլ գրեթե ամբողջ աշխարհում: Այս երիտասարդական խռովությունն ուներ ամենատարբեր արտահայտությունները քաղաքական, մշակութային և սոցիալական կյանքում՝ հիփիների շարժում, պայքար փոքրամասնությունների իրավունքների համար, գիտակցության ընդլայնման փորձեր, հակապատերազմական ելույթներ, և շատ ավելին: Եվ այս ամենը տեղի էր ունենում ռոքի հնչյունների ներքո: 

 

Ժամանակները փոխվում են

Ընդ որում, ռոքը ևս անճանաչելիորեն փոխվել էր: Պարզ ռոքնռոլային ստանդարտներին փոխարինում են խլացնող ռիֆերը, անվերջ սոլոները, սադրիչ տեքստերը, էքստրավագանտ պահվածքը բեմի վրա: Անգամ եթե ռոքերները չէին երգում քաղաքականության մասին, նրանք մնում էին վտանգավոր խռովարարներ, որոնց երգերը սարսափեցնում էին ավանդապաշտ ժամանակակիցներին: Հիշենք Ջիմ Մորիսոնին և նրա «Վերջը» («The End»)՝ հնդկական ռագաների և ֆրոյդիզմի մոտիվներով պսիխոդելիկ ռոք-սիմֆոնիան, որն այսօր էլ շոկի մեջ է գցում ունկնդրին: 1967-ին, երբ լույս տեսավ Doors-ի առաջին ալբոմը, ամերիկյան ավանդական արժեքների ջատագովները երանի էին տալիս հիսունականների ռոքերների անպարկեշտ պարային շարժումներին, բայց արդեն ուշ էր: Ինչպես երգում էր Բոբ Դիլանը՝ «ժամանակները փոխվում են»։

 

Բոբ Դիլանը կատարում է Times They Are A-Changing-ը, 1965


Եթե 50-կաններին անգլալեզու երաժշտության մեջ քաղաքական և սոցիալական սուր թեմաներին հիմնականում անդրադառնում էին ֆոլք երաժիշտները, ապա այժմ գլխավոր խռովարարների դերն իրենց վրա են վերցնում հենց ռոքերները: Որոշ ֆոլք երաժիշտներ էլ սկսում են ռոք նվագել, ինչպես դա արեց Բոբ Դիլանը, ով 1965-ին Նյուփորթի ֆոլքփառատոնին առաջին անգամ նվագեց իր «էլեկտրական» սեթը՝ շոկի ենթարկելով ֆոլքի երկրպագուներին: Դիլանը «Blowing in the Wind», «Times they are a-changing» և նման երգերի շնորհիվ դարձավ 60-ականների երիտասարդական ապստամբության գաղափարախոսներից մեկը: Ինչ-որ չափով հենց Դիլանի ազդեցությունն էր, որ ռոքերներին ստիպեց ավելի լուրջ վերաբերվել երգերի տեքստերին: Բայց առանց դրա էլ, ռոքերները պարզապես չէին կարող չգիտակցել, որ ունեն հսկայական ազդեցություն մարդկանց վրա, և վաղ թե ուշ պետք է փորձեին այն օգտագործել, որ ուշադրություն հրավիրեն իրենց հուզող խնդիրների վրա:


Թերևս քչերն են ռոքի պատմության մեջ ունեցել այնպիսի ազդեցություն ժամանակակիցների վրա, ինչպես Բիթլզը: Փառահեղ քառյակի անդամներից հատկապես Ջոն Լենոնն էր, ով աչքի էր ընկնում սոցիալ-քաղաքական դիրքորոշումներով: Սկսելով սիրո մասին միամիտ երգերից, անցնելով աբսուրդիստական պսիխոդելիկ կտավների փուլով (Strawberry fields և Lucy in the Sky with Diamonds)՝ Լենոնը, հատկապես իր սոլո շրջանի երգերում սկսեց քննարկել սուր քաղաքական և աշխարհայացքային հարցեր (Working Class Hero և Give Peace a Chance): Էլ չենք խոսում Լենոնի էքստրավագանտ քաղաքական պերֆորմանսների մասին, երբ նա իր նորաթուխ կին Յոկո Օնոյի հետ խաղաղություն էր պահանջում հյուրանոցային սենյակի մահճակալից:

 

 

Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն կատարում են Give Peace a Chance-ը՝ հյուրանոցում հավաքված լրագրողների համար, առանց տեղաշորից դուրս գալու


 Ի դեպ, քչերը գիտեն, որ Բիթլզի ամենահայտնի երգերից մեկը՝ Come Together-ը, կարող էր դառնալ նախընտրական քարոզարշավի երգ: 1969-ին ամերիկացի հոգեբան Թիմոթի Լիրին, ում գիտակցության ընդլայնման ոլորտում ոչ ավանդական հայացքների համար հեռացրել էին Հարվարդի համալսարանից, պատրաստվում էր մասնակցել Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին: Լիրին խնդրեց Լենոնին երգ գրել իր ընտրարշավի համար, որի կարգախոսն էր՝ Come together, join the party: Քարոզարշավն այդպես էլ տեղի չունեցավ, բայց Come Together բառերը մնացին Լենոնի հիշողության մեջ և դարձան լեգենդար այդ երգի կրկներգը: 


Ռոքերների խռովությունը հիմնականում ուներ լայն խոհափիլիսոփակայան բնույթ: Բայց որոշ ռոքերներ արտահայտում էին կոնկրետ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումներ: Իր քաղաքացիական ակտիվիզմով հատկապես աչքի էր ընկնում Նիլ Յանգը: 1970 թվականի մայիսի 4-ին Օհայո նահանգի Քենթ քաղաքի համալսարանում ցույցի ժամանակ զինվորները կրակեցին անզեն ցուցարարների վրա՝ սպանելով չորս ուսանողի: Այդ համալսարանում լուսանկարչություն սովորող մի երիտասարդի լուսանկարների շնորհիվ ողջ Ամերիկան իմացավ այդ ողբերգության մասին: Ազդված այդ դեպքերից՝ Նիլ Յանգը գրեց «Ohio» երգը, որի կրկներգը՝ «Four dead in Ohio», հնչում էր իբրև մեղադրական դատավճիռ: 

 

Օհայոյի արյունալի դեպքերը ցնցեցին Ամերիկան

 

Նիլ Յանգ, Ohio


60-ականների ռոքերների երազանքներից շատերն այդպես էլ մնացին երազանքներ: Ռոքերներից ոմանք կուլ գնացին համակարգին և սկսեցին նվագել կոմերցիոն երաժշտություն, ոմանք էլ զոհ գնացին ալկոհոլի և թմրանյութի չարաշահմանը (կամ էլ, եթե հավատանք դավադրաբաններին, կառավարական գործակալների կազմակերպած սպանություններին): Ոմանք էլ պարզապես ծերացան և հիասթափվեցին: «I used to care, but times have changed», երգում էր ծերացած և դառնացած Բոբ Դիլանը 2000-ին: 


Եվ այնուամենայնիվ, ժամանակը հետ պտտել հնարավոր չէ: Քաղաքական հեղափոխությունը, որի մասին երազում էին որոշ ռոքերներ, այդպես էլ տեղի չունեցավ, բայց մշակութային և հանրային փոփոխություններն այլևս հնարավոր չէր կանգնեցնել: Եվ ռոքն էլ այլևս երբեք չէր կարող վերադառնալ միամիտ երկուրոպեանոց երգերին, որոնցից ամեն ինչ սկսվել էր: Եկան նոր ուղղություններ, որոնցից ամեն մեկն իր ձևով ավելի արմատական էր, քան նախորդը՝ փանք, հեվի մեթալ, գրանջ, ալտերնատիվ, ցուցակը գրեթե անվերջ է: Ռոքերների ամեն նոր սերունդ իր ձևով էր արտահայտում իր բողոքն անարդարության դեմ: Երբեմն էլ ռոքին որպես երիտասարդական խռովության երաժշտություն փոխարինում են նոր ոճեր՝ ինչպես օրինակ՝ ռեպը կամ էլեկտրոնային երաժշտությունը՝ իրենց անհամար ժանրերով և ուղղություններով: Բայց ամեն անգամ, անկախ նրանից, թե ինչ երաժշտություն և ինչ բառեր են հնչում բեմից, տեղի ունեցողը գրեթե միշտ կարելի է նկարագրել Ռիչի Հեյվնզի բառերով. «Իմ առջև ես տեսնում էի ազատությունը...»:

 

Բայց մենք ժպտում ենք. հայկական ռոք-բողոքը

Հայկական ռոքը, ինչպես և հետխորհրդային մյուս երկրներում, շատ ավելի դժվար ճանապարհ է անցել: Եթե անգամ ամերիկյան ռոքերները, ապրելով «ազատ աշխարհի առաջատարը» համարվող երկրում, բախվում էին ճնշումների, պատկերացրեք, թե որքան դժվար էր լինել ռոքեր-խռովարար Խորհրդային Միությունում: 

 

 

«Առաքյալների» եզակի պահպանված ձայնագրություններից մեկը


Թերևս առաջին ռոք-խռովարարները Հայաստանում «Առաքյալներ» խումբն էր, որոնց անունն արդեն իսկ ըմբոստության նշան էր: Եթե աստվածավախ Ամերիկայում ռոքերներից շատերն իրենց ըմբոստությունն արտահայտում էին մերժելով կրոնը, պարտադիր աթեիզմի երկիր ԽՍՀՄ-ում, հենց նման անուն ունենալն էր ըմբոստ ոգու արտահայտություն: Ըստ «Առաքյալների» առաջատար Արթուր Մեսչյանի՝ առաջին շրջանում խումբն ընդհանրապես ելույթ էր ունենում առանց անվան։ Բայց երբ Պոլիտեխնիկում ունեցած մի քանի աղմկոտ համերգներից հետո տեղի կոմերիտականները սկսեցին հեգնել երաժիշտներին՝ անվանելով «նորընծա առաքյալներ» (ակնարկելով հոգևոր երաժշտության օգտագործումը և արտաքինը), նրանք որոշեցին, որ ուրեմն այդպես էլ կկոչվեն՝ «Առաքյալներ»: 


Եթե արևմտյան ռոքերները սովորաբար աչքի էին ընկնում կոսմոպոլիտիզմով, ապա Խորհրդային Հայաստանում, ընդհակառակը, լինել ըմբոստ նշանակում էր խոսել ազգային խնդիրների մասին: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ռոքերներն անմասն չմնացին տեղի ունեցողից: Այսպես, այն ժամանակվա հայկական հարդ ռոքի առաջատարներից «Ոստան Հայոց» խումբը 1991-ին ձայնագրում է «Զարթնիր, որդյակ» ալբոմը, որի երգերից մեկը՝ «Արցախ, լսի՛ր» անունով, դարձավ խմբի ամենասիրելի ստեղծագործություններից մեկը:

 

Ոստան Հայոց, «Արցախ, լսի՛ր», 2016 թվականի հոլովակ՝ նկարահանված Արցախում


Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ իր հետ տանելով գրաքննությունը, թվում էր, թե ռոքի համար պետք է ոսկե դար սկսվեր: Բայց եկան բուռն 90-ականները, իրենց հետ բերելով հասարակության արխաիզացիա, և ռոքը, որպես մոդեռնին բնորոշ երաժշտություն, դժվարությամբ էր գոյատևում այն հասարակության մեջ, որտեղ տիրապետում էին ռաբիսն ու շանսոնը: Այնուամենայնիվ, հայոց ռոքը, ինչպես և ցանկացած ռոք, ուներ ապստամբ ոգի, որը չկարողացան կոտրել ոչ խորհրդային գրաքննությունը, ոչ էլ հետխորհրդային անճաշակությունը:


Հավանաբար հենց այդ ապստամբ ոգու շնորհիվ էր, որ գրեթե յուրաքանչյուր բողոքի ալիք Հայաստանում նշանավորվում էր բողոքի նոր երգերով: 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո, երբ ընդդիմությունն ընդհատակում էր, իսկ հանրությունը՝ շոկի մեջ, համացանցում սկսեցին հայտնվել երգեր, որոնք փորձում էին իմաստավորել տեղի ունեցածը և կոչ անում չհուսահատվել: Շուտով պարզվեց, որ դրանց մեծ մասի հեղինակը վանաձորյան «Լավ էլի» խմբի առաջատար Մհեր Մանուկյանն էր, իսկ երգերից մի քանիսի խոսքերի հեղինակը՝ Նիկոլ Փաշինյանը: Այդ օրերի ակտիվիստները հիշում են, որ այդ պահին Մհեր Մանուկյանի երգերը կարծես լույսի շող լինեին համընդհանուր խավարի մեջ: Թերևս դրանցից ամենահուզիչը «Մենք ժպտում ենք» երգն էր: Հետաքրքիր է, որ 2019-ին, երբ ընթանում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, դատարանի բակում բողոքի ակցիա իրականացնող նրա աջակիցները միացրել էին հենց այդ երգը: Թերևս, դա նշանակում է, որ այս երգը ժամանակի փորձությունն անցած իսկական գլուխգործոց է:

 

ՍիմբիոԶԶ, «Դեպուտատի տատի»

 

Մհեր Մանուկյանի «Մենք ժպտում ենք» երգի խոսուն հոլովակը

 

Բողոքի հաջորդ ալիքները ծնունդ տվեցին նոր երգերի: 2015-ին «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ ցուցարարների առջև ելույթ ունեցավ «Զոմբիներ» խումբը, որի ամբողջ ստեղծագործությունը խիստ քաղաքական էր: Իսկ այդ ամենից մի քանի ամիս առաջ լույս էր տեսել հիմնականում ռեգգի ու սկա կատարող SimbioZZ խմբի բավական ծանրաձայն «Դեպուտատի տատին»՝ քաղաքական երգիծանքի մի իսկական գլուխգործոց: 2016-ին, Սասնա Ծռերի հետ կապված դեպքերից հետո, «Որդան Կարմիր» խումբը գրեց «Քայլ արա» երգը, որում տողեր կային Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի և Սարի Թաղում ոստիկանության գործողությունների արդյունքում աչքը կորցրած երեխայի մասին: Երգի ծանր «մետաղյա» ռիֆերը լսելիս զգում ես այն հուսահատ լարումը, որը տիրում էր Երևանի փողոցներում այդ ամառ: Մոտավորապես նույն օրերին յութուբում հայտնվեց Դինջիզ խմբի թերևս ամենահեղափոխական երգը՝ «Ողջույնը»՝ յուրահատուկ համագործակցություն Չարենցի հետ, որի արդյունքում նոր կյանք տրվեց «Ամբոխներին խելագարված»:

 

«Զոմբիների» ելույթը Էլեկտրիկ Երևանի ժամանակ, 2015


Սակայն Ռոքի բողոքը երբեք չի եղել միայն քաղաքական: Միք Ջագերից և Ջիմ Մորիսոնից մինչև գլեմ, փանք և գրանջ, ռոքերների մեջ միշտ լինում են մարդիկ, ովքեր ըմբոստանում էին քաղքենիության դեմ, քարոզում ազատություն ամեն ինչում, անգամ եթե դա նշանակում է դեմ գնալ արմատացած պատկերացումներին և դառնալ «սպիտակ ագռավ»: Հայկական ռոքն այդ առումով ևս ունեցել է իր խռովարարներին, ովքեր մարտահրավեր են նետել ընդունված նորմերին: Այդ առումով ամենաարմատականներից մեկը եղել է «Ինցեստը»՝ չորս երիտասարդ աղջիկներից կազմված մի խումբ, որը կատարում էր խիստ պրովոկացիոն բնույթի փանկ: Ճիշտն ասած, ինձ համար մինչ այժմ առեղծված է մնում, թե ինչպես վաղ 2000-ականների Հայաստանում կարող էր գոյություն ունենալ բոլոր հնարավոր կարծրատիպերը ոտնահարող նման մի խումբ: Ամեն դեպքում, «Ինցեստի» և նման պրոյեկտների գոյությունը հայկական ռոք-բեմում ոչ միայն հաճելիորեն զարմացնում է, այլև հույս է ներշնչում ժանրի ապագայի համար:

 

***
Ապստամբ ռոքի թեման անսպառ է: Այնպես որ, սիրելի ընթերցող, խնդրում եմ ներիր մեզ, որ չկարողացանք խոսել շատուշատ երաժիշտների և խմբերի մասին, որոնց մասին խոսելն անհրաժեշտ էր: Այսպես, չխոսեցինք հակագլոբալիստական շարժման երգիչներ Rage Against the Machine խմբի մասին: Չխոսեցինք նրանց ընկերների և մեր հայրենակիցների՝ System of a Down-ի քաղաքական ակտիվիզմի մասին և երևանյան համերգի մասին: Չխոսեցինք այնպիսի անվախ ռոք-ապստամբների մասին, ինչպիսիք են խորհրդային տարիների լենինգրադյան ռոք-ակումբի անդամները և իսլամիստների «սրբազան պատերազմի» թիրախ դարձած մալիական Tinariwen խումբը: Չխոսեցինք նաև շատ ուրիշների մասին: Բայց, ոչինչ, համոզված եմ դեռ կլսեք նրանց և շատ ուրիշ բողոքավոր ռոքերների մասին: Չէ՞ որ ռոքերների մոտ աղմկելը բավական լավ է ստացվում՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով:

 

հավելյալ նյութեր