Քաղաքանդակ
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբի նոր նախագիծը նվիրված է երևանյան քանդակներին։
08.09.2021«Արվեստանոցի» աշակերտներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ ոճային ճեպանկարների միջոցով փորձել է նոր երանգ հաղորդել Երևան քաղաքին։ Արդյունքը կարելի է տեսնել հատուկ կայք-քարտեզում (citysculp.aybschool.am), որում ճեպանկարների տեսքով նշված են քանդակների գտնվելու վայրերը և եռալեզու հակիրճ տեղեկույթ՝ յուրաքանչյուր ստեղծագործության ու քանդակագործի մասին։
Նախագծային ուսումնառությունը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։ Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։
11-րդ դասարանցի Սարգիս Սիմոնյանը պատմում է, որ ի սկզբանե նպատակը հանրության ուշադրությունը քիչ գրավող արձանները ներառելն էր, «ուստի առաջնային կարևորություն էինք տալիս հենց դրանց։ Աշխատանքն իրականացնելիս աստիճանաբար ցանկում ավելացրինք նաև հանրաճանաչ արձանները՝ փորձելով լիարժեք ու հագեցած դարձնել նախագիծը»։
Կարևոր պայման էր ճեպանկարներն անել տեղում՝ քանդակները մանրակրկիտ ուսումնասիրելու համար, ուստի շատ հաճախ պետք էր հարմարվել եղանակային պայմաններին, կամ աշխատանքը հետաձգել։ Բարեբախտաբար, մինչ արտակարգ իրավիճակը նկարների մեծ մասը պատրաստ էին, սակայն որոշները ստիպված եղանք տանը նկարել՝ օգտվելով համացանցի ռեսուրսներից։
Բարդությունների մասին խոսելիս 12-րդ դասարանցի Լիլիթ Հովսեփյանը նշում է որոշ քանդակների դիրքը․ «Օրինակ օպերայի հարթաքանդակները շատ բարձր էին ու համաչափություններն ընկալելը դժվար էր»։ Բարդություններ էին առաջանում նաև տեսական մասով․ դեպքեր են եղել, որ չեն կարողացել գտնել քանդակի կամ քանդակագործի անունը։
12-րդ դասարանցի Նարե Միրզոյանը պատմում է, որ նախագծի օգնությամբ ինքն իր համար բացահայտեց բազմաթիվ գործեր․ «Պարզվեց շատ քանդակներ թաքնվել են իրենց տեղադրումից հետո իրականացված կառուցապատումների պատճառով, և այլևս անցորդների տեսադաշտում չեն գտնվում, կամ նույնիսկ կային քանդակներ, որոնք չնայած թաքնված չէին` չէի նկատել, իսկ հիմա Երևանում շրջելիս նկատում եմ շատ ու շատ արձաններ և հետաքրքրվում դրանց հեղինակներով»։
Արփի Շամոյանը, 11-րդ դասարան, խոստովանում է, որ կատարել է մի շարք բացահայտումներ․ «Ստեփան Թարյանի «Սպասում»-ը, Օնիկ Բեջանյանի «Ջրավաճառ տղան», Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհին», Դավիթ Երևանցու «Ղարաբաղցի կինը» և շատ այլ քանդակներ, որոնք նախկինում չէի տեսել կամ ուշադրության չէի արժանացրել, հաճելիորեն գրավեցին ինձ, զարմացրին իրենց յուրօրինակությամբ։ Սկսեցի վերարժևորել երևանյան քանդակագործությունը»։
«Արվեստանոցում» հույս ունեն, որ Քաղաքանդակի շնորհիվ շատերը նույն կերպ կվերաբացայտեն քաղաքային թաքնված քանդակները։