Քաղաքից դուրս․ թանգարանային ճամփորդություն
Ճամփորդություն

Քաղաքից դուրս․ թանգարանային ճամփորդություն

Զարմանահրաշ թանգարանների և պատմական վայրերի սիրահարների համար Հայաստանի մարզերը կարող են բազմաթիվ անակնկալներ մատուցել: ԵՐԵՎԱՆի խնդրանքով բլոգեր ճանապարհորդ Լիլիթ Խաչատուրյանն առանձնացրել է մի քանի թանգարան, հանուն որոնց կարելի է դուրս գալ Երևանի սահմաններից:

Տեքստը՝ Լիլիթ Խաչատուրյանի

 

#ՆերքինՏուրիզմ

Գորիսի երկրագիտական թանգարան 

Սյունիքի մարզ, Գորիս

FB: Գորիսի երկրագիտական թանգարան

Հեռ՝ +374 77 11 12 45 

 

Լուսանկարը՝ Արեգ Բալայան / My Armenia Program

 

Գորիսի երկրագիտական թանգարանը գտնվում է քաղաքի գլխավոր հրապարակում, չես մոլորվի։ Կառանձնացնեմ միայն երկու նմուշ, իսկ մյուսների մասին կպատմես ինքդ։ Առաջինը՝ մ․թ․ա 7-րդ դար թվագրված առյուծի արձանիկը, որ կշռում է 5․5 կգ։ Ուրարտական դարաշրջանով թվագրվող արվեստի այս նմուշի հայտնաբերումը ևս փաստում է այն մասին, որ Սյունիքը ներառնված է եղել Վանի թագավորության մեջ։ Երկրորդը՝ հնգադեմ կուռքն է։

 

Արձանը թանգարան է բերվել Գորիսի մերձակա Հարժիս գյուղից, այդ գյուղի տարածքում եղել է հեթանոսական տաճար, ու այս արձանն էլ եղել է նույն այդ հեթանոսական տաճարի մասունքը: Ըստ մի վարկածի՝ արձանը վկայում է 5 աստվածությունները, որոնց մասին հիշատակում կա Եգիպտոսում, ըստ մյուսի՝ հնգադեմ տոտեմը խորհրդանշում է մարդկային հինգ քաղաքակրթությունները մեծ կործանումից հետո (12 հազար տարի առաջ): Ի դեպ, Հնգադեմ կուռքի պաշտամունքի հետքեր կան հնդկական, եգիպտական քաղաքակրթություններում:

 

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան

Շիրակի մարզ, Գյումրի

FB: Merkurov House-Museum Մերկուրովի տուն-թանգարան

Հեռ․՝ +374 41 38 81 66

 

Թանգարան, որը եզակի է իր տեսակով, և որի մասին քչերը գիտեն։ Մի քիչ սարսափ ժանրից, բայց հետաքրքիր ու անպայման այցելելու։ Հյուսիսային ճակատից կարող ես հիանալ մետաղական դարպասով, իսկ արևմտյան ճակատից՝ տեսնել փայտե բաց պատշգամբ, որը յուրահատուկ է Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճին։ Այս տունը 1869 թվականին կառուցել է անվանի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի պապը, իսկ տարիներ անց այստեղ տեղակայվել է քանդակագործի թանգարանը։

 

Եվրոպական կրթությունն ու տաղանդը Սերգեյ Մերկուրովին դարձրեցին խորհրդային ամենապահանջված քանդակագործերից մեկը: Բայց նա անմիջապես չհասավ ճանաչման։ Սերգեյ Մերկուրովը առանձնանում էր մահվան դիմակներ ստեղծելով։ Իր կարիերայի ընթացքում Մերկուրովը մոտ 300 դիմակ է պատրաստել։ Իսկ «պատվերների» մեծ մասը նրան հասավ, երբ կաղապար պատրաստեց համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի համար։ Այստեղ պահվում են Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները։

 

Քանդակագործի տունը դիմացավ բազմաթիվ փորձությունների, նույնիսկ 1988-ի սարսափելի երկրաշարժին։ 1950 թվականին քանդակագործը, լինելով իր հայրական տան միակ ժառանգորդը, այն նվիրել է քաղաքին։

 

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Սյունիքի մարզ, Սիսիան

FB: Sisian History Museum, Սիսիանի պատմության թանգարան

Հեռ․՝ (0283) 23331

 

Սիսիանի թանգարանը կազմված է երկու մասից։Հնագիտության, այստեղի իրերը թանգարան են բերվել Զորաց Քարերի կայանատեղիից, Աղիտու, Լոր գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից, իսկ ազգագրության բաժնում կարող ես տեսնել Սիսիանի տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը։ Թանգարանում առկա իրերի մասին չեմ պատմելու, ինքդ կտեսնես։ 

 

Շատ ընտանիքներում տոհմածառ ունենալու գաղափարը վաղուց մոռացվել է։ Այստեղ կներկայացնեն տոհմածառի ողջ նշանակությունն ու կարևորությունը։ Պարզվում է՝ հայերիս մոտ ազգի տոհմի, ընտանիքի մասին հիշողությունները հաճախ պատկերվել են ծառի տեսքով, ինչը զարմանալի չէ, քանի որ ծառը համարվում է վերարտադրության և զարգացման բնական մոդել։ Սեփական փորձով կկազմես քո ընտանիքի տոհմածառը, այս փորձառությունը հետաքրքիր հույզեր կառաջացնի։

 

Մեղուների թանգարան

Կոտայքի մարզ, Գեղաշեն

Հեռ․՝ +374 99 23 99 93

 

Այս անգամ պատմելու եմ Գեղաշեն գյուղի մեղուների թանգարանի մասին, որտեղ կարող ես տեսնել մեղվի տեսքով բազմատեսակ իրեր։ Ի դեպ, թանգարանն իր տեսակի մեջ եզակի է, նպատակն էր ստեղծել մի վայր, որպիսին չի հանդիպում նույնիսկ միջազգային պրակտիկայում։ 

 

Թանգարանի բակում գտնվում է աշխարհի ամենամեծ մեղվի արձանը։ Այստեղ առկա են շուրջ հինգ տասնամյակում իրար գլխի բերված ցուցանմուշներ 47 երկրից, իսկ ծագումը տատանվում է նախաքրիստոնեական շրջանից մինչ մեր օրեր։ Էլ որտե՞ղ կհանդիպեինք 192 թվականին Արտաշես Երկրորդի՝ Հունաստանում պատվիրված մետաղադրամ, որի մի երեսին մեղու է, իսկ մյուսին՝ իր կիսադեմն է։ Այդ դրամներից միայն 4-ն է պահպանվել, մեկը՝ մի իրանցուց ձեռք բերվելով Համբուրգում՝ հասել է Գեղաշեն։ 

 

Երկրի մեկ այլ ղեկավարի մասին․ պարզվում է Նապոլեոն Բոնապարտը նույնպես հրապուրված է եղել մեղուներով։ Դա է պատճառը, որ մեղուների մի տեսակ կոչվում է Նապոլեոնյան մեղուներ։ Ֆրանսիայի կայսրն այնքան էր պաշտում մեղուներին, որ անձնական սենյակի, տան կահավորանքի, ծածկոցների, գորգերի վրա պատկերում էր մեղուներ։ Գեղաշեն գյուղի այս թանգարանում կարող եք տեսնել Բոնապարտի անձնական սպասքից մեկ ափսե։ 

 

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Վայոց ձոր, Եղեգնաձոր

FB: Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum /

Հեռ․՝ +374 98 69 74 03

 

Այցելելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարան՝ կտեսնես Վայոց ձոր մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, ինչպես նաև մի շարք եզակի նմուշներ։ Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ Կիմանաս Վայոց ձորի ամենախորհրդավոր պատմական Մոզ քաղաքի խորհրդավոր պատմության մասին։ Գտնվելով Մետաքսի ճանապարհի վրա՝ քաղաքն ունեցել է 7-ից 10 հազար բնակչություն, ցավոք, 735 թվականին երկրաշարժը, իսկ որոշների պնդմամբ հրաբուխը՝ ավերել է այս քաղաքը։ Հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են այնպիսի գտածոներ, որի միջոցով պարզ է դարձել, որ այն շատ զարգացած քաղաք է եղել։

 

Կտեսնես Եղեգիսի իշխանական հավաքածուն։ Այն եզակի է իր տեսակի մեջ, քանի որ գտնվել է ամբողջությամբ, առանց վնասվածքների։ Անոթների այս տեսակը Հայաստանից Մետաքսի ճանապարհի միջոցով դուրս է բերվել և շատ մեծ համարում է ունեցել աշխարհում։ Կպատմեն նաև Ք․ա․ 1-ին հազարամյակ թվագրվող կավե արջակերպ ծիսանոթի մասին։ Տարբեր կենդանիների ծիսանոթները մեր մշակույթում սովորական երևույթ են եղել, բազմաթիվ նմանատիպ գտածոներ կան ձիերի տեսքով, եղջերուների տեսքով։ Արջուկը եզակի է, բնականին մոտ է և ժպտում է։ Մեջքից գինի են լցրել, իսկ քթից՝ թափվել է։ Այս անոթի միջով կատարվել են սրբազան ծեսեր և ծիսակատարություններ։ Արջը խորհրդանշել է քաջությունը, առնականությունը և տղամարդկությունը։ 

 

 

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան

Արմավիրի մարզ,Մեծամոր 

FB: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան/Metsamor Museum

Հեռ․՝ +374 77 00 24 75

 

Իմ բոլոր հյուրերին անպայման ուղեկցում են Մեծամորի թանգարան, ինչո՞ւ որովհետև այստեղ հնարավոր է տեսնել ահռելի նախաքրիստոնեական ժամանակշրջանի պատմական հետքեր, ինչը կապշեցնի քեզ։ Ծիսակատարություններ, բաղնիքներ, արտադրություն, մի շարք երևույթներ, որոնք իսկապես կտպավորեն քեզ։ Ի դեպ, հողային հատվածում զգույշ քայլիր, այստեղ ամեն մի փոքրիկ կտորն իր մեջ ահռելի պատմություն է կրում։ Հասանք իմ ամենասիրելի հատվածին։ Թանգարանի նկուղային հարկի ոսկյա իրերի մշտական ցուցադրությանը։ Այստեղ կարող ես տեսնել, թե ինչ նրբաճաշակ են եղել նախնիները, ասում են` մինչ օրս մասնագետները չեն կարողանում բացահայտել այս իրերի պատրաստման տեխնիկան։ Հետաքրքիր է, չէ՞։

 

Հնավայրի դամբարաններից հայտնաբերված պերճանքի ոսկե առարկաները վկայում են Մեծամորի ուշբրոնզեդարյան զարգացած մետաղամշակության և բարձր հմտություններ ունեցող մետաղագործ վարպետների մասին։

 

Քամանչայի թանգարան

Արագածոտնի մարզ, Աշտարակ

FB: Qamancha Museum and Tavern

Հեռ․՝ +374 77 73 26 08

 

Քամանչայի ամենահին պատկերը գտնվում է Հայաստանում՝ միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա. պատկերված է գուսանը՝ քամանչան ձեռքին։ Թվագրվում է 9-10-րդ դարերով։ Այս ու շատ այլ պատմություններ քեզ կպատմեն Աշտարակի Քամանչայի թանգարան-Գաստրոբակում։ Քամանչահար ու գործիքի պատրաստման վարպետ Արմեն Մինասյանը փորձում է իր արվեստն ու արհեստը ներկայացնել Հայաստան ժամանած հյուրերին և ոչ միայն։ Թանգարանը գաստրո անկյունն էլ ունի, որտեղ կազմակերպվում են հյուրասիրություններ։ Արհեստանոցում կարող ես ծանոթանալ քամանչայի պատրաստման նրբություններին։ Հնարավորություն ունես տեսնել քամանչաների հավաքածու, մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ:

 

Այցելելուց առաջ նախապես պետք է զանգել և պայմանավորվել։

 

Իլյուզիայի թանգարան

Շիրակի մարզ, Գյումրի

FB: Museum of Illusions Armenia

Հեռ․՝ +374 98 20 22 11

 

Կրթությունն ու ժամանցը համադրող կամ, այսպես կոչված, «Edutainment» վայրերը մեծ տարածում են ստանում ամբողջ աշխարհում։ Իլյուզիաների թանգարանը դրանց ստացված օրինակ է, որտեղ հանդիպում են գիտությունն ու զվարճանքը։

 

Խաբկանքների այս զարմանահրաշ աշխարհը կխաբի քո հիմնական զգայարանները, կզարմացնի, կշփոթեցնի, բայց նաև կկրթի քեզ։ Այստեղ ոչինչ այն չէ, ինչ թվում է։ Պատրա՞ստ ես ավելի մեծ, ավելի լավ, ավելի հետաքրքիր արկածների։ Այս թանգարանը քեզ համար է։

 

Մանկության տարիներին «խաղացե՞լ» ես ստվերներով։ Մատների շարժումով պատին շան գլուխ պատկերելն էր ստացվո՞ւմ, թե՞ ավելի բարդ պատկերներ էլ էիր ստանում։ Այստեղ կարող ես ինքդ ամբողջովին դառնալ ստվեր։ Այն էլ՝ մի քանիսն ու գունավոր։

 

Իսկ թանգարանի «Կիսաշրջված սենյակում» ձգողության օրենքները չեն գործում: Այստեղ կարող ես հայտնվել օդում, վեր թռչել մահճակալից և չընկնել, զգալ ինչպես «Սարդ մարդը» և անել բազմաթիվ այլ բաներ։

հավելյալ նյութեր