Քո տունը չքանդվի
Երևանը քանդում են

Քո տունը չքանդվի

Ինչպես կառուցապատել Պուշկին-Աբովյան-Նալբանդյան-Սախարովի հրապարակ հատվածը՝ առանց վերացնելու պատմական շերտը․ 2012 թվականի նախագիծ։

Տեքստը՝ Նե Թադևոսյանի

 

Լուսանկարները՝ ARCHCoop, Dolmama

 

ԵՐԵՎԱՆ #5 | 2012

 

#Ճարտարապետություն #ՀինԵրևան

Պուշկինի փողոցը մայրաքաղաքի այն եզակի տեղերից է, որտեղ պահպանվել են երևանյան հին շենքեր: Վերջերս շշուկներ են պտտվում, որ դրանք էլ են  պատրաստվում քանդել՝ «ինչ-որ մեկի ախորժակով», — ասում է Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը: Վերջերս գայթակղիչ առաջարկներ է ստացել՝ տեղափոխել ռեստորանը ավելի լավ ու նոր տարածք: Բայց 1998-ին, «Դոլմաման» բացելիս, նա երազանք է ունեցել, որ 200 տարի անց ռեստորանի ցուցատախտակին գրված լինի, որ այն հիմնվել է 1998-ին հենց այս վայրում: Որտեղի՞ց է առաջացել այդ քանդելու մոլուցքը, ինչու՞ է պետք քանդել ամեն ինչ ու կառուցել նորը, ավելի հեշտ չէ՞ եղածը ավելի գեղեցկացնել. այս հարցերն են բարձրաձայնում «Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության անդամները:

 

 

Ժիրայրը գիտի ինչ է նշանակում պատմություն ունենալ քաղաքում, որտեղ ապրում ես, ինչ է նշանակում հուշեր ունենալ ամեն նեղ ու մեղ անկյունի հետ: 25 տարի Հայաստանում չլինելուց հետո, երբ վերադարձել է Երևան, այլևս չի կարողացել լքել այն՝ երևանյան հուշերը բաց չեն թողել: «Եթե ես չունենամ հիշողություններ՝ որտեղ եմ ֆուտբոլ խաղացել, որտեղ եմ ընկերոջ տուն գնացել, որտեղ եմ սիրած աղջիկ ունեցել, որտեղ եմ երաժշտություն լսել, եթե այս տեղերը քանդվեն, կքանդվեն իմ պատմության էջերը, ու ես այլևս երևանցի չեմ լինի: Եթե քաղաքային հուշեր չունես, ուրեմն ոչ մի արմատ չունես», — ասում է Ժիրայրը:

 

Եթե ԽՍՀՄ իշխանությունը սիրում էր պատմություններ ջնջել, ընդհանրացնել ու հավասարեցնել բոլորին ու ամեն ինչ, նորանկախ Հայաստանն արդեն ազատ է ու կարող է համամարդկային սեղանին դնել իրենը՝ թեկուզ փոքր դեսերտի տեսքով: Զավեշտ է՝ որքան էլ էլիտարին զոռ տանք, միևնույն է, մեր նորով մրցունակ չենք: Դեռ որքա՞ն հաց ու պանիր պիտի ուտենք, որ մեր նորակառույցներով համեմատվենք Նյու Յորքի ու Դուբայի հետ: Կարելի էր զարմացնել մեր հնով, բայց այդ հինը մենք ակտիվորեն ջարդում-փշրում ենք: Առանց քանդելու կառուցման կողմնակիցները խոստովանում են, որ այսօրվա քանդուքարափ քաղաքը նաև քաղաքացիների վաստակն է՝ եթե քաղաքի տերը լռում է, քանդողներն էլ քանդում են: Հիմա այլևս չեն լռելու, եթե կարիք լինի՝ պատրաստ են անգամ ձեռք ձեռքի տված փակել ու պահպանել շենքերը:

 

 

«Պատկերացնու՞մ եք՝ Աստված մի օր բարկանա մեր վրա, որ չենք պահպանում մեր պատմական արժեքները ու որոշի քանդել Արարատը՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից մի բան սարքելու պայմանով: Հազար տարի աչքներս բացել ու տեսել ենք Արարատը: Կան արժեքներ, որ խորհրդանշում են էս քաղաքը ու մարդկանց ենթագիտակցության մեջ են, եթե դա էլ քանդենք, էլ ի՞նչ Երևան», — ասում է Ժիրայրը, բայց միևնույն ժամանակ նշում, որ իրենք պատերազմ ու պայքար չեն հայտարարում, այլ ուզում են, որ մեր միջից հանենք քանդելու սովորությունը:

 

Հեշտը անբովանդակ է. միշտ սա է անցնում մտքովս, երբ ամեն անգամ նոր վեր խոյացող էլիտար շենք եմ տեսնում: Այդ խեղճերն էլ մի տեսակ մոլորված են, իրենք էլ են անդեմ, մի տեսակ չգիտեն իրենց ինչպես դրսևորեն պստիկ այս քաղաքում: Անկոչ հյուրի նման փռվել են քաղաքով մեկ: Գուցե վերանվանենք Երևանը, ասենք, Նորակառուցավա՞ն կամ Էլիտարավա՞ն, որ այդ շենքերն էլ իրենց լավ զգան՝ տանը զգան: «Ի՞նչ տարբերություն խրուշչովյան արագ կառուցվող շենքերի ու մեր այժմյան նորակառույցների միջև: Այն ժամանակ այդ մարդը գոնե անկեղծ ասում էր՝ կառուցում ենք արագ ու ժամանակավոր տներ, հիմա ինչու՞ են նույն կերպ կառուցվող շենքերը դարձել էլիտար», — հարցնում է Ժիրայրը: 

 

 

 

Բայց խնդրի մասին բարձրաձայնելը միշտ ավելի արդյունավետ է լինում, երբ փորձում ես առաջարկել դրա լուծման քո եղանակը: «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսին ներկայացվել էր այլընտրանքային ծրագիր, թե ինչպես կարելի է առանց քանդելու օգտագործել հին շենքերը, միևնույն ժամանակ միջավայրն ավելի ժամանակակից դարձնելով: Նախագիծը ներկայացրել էր ARCHCoop ճարտարապետական արվեստանոցը, որի մասնագետներն առաջարկում են քաղաքին վերադարձնել պատռված պատմական էջերը, ներկայացնելով վերագնահատված միջավայրի մի օրինակ, որտեղ առկա են Երևանին բնորոշ գրեթե բոլոր ժամանակագրական շերտերը՝ սկսած 19-րդ դարից մինչ այսօր:

 

Նախագիծը դիտարկում է Պուշկին-Աբովյան, Պուշկին-Նալբանդյան և Սախարովի հրապարակ հատվածները՝ սկսած Ազնավուրի հրապարակից: Աբովյան և Նալբանդյան փողոցների միջև ընկած Պուշկինի փողոցի այդ հատվածը նրանք նախագծում դարձրել են հետիոտն՝ պահպանելով 19-րդ դարի կառուցապատման գիծը և առաջարկելով նորը: Այդ հատվածի հին շենքերը այլընտրանքային նախագծով պետք է դառնան հանրային օգտագործման տարածքներ: Ճարտարապետական հնարքների միջոցով իրար մեջ բացվում են բակեր՝ սրճարաններով, խանութներով, զբոսանքի ու հանգստի համար նախատեսված անկյուններով: 

 

Նախագծում համարձակ փորձ է արվել ծածկված հետիոտն արահետների միջոցով մեկը մյուսին կապել Ազնավուրի ու Սախարովի հրապարակները: Նախագծի հեղինակների համար միակ նպատակն էր ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա և ցանկության դեպքում միշտ կա այլընտրանք: Եվ որ կառուցումը կարող է ընթանալ առանց քանդման:
 

հավելյալ նյութեր