«Քուչա»․ մեր և ձեր մանկությունը
Անիմացիա

«Քուչա»․ մեր և ձեր մանկությունը

Հիսուս և պոկեմոններ, դժողք ու քյարթեր, առաջին համբույր և առաջին «թեմա», բրնձով փլավ և սանտավիկ․ մարտի 25-ին համացանցում հրապարակվեց «Քուչա» անիմացիոն մինի-սերիալը (ստեղծվել է Հայասանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ)։ Հեղինակներից մի քանիսի հետ խոսեցինք ֆիլմի մասին։

Տեքստը՝ Կարինե Արոյանի

«Քուչան» ստեղծել են ԹՈՒՄՈյի ստարտափ Yelling Studio-ի վեց անիմատորներ Արևը, Գրիշան, Զառան, Լևոնը, Շուշանը և Տիգրանը։ Նրանցից շատերի պատանեկությունը անցել է 2000-ականների սկզբին, և դրա շնորհիվ սերիալում համատեղվել են նոստալգիկ ֆլեշբեքերն ու մեր ժամանակակից առօրյան։

 

 

Ո՞նց սկսվեց ամեն ինչ, միտքը ո՞րտեղից եկավ։
 

Գրիշա․ — Երբ 2017-ին սկսեցինք աշխատել սցենարի վրա, բոլորովին ուրիշ պատմություն էր, այլ ժամանակաշրջանում։ Մի քանի ամիս հետո պարզ դարձավ, որ մեզ ավելի հոգեհարազատ կլիներ մեզ հետ կապ ունեցող, երեխաների կյանքի մասին մի բան։ Ու գործը միանգամից հեշտացավ, ոգեշնչման շատ աղբյուրներ գտանք մեր շուրջ։

 

Ո՞րտեղից են պատմությունները։ Ձեր կյանքի՞ց։
 

Զառա․ — Կան, բայց հիմնականում հավաքական մանկության մասին է։ Մենք տարբեր մարդկանց հետ էինք խոսում, ձայնագրում պատմությունները։ Ուզում էինք հասկանալ, արդյոք աշխաո՞ղ գաղափար է։ Փորձարկում էինք տարիքով փոքրերի վրա, հարցնում էինք «կարա՞ր սենց լիներ»։ Երբեմն ասում էին «չէ, սեց հաստատ չէր ասի», ու իրենք էին առաջարկում տրբերակներ ու նոր պատմություներ։ Սկզբում ավելի շատ մեզ ծանոթ 90–20000-ականների վրա էինք կենտրոնացած, բայց հասկացանք, որ պետք ա ինտեգրենք այդ ժամանակվա փորձառությունը այսօրվա պատկերի մեջ։

 

 

 

Հա, օրինակ ֆիշկա են խղում․․․
 

Արև․ — Մեզ էլ թվում էր ֆիշկեքը անցյալում են, բայց օրինակ, էրեխեքի ձայները գրել են Թումոյի 13–14 տարեկան ուսանողները։ Ու պարզվեց, որ փոքրերը լավ էլ խաղում են ֆիշկա ու նույնիսկ Պոկեմոնների երգերը գիտեն։

 

Ինչի՞ց էիք ոգեշնչվում։
 

Զառա․ — Մոտեցման առումով ճապոնական անիմացիայից ենք ոգեշնչվել, թե ոնց են իրականությունը ցույց տալիս։ Cartoon Network էինք նայում, ամերիկյան, ֆրանսիական սերիալներ։ Ճապոնացիները շատ արդիական են, իրենց կենցաղը շատ մանրակրկիտ ու սիրուն են նկարում՝ ցուցանակից մինչև հյութի փաթեթավորում։ Մենք էլ սկսեցինք ավելի ուշադիր լինել միջավայրին։

 

 

Արև․ — Հայկական Յություբն ենք ուսումնասիրել։ Էրեխեքի նկարահանած վլոգեր եմ նայել մի տոննա, ռուս թինեյջերների ֆիշկեքի ռիվյուներ․․․

 

«Քուչայի» մեջ էլ շատ են դետալները։ Ո՞րտեղից եք նյութ հավաքել։
 

Արև․ — Ամենասկզբում գնացել ենք Երևանից դուրս տեղեր, գյուղեր, նկարներ ենք արել։ Բայց դե կան տեղեր, որ ավելի տիպիկ են ու նման են լիքը ուրիշ տեղերի։ Մեծ մասամբ կինո «Ռոսիայի» ու Ֆիզիկայի տարածքից ենք ոգեշնչվել, սրանք ամենատիպիկն էին՝ բակերը, շենքերը։

 

 

 

Զառա․ — Շատ հետաքրքիր էր հետևել կինոլեզվին էպիզոդից էպիզոդ։ Շատ տարբեր ոճերով ենք արել ամեն մի էպիզոդ։ Ու տեսնում էի ինչքան հնարավորություններ ու արտահայտչամիջոցներ կան։ Մեծ էքսպերիմենտալ դաշտ էր։

 

Հետևու՞մ եք մեկնաբանություններին։

 

Արև․ — Այո՜։ Լավագույն սքրինշոթները հավաքում ենք։ Մարդկանց հիմնականում դուր է գալիս։ Մեկնաբանություններից հասկացանք, որ մեզ համար կարևոր կտորները բոլորը նկատում են։

 

Գրիշա․ — Նույնիսկ եթե լավ չեն հասկանում սյուժեն, գոնե նոստալգիան զգում են։