Քովիդ-բժիշկ. հույսեր, ուրախություն, տխրություն
Մեկուսացում 2020

Քովիդ-բժիշկ. հույսեր, ուրախություն, տխրություն

Միկրովիրաբույժը պատմում է, թե ինչպես աշխատանքի անցավ «քովիդի հիվանդանոցում», ինչեր տեսավ ու ինչ սովորեց այնտեղ։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի | 4 Plus

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

#Մեկուսացում2020

 

Սամվել Հարությունյան

 

 

Պլաստիկ-միկրովիրաբույժ Սամվել Հարությունյանը ԵՐԵՎԱՆին պատմել է, թե ինչպես աշխատանքի անցավ «քովիդի հիվանդանոցում», ինչեր տեսավ ու ինչ սովորեց այնտեղ:

 

Ամռան կեսին, երբ Երևանում, հակառակ բոլոր սպասումներին, կորոնավիրուսն ավարտին մոտենալու փոխարեն նոր թափ առավ, քովիդային հիվանդանոցների թիվը սկսեց աճել։ Աճեց նաև բժիշկների անհրաժեշտությունը։ Հայաստանում վիրուսաբանները շատ չեն, պարզ էր, որ բոլոր այլ բժշկական ոլորտներից մարդիկ են պետք, ովքեր կարճ ժամանակում  վերապատրաստվեն նեղ քովիդային ուղղվածությամբ ու կանցնեն գործի։ Այդպես Սամվելը, ով 11 տարի սովորել էր բժշկական համալսարանում ու արդեն աշխատում էր որպես պլաստիկ միկրովիրաբույժ, հայտնվեց համաճարակի կենտրոնում ու շուրջ կես տարի աշխատեց քովիդով հիվանդ մարդկանց հետ՝ սկզբում որպես բժիշկ, իսկ հետո որպես քովիդային բաժնի վարիչ։

 

 

Օր առաջին

Առաջին օրն էպիկ էր։ Ամբողջ օրվա ընթացքում մի սիգարետ հասցրի ծխել։ Հենց օրը, որպես այդպիսին, արդեն աղոտ եմ հիշում, բայց զգացողությունները չեն մոռացվել։ Նախապատրաստական ինստրուկտաժը շատ կարճ տևեց, երեք օրից արդեն անցանք բուն աշխատանքին։ Միջավայրին շատ արագ ադապտացվեցինք. ժամանակ չկար մտածելու կամ խորանալու։ Մտանք բաժանմունք, հագանք մեր բժշկական համազգեստները, հետո արդեն հատուկ առանձնացված սենյակում՝ արտահագուստը, բախիլները, շլեմն էլ գլխին, ու մտանք ներս։

 

Հենց առաջին օրն ինձ ու մեկ այլ բժշկի, ով արդեն վեց օր էր աշխատում էր այստեղ, բաժին հասավ ամենամեծ բլոկը, որտեղ քառասունից ավելի հիվանդ կար։ Այդ օրվանից սկսած ամեն առավոտ բարձրանում էինք վերև, ծանոթանում, շփվում էինք հիվանդի հետ՝ հիմնվելով որոշ ցուցանիշների ու տվյալների վրա, փորձում էինք առանձնացնել առավել ռիսկային խմբում գտնվող հիվանդներին։ Այնուհետև սկսվում էր մոնիթորինգը. օրը մի քանի անգամ չափվում էին սատուրացիայի թվերը (արյան թթվածնով հագեցվածության տոկոսը – խմբ.), զարկերակային և արյան ճնշումը, ջերմությունը, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեին շաքարային դիաբետ, չափվում էր նաև գլյուկոզի ցուցանիշը։ Օրվա ընթացքում արվում էին դեղորայքի նշանակումներն ու ցուցումները։ Պարտադիր օրական մի քանի անգամ պետք էր այցելել խնդրահարույց հիվանդներին, որպեսզի որևէ բարդացում ուշադրությունիցդ չվրիպի ու իմանաս ինչ հրահանգներ տալ մնացած բուժաշխատակազմին։

 


Համաճարակը մոտիկից տեսնելու հնարավորություն

Հնարավորության մասին իմացանք կոլեգաներից ու մի քանի ընկերներով որոշեցինք գնալ։ Բժշկական համալսարանում սովորելու ընթացքում պարբերաբար կարդում էինք տարբեր համաճարակների մասին, թե որն ինչքան կյանք է տարել, ինչպիսի դժվարություններով է հաղթահարվել, ու այս անգամ կար հնարավորություն ոչ թե կարդալ դրա մասին պոստ-ֆակտում, այլ տեսնել այս ամենը ներսից ու ունենալ քո ազդեցությունը։ Պետք է անկեղծ ասեմ, որ սկզբում չէի մտածում, որ համաճարակն այդքան երկար կտևի ու այս ամենին նայում էի որպես լավ փորձառություն ու նաև բժշկական ու մասնագիտական պարտքը կատարելու հնարավորություն։


Երրորդ հերթապահությունից հետո տպավորություն էր, թե դու արդեն կես տարի այնտեղ ես աշխատում։

 

Սկզբում երեք օրը մեկ հերթապահություններ էինք ունենում, իսկ հետո մնացած ցերեկային ժամերին էլ այնտեղ էինք լինում, քանի որ հիվանդների թիվը գնալով աճում էր։


Ամենասկզբից էլ ընտանիքի անդամներին վարակը չփոխանցելու համար միասին աշխատող ընկերներով որոշեցինք մի տեղում ապրել։ Ամեն հերթից հետո շորերը գնում էին լվացքի, իսկ դու՝ տեղաշորի մեջ։ Նման գրաֆիկից հետո մնում էր միայն քնել, հաց ուտել ու, միգուցե, շաբաթը մեկ ընկերներին ու հարազատներին հանդիպել՝ երկու մետր հեռավորությունը պահելով։


Անհայտությունն ու աչալրջությունը

Մարդիկ վախեցած էին։ Շատերի մոտ խուճապ էր։ Որքան այս հիվանդությունը նոր ու անհասկանալի էր մեզ՝ բժիշկներիս, այդքան էլ՝ բնակչության համար։ Նրանցից ոչ մեկ չգիտեր ինչ ակնկալել, նրանց ոչ մի ծանոթ բարեկամ այդ մասին չէր պատմել, էլ չեմ ասում, որ բոլոր հիվանդանոցներում ոչ սկզբունքայնորեն, բայց բուժման մոտեցումները տարբերվում էին։ Բայց նույն բանը կատարվում էր ամբողջ աշխարհում՝ չկար հստակություն, չկային հավաստի աղբյուրներ, գոնե մոտավոր կանխատեսումներ, թե ինչպես այս հիվանդությունը կշարունակվի, բայց պետք էր հանգստության զգացողություն փոխանցել հիվանդին։


Այնուհանդերձ, ընթացքում այդ խուճապը թուլացավ։ Մի հիվանդը տեսնում էր, որ մյուսի մոտ դրական դինամիկա է նկատվում, մեկ այլ հիվանդ դուրս է գրվում, մեկն անքնություն ուներ՝ սկսում էր քնել, մյուսը, ով ջերմում էր, այլևս չի ջերմում, կամ ախորժակ չուներ, իսկ հիմա հանգիստ ուտում էր։ Այդպես կամացկամաց այն միֆերը, թե կորոնավիրուսն անբուժելի հիվանդություն է, թե մեծ մարդկանց մոտ կորոնավիրուսը չի բուժվում, որ խրոնիկ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ այն և՛ս չի բուժվում ու նման այլ կածրատիպեր սկսում էին նահանջել։ Հույս էր առաջանում (և դու ինքդ, որպես բժիշկ, սկսում էիր հասկանալ), որ ճիշտ մոտեցման ու տակտիկայի դեպքում բուժման գործընթացն առաջ կշարժվի։ Որոշժամանակ անց քո իսկ բուժած հիվանդները լավանում ու տուն էին գնում, և դա ոտքերիդ տակ հող էր դնում։


Բնականաբար, որոշակի վախեր ունեի, բայց ինչ-որ պահից դրանք վերածվեցին աչալրջության ու զգուշավորության՝ առօրյայի մի մաս դառնալով։ Ախտահանել ձեռքերը սպիրտով, կրել արտահագուստ, ձեռնոցներն ու դիմակը։ Այսքան բան։ 

 

 

Սիրելի մոտեցումը

Վիրուսոլոգիան Հայաստանում բավական պասիվ մասնագիտություն է, այդ պատճառով մեր շարքերում այդ ոլորտի մասնագետներ քիչ կային։ Դե քանի մարդ, այդքան կարծիք, ուրեմն քանի բժիշկ, այդքան բուժման տակտիկա։ Յուրաքանչյուր մասնագետ, ով եկել էր «քովիդ», նայում էր բուժման գործընթացին իր նեղ մասնագիտական պրիզմայով, ու դա որոշ դեպքերում շատ լավ էր, քանի որ հնարավոր էր լինում հաշվի առնել միանգամից մի քանի մոտեցում։ Բնական է, կար որոշակի կորիզ, բայց մնացածը հիմնված էր փորձի և տրամաբանության վրա՝  առաջնորդվելով որոշ ուղենիշներով և խորհուրդներով։


Այլ տարբերակ չունեիր, պետք է քոնը ներդնեիր, քանի որ չկային ստանդարտ մոտեցումներ, բայց դա բնական երևույթ է բժշկության մեջ։ Յուրաքանչյուր բժիշկ ունենում է իր «սիրելի» դեղորայքը, ընդունման հերթականությունն ու էդպես շարունակ։ Անձամբ ես խնայող բուժման կողմնակից եմ։ Բնական է, երբեմն պետք է հարվածային չափաբաժիններով ուժեղ հարվածներ հասցնել հիվանդությանը, բայց ինչքան էլ բուժումները տարիքից, պսիխոտիպից, հիվանդություններից ու սոցիալական իրավիճակից կախված տարբեր լինեն, հիմնական մոտեցումն ինձ համար խնայելն է։


Մարդիկ

Շատ տարբեր պացիենտներ էին հանդիպում, բայց բոլորի դեպքում էլ եկա մի մտքի, որ պետք է գլխի ընկնես, թե այդ մարդը կոնկրետ ինչով է տառապում։ Այսինքն՝ մարդը կարող էր թոքաբորբ ունենալ, բայց իր խնդիրը լիներ անքնությունը, ու եթե հասկանում էիր իրական անհանգստության պատճառը, հիմնականում հաջողվում էր օգնել այդ մարդկանց շուտ ոտքի կանգնել։ Առանց դրա էլ այդ մարդիկ ավելորդ սթրեսի մեջ էին։ Նույնիսկ լինում էր, որ ճիշտ պացիենտների իրար կողք դնելը նպաստում էր երկուսի արագ ապաքինմանը։ Իրար շախի գցելով, մրցակցություն մեջ մտնելով՝ բուժվում էին։


Պատերազմից հետո սթրեսի տեսակը փոխվեց, մարդիկ շատ ավելի քիչ ցանկություն ունեին լավանալու։ Շատերին պատերազմն անձնապես էր կպել, մի մասը բուժվողների հենց Արցախից էին, որոշ մարդկանց հարազատներից դեռ լուր չկար։ Պակասել էր անհանգստությունը հենց կորոնավիրուսի հետ կապված, մարդիկ այլևս այդքան կենտրոնացած չէին իրենց վրա։ Դա բարդացնում էր աշխատանքը։ Եթե առաջ դու կարող էիր մարդուն համոզել, որ եթե ինքն իրեն հետևի, մի շաբաթից առողջացած կլինի, այս պարագայում դու կարող էիր բուժել հիվանդությունը, բայց մարդու վիճակը միևնույն է, վատ էր։ Առաջ միայն բուժվելու միտքն արդեն ուրախության առիթ էր։


Բուժաշխատակազմին ևս դժվար էր աշխատել, քանի որ բոլորի մոտ այդ պահին շատ խնդիրներ կային, բայց հաճելի էր այն, որ հիվանդները հասկանալով էին մոտենում այդ վիճակին։ Առաջ, սթրեսից դրդված, կարող էին բժշկի առջև պահանջներ դնել՝ թե բա դուք բժիշկ եք, պարտավոր եք ինձ բուժել, չնայած նրան, որ բարձրակարգ բուժում էին ստանում։ Պատերազմից հետո սկսեցին ավելի համբերատար վերաբերվել։

 


Հումորով

Հումորը շատ-շատ էր, ու նույնիսկ էն ամենասև ու դաժան հումորն օգնում էր կյանքի ու մահվան այդ անցումային պահերն ավելի հեշտ տանել ու շարունակել աշխատել։ Մի կին փորձել էր 15 շիշ կոնյակ ներս անցկացնել ու վաճառել մնացած պացիենտներին։ Բարեհաջող կերպով ոչ լեգալ առք ու վաճառքը կանխվել էր։ Լինում էր՝ պացիենտները փորձում էին փախչել, մեկը նույնիսկ կորել էր։ Որոշ դեպքերում նրանց կարելի էր հասկանալ, շատերի մոտ ֆոբիաներ էին առաջանում այն մտքից, որ իրենց ուզած պահին չեն կարող լքել հիվանդանոցը և գնալ ուր ուզում են։ Հաճախ ռեանիմացիայից լսվում էին երգեցողության ձայներ, մի տարեց կին կար՝ միշտ երգում էր։


Մարդիկ ընկերանում էին, իրար օգնում ու լավանում էին։ Հասնում էր նրան, որ հիվանդի փոխարեն իր սենյակում պառկած մյուս հիվանդն էր պատմում բժիշկին ընկերոջ ինքնազգացողության մասին։


Սենյակներից մեկում բլոտ էին խաղում տղերքով, մյուս սենյակն էլ ապահովում էր երաժշտական նվագակցություն։ Մարդ կար՝ իր տղայի համար կին էր փնտրում, կար նաև մի կին, ով ակտիվ փնտրում էր ամուսին։ Ու այսպես ամեն առավոտ մոնիթորինգ, նշանակումներ, հույսեր, ուրախություն, տխրություն։

հավելյալ նյութեր