Ռալֆ Յիրիկյան. «Ապագան կանաչ է լինելու»
Արևորդի 2024

Ռալֆ Յիրիկյան. «Ապագան կանաչ է լինելու»

2023 թվականին Ucom-ը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ-ն «կանաչ» գործակցություն են մեկնարկել։ Մասնավորապես, ընկերությունը կդառնա փառատոնի գլխավոր աջակիցը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ԵՐԵՎԱՆին պատմել է, թե երբ է առաջին անգամ առնչվել փառատոնին, ինչու է իր ընկերությունը կարևորում բնապահպանության ոլորտում կորպորատիվ պատասխանատվությունը և ինչպես կարող են անհատներն այսօր կերտել բոլորիս կանաչ ապագան։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

 

ԵՐԵՎԱՆ #83 | 2024
 

#ՏՏ #Գործընկեր

Արևորդու ընկերը

Տարիներ առաջ էր, 2000-ականների կեսերին, երբ իմացա «Արևորդի» փառատոնի նախագծի մասին։ Ինձ միանգամից հետաքրքրեց գաղափարը։ Երբ մենք մտածում ենք ապագայի մասին, առաջին հերթին մտածում ենք ապագա սերունդներին կրթելու մասին։ Այդ կրթության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի բնապահպանությունը։ «Արևորդին» իր վրա էր վերցրել այդ կարևորագույն առաքելությունը՝ նոր սերունդներին բացատրել, թե ինչու պետք է սիրել ու փայփայել շրջակա միջավայրը, սերմանել դա մտածելակերպի մեջ։ Այն տարիներին Հայաստանում այս մտածողությունը դեռ սովորական չէր։ Կային մարդիկ, որ մտածում էին՝ ինչ կարող են տանել բնությունից, բայց երբեք՝ ինչ կարող են տալ բնությանը։ Այդ պատճառով ես կանգնեցի այդ գաղափարի կողքին։ Հիշում եմ, ինչ հաճույքով էին փառատոներին մասնակցում երեխաներս՝ 4 և 8 տարեկան էին։


Կարծում եմ՝ այս անցած տարիների ընթացքում «Արևորդին» կարողացավ շատ բան փոխել այս ոլորտում։ Արդեն շատերն են հասկանում, որ մաքուր միջավայրը, մաքուր բնությունը բխում է բոլորիս շահերից։ Մեծացել են սերունդներ, որոնք չեն անջատում մարդուն այդ միջավայրից, դա չափազանց կարևոր է բոլորիս համար։ 


Իհարկե, սա գլոբալ խնդիր է, ամբողջ մոլորակը պետք է պայքարի իր ապագայի համար, Հայաստանն էլ չի կարող անմասն մնալ դրանից։ Էկոլոգիական հավասարակշռության համար բոլորս ենք պատասխանատու։ Այսօրվա մեր աշխատանքով պետք է ապահովենք մեր վաղվա օրը։ 

 

 

Կորպորատիվ աջակցություն

Հաճախ ենք խոսում անհատի պատասխանատվության մասին, բայց մեր իրականությունում պատասխանատու պետք է լինեն նաև ընկերությունները։ Բայց կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը չպետք է բաղկացած լինի մեկանգամյա գովազդային իրադարձություններից, խիստ կարևոր է շարունակականությունը, որը, ի վերջո, կբերի կայունության։ 


Ահա այս սկզբունքների վրա է հիմնվում մեր ընկերությունը։ Ucom-ը բնության կողքին է, քանի որ Ucom-ը կանաչ է, մեր ընկերության մտածելակերպն է կանաչ։ Իսկ եթե մի փոքր լուրջ, ապա եթե ուզում ենք առողջ սերունդներ տեսնել, որոնք կապրեն առողջ միջավայրում, ապա ոչ Ucom-ը, ոչ մյուս ընկերություններն այլընտրանք չունեն. պետք է արվեն ներդրումներ։ Կարող են լինել կրթական ուղղվածության, տեխնոլոգիական, կամ որևէ այլ։ Օրինակ՝ խթանել մաքուր էներգիայի օգտագործումը։ Օրինակ՝ չփոխել գետերի հուները, կամ չվերացնել կանաչ տարածքները որևէ բան կառուցելու համար։ 


Այն ընկերությունը, որ իսկապես մտահոգված է ապագայի համար, անպայման պետք է մասնակցի այս տեսակ նախաձեռնություններում։

 

Անհատի պատասխանատվություն

Ամեն մարդ պիտի սկսի իր տնից։ Եկեք տանը բույս աճեցնենք, խնամենք, խոսենք հետը։ Տնից դուրս եկեք, պարտեզ մշակենք։ Եկեք մաքուր պահենք մեր տան դիմացի փողոցը, չվնասենք բնությանը։ Երբ մարդը սկսի մտածել իր տան ներսից սկսած մինչև իր պարտեզը, թաղը, քաղաքը, այդ ժամանակ պատասխանատու անձինք կվերածվեն պատասխանատու հասարակության։ 


Ես ինքս ունեմ բույսեր և՛ տանը, և՛ հարակից այգում։ Ժամանակին երեխաներիս հետ էի մշակում, հիմա շատ զբաղված են, բայց ընտանիքով պարբերաբար գնում ենք սարեր, բնության գրկում ժամանակ անցկացնում։ Իսկ մի քանի տարի առաջ ողորմած հորս հիշատակին մեծ անտառ տնկեցինք Գնիշիկում։ Տասը հազար ծառ տնկեցինք, ևս տասը հազարն էլ շուտով պիտի ավելացնենք։ Բոլորիս պետք կգա այդ թթվածինը։

 

Կանաչ ապագա

Ապագան կանաչ է լինելու, այլ տարբերակ պարզապես չունենք։ Աշխարհի խոշորագույն երկրները հասկացել են, որ պետք են լուրջ փոփոխություններ մեր վարվելակերպում։ Անտարբերությունը մայր բնության հանդեպ մեզ կբերի աղետի։ Պետք է մտածել ոչ թե այսօրվա, այլ վաղվա, վաղը չէ մյուս օրվա մասին։ Եթե տան մոտ աճող մրգատու ծառը կտրես, մի օր այրես, կտաքանաս այսօր, բայց վաղը ոչ միայն կմրսես, այլև կմնաս առանց բերք, իսկ ծառի վրա ապրող թռչունը՝ առանց տուն։ Չի կարելի խանգարել կյանքի ցիկլի ընթացքին, այլ պետք է դառնանք դրա մասը։ Ու ես ամեն դեպքում լավատես եմ, կարծում եմ՝ մեզ սպասում է իսկապես առողջ, կանաչ ապագա։ 
 

հավելյալ նյութեր