Pierre Rambal-Cochet
Ռեյվ

Pierre Rambal-Cochet

Ինչո՞ւ է Rambalkoshe-ն ջնջում ձայնի ու վիզուալի միջև եղած սահմանները։

Տեքստը և լուսանկարները՝ Rambalkoshe-ի

#Ռեյվ

Սկզբում կար տունը ու չկար անուն, հետո կար անուն ու չկար ոչ մի բան, հետո կար անուն ու էդ անունը ձեն էր բերում, հետո ձենը դարձավ կոնցեպտ ու սկսեց մարդկանց հավաքել իրար գլխի. Rambalkoshe-ն այս նոյեմբերին կդառնա 5 տարեկան ու այդ տարիների ընթացքում, կոչվելով ժամանակակից արվեստի թանգարան, ստեղծել է մի շարք ֆորմատներ՝ անընդհատ փնտրելով նոր ձևեր բացահայտելու աշխարհը, որը պատկերի ու երաժշտության միջև է: Խնդրել ենք այս ամենն իր բառերով պարզաբանել Rambalkoshe-ի հիմնադիր հայր Վահան Ստեփանյանին։ 

 

 

 

RAMBALKOSHE

Rambalkoshe-ն ընտանիք է․ սերտ համագործակցող և համախոհ անհատների, որոնք փորձում են բացահայտել ձայնի ու ձևի միջև թաքնված զգացմունքները։ Միաժամանակ և՛ համերգասրահ, և՛ ժամանակակից արվեստի թանգարան լինելով՝ Rambalkoshe-ն երաժշտական մենեջմենթի կենտրոն է, ինչպես նաև արտիստներին ու երաժշտության սիրահարներին հոյակապ հուզումներ պարգևող լուսավոր կետ:

 

DZEN

Լսել պատկերը և տեսնել երաժշտությունը. DZEN-ն իրադարձություն է, որի ընթացքում ներկայացվում է ցուցահանդես և մի քանի երաժշտի համերգ՝ ներկաներին հնարավորություն տալով պատկերի միջոցով վիզուալիզացնել երաժշտությունը, ու, միաժամանակ, երաժշտության միջոցով տեսնել պատկերի՝ առաջին հայացքից թաքնված կողմերը:

 

 

 

HOMARD

Ի սկզբանե էր սենյակը, և այն սպիտակ պատերով էր: Եվ այդ պատերի ներքո գաղափարն էր՝ մտորելու ու երևակայելու համար իդեալական անկյուն ստեղծելու գաղափարը։ Եվ ստեղծվեց մի նոր աշխարհ: Եվ այն լցվեց անգո էակներով: Եվ նրանք սկսեցին ապրել արտասովոր կյանքով: Եվ սահմանվեցին նոր օրենքներ։

 

Մտապատկերի հերոսները վաղուց դուրս են եկել ինքնաճանաչման սահմաններից, ապրում են ուրույն կյանքով, կապված են միմյանց հետ, փոփոխվում են իրարից անկախ ու հյուսում են սեփական էպոսն ու դիցարանը։

 

 

 

Յուրաքանչյուր հերոսի պատմությունն ավարտուն է, լիաժեք և սերտորեն կապված է մյուսների պատմությունների հետ։ Նույն պատմությունը կարող է լինել մեկի սկիզբը, մյուսի ընթացքը, երրորդի ավարտը։

 

Մեր տիեզերքի տարբեր ծայրերում ստեղծագործող տասնյակ երաժիշտներ, իմանալով այս նախագծի մասին, զգացել են իրենց հոգևոր կապն այս սենյակի հետ: Եվ դարձել են այս նորահայտ պատմության ելևէջները։

 

Այս սենյակում յուրաքանչյուր հերոս կունենա իր սեթը, որը հենց իրեն է նվիրված։ Նորահայտ աշխարհի պատմությունը լիարժեք դարձնող մեղեդին, պատկերն ու տեքստը կօգնեն, որ ամեն այցելու կերտի երևակայական իրականության իր տարբերակը՝ ինքնուրույն որոշելով սյուռէպիկ պատմության սկիզբը, ընթացքն ու ավարտը։

 

 

 

 

CONCERPT

Մենք սովոր ենք էլեկտրոնային երաժշտությունն ասոցացնել թույլ լուսավորված ակումբների կամ ինդուստրիալ տարածքների հետ, ինչի համար բոլոր իրավունքներն ունենք՝ հաշվի առնելով, թե ոնց ու որտեղ է այն ստեղծվել: Բայց ժամանակի ընթացքում փոփոխությունները, որ ունեցել է այդ երաժշտությունը, և լեզուն, որով «խոսում են» հանդիսատեսի հետ, գալիս են ապացուցելու, որ այն վաղուց դուրս է եկել այդ տարածքներից և շատ ավելի հավակնոտ է, քան կարելի էր պատկերացնել: Վաղը, խոսելով այս երաժշտության մասին, մենք հասկանալու ենք, որ այն Բեթհովենի, Ռախմանինովի կամ Առվո Պառտի տրամաբանական շարունակությունն է: 

Concerpt-ը, որը concept և concert բառերի միաձուլումից ստեղծված նախագիծ է, խնդիր ունի աշխարհի ամենահայտնի բեմերում կազմակերպելու այն կոմպոզիտորների համերգները, որոնց էլեկտրոնային գործիքներով ստեղծածը շատ ավելին է, քան էլեկտրոնային երաժշտությունն այն տեսքով, որով մարդիկ կարող են պատկերացնել:

 

C.O.S.M.S.

Ինչքան տարբեր կարող է լինել երաժշտությունը, և ինչքան հեշտ ճանապարհով ենք մենք ամեն անգամ գնում, երբ այդ տարբերությունը փորձում ենք դասակարգել՝ ըստ ժանրերի, ռիթմերի կամ նույնիսկ ժամանակաշրջանների: Ինչքան իրականում կապված են երբևէ ցանկացածի կողմից ստեղծած բոլոր երաժշտությունները, և իրականում ինչքան ավելի հեշտ է դասակարգելու փոխարեն զգալ և վերապրել այդ կապը. C.O.S.M.S.-ը մի քանի օր տևողությամբ երաժշտական փառատոն է, որը չունի ոչ մի սահման, և որտեղ երաժշտությունը բոլորին կապող միակ էլեմենտն է իր բոլոր տարբերություններով ու նմանություններով:

 

 


 

CHAMBARKOSHE

Երբ ուզում ենք բոլորից կտրվել ու հանգստանալ քաղաքի աղմուկից հեռու ինչ-որ տեղ, մենք սովորաբար փնտրում ենք համախոհների, որոնք նույնն են ուզում. առաջին հայացքից՝ բոլորից կտրվելու, բայց համախոհների գտնելու այս նոնսենսն իրականում շատ բացատրելի և պարզ է: Դուք նույն բանն եք ուզում՝ որ ձեր հանգիստն ինչ-որ տուրիստական գործակալություն չկազմակերպի, որ ինչ-որ անհասկանալի մեկը չորոշի, թե ինչ երաժշտություն եք լսելու, որ ուտելիքն ու խմելիքը նույն անհետաքրքիր All Inclusive-ը չլինեն ու որ ոչ ոք չասի, թե ինչ կարելի է, իսկ ինչ՝ ոչ: Այլ կերպ ասած՝ փախչելով իրականությունից՝ ստեղծում ես քոնը, որի ընթացքում բազմաթիվ նոր հարցեր են առաջանում, բայց այստեղ այդ հարցերին պատասխանելու ու լուծելու հնարավորությունն ընձեռված է միայն քեզ:

 

ALAMEZON

Alamezon Residency-ն դասախոսությունների, workshop-երի, կինոդիտումների, համերգների, քննարկումների և այլ իրադարձությունների շարք է։ Այն տևում է 3-6 ամիս, և ամեն անգամ հավաքում նոր ռեզիդենտների: Այդ ընթացքում նրանք մասնակցում են դասախոսությունների ու workshop-երի տարբեր թեմաներով՝ երաժշտությունից մինչև քարագործություն, ճապոներենից՝ գեղագրություն։ Հատուկ ռեզիդենտների համար մշակվում է ֆիլմերի փառատոն, իսկ breakfast session-ները, վինիլի օրերը, drink'n'draw-ն, մասնագիտական տարբեր թեմաներով քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն ծանոթանալու նոր մարդկանց հետ, այլև զրուցելու այնպիսի թեմաներից, որոնց ժամանակն առօրյայում սովորաբար չենք ունենում:

 

 

DÈNS

Երբ գնում ենք ինչ-որ իրադարձության, հաճախ նայում ենք նվագողների ցանկին, ու ինչքան նրանք շատ լինեն, կամ բեմերի քանակը մեծ լինի, այնքան այդ իրադարձությունն ավելի գայթակղիչ կլինի: Բայց, հասնելով մեր ուզած սթէյջին ու արտիստին, մի ժամ հետո ափսոսում ենք, որ նրա նվագելու ժամանակը սպառվել է և էլ հնարավորություն չի լինի այդ հաճույքը երկարացնելու: Déns-ն այդ ամենի հակառակն է՝ մի սթէյջ, մի արտիստ ու երաժշտություն, որը ներկաներին հնարավորություն է տալիս ձգելու հաճույքն ամբողջ գիշերվա ընթացքում:

 

 

RAMBALKOSHE EXHIBITS

Rambalkoshe Exhibits-ը, պահպանելով «իրադարձության» ձևաչափը, վիզուալ արվեստի գործերի մեկօրյա ցուցահանդեսների շարք է: Ինչո՞ւ միայն մեկ օր: Լինելով ժամանակակից արվեստի ջատագովը՝ Rambalkoshe-ն միշտ փնտրում է նոր գաղափարներ և դրանց ռեալիզացման ու վիզուալիզացիայի նոր ձևեր: Սա խաղի մի ձև է, որտեղ ձեզ տրվում է շատ քիչ ժամանակ, որպեսզի հասցնեք լինել այդ իրադարձության մի մասնիկը, զգալ ու ընկղմվել դրա մեջ: 

 

Շատ հաճախ արվեստի գործերը թանգարանային կամ ցուցասրահային ընկալում ունեն: Ըստ Rambalkoshe-ի՝ այսպիսի ընկալումը երբեմն կեղծ արժեք է ձևավորում գործի շուրջ: Rambalkoshe-ում համոզված են՝ արվեստի գործը չունի որևէ օբյեկտիվ առանձին արժեք, այն ունի իմաստ միայն դիտողի և գործի երկխոսության դեպքում: Այսպիսով, էքսպոզիցիայի կառուցման ընթացքում առաջնային է ստեղծել միջավայր, որը կնպաստի դիտողի և արվեստի գործի հարաբերմանը:

հավելյալ նյութեր