Ինը խորհուրդ նորելուկ ռեյվագնացներին, կամ ինչպես հաճույք ստանալ ռեյվից և համը չհանել
Խորհուրդներ

Ինը խորհուրդ նորելուկ ռեյվագնացներին, կամ ինչպես հաճույք ստանալ ռեյվից և համը չհանել

Վաստակավոր ռեյվագնաց, քաղաքագետ Միքայել Զոլյանի սպառիչ ուղեցույցը բոլոր նրանց համար, ովքեր դեռ իրենց խորթ են համարում էլեկտրոնային երաժշտության միջոցառումներին։

Տեքստը՝ Միքայել Զոլյանի

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#Ռեյվ

Շնորհակալություն Արփիին, Արբակին, Բագրատին, DJ Aerial-ին, Lychee-ին, Մաքսին, Օլյային, Սերհիյ Լեշչենկոյին և բազմաթիվ անանուն ռեյվերների՝ այս հոդվածի համար մտքեր տալու համար:

Հաճախ կարելի է լսել, որ ռեյվն ամեն մարդու տեղ չէ, իսկ էլեկտրոնային երաժշտությունն ամեն մարդու բան չէ: Սիրելի բարեկամ, մի՛ լսիր այն մարդկանց, ովքեր այդպես են ասում: Իրականում ռեյվը մի տեղ է, որտեղ յուրաքանչյուր մարդ` անկախ սեռից, ազգությունից, սոցիալական ծագումից և մնացած ամեն ինչից, կարող է իրեն զգալ ինչպես տանը: Ի տարբերություն երաժշտական այլ ոճերի, որոնց սիրահարները երբեմն էլիտիզմով են տառապում, էլեկտրոնային երաժշտության ամենաբնորոշ գծերից է դեմոկրատիզմը: Այս երաժշտությունը հասանելի է բոլորին: Պարզապես պետք է ազատ լինել կարծրատիպերից և բաց լինել նոր փորձառությունների համար: Եվ իհարկե, ինչպես և ցանկացած մշակութային միջոցառման ժամանակ, կան որոշակի գրված և չգրված կանոններ, որոնց արժե հետևել, և ձեզ մոտ ամեն ինչ հիանալի կլինի: 

 

Իհարկե, այն, ինչի մասին խոսում ենք այստեղ, հարյուր տոկոսանոց ճշմարտություն չէ: Էլեկտրոնային երաժշտության աշխարհը շատ բազմազան է, և տարբեր ակումբներում և տարբեր փարթիների ժամանակ ռեյվավարության կանոնները կարող են տարբերվել: Օրինակ՝ կարող է լինել այնպես, որ, կարդալով այս հոդվածը, ոտքից գլուխ սև հագած գնաք ակումբ, և ձեզ չթողնեն ներս, քանի որ այդ օրվա փարթիի դրեսկոդն ուրիշ է: Այնպես որ՝ ամեն դեպքում, ուսումնասիրեք և մտածեք ինքներդ: Ես էլ մի քանի խորհուրդ կտամ, գուցե դրանցից մի քանիսը ձեզ պետք գան: Եվ ուրեմն, սիրելի նորելուկ ռեյվագնաց, ներկայացնում ենք ձեզ ինը քայլից բաղկացած մի ուղեցույց, որը կօգնի ձեզ դառնալ իսկական ռեյվեր:

 

1. Հասկացեք, թե ինչ է ռեյվը

Սովորաբար մարդիկ հիասթափվում կամ ունենում են տհաճ փորձառություն, քանի որ ռեյվին վերաբերվում են որպես պարզապես երեկույթի` հարբելու, պարելու և տղաների/աղջիկների հետ ծանոթանալու առիթի: Իհարկե, այդ ամենը ևս կարող է տեղի ունենալ, բայց հիմնական իմաստը դա չէ: Ռեյվը մարզա-մշակութային միջոցառում է: Մշակութային է, քանի որ հիմնական բաղադրիչը երաժշտությունն է: Զարգացած երկրներում որակյալ էլեկտրոնային երաժշտությունը վաղուց արդեն համարվում է մշակութային արժեք, և պատահական չէ, որ, օրինակ, Բեռլինի լավագույն ակումբները քաղաքի իշխանությունների կողմից դասվել են մշակութային օբյեկտների թվին` թանգարանների, թատրոնների, համերգասրահների հետ միասին: Իսկ թե ինչու մարզա-մշակութային, կարծում եմ ակնհայտ է: Նվիրյալ ռեյվերը հաջողված փարթիի արդյունքում մի երկու կիլոգրամ քաշ է կորցնում, եթե իհարկե կամքի ուժը հերիքում է, որ հաջորդ օրվա առավոտյան տուն գնալիս շաուրմա չխեղդի:

 

Իհարկե, եթե լուրջ խոսենք, ռեյվը նաև շատ ավելին է, քանի մարզա-մշակութային միջոցառումը: Որոշ փորձառու ռեյվերներ կասեն ձեզ, որ իրենց համար ռեյվը հոգեթերապիայի նման մի բան է, իսկական հոգևոր փորձառություն, որն օգնում է վերգտնել ներքին հանգստությունը և ներդաշնակությունն աշխարհի հետ: Բայց ոմանց համար էլ այն կարող է պարզապես լավ ժամանակ անցկացնելու միջոց լինել, և դա էլ է միանգամայն նորմալ: 

 

 

2. Հետազոտեք և ընտրեք

Եվ ուրեմն, դուք արդեն գիտեք, թե ինչ է ձեզ սպասում, և հոգեբանորեն պատրաստ եք ձեր առաջին ռեյվին: Ինչպես գտնել այն ռեյվը, որին ուզում եք այցելել: Լավագույն տարբերակը՝ ծանոթ ռեյվերներից հարցնելն է, քանի որ նրանք կարող են իմանալ այնպիսի անդերգրաունդ միջոցառումների մասին, որոնց մասին ոչ ոք չգիտի, իսկ նման դրանք, ասում են, ամենալավն են: Եթե ծանոթ ռեյվեր չունեք, ձեզ կօգնի համացանցը, օրինակ, Resident Advisor կայքը:  

 

Եթե ձեր նախընտրած ռեյվին նվագող դիջեյների անունները ձեզ ծանոթ չեն (իսկ դա շատ հավանական է, և միանգամայն նորմալ անգամ փորձառու ռեյվերների համար), արժե գտնել նրանց, օրինակ՝ Soundcloud հարթակում և մի քիչ լսել: Ընդհանրապես էլեկտրոնային պարային երաժշտությունը շատ հարուստ է տարբեր ուղղություններով, և դրանց մեջ կան այնպիսինները, որ այնքան էլ հեշտ ընկալելի չեն ոչ միայն սկսնակների, այլև փորձառու ռեյվերների համար: Շատերին ծանոթ իրավիճակ է. ընկերները ձեզ տանում են իրենց խոսքերով մի հիանալի ակումբ, բայց հենց մտնում եք ներս, չնաշխարհիկ մեղեդիներ և կենսախինդ ռիթմեր լսելու փոխարեն ձեզ սկսում է թվալ, որ ինչ-որ մեկը մուրճով հարվածում է ձեր թմբկաթաղանթներին: Հենց դրա համար ռեյվին գնալուց առաջ, արժե ծանոթանալ դիջեյներին, հասկանալ, թե որ դիջեյներն են նվագում, որ ժամին և որ սթեյջում, որպեսզի ընտրեք ձեզ ամենահոգեհարազատ կատարողներին: 

 

Բայց եթե անգամ այս ամենից հետո դուք մտել եք պարահրապարակ և երաժշտությունը ձեզ հոգեհարազատ չէ, մի շտապեք հիասթափվել: Գուցե պետք է պարզապես մի քիչ սպասել, երաժշտությանը շանս տալ, գտնել ճիշտ ալիքը, և շուտով ձեր մարմինը, գրեթե ձեզնից անկախ, կսկսի շարժվել ռիթմին համընթաց:

 

3. Հանգստացեք ռեյվից առաջ

Փորձառու ռեյվերները խորհուրդ են տալիս ռեյվից առաջ լավ հանգստանալ, ցանկալի է մի քիչ քնել: Ռեյվերը սովորաբար շատ ուշ են սկսվում: Իսկ ամենահայտնի դիջեյները սովորաբար առաջինը չեն նվագում, այնպես որ հաճախ ռեյվի ամենաթեժ մասը սկսվում է առավոտյան կողմ: 

 

Ուկրաինացի հայտնի ռեյվեր, վլոգեր և քաղաքական գործիչ Սերհիյ Լեշչենկոն պատմում է, որ հաճախ ռեյվի գնալիս շուտ է պառկում քնելու, հետո արթնանում է վաղ առավոտյան, չորսին-հինգին և գնում է ռեյվի, երբ այնտեղ իրականում ամեն ինչ նոր է սկսվում: Բայց, իհարկե, եթե դուք երիտասարդ եք և լի եք ուժերով, ապա կարող եք նաև տանը քնելու փոխարեն, երեկոյան գնալ փաբ և այնտեղ շփվել ձեր ընկերների հետ մինչև ռեյվ գնալը: Այդպես դուք ձեր շփման կարոտը կհագեցնեք նախապես, և պարահրապարակում պարել փորձող մարդկանց գլուխը չեք տանի խոսակցություններով (տե՛ս խորհուրդ յոթերորդ)։

 

 

4. Հագնվեք հարմարավետ և մռայլ 

Սկսնակ ռեյվագնացների ամենահաճախ պատահող սխալներից մեկը սխալ հագնվելն է: Սա կարևոր է նախ, որ առանց խնդիր անցնեք ֆեյս քընթրոլը, և որ հետո ռեյվի ժամանակ ձեզ հանգիստ զգաք: 

 

Ռեյվի գնալիս պետք է գտնել բալանսը հարմարավետ և ոճային հագուստի միջև, ընդ որում՝ ցանկալի է, որ տիրապետեն մուգ և մռայլ գույները: Ռեյվը ինքնարտահայտման տարածք է, և փորձառու ռեյվերները երբեմն անյպես են հագնվում, որ կարող են մասնակցել նորաձևության ցուցադրություններին: Բայց քանի որ դուք սկսնակ եք, ավելի լավ է ռիսկի չդիմել: Ամեն դեպքում, հիշեք, որ ռեյվի գնալիս ոչ ոք չի հագնում կոստյում կամ շքեղ երեկոյան զգեստ, բայց նաև չարժե գնալ ձեր տան շորտիկով և չստերով: 

 

Տղամարդկանց դեպքում գրեթե միշտ աշխատող համադրություն է մուգ գույնի ջինսը, թի-շըրթը և հուդին, բնականաբար՝ սպորտային կոշիկներով: Ռեյվուհիների դեպքում ընդունելի բազմազանությունն ավելի շատ է, բայց գործում է նույն սկզբունքը` հարմարավետություն և մուգ գույներ: Փորձառու ռեյվերուհիները խորհուրդ են տալիս վերցնել հնարավորինս փոքր պայուսակ, որը չի խանգարի պարել: Շատերը նաև ռեյվ գնալիս իրենց հետ վերցնում են արևային ակնոց,  և դա թիթիզություն չէ, այլ անհրաժեշտություն, և ոչ միայն այն պատճառով, որ դուք հավանաբար տուն եք վերադառնալու առավոտյան, երբ արդեն արևոտ է:  Լուսային էֆեկտները ռեյվի շատ կարևոր մասն է, և կախված նրանից, թե դուք որտեղ եք կանգնած, լույսը կարող է ուղիղ ձեր աչքերին ընկնել, և այդ դեպքում արևային ակնոցը փրկություն է:

 

5. Մի վախեցեք ֆեյս-քընթրոլը չանցնեելուց

Սա երևի ամենակարևոր կետերից մեկն է, քանի որ ֆեյս քընթրոլն ամենալուրջ փորձությունն է: Միայն այդ փորձությունն անցնելուց հետո ձեր առջև կբացվեն երաժշտական այդ դրախտի դռները: Համացանցը լի է մարդկանց վրդովված կամ տխուր պատմություններով, թե ինչպես չեն անցել այս կամ ակումբի կամ ռեյվի ֆեյս քոնթրոլը: 

 

Սակայն դրանից պետք չէ վախենալ: Ճիշտ է, որոշ հայտնի ակումբներ, ինչպես, օրինակ՝ լեգենդար բեռլինյան Բերգհայնը, հայտնի են նրանով, որ այնտեղ գործում է շատ խիստ ֆեյս քընթրոլ, և դուք երբեք չգիտեք, կմտնեք, թե ոչ, նույնիսկ եթե ժամերով հերթ եք կանգնել: Իսկ Բերգհայնի ֆեյս քընթրոլի պատասխանատու, հայտնի լուսանկարիչ Սվեն Մարկվարտը ամենաազդեցիկ մարդկանցից է բեռլինյան ռեյվաշխարհում: 

 

 

Բայց եթե խոսքը Բերգհայնի մասին չէ, ապա, եթե դուք հետևել եք նախորդ խորհուրդներին, այսինքն՝ գիտեք, թե ով է նվագում և ինչ ոճով, հագնված եք ռեյվավարի, հարբած չեք, և տասնյոթ տղաներից կազմված խմբով չեք, ապա դժվար թե խնդիր ունենաք մուտքի մոտ: Բացի այդ, անախորժություններից ապահովագրվելու համարյա հարյուր տոկոսանոց միջոց է նախապես տոմսն առնելը, ինչն արդեն վաղուց կարելի է անել օնլայն: Որոշ ակումբներ ունեն վերիֆիկացիայի համակարգ. այսինքն՝ տոմսն օնլայն գնելիս, ձեզ հաստատում են ձեր սոցցանցերի հաշվի օգնությամբ: Նաև պատրաստ եղեք մուտքի մոտ պատասխանել մի քանի հարցի` օրինակ, ինչ երաժշտություն եք սիրում կամ որ դիջեյին եք եկել լսելու:

 

Դե իսկ եթե դուք այս երեկո չանցաք ֆեյս քոնթրոլը, ապա հիշեք, որ դա ողբերգություն չէ: Պետք չէ պատասխանատուի հետ կռիվ անել, ջղայն ստատուս գրել ֆեյսբուքում, դիմել իրավապաշտպան ՀԿ-երին, թափահարել ձեր պատգամավորական մանդատը, պնդել, որ դուք Ռիկարդո Վիլյալոբոսի հորեղբոր տղան եք, և այլ անխոհեմ գործողությունների դիմել: Պարզապես տիեզերքն է այդպես ցանկացել, և լավագույնը, որ դուք կարող եք անել, հաշտվելն է ձեր ճակատագրի հետ, և, օրինակ, գնալ մեկ այլ ակումբ: Իսկ մյուս անգամ գալ ճիշտ հագնված, իմանալ որ դիջեյներն են այդ օրը նվագում, և, ինչը խիստ կարևոր է, հիմար կատակներ չանել ֆեյս քընթրոլի աղջկա հետ:

 

6. Ուսումնասիրեք իրավիճակը ռեյվավայրում

Եվ ահա դուք վերջապես հայտնվել եք ռեյվի վայրում կամ ակումբում և կարող եք գլխակորույս նետվել պարելու: Բայց մինչ այդ խորհուրդ եմ տալիս մի քանի րոպե ծախսել և հետազոտել իրավիճակը տեղում: Մասնվորապես, հասկանալ ռեյվի կամ ակումբի աշխարհագրությունը. որտեղ է գլխավոր սթեյջը, որտեղ է չիլաութ զոնան, որտեղ են տալիս ուտելիք, սուրճ ու թեյ և այլն: Եվ ամենակարևորը, տեղայնացնել և հետազոտել զուգարանը, չէ՞ որ հավանաբար դուք դեռ երկար ժամանակ կանցկացնեք զուգարանի հերթերում, որտեղ կծանոթանաք բազմաթիվ հիանալի մարդկանց հետ և նրանց հետ խոր և համապարփակ զրույցներ կունենաք խոհա-փիլիսոփայական թեմաների շուրջ: 

 

Բացի այդ, ռեյվերի ժամանակ, հատկապես բացօթյա, մարդիկ ունեն ժամանակավորապես անհետանալու հատկություն, այնպես որ արժե ընկերների հետ պայմանավորվել, որտեղ եք հանդիպելու, եթե միմյանց կորցնեք: Սա, իհարկե, ձեզ չի փրկելու, այնպես որ ի սկզբանե արժե համակերպվել այն մտքի հետ, որ ռեյվի ընթացքում ձեր ընկերները պարբերաբար կորելու են և հայտնաբերվեն այն ժամանակ, երբ կկորցնեք նրանց գտնելու հույսը: 

 

7. Մոռացեք ամեն ինչի մասին և ինքնամոռաց պարեք

Այո, այսքանը: 

 

 

8. Մի խանգարեք ուրիշներին և մի թողեք, որ ձեզ խանգարեն

Այո, սիրելի սկսնակ ռեյվագնաց, պարելիս մոռանում ենք արտաքին աշխարհի մասին, բայց չենք մոռանում մեր ռեյվեր եղբայրների ու քույրերի մասին: Ռեյվի հիմնական սկզբունքն է. մի՛ խանգարիր մերձավորին: Պարահրապարակում գտեք ձեզ հարմար տեղ, մտովի գծեք ձեր անձնական տարածքի սահմանը և պարելիս ուշադիր եղեք, որ պատահաբար որևէ մեկին չհարվածեք: Բայց նաև մի թողեք, որ ձեզ խանգարեն: Եթե մեկը ձեր գլուխն է տանում, մի ամաչեք ասել, որ այս պահին տրամադրված չեք զրուցելու: Իսկ եթե մեկը ձեր հարևանությամբ շատ ագրեսիվ է պարում և ձեզ խանգարում է, փոխեք ձեր տեղը, այդ մարդը, երբ տեսնի, որ դատարկության մեջ է հայտնվել, երևի կզգա, որ մի բան այնպես չէ: 

 

Հատկապես կարևոր խորհուրդ տղամարդկանց. եթե ուզում եք ծանոթանալ ռեյվուհիների հետ, միշտ չէ, որ դա նշանակում է, որ նրանք այս պահին նույնքան խանդավառված են ձեզ հետ ծանոթանալու մտքով: Եթե փորձում եք կոնտակտի գնալ աղջկա հետ, բայց նրա կողմից հատուկ ոգևորություն չեք նկատում, ուրեմն դադարեցրեք ձեր փորձերը և շարունակեք պարել: 

 

Եվ ընդհանրապես, անկախ զրույցի բնույթից, ռեյվի ժամանակ զրույցի բռնվել արժե ոչ թե պարահրապարակում, որտեղ դուք ստիպված կլինեք ճչալ իրար ականջների մեջ, այլ դրա համար ավելի հարմար վայրերում` չիլաութի զոնայում, ծխարանում, եթե այդպիսին կա, և վերջապես, իհարկե, զուգարանի հերթում:

 

Եվ ամենակարևորը, մի վերաբերվեք ռեյվին որպես սպառող, դուք ռեյվի լիարժեք մասնակից եք, քանի որ, ինչպես ասում է իմ ընկերներից մեկը` ռեյվեր, սկսնակ դիջեյ և տնտեսագիտության ապագա դոկտոր, ռեյվը համատեղ էմոցիոնալ, գեղագիտական և հոգևոր փորձառություն է: Կամ, ինչպես կասեր հայտնի կինոնկարից Մհեր Մկտրչյանի հերոսը՝ «եթե ես զգամ, որ իրենց հաճելի է, ինձ էլ հաճելի կլինի»:

 

9․ Վերականգնեք ուժերը և պատրաստվեք նոր նվաճումների

Եվ ահա, դուք ինքնամոռաց պարեցիք մինչև առավոտ և չնկատեցիք, թե ինչպես բացվեց լույսը: Հասցրեցիք մի քանի անգամ կորցնել և վերստին գտնել ձեր ընկերներին, գուցե նաև կյանքի իմաստը: Ծանոթացաք բազմաթիվ հիանալի մարդկանց հետ, որոնց անունները հավանաբար չեք հիշելու, չնայած զուգարանի հերթում նրանց հետ ունեցել եք խոհափիլիսոփայական թեմաներով խոր և համապարփակ քննարկումներ: Եվ ուրեմն կարելի է գնալ տուն և քնել: 

 

Իհարկե, հայաստանցի ռեյվերների համար սա դժվարին փորձություն է, քանի որ հնարավոր է, որ կիրակի առավոտյան ձեր հարևանն անսպասելիորեն սկսի վերանորոգման աշխատանքներ, և ռեյվի բիթերը փոխարինվեն պերֆորատորի ու մուրճի դղրդոցներով: Ամեն դեպքում, սովորաբար, լիարժեք ռեյվից հետո որոշ ժամանակ է պետք վերականգնվելու համար` մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։ Իսկ եթե, օրինակ, դուք այցելել եք լեգենդար Burning Man  փառատոնը, ապա գուցեև մի քանի ամիս: Այդ ընթացքում դուք կարող եք փորփրել Soundcloud-ն ու Bandcamp-ը, ծանոթանալ նոր ոճերի և դիջեյների, և պատրաստվել նոր ռեյվերին:  

 

Ինչպես ասել է դասականը՝ ռեյվից լավ միայն այն ռեյվերն են, որ առջևում են:

հավելյալ նյութեր