ՌեԱ 2026. «Երկաթյա տղան»
Փառատոն

ՌեԱ 2026. «Երկաթյա տղան»

Ինչու ոչ մի դեպքում բաց չթողնել ՌեԱնիմանիա փառատոնի այս տարվա ամենաուժեղ ֆիլմերից մեկը՝ «Աստերիքսի ու Օբելիքսի» երկու լիամտերաժների ռեժիսոր Լուի Կլիշիիի «Երկաթյա տղան» գլուխգործոցը։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի

 

ՌեԱ 2026-ի ծրագիրը

#Կինո

11-ամյա Քրիստոֆին առաջին անգամ տեսնում ենք դպրոցական լուսանկարչի օբյեկտիվի մեջ։ 1990-ականների սկիզբն է, հեռավոր ֆրանսիական գյուղում մեծացող երեխաները ժպտերես են և հույսով լի։ Քրիստոֆն էլ մյուսների պես ուզում է ունենալ դպրոցական լուսանկար, ավագ եղբոր հետ օգնել հորը ֆերմայի աշխատանքներում ու վայելել կյանքը։ Բայց նրա ընտանիքի համար այդ մի լուսանկարն անգամ չարդարացված ծախս է։ Մի բան էլ՝ տղան նույնիսկ դրանում նորմալ չի երևում, քանի որ այդպես էլ չի կարողանում ուղիղ կանգնել խցիկի առաջ՝ ամեն անգամ ծռվելով ու ընկնելով մի կողքի վրա։

 

Շուտով պարզ է դառնում, որ դա ոչ թե պատահականություն էր, այլ հազվագյուտ հիվանդության հետևանք։ Լուծումը մեկն է՝ տղայի մարմնին ամրացնել երկաթյա կորսետ, որը ոչ թե դարձնում է նրան սուպերհերոս, ինչպես կարող է թվալ ֆիլմի անգլերեն վերնագրից, այլ դժվարացնում է նրա շարժունակությունն ու սպառնում Քրիստոֆին դարձնել անօգնական ծաղրի առարկա․ անտանելի իրավիճակի դեռահասություն մտնող տղայի ամար բոլոր ժամանակներում ու մշակույթներում։ Հաջորդիվ մեր առաջ կհայտնվեն հոր հետ չափազանց բարդ հարաբերությունները, եկեղեցական երգեհոնի դասընթացներ, առաջին սերը, կապիտալիզմի անկուշտ ճիրաններ ու մտորումներ այն մասին, թե ինչպես է նույն բանը մեկի համար դառնում անհաղթահարելի կապանք, մյուսին տալիս ազատության թևեր։

 

Ֆիլմում Քրիստոֆը միակը չէ, որ ստիպված է ապրել անհարմար կորսետի մեջ։ Նրա հայրը, թեկուզև առանց տեսանելի մետաղյա կառուցվածքի, նույնպես անազատության մեջ է՝ կապված ֆերմային, անվերջ աշխատանքին, պարտքերին ու ընտանիքը պահելու պարտավորությանը։ Եվ որքան տղան փորձում է ազատվել իր ֆիզիկական սահմանափակումներից, այնքան հայրն ավելի ամուր է կառչում իր սեփական կապանքներից՝ չնկատելով, որ դրանցով կաշկանդում է նաև հարազատներին։ Իսկ առաջին հայացքից նախանձելի ազատությամբ օժտված Կլառան իր հերթին տանջվում է անվերջ թափառելուց ու մեծատառով Տան զգացողության բացակայությունից։ 

 

 

Այս նկարագրությունից կարող է թվալ, թե խոսքը փառատոնային, թե կուզեք՝ արտհաուսային մի ծանրակշիռ ողբերգության մասին է, բայց ռեժիսոր Լուի Կլիշին այնպիսի փորձառություն ունի, որ շատ լավ հասկանում է, թե ինչպես համատեղել լուրջ հարցադրումները կլանիչ սյուժեի հետ, իսկ ֆրանսիական ֆերմայի մասնավոր աշխարհը հասկանալի ու սիրելի դարձնել ցանկացած միջավայրում ու տասնամյակում մեծացած դիտողին։

 

«Կորսետը» դիտելիս դժվար է հավատալ, բայց Կլիշին անիմացիայում առաջին քայլերն անելուց հետո երկար տարիներ աշխատել է Pixar-ում։ Նրա ֆիլմագրությունը ներառում է, օրինակ, ստուդիայի արդեն դասական դարձած WALL-E-ն ու Up!-ը։ Հետո, արդեն հայրենիք վերադառնալով, Կլիշին որպես ռեժիսոր նկարահանել է Աստերիքսի ու Օբելիքսի մասին երկու չափազանց հաջող, կրկին եռաչափ անիմացիայով արված լիամետրաժ ֆիլմ։ Եվ միայն դրանից հետո անդրադարձել սեփական, եթե չասենք՝ անձնական հեղինակային նյութին։

 

«Կորսետի» հիմքում իսկապես Կլիշիի մանկության հուշերն են։ Նա էլ մեծացել է նույն ժամանակներում ֆրանսիական ֆերմայում, ստիպված եղել կրել մետաղյա կորսետ ու տեսել, թե ինչպես է ընտանիքը կորցնում ունեցվածքը։ Իսկ գլխավոր հերոսին հնչունավորել է ռեժիսորի որդին՝ Գարի Կլիշին։ 

 

Ֆիլմի առանձնահատկություններից մեկը վիզուալ ոճն է։ Մեր առաջ կարծես գրքերից դուրս եկած ջրաներկային պատկերներ լինեն, որոնք ինչ-որ հրաշքով կենդանություն են առել։ Կերպարները, չնայած ոճին համապատասխան չափազանցված են, միանգամայն հավատալի ու շոշափելի են։ Պարզվում է, որ մի քանի՝ առաջին հայացքից անփույթ քաշած սև գծերն ու գրեթե պայմանական, զուտ ընդհանուր պատկերացում ստեղծող գունավորումը կարող են ավելի բնական երևալ, քանի եռաչափ ռեալիստիկ ամեն մազը հատիկ-հատիկ պատկերող (իսկ իրականում պարզապես կադրը ծանրաբեռնող) անիմացնող CGI-ֆիլմերը։ 

 

Մյուս հաղթաթուղթը երաժշտությունն ու հնչյունային լուծումներն են։ Ո՞վ կմտածեր, որ գրեթե ամբողջությամբ երգեհոնային ստեղծագործություններից բաղկացած սաունդթրեքն այդքան գրավիչ կլինի։ Ճիշտ այնպես, ինչպես դժվար էր պատկերացնել, թե որքան լարվածություն ու գրեթե թրիլլերային սասփենս կարող է ունենալ վրա հասնող անձրևից առաջ բերքահավաքի տեսարանը (իհարկե, համապատասխան երգեհոնային ուղեկցությամբ)։ 

 

Ֆիլմի հերոս Քրիստոֆն իր տեղն այս կյանքում գոնե մի անկյունում գտնելու համար սկսում է երգեհոն նվագել։ Ի՜նչ լավ է, որ ժամանակին Լուի Կլիշին իրեն գտավ անիմացիայում։ «Կորսետը» միանշանակ վերջին տարիների լավագույն անիմացիոն ֆիլմերից մեկն է, ու մնում է միայն հուսալ, որ Կլիշին կշարունակի կյանքի կոչել ոչ տրիվիալ, հեղինակային պատմություններ ու մեծ ստուդիաների մեյնսթրիմ նախագծերին վերադառնալու կարիք չի ունենա։ Աստերիքսն ու Օբելիքսը միշտ կգտնեն իրենց որակին համապատասխան արհեստավորներին (ամենայն հարգանքով, առանց նսեմացնելու)։ Իսկ «Երկաթյա տղայի» պես պատմությունները գալիս են անհատների սրտերից ու ոչ պակաս կարևոր են հեղինակների, անիմացիայի ու դիտողների համար։

հավելյալ նյութեր