ՌեԱնիմանիա 2023․ պարտադիր նայելիքներ
Հոկտեմբերի 22-ին մեկնարկում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը, որն այս տարի տոնում է 15-ամյակը։ Փառատոնն այս տարի ընդգրկում է 15 մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Ներկայացնում ենք 7 ամենատարբեր վիզուալ ոճի ու ժանրի անիմացիոն ֆիլմ, որոնք անպայման արժե դիտել փառատոնի ընթացքում։
25.10.2023Լինդան հավ է ուզում / Linda veut du poulet!
Ֆրանսիա, 2023
Անիմացիոն ֆիլմերի Անսիի միջազգային փառատոնի հաղթող «Հավ Լինդայի համար» (Linda veut du poulet!) անիմացիոն ֆիլմը, որը ցուցադրվելու է այս տարվա «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնին, տան մասին է։ Տան, որպես նվիրական հիշողությունների գանձարանի, որպես մարդկանց քեզ հետ պահելու միջոցի, անգամ եթե այդ կապն այնքան աննշմար է, որ կարող է ի հայտ գալ միայն գաղափարի, հոտի ու համի միջոցով։
Ժոզեպ / Josep
Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա 2020
Իրավամբ գովասանքների, ֆրանսիական Սեզարի, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի և այլ դրվատանքների արժանացած, ցնցող մարդասիրությամբ և տեսողական գրավչությամբ «Խոսեպ» անիմացիոն ֆիլմը խորասուզվում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և դրա հետևանքների ողբերգական պատմության մեջ: Մարդկային ոգու ճկունությունն ու արվեստի ամոքիչ ուժը ֆիլմը մատնանշում է՝ որպես փրկօղակ այն աներևակայելի տառապանքներում, որոնց միջով անցավ կատալոնացի հակաֆրանկիստ արվեստագետ Խոսեպ Բարտոլին, 1939-ին ստիպված լինելով փախչել Ֆրանսիա՝ փրկվելու Ֆրանկոյի դաժան ռեժիմից, համակենտրոնացման ճամբարում մխիթարություն է գտնելով իր արվեստում ու ստեղծելով բանտարկյալների վայրագությունների և պայքարի սարսափելի պատկերներ, որոնք տարիներ անց կհատնաբերի մի երիտասարդ նկարիչ իր մահամերձ պապի տանը, ով ծառայել էր՝ որպես պահակ, համակենտրոնացման ճամբարներից մեկում, հենց այն մեկում, որտեղ և բանտարկված է եղել Խոսեպը:
Ազդանշան / La Sirène
Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա 2023
Հայրենի Իրանում արգելված Սեպիդեհ Ֆարսիի նախորդ ֆիլմերը մշտապես տեղ են գտել առաջատար փառատոներում. «Հարաթ»-ը և «Արգելված Թեհրանը» ցուցադրվել են Լոկառնոյում, իսկ «Փոշու երազներ»-ն ու «Հայացք»-ը՝ Ռոտերդամում, դե իսկ «Ազդանշանը» բացեց Բեռլինի «Համայնապատկեր» ծրագիրը, հիմա էլ՝ հոբելյանական ՌեԱնիմանիան:
Իր ուժգնությամբ ու ներգործությամբ՝ հանճարեղ «Պերսեպոլիս»-ի արժանի հետնորդն ու նույնքան տագնապային «Ազդանշանը» փափուկ բազկաթոռներից մեզ տեղահանում է հարավային Իրանի Աբադա նավահանգիստ, որտեղ 15-ամյա Օմիդի հետ միասին փոխվում է նաև մեր կյանքը՝ առնվազն 100 րոպեով, այն պահից ի վեր, երբ բակային ֆուտբոլային խաղն ընդհատում է իրաքյան հրթիռակոծությունը:
Սիրոկկոն և Օդային հոսանքների թագավորությունը / Sirocco et le royaume des courants d'air
Ֆրանսիա 2023
Սիրոկկոն խորհրդավոր ամենակարող կախարդ է, որն ապրում է Օդային հոսանքների թագավորությունում, բայց տխուր է, քանի որ ձանձրույթն է պատել նրան․․․ Բարեբախտաբար, իրականում Սիրոկկոն պարզապես մանկական հեքիաթների հերոս է, անհանգստանալու կարիք չկա։ Բայց չէ՞ որ մանկական հեքիաթները երբեմն կարող են նույնքան (կամ ավելի) իրական լինել, որքան մեզ շրջապատող աշխարհը, պարզապես մենք այդ մասին մոռանում ենք, երբ մեծանում ենք։ «Սիրոկկոն և Օդային հոսանքների թագավորությունը» հիանալի առիթ է վերհիշելու հեքիաթների իրականության այդ գրեթե մոռացված զգացողությունը և ֆիլմի գլխավոր հերոսուհիների՝ փոքրիկ քույրիկներ Ժուլիետի ու Կարմենի հետ հայտնվել կախարդական աշխարհում։
Ավրորայի լուսաբացը / Aurora's Sunrise
Հայաստան, Գերմանիա, Լիտվա, 2022
Իննա Սահակյանի բեմադրած վավերագրական անիմացիոն ֆիլմը (արտ-տնօրեն՝ Տիգրան Առաքելյան) հասցրել է թնդալ աշխարհի խոշորագույն կինոփառատոներում, մի շարք երկներում վարձույթ ունեցել (այդ թվում՝ Հայաստանում), իսկ հիմա այն կարելի է տեսնել նաև ՌեԱնիմանիայի շրջանակում։ Ֆիլմը ներկայացնում է Արշալույս Մարդիգանյանի՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
Սլայդ / Slide
ԱՄՆ, 2023
1940-ականներ, խորհրդավոր չխոսկան կիթառահար Սլայդը (slide-ը կիթառ նվագելու յուրահատուկ տեխնիկա է, որը հատուկ է բլյուզին, այնպես որ գլխավոր հերոսոի փոխարեն սովորաբար խոսում է կիթառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգեցնում փամփուշտներն ու տապալում թշնամիներին) հանկարծ հայտնվում է փոքր, կիսամեռ մի քաղաքում, որը պատանդ է մնացել կիսախելագար զույգ-եղբայրների ձեռքում, որոնք պատրաստվում են վարի տալ համայնքը՝ այն հանձնելով ագահ հոլիվուդյան պրոդյուսերներին։ Այլ կերպ ասած՝ անկախ արվեստը (ի դեմս բլյուզի) ագահ կապիտալի դեմ (ի դեմս հողատերերի և պրոդյուսերների):
Դաշնակահարին գնդակահարել են / Dispararon al pianista
Իսպանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, 2023
Բրազիլացի դաշնակահար Ֆրանսիշկու Տենորիո Ժունիորի դրամատիկ պատմությունը, որն անհետ կորել է 1976 թվականին։ Ֆիլմը ներկայացնում է այս պատմությունը ամերիկացի լրագրողի աչքերով, որը հետաքննում է երաժշտի խորհրդավոր դեպքը։ Իսպանացի ռեժիսորներ Ֆերնանդո Տրուեբան ու Խավիեր Մարիսկալը վերադառնում են իրենց սիրելի ժանրին՝ սոցիալ-քաղաքական ենթատեքստով երաժշտական դրամա, որը, իհարկե, համեմված է գեղեցկագույն երաժշտությամբ։ Այդպիսին էր 2010-ի «Չիկոն ու Ռիտան» (ցուցադրվել է ՌեԱնիմանիայում), այդպիսին է նաև «Դաշնակահարին գնդակահարել են» նոր աշխատանքը։