ՌեԱնիմանիա 2023 | Սլայդ
ՌեԱնիամանիա

ՌեԱնիմանիա 2023 | Սլայդ

Ամերիկյան հեղինակային անիմացիայի կենդանի լեգենդի նոր գործը՝ մյուզիքլ-վեսթերն, բայց ոչ ձեր պատկերացրածներից։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի 

#Կինո

Բիլ Փլիմփթոնը ամերիկյան անիմացիայի ամենազարմանալի դեմքերից է։ Նախքան կինոն, օրեգոնցի Փլիմփթոնը սկսել է նկարազարդումներ անել New Yorker ու Rolling Stone ամսագրերում, հետո նկարահանել շատ փախած, դժվար նկարագրելի, բայց հենց դրանով աչքի ընկնող ու հիշվող կարճամետրաժներ։ Դրանցից մեկը՝ Your Face-ը հեղինակին բերել է Օսկար, մյուսը՝ Push Comes to Shove-ը մրցանակ Կաննի կինոփառատոնում։ Բնական է, որ այս ամենին հաջորդեց առաջարկը Disney-ից։ Բայց ինդուստրիայի առաջատարում աշխատելը կնշանակեր ձեռք քաշել սեփական ձեռագրից ու գաղափարներից։ Այնպես որ Փլիմփթոնը հրաժարվեց շատ գայթակղիչ առաջարկից ու շարունակում է սեփական ձեռքերով ստեղծել իր բացառիկ, կախարդական անիմացիոն ֆիլմերը։

 

Սեփական ձեռքերը, այս դեպքում, չափազանցություն չեն․ նույնիսկ իր լիամետրաժները Փլիմփթոնը նկարում է ինքնուրույն՝ ամեն կադրը, ձեռքով։ Այդ պատճառով նրա սյուրռեալիստական պատմություններն ու հերոսները կարծես ոչ թե էկրանի վրա լինեն, այլ կենդանացած լինեն դիտողի առաջ դրած թղթի շրջանակում։

 

Երբեմն նրա հերոսները շփվում են առանց խոսքերի, ինչպես, օրինակ, տարիներ առաջ ՌեԱնիմանիայում ցուցադրված պոետիկ Idiots and Angels-ում։ Երբեմն, ինչպես լրիվ թարմ Slide-ում, նրանք ոչ միայն խոսում են, այլև երգում․ ֆորմալ առումով սա մյուզիքլ-վեսթերն է։ Բայց իհարկե, ոչ մի դեպքում չարժե սպասել գունեղ, զվարթ վեսթերն խիզախ կովբոյների մասին, որոնք կկատարեն դիսնեյատիպ երաժշտական համարներ։

 

Գլխավոր հերոսը խորհրդավոր միայնակ կիթառահար Սլայդն է. slide-ը կիթառ նվագելու յուրահատուկ տեխնիկա է, որը հատուկ է բլյուզին։ 1940-ականներ, չխոսկան Սլայդը (նրա փոխարեն խոսում է կիթառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգեցնում փամփուշտներն ու տապալում թշնամիներին) հանկարծ հայտնվում է փոքր, կիսամեռ մի քաղաքում, որը պատանդ է մնացել կիսախելագար զույգ-եղբայրների ձեռքում, որոնք պատրաստվում են վարի տալ համայնքը՝ այն հանձնելով ագահ հոլիվուդյան պրոդյուսերներին։ Այլ կերպ ասած՝ անկախ արվեստը (ի դեմս բլյուզի) ագահ կապիտալի դեմ (ի դեմս հողատերերի և պրոդյուսերների):

 

Ի դեպ, կապիտալի մասին։ Ինչպես ցույց է տալիս Փլիմփթոնի օրինակը, նույնիսկ 21-րդ դարում, նույնիսկ ԱՄՆ-ում, դժվար է գումար հավաքել նոր նախագծի համար, անգամ եթե 40 տարվա հարգված ու ճանաչված մասնագետ ես, որն ունի հեղինակավոր մրցանակներ ու, ասենք, Քանեյ Ուեսթի հետ աշխատելու փորձ․ Slide-ն ավարտին հասցնելու համար Փլիմփթոնը ստիպված էր դիմել Kickstarter հարթակին, իսկ այս տարվա Աննեսիի փառատոնում ցուցադրել էր ֆիլմի դեռ անավարտ տարբերակը։ Բայց երբ ընտրում ես անկախ արվեստի ճանապարհը, պիտի Սլայդի պես պատրաստ լինես խորդուբորդություններին։