ՌեԱնիմանիա 2024․ ուղեցույց
Փառատոն

ՌեԱնիմանիա 2024․ ուղեցույց

Հոկտեմբերի 20-ից 26-ը Երևանում կանցկացվի «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը։ ԵՐԵՎԱՆը պատմում է ծրագրում ընդգրկված են մի քանի կարևոր լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի մասին, որոնց տոմսերն արդեն հասանելի են։

Տոմսերը կարելի է գնել այստեղից

 

Փառատոնի ամբողջական ծրագիրը

#Կինո

Պաստառի հեղինակ` Ջորջ Շվիզգեբել (Կաննի, Բեռլինի, Անսիի միջազգային և հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր)

 

Ամենաթանկ բեռը / La Plus Précieuse des marchandises

Բելգիա, Ֆրանսիա

 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմ, Աուշվից շարժվող գնացքի ուղևոր հրեա տղամարդը նորածին դստերը թողնում է ձյունոտ անտառում, հուսալով, որ այդպես կփրկի աղջկան։ Այդ թանկագին բեռը գտնում է տեղացի փայտահատի ընտանիքը։ Հոլոքոստի թեմային այս անգամ անդրադարձել է ֆրանսիացի Միշել Ազանավիսյուսը, որը 2011-ին աչքի էր ընկել համր կինոն փառաբանող «Արտիստով», ինչպես նաև մի շարք պարոդիա-կատակերգություններով։ «Բեռն» այս ֆոնին կարող է տարօրինակ թվալ, բայց ռեժիսորն ինքը հրեական արմատներ ունի։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա Կաննի կինոփառատոնում․ սա առաջին դեպքն էր 2008-ից ի վեր, երբ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել էր խոշորագույն կինոփառատոնի հիմնական մրցույթում։ Իսկ շատ չանցած այն բացել էր արդեն Աննեսիի անիմացիոն փառատոնը։ 

 


 

Հոսք / Straume

Լատվիա, Բելգիա, Ֆրանսիա

 

 

 

Ոչ շատ հեռավոր ապագա, ջրհեղեղը ոչնչացնում է մարդկային քաղաքակրթության մնացորդները։ Միայնակ սևուկ կատուն, որ անհամբեր սպասում է տիրոջը, մի կերպ փրկվում է՝ հայտնվելով փոքրիկ նավակում։ Մի քանի այլ կենդանիների հետ նա պետք է հարմարվի նոր իրողությանը։ Կաննի երկրորդ՝ «Հատուկ հայացք» մրցույթում ընդգրկված այս ֆիլմը ստեղծվել է Լատվիայում, թեև գլուխ է բերվել ֆրանս-բելգիական համագործակցությամբ։ Ֆիլմը նաև ապացուցում է, որ կարելի է հրաշալի ֆիլմ ստեղծել Լատվիայի պես փոքր երկրում, մեծ անիմացիոն կինոյի համար համեստ 3,5 միլիոն եվրո բյուջեով, իսկ ամենաբարդ իրողությունների մասին խոսել միայն կինոյի լեզվով՝ առանց մարդկային դիալոգների։ 

 


 

Փոթորիկ 

Չինաստան

 

 

Սրտաճմլիկ պատմություն աղքատ տղամարդու ու իր կողմից որդեգրված պատանու մասին՝ ջրերի ու դարերի խորքից վերադարձած կախարդական նավի, վիշապների ու այլ մոգական երևույթների ուղեկցությամբ։ Գուցե որոշ պահերի պատումին հետևելը բարդ թվա, բայց չինական ավանդական կերպարվեստի վրա հիմնված պատկերը բավական է ժամանակը վայելելու համար։ 

 



Պարտեզի նավակը / Slocum et moi

Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա

 

 

Այստեղ էլ կարևոր դեր ունի ջրային փոխադրամիջոցը, թեպետ կախարդանքի չափաբաժինը չնչին է։ Գործողությունները տեղի են ունենում 1950-ականների Ֆրանսիայում, գլխավոր հերոսը 11-ամյա Ֆրանսուան է, որը մի օր բացահայտում է, որ ծնողներն իրենց տան բակում սեփական ձեռքերով կառուցում են հանրահայտ ծովագնաց Ջոշուա Սլոկումի նավի կրկնօրինակը։ Տարիներն անցում են, Ֆրանսուան մեծանում է, նավը կառուցվում է․․․ Ֆիլմի ռեժիսոր Ժան-Ֆրանսուա Լագիյոնը ֆրանսիական անիմացիայի վետերաններից է․ դեռ 1978-ին արժանացել էր Սեզարի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։ 

 


 

Խխունջի հուշերը / Memoir of a Snail

Ավստրալիա

 

 

1970-ականների Կանբերայում միայնակ աղջնակ Գրեյսը խխունջների խեցիներ է հավաքում՝ փորձելով հաղթարահել մոր մահվան ցավը։ Ավստրալացի Ադամ Էլիոթը վաղուց մասնագիտացել է պլաստիլինային սթոփ-մոուշն անիմացիայի ու կյանքի լուսանցքներում մնացած տխուր, բայց բարի կերպարներին փառաբանելու վրա։ «Խխունջի հուշերը» Էլիոթի առաջին լիամետրաժն է՝ 2009-ին փառահեղ «Մերի և Մաքսից» հետո։ Միանշանակ այս տարվա գլխավոր անիմացիոն իրադարձություններից մեկը։ 

 


 

Սուլթանուհու երազը / El sueño de la sultana

Իսպանիա, Գերմանիա

 

 

Իսպանացի նկարչուհի Ինեսը՝ Հնդկաստանով ճամփորդելիս ծանոթանում է Ռոքեյա Հոսեյնի՝ 1905 թվականին գրված պատմվածքին, որը պատմում է միայն կանանցով բնակեցված թաքնված Կնաստանի մասին։ Ինեսը որոշում է գտնել այդ ուտոպիան։ Ֆիլմի երեք զուգահեռ գծերը՝ Ինեսի պատմությունը, Հոսեյնի կյանքը (նա 20-րդ դարասկզբի իրական կարևորագույն ֆեմինիստ մտածող է եղել) և կախարդական Կնաստանը ներկայացված են բոլորովին տարբեր անիմացիոն տեխնիկաներով։ Հավանաբար գեղարվեստական լուծումներն ու արդիական թեմայի բարձրաձայնումը ֆիլմին այս տարի Աննեսիի փառատոնում մրցանակ են բերել Contrechamp ծրագրում (2022-ին այդ ծրագրում էր ընդգրկված օրինակ հայկական «Ավրորայի լուսաբացը»):

 


 

Այս տարի նորից կցուցադրվեն 2023-ի ՌեԱնիմանիայի երկու ամենահետաքրքիր ֆիլմերը։

 

Ազդանշան / La Sirène

Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա 2023

 

 

Հայրենի Իրանում արգելված Սեպիդեհ Ֆարսիի նախորդ ֆիլմերը մշտապես տեղ են գտել առաջատար փառատոներում. «Հարաթ»-ը և «Արգելված Թեհրանը» ցուցադրվել են Լոկառնոյում, իսկ «Փոշու երազներ»-ն ու «Հայացք»-ը՝ Ռոտերդամում, դե իսկ «Ազդանշանը» բացեց Բեռլինի «Համայնապատկեր» ծրագիրը, հիմա էլ՝ հոբելյանական ՌեԱնիմանիան: 

 

Իր ուժգնությամբ ու ներգործությամբ՝ հանճարեղ «Պերսեպոլիսի» արժանի հետնորդն ու նույնքան տագնապային «Ազդանշանը» փափուկ բազկաթոռներից մեզ տեղահանում է հարավային Իրանի Աբադա նավահանգիստ, որտեղ 15-ամյա Օմիդի հետ միասին փոխվում է նաև մեր կյանքը՝ առնվազն 100 րոպեով, այն պահից ի վեր, երբ բակային ֆուտբոլային խաղն ընդհատում է իրաքյան հրթիռակոծությունը:

 

Կարեն Ավետիսյանի կարծիքը


 


 

Սիրոկկոն և Օդային հոսանքների թագավորությունը / Sirocco et le royaume des courants d'air

Ֆրանսիա 2023

 

 

Սիրոկկոն խորհրդավոր ամենակարող կախարդ է, որն ապրում է Օդային հոսանքների թագավորությունում, բայց տխուր է, քանի որ ձանձրույթն է պատել նրան․․․ Բարեբախտաբար, իրականում Սիրոկկոն պարզապես մանկական հեքիաթների հերոս է, անհանգստանալու կարիք չկա։ Բայց չէ՞ որ մանկական հեքիաթները երբեմն կարող են նույնքան (կամ ավելի) իրական լինել, որքան մեզ շրջապատող աշխարհը, պարզապես մենք այդ մասին մոռանում ենք, երբ մեծանում ենք։ «Սիրոկկոն և Օդային հոսանքների թագավորությունը» հիանալի առիթ է վերհիշելու հեքիաթների իրականության այդ գրեթե մոռացված զգացողությունը և ֆիլմի գլխավոր հերոսուհիների՝ փոքրիկ քույրիկներ Ժուլիետի ու Կարմենի հետ հայտնվել կախարդական աշխարհում։ 

 

Տոմսերը կարելի է գնել այստեղից