Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը / Marcel et Monsieur Pagnol
Ֆրանսիացի անիմատոր՝ «Բելվիլի եռյակը» և «Իլյուզիոնիստը» ֆիլմերի հեղինակ Սիլվեն Շոմեն խաղարկային կինոյում ոչ այնքան հաջող փորձից հետո վերադառնում է իր սիրելի ձևաչափին, բայց կրկին՝ խաղարկայիան կինոյի հետքերով։ Եթե «Իլյուզիոնիստը» լեգենդար կատակերգակ Ժակ Տատիի չնկրահանված սցենարի անմացիոն էկրանավորումն էր, ապա «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» պատմում է 1930-40-ականների հայտնի ռեժիսոր, գրող ու դրամտուրգ Մարսել Պանյոլի մասին։ Ըստ սյուժեի, փառքի գագաթնակետին հասած Պանյոլը սկսում է գրել հուշեր իր մանկության ու հայրենի քաղաքի մասին և ի վերջո հեղինակը դառնում է սեփական պատմության հերոսը։
Արկո / Arco
Տասնամյա Այրիսն ապրում է 2075 թվականի սովորական մի քաղաքում՝ փոքր եղբոր ու խնամակալ ռոբոտի հետ, մինչդեռ մշտազբաղ ծնողներն անդադար աշխատում են և ներկա են նրանց կյանքում հիմնականում հեռավոր հոլոգրաֆիաների տեսքով։ Այրիսի կյանքը փոխվում է, երբ մի օր ծիածնի հետ երկնքից ընկնում է մի խորհրդավոր տղա․ Արկոն է՛լ ավելի հեռավոր ապագայից է և մոլորվել է ժամանակի մեջ։ Այրիսը պետք է օգնի նրան վերադառնալ դեպի ապագա։ Չափազանց հուզիչ պատմություն, որ շոշափում է ընկերության, ընտանիքի, տեխնոլոգիաների, բնության և ապագայի հանդեպ մեր բոլորիս ունեցած պատասխանատվության մասին՝ փիլիսոփայական գիտական ֆանտաստիկա ամբողջ ընտանիքի համար։
Երաշտահավերի գաղտնիքը / The Songbirds' Secret
Չնայած, որ ՌեԱնիմանիան առաջին օրվանից փորձում էր հասկացնել հանդիսատեսին, որ անիմացիան ոչ միային «մանկական մուլտիկ» է, այլև հաճախ՝ միանգամայն մեծական արվեստի գործ, այս տարի քիչ չեն ընտանեկան դիտման համար նախատեսված նորույթները։ Դրանցից է ամբողջությամբ թղթային cut-out անիմացիայի տեխնիկայով արված ֆրանսիական «Երաշտահավերի գաղտնիքը»։ Իննամյա Լյուսին գալիս է Բեկտուալ, որտեղ նրա մայրը՝ Կարոլինը, իր գործընկեր Պիեռոյի հետ հնագիտական պեղումներ է ղեկավարում։ Բեկտուալը Կարոլինի ծննդավայրն է և ընտանեկան գաղտնիքների պահոց, որոնք Լյուսին դեռ նոր պիտի բացահայտի։
Փոքրիկ Ամելին / Little Amelie
Գունեղ պատմություն այն մասին, թե ինչպես է երեխան բացահայտում աշխարհը: Գլխավոր հերոսուհին Ճապոնիայում ծնված բելգիացի աղջնակ է, որ մինչև երկուսուկես տարեկանն ամենակուլ անոթ էր՝ անտարբեր ու անկյանք։ Բայց բեկումնային մի իրադարձությունից հետո սկսվում է նրա՝ կյանքով լի մանկությունը։ Նա բացահայտում է լեզուն, իր ծնողներին, քրոջն ու եղբորը, իրենց դրախտային այգին, սիրահարվում Ճապոնիային ու ջրին, զզվանք տածում ծածանների հանդեպ, հասկանում, թե ինչ են տարվա եղանակներն ու ժամանակը։ Այդ ամենը երեքուկես տարեկանից ընդմիշտ ձևավորում են որպես մարդ նրա էությունը։ Որովհետև այդ տարիքում ամեն ինչ առաջին անգամ ես զգում՝ ինչպես երջանկությունն, այնպես էլ դժբախտությունը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառտոնւմ, իսկ Սան Սեբաստիանում այն շահել է հանդիսատեսի մրցանակը։
Արջերի հանրահայտ ներխուժումը Սիցիլիա
Իտալական շատ հայտնի գրքաշարի էկրանավորումը սկսվում է նրանից, որ արջերի արքայի որդուն՝ Տոնիոյին որսորդները գողանում են ու տանում Սիցիլիայի լեռները։ Խստաշունչ ձմեռը սպառնալիք է դառնում արջերի համար, ուստի արքան որոշում է ներխուժել մարդկանց հողեր՝ հույս ունենալով գտնել իր որդուն։ Հզոր զորքի և կախարդի օգնությամբ նա հաջողության է հասնում, սակայն շուտով հասկանում է, թե ինչու արջերը չպետք է ապրենք մարդկանց տիրույթներում։ Ֆիլմի ռեժիսոր Լորենցո Մատոտտին հռչակավոր անիմատոր և նկարիչ է․ նա պարբերաբար նկարազարդում է New Yorker ամսագրի շապիկները, ինչպես նաև ՌեԱնիմանիայի այս տարվա պաստառի հեղինակն է։
Օլիվիան և անտեսանելի երկրաշարժը
Տիկնիկային անիմացիա Իսպանիայից` համանուն գրաֆիկական նովելի հիման վրա։ 12 տարեկան Օլիվիայի սովորական կյանքը մի գիշերում գլխիվայր շուռ է գալիս։ Նա ստիպված է ավելի համեստ կյանքով ապրել ու միայնակ հոգ տանել եղբոր՝ Թիմի մասին։ Բարեբախտաբար, ուրախ ու ընկերասեր հարևանների շնորհիվ Օլիվիայի կյանքն իսկական արկածային ֆիլմի է վերածվում։ Միասին նրանք կարողանում են ամեն խնդիր խաղի վերածել, իսկ ամեն օրը՝ անմոռանալի ակնթարթների։ Ֆիլմի գրավականներից մեկը գործողությունների վայրն է․ Օլիվիայի արկածներն ընթանում են Բարսելոնայում։
Կարմիր կրիան / Red Turtle
ՌԵժիսոր-անիմատոր Միքայել Դյուդոկ դե Վիտն այս տարի ՌեԱնիմանիայի պատվավոր հյուրերից մեկն է ու զարմանալի չէ, որ արտամրցութային ծրագրում ցուցադրվում են նրա ինչպես կարճամետրաժները (այդ թվում՝ Օսկարակիր), այնպես էլ առայժմ միակ լիամետրաժը։ 2016 թվականի «Կարմիր կրիան» պատմություն է մի մարդու մասին, որը նավաբեկության հետևանքով հայտնվել է անմարդաբնակ կղզու վրա։ Նա փորձում է լաստանավ կառուցել ու հեռանալ կղզուց, բայց ամեն անգամ մի մեծ, կարմիր կրիա խանգարում է նրան։ Ավելի ուշ այդ կրիան վերածվում է կնոջ։ Այս փիլիսոփայական, անխոսք ու փառահեղ գեղեցկության ֆիլմը բացառիկ է նաև նրանով, որ Դուդոկ դե Վիտն առայժմ միակ մարդն է, որ կարողացել է իր նախագծում ներառել Հայաոի Միյաձակիի Ghibli ստուդիայի անիմատորներին, որոնք որպես կանոն աշխատում են միայն ներքին նախագծերի վրա։ Մի խոսքով, լավ առիթ է դիտելու մեծ էկրաններին։
Ձմեռը մարտին / Օձի ապուրը
Կարճամետրաժների մրցույթում միշտ հետաքրքիր ծաղկաքաղ է հավաքվում ամբողջ աշխարհից, բայց մեզ առանձնահատուկ հետաքրքիր են երկու հայկական (կամ մասամբ հայկական) նախագծերը, որոնք արդեն հասցրել են իրենց խոսքն ասել միջազգային փառատոներում։ Ընդ որում, Նատալյա Միրզոյանի էստոնա-հայկական «Ձմեռը մարտին» կարճամետրաժ տիկնիկային անիմադոկը (պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան) նախ ցուցադրվեց Կաննի 78-րդ կինոփառատոնի Cinef ուսանողական մրցույթում, իսկ հետո նաև Անսիի՝ անիմացիոն ամենհեղինակավոր փառատոնւմ։ Այն անդրադառնում է ռուս-ուկրայինական պատերազմի արդյունքում առաջացած ներքին փլուզման, խուճապի և մղձավանջի զգացողություններին, առանձնանալով էստետիկ նրբագեղությամբ և կտորից, բամբակից, ստվարաթղթից, կարկատաններից ու անկենդան տիկնիկներից հյուսված օրագրային բանաստեղծականությամբ։ Ֆիլմը նախարտադրական փուլում մասնակցել է ՌեԱնիմանիայի Coreact ծրագրին ու ստացել աջակցություն, հիմա, փաստորեն, վերդառնում է ՌեԱնիմանիա։
Իսկ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան) ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։ Ֆիլմը մասնակցել է Անսիի «Հեռանկարներ» մրցութային բաժնում։