Ռելոկացիայի մեկ տարին․ «Հայաստանը հեռանկարների ու զարգացման երկիր է»
ԵՐԵՎԱՆի խնդրանքով ռուսաստանցի ռելոկանտ, կինոքննադատ Յուրի Միխայլինը պատմել է Հայաստանում անցկացրած իր մեկ տարվա կյանքի մասին ու ինչեր կարող են այս իրավիճակից քաղել եկվորներն ու տեղացիները։
Տեքստն ու լուսանկարները՝ Յուրի Միխայլինի
2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։
Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag
Մի տարի առաջ մենք սկսեցինք թափառել աշխարհով մեկ։ Ոմանք տեղակայվեցին, մյուսները շարունակում են ճամփան։ Նրանք, որ մնացին տանը, միևնույն է, հայտնվեցին այլ երկրում, որը շարունակում է փոխվել ու տանել մարդուն իր հետ անհայտ ուղղությամբ։ Շարժումն ադադար է, ցանկացած կանգառ ժամանակավոր է։
Սրան դժվար է սովորել, բայց կարելի է փորձել նկարագրել։ Տեղափոխման մեջ ներգրավված են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ հարևան երկրների բնակիչները, որոնց կյանքում հանկարծ հայտնվեցին տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր եկվորներ։ Ի՞նչն ու ինչպե՞ս է փոխվել այս ընդհանուր կյանքում։ Ինչպե՞ս ենք ազդում միմյանց վրա։ Դեռևս դժվար է հասկանալ՝ ընթացքի մեջ է, բայց ինչ-որ բաներ արդեն նկատելի են։
Բարի գալուստ տուն
Հայաստան ժամանած ռուսներից շատերը հիշում են իրենց սուր տպավորությունները՝ ինքնաթիռից օդակայան մտնելու պահին, երբ տեսնում էին ռուսերենով գրված «Բարի գալուստ տուն» գրությունը։ Դա այնքան անսպասելի էր, հուզիչ, սկզբում նաև անբացատրելի, որ մի պահ մարդու շունչ էր կտրվում։
Հիմա արդեն դժվար է հիշել, թե ինչ ահավոր հարված էր փետրվարի 24-ը։ Շատերը բառացիորեն խելագարվում էին։ Ամեն օր մի սարսափելի բան էր տեղի ունենում։ Մի կերպ քնում էիր, իսկ արթնանալիս պարզում, որ քեզ ծանոթ աշխարհի ևս մի կտոր է ավերվել։
Կյանքը քայքայվեց ամենատարբեր ոլորտներում՝ աշխարհի կառուցվածքի մասին պատկերացումներից մինչև այնպիսի մանրուքներ, ինչպես՝ օնլայն-թարգմանություն անելու հնարավորությունից զրկվելը։ Ոմանք կորցրեցին կապը մտերիմների հետ։ Բոլորը հասկացան, որ պատկերացում չունեն ապագայի մասին։
Այդ ամենից հետո «Բարի գալուստ տուն» բառերից կարելի էր լաց լինել։ Բայց դեռ պետք էր լիքը հարցեր լուծել (սիմ-քարտ, ինչպես հասնել քաղաք, որտեղ անցկացնել գիշերը, և ի՞նչ է ընդհանրապես այստեղ կատարվում), ինչն օգնում էր, քանի որ կենցաղային խնդիրների վրա կենտրոնացումն ազատում էր հուզական բեռից։
Առաջին օրերին ցուրտ էր ու խոնավ, բայց շուրջբոլորն ինչ-որ կախարդանք էր զգացվում։ Նախ՝ զարմանալի ազատությունը, երկրորդ՝ հոգատարություն, որով շատերս հանկարծ շրջապատաված զգացինք մեզ։ Բացարձակ անծանոթ մարդիկ փորձում էին օգնել մեզ։ Սրճարանի մատուցողն ապուր բերեց ու ասաց․ «Մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի։ Մենք էլ ենք պատերազմի միջով անցել։ Ինչո՞վ կարող եմ օգնել»։ Տուն էինք փնտրում։ Զանգեց ծանոթին, պարզվեց, որ ծանոթը սենյակ է վարձով տալիս, ավելի էժան գնով, քան հայտարարություններում էր։
Նոր ծանոթներն ասում էին․ «Մենք հասկանում ենք ձեզ, մենք էլ ենք վաղուց պատերազմի մեջ»։ Այդ ուրիշ պատերազմն էլ միշտ մոտակայքում էր։ «Եթե քնելու տեղ չգտնեք, մնացեք էստեղ, վերջերս արցախցի փախստականներն էին այստեղ»։ Մոսկվայում օտար ողբերգությունը հեռու է թվում, չնայած իրականում միշտ կողքին է։ Իսկ այստեղ վերքերը նույնիսկ դեռ չեն փակվել ու մարդիկ շատ բաներ ավելի լավ են հասկանում։
«Փախստական» բառը ռուսների նկատմամբ համարվում է ոչ կոռեկտ, թեպետ իրականում հոգեբանորեն մենք հենց փախստական էինք։ Շատերը ժամանել էին առանց գումարի ու որևէ տեսլականի։ Ոմանք նախընտրում են «ռելոկանտ» եզրը։ Բայց էությունը մեկն է․ ողբերգության արդյունքում մարդիկ իրենց հարմարեցված կյանքից ու միջավայրից են պոկվել։ Հայաստանում հանդիպեցինք մարդկային ջերմություն ու հոգատարություն (թեպետ տարբեր բաներ են եղել, իհարկե), ինչի համար միշտ երախտապարտ ենք լինելու։
Հայաստան տիեզերք
Որոշ գիտնականներ կարծում են, որ Տիեզերքի հայտնվելու ժամանակ նրա մեջ կոդավորված էր մարդու ի հայտ գալը, քանի որ Տիեզերքին անհրաժեշտ էր մեկը, որ կարող է ուսումնասիրել այն ու գնահատել գեղեցկությունը։ Մեր առաջին բնակարանի տիրուհին նույնպես տիեզերք էր։ Նա հաճախ ասում էր․ «Հայաստանում այնքաաան գեղեցկություն կա՜։ Կվերադառնաք Ռուսաստան, կպատմեք, որ տեսել եք ամբողջ Հայաստանը»։
Նա սիրում էր պատմել երկրի մասին (ապրիլի 24-ին հատուկ մեզ տարավ Ծիծեռնակաբերդ), իսկ մենք ուզում էինք բացահայտել ու ճանաչել։ «Ո՞րն է Հայաստանի ամենագեղեցիկ տեղը»: «Ամենագեղեցիկ տեղը Հայաստանում իմ այգին է», - ասում էր նա։ «Սա դրախտ է՝ ծիրան, դեղձ, բալ, մորի, ընկույզ։ Ու դրախտային թռչուններ»։ Նրա փեսան, սակայն, այլ կարծիքի էր․ «Հայաստանի ամենալավ տեղը իմ պատշգամբն է» (այդ պնդումը ևս անհիմն չէր):
Շատ հետաքրքիր էր հայ ընտանիքում ապրելը․ տեսնել ինչպես են նշում տոները, ինչպես են մարդիկ շփվում, ինչպես են հարևանները գալիս սուրճի ու փորձում լեզու գտնել մեզ հետ (հարևանուհին ռուսերեն ասում էր միայն «բարև» ու «ո՞նց»)։ Բայց է՛լ ավելի հետաքրքիր էր Հայաստանով ճամփորդելը, ամեն-ամեն ինչ իմանալը, մարդկանց հետ շփվելը, հատկապես գյուղերում։
Մենք սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք։ Եթե մեկը տեսնի քո երկրի գեղեցկությունը, այդ գեղեցկությունը կբազմապատկվի։ Եթե սիրի քո երկիրը, կմեծանա սերը։ Շատ լավ է այլ երկիր սիրելը, այդպես սկսում ես քոնն ավելի սիրել։
Արմենչիկ, Վովչիկ, Լևան
Օտարներն անհրաժեշտ են, նրանք օգնում են ավելի լավ տեսնել քեզ, նկատել ու հասկանալ այն, ինչին սովոր ես։ Նույնն էլ՝ հակառակ ուղղությամբ։
Հայաստանում կյանքի փորձն անգնահատելի է։ Շատ օգտակար է հայտնվել փոքր, համեմատաբար աղքատ երկրում ու նայել այնտեղից մեծ ու հարուստ երկրին։ Այդ հայացքը սթափեցնում է և թույլ տալիս ավելի լավ քեզ զգալու տարածության մեջ։
Ու ժամանակի։ Հայաստանը (Ռուսաստանն էլ, բայց այլ կերպ) ապրում է միաժամանակ տարբեր ժամանակներում։ Նրանից, որ այստեղ ամեն ինչ ավելի փոքր է, մոտ ու կենտրոնացած, ժամանակների տարբերությունն ավելի է սուր է զգացվում։ Մի կողմից՝ իրենց կամքին հակառակ փախցրած հարսերի պատմություններն են, մյուս կողմից՝ եվրոպական մակարդակի հումանիտար ծրագրերը։
Երևանում ինձ մոտ վառ ֆլեշբեքներ սկսվեցին դպրոցական տարիներից։ Երևանյան նեղ փողոցներով շրջելիս մտքիս գալիս էր 90-ականների իմ աղքատիկ մանկությունը։ Ռուսաստանում էլ այսօր կարելի է զգալ ժամանակի հետդարձը, բայց այնտեղ վերջնակետը պատ է։ Երևանյան 90-ականների զգացողության մեջ կա ապագայի մասին պատկերացումների էներգիան։ Հատկապես դա զգացվում է Թումոյի մոտակայքում․ շենքի բակում փայտերից պատրաստած ծուռմրտիկ բեսեդկա է, իսկ փողոցի մյուս կողմում՝ գերժամանակակից ուսումնական կենտրոն, որի ներսում երեխաները հպվում են ապագային։ Հայաստանում ապագան մեծ է։
Կայֆ կլիներ նաև մտովի հայտնվել դպրոցի դասապատրաստման ժամերին։ Մեր դասարանում հավես մի բան կար, որն այսօր է՛լ ավելի զարմանալի է թվում․ ունեի դասարանցիներ՝ Արմենչիկ, Վովչիկ ու Լևան։ Նրանք մեր ընկերներն էին։ Բոլորը գիտեին՝ ով է հայ, ով է վրացի, ով է ուկրաինացի, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում դրա հիման վրա որոշել շփվել, թե չէ։ Պարզապես այն ժամանակ մարդիկ իրար սիրում կամ չէին սիրում բոլորովին այլ պատճառներով։
Իհարկե, Ռուսաստանում այն ժամանակ էլ կար անհանդուրժողականություն (մի քանի անգամ Հայաստանից նոր ծանոթները ժպտալով ասում էին՝ «տես, այստեղ ձեզ ոչ ոք չի ասում սպիտակամաշկ»), բայց մեր դասարանում դրանից չկար։ Մենք միասին էինք, և դա սովորական էր, ինչպես օդը։
Երևի այսօր մենք դասապատրաստման ենք նորից։ Կամ էլ մնացել ենք նույն դասարանում։ Պիտի ավելի լավ սովորենք ծրագիրը։
Հայաստանից ավելի շոշափելի են երևում որոշ ռուսաստանյան խնդիրները, որոնք նման են իրար։ Օրինակ, փառահեղ անցյալի մասին երազանքները, որոնք խանգարում են կերտել ներկան ու շարժվել դեպի ապագա։ Make Armenia Great Again` շատ ռուսաստանավարի է հնչում, և դրանում վերջին ժամանակների ողբերգություններից շատերի պատճառն է թաքնված։
Բայց ընդհանուր անցյալից գլուխ հանելը շատ օգտակար էր։ Հայաստանին ու Ռուսաստանին շատ բան է միավորում։ Այսօր հաճախ կարելի է հանդիպել երկուստեք մեղադրանքներ, բայց մեր ընդհանուր պատմությունն ու հետխորհրդային անցյալը մեր կյանքի մասն են, և դրանք դեռ ազդում են ներկայի վրա։ Այդ մասին հանգիստ խոսելը պատմական ու սոցիալական ծուղակներից խուսափելու միջոց է։ Ընդհանուր անցյալի համատեղ քննարկումը պետք է բարեհամբույր անցնի, ու Հայաստան կարող է դառնալ այն հազվագյուտ վայրերից մեկը, որտեղ այդ երկխոսությունը հնարավոր կլինի։
Հատկապես կարևոր էին անցյալ տարի հանդիպումները մարդկանց հետ, որոնք ապրում են ռազմական պարտության և սեփական հույսերի կործանման փորձառությամբ։ Մենք վաղուց ապրում ենք մեր փակուղում, բայց մինչև վերջերս ճգնաժամն այդչափ ակնհայտ չէր։ Պատերազմի ու պարտության գիտակցումը այն է, ինչ սպասում է մեզ։
Ընդհանուր կյանք
Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է ստեղծված իրավիճակը ծնում նոր համատեղ նախագծեր։ Անցյալ տարին հարուստ էր նման դեպքերով։
Օրինակ՝ էկոլոգիական միջոցառումները, որոնք համախմբեցին հազարավոր հայերի ու իրենց նոր հարևանների։ Գրեթե ամեն շաբաթ տարբեր քաղաքներում մարդիկ միասին մաքրում էին այգիները, ջրամբարները, կիրճերն ու ճանապարհները։ Դա օգնեց զգալու տարածքն իբրև քո սեփականը, նոր ծանոթներ ձեռք բերել։
Մեկ այլ հրաշալի երևույթ՝ շների մասին հոգ տանելը։ Դիլիջանի բնակիչները սկսեցին հոգ տանել իրանց թաղի թափառական շների մասին․ կերակրել, բուժել, թաղել։ Կենդանիների մասին հոգ տանելը փոխում է քաղաքի մթնոլորտը։
Շատ բան եղավ մեդիայի ոլորտում։ Ռուս լրագրողները սկսեցին գրել հայկական հրատարակություններում, հայտնվեցին ու զարգացան նոր ալիքներ։ Նկարահանվեցին նոր հոլովակներ ու կարճամետրաժ ֆիլմեր։ Ռուս ու հայ անիմատորները միասին մի քանի նշանակալից ֆիլմ ստեղծեցին։ Համատեղ ցուցահանդեսներ իրականացվեցին։
Փոփոխություններ կրեց նույնիսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի մի քանի ծրագրերի ձևավորման մեջ մասնակցեցին ռուս կինոքննադատներ։ Այլ կինոփառատոներում էր եղան հատուկ ծրագրեր, իսկ աշնանը մեծ թափով տեղի ունեցավ «ԱրտԴոկՖեստի» արձագանքը։
Նոր դպրոցներ ու սրճարաններ բացվեցին։ Առանձին պատմություն է Հայաստանում առաջին սթենդափ ակումբի բացումը։
Էմիգրացիան երբեմն անվանում են «երկրորդ ծնունդ»։ Այո, ցավալի է, բայց հնարավորություն է տալիս նոր կյանք ապրել։ Թեև դժվար է, երբեմն դժվար է ազատվել ընկճախտից, որոշ ժամանակով ուղղակի դուրս ես մնում կյանքից։
Մենք հայտնվել ենք նոր կյանքի մեջ, և կարևոր է հասկանալ, որ այդ կյանքն ընդհանուր է։ Խնդիները նույնպես ընդհանուր են, ու եթե չլուծենք դրանք համատեղ ուժերով, դրանք կհագնեցնեն նոր, է՛լ ավելի ցավոտ խնդիրների։
Մոտ ապագան չի խոստանում հեշտ ընթացք։ Բայց Հայաստանը հեռանկարների ու զարգացման երկիր է։ Այստեղ մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունը երջանկության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Երբ աշխարհում այսքան շատ են ավերածությունները, կարևոր է օգտակար լինելը և ինչ-որ բան ստեղծելը։ Եկեք միասին աշխատենք։