«Ռեմինիսցենցիա», կամ Հերման Նուրդերմերի երևանյան վերհուշը
Հայաստանի պատմության թանգարանի կամարներին փակցված պաստառներից մեկը ազդարարում է հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրագետ և Տպագրության երրորդ միջազգային բիենալեի առաջին մրցանակակիր Հերման Նուրդերմերի երևանյան անհատական ցուցահանդեսի սկիզբը (կշարունակվի մինչև սեպտեմբերի 14-ը, ի դեպ)։
Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի
Լուսանկարները՝ «Մշակույթների երկխոսություն»
Ցուցահանդեսը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Նիդերլանդների դեսպանության և Նիդերալանդներում Մոնդրիան հիմնադրամի և Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության 10-ամյակի և Հայաստանի և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի, ինչպես նաև հոլանդացի հայտնի վիմագրագետի այցի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆն այցելել է «Ռեմինիսցենցիա» ցուցահանդեսը և շփվել դրա կազմակերպիչ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Սոնա Հարությունյանի հետ։
Հիմնական սրահում դիտողին դիմավորում է Հերման Նուրդերմերի դիմանկարը («Ինքնադիմանկար, 2011»)։ Սոնան պատմում է, որ սա նախապես մտածված է եղել՝ այցելուն նախևառաջ պետք է ճանաչի փորագրանկարչին և հետո միայն շարունակի դիտել մյուս ցուցանմուշները։ «Ի սկզբանե, մենք ցանկություն ունեինք աշխատանքների միջոցով ներկայացնելու Հերման Նուրդերմերի գաղափարախոսությունը և աշխարհայացքը։ Կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է, քանի որ փորագրանկարիչն էլ կիսում էր մեր այս գաղափարը և մեծ ուրախություն էր ապրում, տեսնելով, թե ինչպես են ներկայացված իր աշխատանքները երկու ցուցասրահներում»,- վերհիշում է Սոնան։
Սոնա Հարությունյանն առանձնահատուկ է նշում, որ շուրջ մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքները արդարացրել են սպասելիքները․ «Հետաքրքրական է, որ 2018 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-յի միջազգային կոմիտեն սահմանել է գեղարվեստական տպագրությունը որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Ներկայացնելով Հերման Նուրդերմերին Հայաստանում՝ մենք Հայաստանի մայր թանգարանում ցուցադրում ենք ժամանակակից արվեստը, իսկ այցելուների մշտական հոսքը ևս մեկ անգամ փաստում է ցուցադրության կարևորությունը, ոչ միայն հայ այլև օտարազգի այցելուների համար»,- նշում է Սոնա Հարությունյանը։
Ինչպես պատմում է Սոնան՝ խորագրի ընտրությունը բարդ է տրվել, քանի որ անընդհատ ծանոթանալով փորագրանկարչի գաղափարներին և կենսագրությանը, կազմակերպչական կողմը բազում տարբերակներ է առաջարկել և երկար փնտրտուքներից հետո անվան ընտրությունը կանգ է առնում «Ռեմինիսցենցիայի» վրա, որի հայերեն համարժեքը «վերհուշն» է։ Այս խորագիրն իր մեջ մի քանի իմաստ է պարունակում։ Նախևառաջ Հերման Նուրդերմերն իր այս աշխատանքներում հետայացք է գցել դեպի անցյալ․ «Երբ զրուցում էինք, նա միշտ ասում էր, որ իր աշխատանքներում նա փորձել է վերհանել հիշողությունները իր անցած ճանապարհի վերաբերյալ։ Կարծես նա ապրում էր իր հիշողությունների միջև ընկած ժամանակահատվածում և երբեմն իր համար առանձնակի դժվարություն էր ըմբռնել ժամանակի ընթացքը»,- նշում է Սոնա Հարությունյանը։
Մյուս կողմից խորագրի ընտրությունը խորհրդանշական էր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության համար, որն իր հերթին հետհայացք է գցել նախորդ 10 տարիների ընթացքում կատարած աշխատանքների վրա։
«Ռեմինիսցենցիայում» գերակշռում են մեծ հաստոցները (շուրջ երեք տասնյակ)։ Սա ևս ցուցահանդեսի առանձնահատկություններից է, նշում է Սոնա Հարությունյանը, քանի որ այցելուները հնարավորություն ունեն մոտիկից ուսումնասիրելու օգտագործված տեխնիկան։ Հետաքրքրական է նաև այն, որ ամբողջ ցուցահանդեսը ինքնակենսագրական հենք ունի՝ ներկայացված վիմագրությունները արտացոլում են Հերման Նուրդերմերի կյանքի ընթացքը՝ մանկությունից, հոր հետ ունեցած հարաբերություններից մինչև անձնական ապրումներ։
Այս մասին խոսելիս Սոնան հիշում է, որ ցուցահանդեսի շրջանակում Երևանի Գեղարվեստի ակադեմիայի շատ ուսանողներ հնարավորություն ունեցան ծանոթանալու մեծ հաստոցների վրա աշխատելու Հերման Նուրդերմերի փորձի հետ և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո անձամբ ծանոթանալու փորագրանկարչի հետ․ «Ցուցադրության մեկնարկից երկու օր անց Հերման Նուրդերմերը հենց այս սրահում հանդիպում ունեցավ արվեստագետների և ուսանողների հետ։ Նա հանգամանալից բացատրեց ցուցադրված նմուշներում օգտագործված տեխնիկան և ներկաներին պատմեց վիմագրության զարգացման պատմությունը։ Սա հրաշալի հնարավորություն էր հայ հասարակության համար՝ ծանոթանալու անվանի փորագրանկարչի գործունեությանը, իր հերթին Հերման Նուրդերմերի համար՝ բացահայտելու Հայաստանը»,- պատմում է Սոնա Հարությունյանը։