«Ռենտգեն Երևան». վիզուալ աղմուկը վերածելով արվեստի
Աբովյան 3 հասցեում բացվել է Սուրեն Թադևոսյանի «Ռենտգեն Երևան» ցուցահանդեսը։ Այս պատմությունը սկսվում է Պուշկին փողոցում, անցորդների երևակայության մեջ և Սուրենի ֆոտոխցիկում:
12.11.2024Յուրաքանչյուր երևանցի Աբովյանից Նալբանդյան քայլելիս ամեն անգամ մտածում է՝ ի վերջո, ի՞նչ կա այդ հավերժ փակ սպիտակ ռետրո դռան հետևում: Արդյունքում՝ միանում է բոլորիս երևակայությունն ու մանրամասնորեն փորձում ենք զննել ողջ քաղաքը: Դռան մասին այս նույն հարցն է տանջել Սուրեն Թադևոսյանին։ Արդյունքում ստեղծել է «Ռենտգեն Երևան» ֆոտոինստալյացիաների շարքը՝ կարծես նվիրված երևանցիների երևակայությանը՝ բացահայտելու, թե ինչ են թաքցնում մեզնից քաղաքի պատերը:
«Այս նախագծի վրա սկսել եմ աշխատել դեռևս 2019-ից: 2021-ին կայացավ առաջին ցուցադրությունը՝ լույս ու շտատիվ համադրությամբ, հետո երկրորդը՝ Նկարիչների միությունում, հետո ստացա աշխատանքների տպագրված տարբերակները, և, ի վերջո, ստեղծվեցին NFT-ները, ու կայացավ երրորդ ցուցադրությունը ftNFT Phygital Space-ում»,- պատմում է Սուրենը:
«Ռենտգեն Երևանը» 17 ֆոտոինստալյացիայից բաղկացած շարք է (NFT-ների հետ միասին՝ 20), որ Սուրենը ստեղծել է՝ համադրելով իրարից անկախ լուսանկարներ, որոնցից մեկը անպայմանորեն քաղաքն է:
Սկզբում նա լուսանկարել է քաղաքը, այնուհետև ստացել էսքիզ պատկերի ֆոտոյի համար և վերջում անցել մարդկանց: Արդյունքում՝ շերտերի համադրությամբ, ռենտգենի մեխանիզմով ստացվել են մեկը մյուսից անկախ ֆոտոինստալյացիաներ: Շերտերի քանակն էլ աշխատանքներում տարբեր է՝ 2-ից մինչև 7: Հետագայում Սուրենը ֆոտոյից անցել է վիդեոյի, վիդեոյից՝ NFT ձևաչափի, քանի որ այս փոփոխությունները մեր բնական արձագանքն են քաղաքին, վիզուալ աղմուկին, մարդկային հարաբերություններին և այն սոցիալական դերերին, որոնց բախվում ենք:
«Ռենտգեն Երևանն» արդեն ցուցադրվել է Երևանում, Գյումրիում, Իջևանում, վերջերս նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում:
Սուրենն ասում է՝ հատուկ չի նշել աշխատանքների անունները, որ յուրաքանչյուրն իր պատկերացմամբ տեսնի՝ ինչ է կատարվում պատերից այն կողմ: Որպես գաղտնիք ասենք, որ իրականում ֆոտոինստալյացիաներն անուններ ունեն (ցանկը կգտնեք ftNFT Phygital Space-ում), իսկ որպես խորհուրդ ասենք, որ դա թողնեք ամենավերջում. երևակայությունն ամեն ինչ կանի ձեր փոխարեն:
Տեսնելով հարազատ շենքը համբուրվողների նկարում, որոնք իրարից տարբեր մարդիկ ու լուսանկարներ են, գուցե գտնեք ձեր պատմությունն այնտեղ: Կամ հատակագծերի ու հիփոթեքային վարկերի արանքում տեսնեք անվերջ փոքրացող մարդուն, կամ էլ վերջապես զգաք վիզուալ աղմուկի դոմինանտությունը քաղաքի երբեք չավարտվող լարերի մեջ:
Կարելի է ասել, որ «Ռենտգեն Երևանի» ֆենոմենը դոկումենտի ու ռոմանտիզացիայի խառնուրդն է, երբ մի կողմից տեսնում ենք քաղաքի հայելապատկերը՝ գուցե սովորական, գուցե հարազատ, իսկ մյուսից՝ բացահայտում վիզուալ աղմուկի էսթետիկան՝ ի վերջո, գալով գաղափարին, որ քաղաքը մենք են:
«Ռենտգեն Երևան» ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 17-ը: