ՌԵՊորտաժ. արդի հայկական ռեպը՝ ենթատեքստով
Ռեպ

ՌԵՊորտաժ. արդի հայկական ռեպը՝ ենթատեքստով

Ի՞նչ է կատարվում ժամանակակից հայկական ռեպում և ինչի՞ մասին են ռեպ կարդում Վնասը, Ստեփոն, Շելբին, Մամբան ու մյուս ակտուալ հայ ռեպ կատարողները․ Արաքս Սաֆարյանն ուշադիր լսել ու պատմում է։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի 

#Ռեպ

Հայ Տղեքից հետո

Սկզբում Հայ Տղեքն էին։ Նրանց ռեպը նման էր «կենցաղային բալլադի», որովհետև պատմում էր հայ ջահելների առօրյայի ու անցուդարձի մասին՝ հաճախ հստակ սյուժեներով։ 

 

Հայ Տղեքից հետո երկու խոշոր ռեպ խմբերից թերևս միայն Ռեդ Լայթին կարելի էր կոչել անդերգրաունդ (Մեծ Հայքը ոճական առումով կարծես այս երկուսի արանքում էր), որի «գործն էլ» շարունակեց Վնասակարը։ Մի քանի հաջող ալբոմներից հետո, որտեղ ռեպը բնականորեն արտացոլում էր Վնասի ու Կարի հոգեկան խռովքները, առօրյան ու թոքերի դիմացկունությունը, Վնասակարը մնաց առանց Կարի, որը, այդպես էլ չիմացանք, հագած էր սև, թե հագած էր դեղին։ 

 

Կարի կարդալու ինքնատիպ ոճը բավականին տարբերվում էր մեզ արդեն ծանոթ ռեպերներից: Առհասարակ կարդալու ձևի ընտրությունը միշտ հուշում է ինչ-որ կերպարի, տրամադրության կամ (հոգե)վիճակի մասին։ Կարի դեպքում դա «ծխած» կարդալու ձևն էր, կամ, ինչպես ինքն է ասում, «կարողա լավ չես ըզգում քեզի» ինտոնացիան:
 




Հավանաբար գործի կեսը հենց Կարի ձայնն էր անում, որ Վնասակարի երգերը ավելի մեծ թափով էին շրջանառվում, մյուս կեսն էլ դե իհարկե բիթերն ու տեստեստերոնի զգալի չափաբաժնով տեքստերը։

 

Եվ անգամ, երբ Կարը դադարեց ռեպ կարդալ, միառժամանակ նրա ֆենոմենը մնաց ակտուալ, քանի որ իրականում հենց Կարի «շողքի հետ էին կռիվ տալիս» մի շարք հին ու հատկապես նոր ռեպերներ, որոնք կամա թե ակամա կրել էին նրա ազդեցությունը։


Սակայն ամեն լավ բան մի օր ավարտվում է։ Ու մինչ «ախպերները սաղ ուռում են» և անում ամեն ինչ բացի ռեպից, հայկական ռեպը մոդիֆիկացվում էր, տրանսֆորմացվում ու գտնում գոյաբանական նոր հիմքեր ու ձևեր։ Այն այլևս 4 երգ՝ 4-ն էլ կանաչու մասին չէր։

 

Հայկական հիփ-փոփ

Հարաբերական լռությունից հետ օր օրի հայտնվում էին նոր դեմքեր ու նոր երգեր, բայց հայկական ավանդական ռեպում դեռ գլխավոր (երբեմն միակ, հաճախ աննպատակ) թեման «լավ տղեք-կուռաժիտ vs վատ տղեք-կուռաժիտ» պայքարն էր։ Բովանդակությունը վերանայելու փոխարեն նորաթուխ ռեպերները փոխում էին մյուզիքը, օրինակ՝ այն խառնում ջազի հետ՝

 

 

Սա բերեց որոշակի թարմություն, բայց խնդրո առարկան մնաց նույնը։ Եվ եթե Ստեփոյի ու Շելբիի դեպքում խոսքը պոտենցիալ ունեցող, բայց նոր ու երիտասարդ ռեպերների մասին է, ապա Վնասի երգերում նույնպես սկսեցին հայտնվել փոփի որոշ երանգներ։

 

Հայկական հիփ-փոփի նոր բումի մարմնավորումը Մամբան է։ Նրա այցեքարտն են ձայնային տեմբրը, լիրիկական ակնարկներն ու հայտնի երգերի սեմփլները, ասել է թե՝ «արևը shine, արևը shine»։ Չէ՞ որ նույնիսկ հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղը երբեմն կարող է չբավականացնել։

 

 

Ռեպը դարձավ ավելի մարդամոտ

Ինչպես հայտնի է, Հայոց լեռնաշխարհում ռեպը շատ հաճախ փոխկապակցված է եղել հումորի հետ՝ ԿՎՆ-ից մինչև Top 10 of Rabiz։ Ու երևի զարմանալի չէ, որ արդեն  մեր ժամանակներում հայկական ռեպ բեմում հանկարծ հայտնվեցին ստենդափի տղերքը։ Ինչպես իրենք են ասում՝

 

էսի բիթի վրա ստենդափ ա լոկալ

 

Բայց հին ժամանակներից տարբերությունն այն է, որ նախկինում ռեպը օտագործվել է որպես հումորի արտահայտման միջոց և ուղղակի ինտեգրվել նրա մեջ, բայց ոչ Գրիշա Աղախանյանը, ոչ էլ Գարիկ Մարտիրոսյանը ռեպեր չեն դարձել: 

 

Իսկ ստենդափի տղերքը անում են ճիշտ հակառակը. Առաջին հերթոին կարդում են ռեպ, որի մեջ կա հումորի զգալի չաբաժին։ Ի վերջո, ստենդափն էլ, ռեպն էլ միևնույն հեռակա նպատակն ունեն՝ խոսել այն հարցերի մասին, որոնք իսկապես հուզում են մարդկանց։

 

Եվ այսպես, մոտ մեկ տարի առաջ ստեղծվեց Տօզզը՝ խումբ՝ կազմված ռեպերներից, ստենդափերներից և ոչ միայն։ Այստեղ հանդես եկան ինչպես հայտնի ու ճանաչված անուններ, օրինակ՝ JLC-ն ու Դավը, այնպես էլ ռեպ համայնքին ոչ այնքան ծանոթ մարդիկ։ 


Տօզզը ժառանգեց նախկինում հաստատված անդերգրանունդ ոճը ու կարծես թե ցրեց փոշին փոփի վերածվող հայական ռեպից։ 

 

 

Գրեթե զուգահեռ նաև ստեղծվեց Գալիֆե խումբը, որը մի քիչ ավելի հեռուն գնաց լճացած կենտրոնական հերոսի կերպարից։ Վերջապես անդերգրաունդ ռեպում կոտրվեց կործանված տղեքի առօրյան պատմող անվերջանալի երգերի շղթան, և ռեպը դարձավ ավելի մարդամոտ։

 

վերջապես տեսար լավ սաստավ,
որ նոր բան անել պատրաստ ա

 

Սա գուցե բնական, բայց ավելի շատ անհրաժեշտ զարգացում էր, դե որովհետև ինչքա՞ն կարելի էր ռեպ կարդալ ու լսել բոլոր հնարավոր սինթետիկ, բնական, պինդ ու ագրեգատային վիճակներում գտնվող «հավելումների» ու դրանք սպառող լավ ու վատ տղեքի մասին։

 

Բայց արդարության համար՝ ռեպն իհարկե չմաքրվեց մամուռից, այն ուղղակի խնամքով մղվեց, ավելի ճիշտ՝ դարձավ հետին «պլան»։

 

 

Ինչևէ, Գալիֆեն․ խումբը կարողացավ արտահայտել միաժամանակ թե միլենիալների և թե Gen-Z-ի իրական էմոցիաները։ Մի կողմից՝ դա ռիթմիկ, թրենդային մյուզիքն էր (JLC-ի մոգական միքսմաստերինգով ու տեխնո երանգներով), մյուս կողմից թեմաները՝ համեմված միլենիալների կյանքի մի քիչ նոստալգիկ պատկերները՝ նայսեր-դասերը, ՀՀԿ տատին, ֆրիվը, և իհարկե հավերժական ֆուտբոլը։ 

 

Բայց ո՞րն էր այն հիմնական առանձնահատկությունը, որ նոր ժամանակների ռեպը գրկաբաց ընդունվեց շատերի կողմից։ Միգուցե թրենդային բիթե՞րը կամ հայտնի ստենդափերնե՞րը. թերևս ավելի շատ լուրջ բաները կատակով ասելու մոտեցումը՝ «լուրջ ընդունիր, ուրեմն կատակ ա»… թե՞ հակառակը, ինքներդ դատեք ամենակլուբային-կլուբային երգերից՝

 

 

էս Հայսատանն ա, ի՞նչ Տոնի Մոնտանա,

18-ից հետո տանում են բանակ,

բլից հարցով

հանում են դանակ

 

Այսքանով հանդերձ եկեք ամեն դեպքում չմոռանանք, որ հումորն իր անփոխարինելի տեղն ունի նրանց ռեպում: Գալիֆեն էլ, Տօզզն էլ այս կետում շատ չէին բարդացնի ու ընդամենը կասեին՝

 

լսի Գալիֆե, լսի ռաբիզ ու թեքնո,
լսի Նանա, լսի Տօզզզ ու լսի Ջեյլո

/Թաթուլ, Թաթա/

Ջեյլո

 

Վերադարձ թե՞ վերածնունդ

Թվում էր՝ այս բուռն թոհուբոհի մեջ ռեպ համայնքին էլ ոչինչով չես զարմացնի, բայց Մ’Տիկոն ու Էդոն (նույն ինքը՝ Edoh-ն, նույն ինքը՝ Մեծ Հայքի Էդգարը) մեզ համար այլ բան էին նախապտրաստել։ Հետաքրքիր է, որ երկու ռեպերներն էլ գրեթե միաժամանակ վերադարձան, բայց հավանաբար շատ տարբեր դրդապատճառներով։ Մ’Տիկոն՝ ինչպես միշտ լիրիկական տեքստերով, Էդոն էլ, դե, «համ Նար-Դոս համ Լոս ա»՝ մտքով, որ բոլորը սպասում էին նրա վերադարձին։

 

Այսպես, Մ’Տիկոյի նոր տեքստերում հստակ զգացվում է ռեպերի՝ որպես անհատի տրանսֆորմացիան, տարիքը, կյանքի փոփոխությունները՝ 

 

ամենամեծ պոնտը հիմա ընտանիքն ա,

ով համաձայն չի, թող բզբզա, տարիքն ա

 

 

 

Իսկ Էդոյի մոտ, թերևս փոխվել են բնակության վայրը, շրջապատը, մի քիչ լեզուն ու հետո տարիքը, ինչպես ինքը՝ «2026 թիվ Լոս Անջելես, Կասկադցին ա» ասում՝

 

հայերեն լեզվով սևական ռապ ա էս

 

 

Իսկ մեզ մնում է միայն հուսալ, որ սա Լոսահայաստանի նոր ձայնն է ռեպում, ոչ թե բոլորիս արդեն ծանոթ տեքստերը՝ ամերիկյան կնիքով։ Բայց իհարկե Մեծ Հայք ու Լոս Անջելես կոմբոն մշտապես ակտուալ է պահում Նարեկը` հայկական ռեպի «հզոր նահապետը»: Այս բոլոր թվարկված ու չթվարկված անունների մեջ Նարեկն այն քչերից էր, որ իր վերջին «Մենթալիստ» (2025) ալբոմում ուղիղ խոսել է Արցախի և 44-օրյա պատերազմի թեմային`


պահի տակ կորավ ցանկությունս, ապէ, խոսալ մի բան,

պատերազմից հետո միտեսակ ռեպս դառավ հիվանդ,

որտև սաղ կյանքս գոռացել էի, որ մերն ա Արցախը,

բայց Արցախը տեսավ իրա առուծախը

 

 

Պարադոքսալը կամ գուցե սպասելին այն է, որ այս երգը գրվել է Լոսում, բայց դե ռեպը սահման չի հարցնում երևի: Իսկ Նարեկին բնորոշ west side-յան շնչով լցված «Մենթալիստ» ալբոմը ավարտվում է «Պայքարն է ծնում հերոսին» երգով։

 

Այս ամենի մեջ միայն մի բան է հավերժ

Իհարկե հայկական ռեպի մասին խոսելիս անարդար և սխալ կլիներ չանդրադառնալ Միշոյին, որն այս պատմության մեջ վաղուց իր առանձին ու հաստատուն դերն ունի։

 

Անկախ նրանից՝ ով կգա-կգնա, ինչ նոր երգեր, ոճեր կհայտնվեն կամ ընդհակառակը՝ ինչպես մի խումբ հայտնի անուններ տարիներ շարունակ կկարդան նույն տեքստերը, Միշոյի ռեպը, թերևս, միակն է, որ անցնում է ռեպի զարգացման բոլոր փուլերով: Ընդ որում՝ դա անում է չնայած կիլոմետրերին ու նայելով իրականությանը՝ ձեռքը դրած ժամանակի նյարդին։

 

 

Սա բնավ չի նշանակում, որ ոչ մի ռեպեր չի կարող երբեք «ոտ գցել» Միշոյի հետ, բայց հաստատ նշանակում է, որ հայկական ռեպում կա սահմանված բարձր նշաձող՝ բովանդակության, ձևի, գաղափարի։ Դրա ամենապարզ ապացույցն էլ այն է, որ Միշոն ինքը չի դադարում աջակցել ու երգեր թողարկել հին ու նոր, պոտենցիալ ունեցող ռեպերների ու երգիչների հետ։

 

Պարզապես ի դեմս Միշոյի՝ մենք ունենք հստակ օրինակ, որ
ռեպը միայն հայհոյախառն կանաչեղենն ու սինթետիկան չէ,
բայց համ էլ դա է,
որ ռեպը միայն կուռաժիտը չէ,
բայց համ էլ դա է,
որ ռեպը միայն «ցկցկալու» համար չէ,
բայց համ էլ դա է,
որ ռեպը ռեպերն ու նրանից դուրս աշխարհը (Արցախից մինչև Կալիֆորնիա)

և որ ռեպը բովանդակությունն ու ձևն է,

բիթը ու տեքստը՝
մի-ա-ժա-մա-նակ։

 

հավելյալ նյութեր