Ռոբ․ պատմություն առանց ավարտի
Մեծեր

Ռոբ․ պատմություն առանց ավարտի

Ռոբ Սահակյանցը պատմություն է, որն ունի սկիզբ և չունի ավարտ, ինչպես ճանապարհները, որոնք ձգվում են հորիզոնից անդին։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի / «Ереван» ամսագիր, 2011


Լուսանկարները՝ Սահակյանց ընտանիքի արխիվից

 

ԵՐԵՎԱՆ #74 | 2022

Հենդրիքսի գլուխը 

1975 թվական, Հայաստանի Պետկինոյի ներկայացուցիչ Գևորգ Հայրյանն իր գործընկերների հետ հենց նոր դիտել է երիտասարդ ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի «Աղվեսագիրք» մուլտֆիլմը։ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի միջնադարյան առակները՝ նկարիչ Հովհաննես Դիլաքյանի խելացնոր սյուրռեալիստական մատուցմամբ, համադրված Դավիթ Ազարյանի ռոք երաժշտությամբ և Էլվինա Մակարյանի, Ա. Աբրահամյանի ու Ս. Սեյրանյանի վոկալով։ Պետք է որոշել՝ կհայտնվի՞ արդյոք ֆիլմը վարձույթում, թե ոչ։ Տեսածից ապշած Հայրյանը շրջվեց դեպի ներկաներն ու հարցրեց. «Որևէ մեկը հասկացա՞վ, թե հենց նոր ինչ կատարվեց էկրանին»։ «Հայֆիլմի» տնօրեն Կարեն Քալանթարն ազնվորեն պատասխանեց. «Երկու անգամ եմ նայել ու ոչինչ չեմ հասկացել, բայց հարցրել եմ հենց իրենցից՝ տղաներից, ասել են՝ հանճարեղ է»։ Փոքր-ինչ մտածելուց հետո Հայրյանը հայտնեց դատավճիռը. «Ես մի ժամանակ չէի ցանկանում ընդունել «Նռան գույնը», հետո պարզվեց, որ դա Փարաջանով է։ Եթե հիմա չընդունեմ սա, հետո կպարզվի, որ էլի սխալվել եմ և ողջ կյանքովս կխայտառակվեմ»։

 

«Աղվեսագիրք», 1975


Միջնադարյան առակների հիման վրա ֆիլմ նկարահանելու միտքը Սահակյանցի մոտ ծնվել է առաջին հեղինակային նախագիծն իրականացնելու ժամանակ։ Երիտասարդ ռեժիսորն արդեն պատրաստվում էր սկսել «Աղվեսագրքի» ստեղծման աշխատանքները, երբ որոշ չարակամ մարդիկ մի ամբողջ արշավ սկսեցին նրա դեմ ու խլեցին սցենարը։ Բայց շուտով բոլոր թեկնածուները հրաժարվեցին սցենարից, քանի որ պարզապես չէին հասկանում, թե դա ինչպես է հնարավոր իրականացնել։ Խմբագրությունը ստիպված էր կրկին դիմել Սահակյանցին։ 


Ռոբն ու իր համահեղինակները՝ նկարիչ Հովիկ Դիլաքյանն ու կոմպոզիտոր Դավիթ Ազարյանը, ապագայի հանդեպ առանձնապես մեծ հույսեր չունենալով, որոշեցին տպավորիչ կերպով հրաժեշտ տալ ու մի լավ շրխկացնել դուռն իրենց հետևից՝ անիմացիայում ստեղծելով ոչ ավել, ոչ պակաս իրական ռոք-օպերա։ Ստեղծեցին մի այնպիսի սյուռ ու հերոսներին այնպիսի մետամորֆոզների ենթարկեցին, որ առակի հերոսներից մեկի կրծքին դաջված Ջիմի Հենդրիքսի երգող գլուխը միանգամայն բնական էր դիտվում։ Մի խոսքով, Պետկինոյի ղեկավարության տարակուսանքը հնարավոր էր հասկանալ։ Այնուամենայնիվ, «Աղվեսագիրքն» ընդունվեց։ Եվ, չնայած որ ֆիլմը լայն վարձույթի այդպես էլ չհասավ, Սահակյանցը դարձավ խորհրդային մուլտիպլիկացիայի ամենաառանցքային դեմքերից մեկը, իսկ բուն ֆիլմը, որին հետագայում նմանակեցին բազմաթիվ խորհրդային մուլտիպլիկատորներ՝ սահակյանցական ոճի առաջին մարմնավորումը եղավ։ «Աղվեսագրքի» թողարկումից մի քանի տարի անց Ալեքսանդր Տատարսկին կասի, որ իր լեգենդար «Պլաստիլինե ագռավը» ոչ այլ ինչ է, քան «Ռոբի ստեղծագործության պլագիատ»։ 

 

 

Լուսանկարը՝ Առնոս Մարտիրոսյանի

 

Իրական հիպի

Այս իրողությունների շնորհիվ հայկական մուլտիպլիկացիան գտավ իր ամենավառ ներկայացուցչին, իսկ Սահակյանցը՝ աշխատանք, և կիրք ողջ կյանքի համար։ 1960-ականների վերջին Վալենտին Պոդպոմոգովը զբաղվում էր «Հայֆիլմի»՝ 1937-ին Լև Անտոնովի կողմից հիմնադրված մուլտիպլիկացիոն ստուդիայի վերականգնման աշխատանքներով։ Պատանի Ռոբի մայրը, որ թերթում էր կարդացել այդ գործի համար երիտասարդ նկարիչների հավաքագրման մասին հայտարարությունը՝ խնդրել էր որդուն փորձել ուժերը։ Մայրը վաղուց էր նկատել որդու նկարչական տաղանդն ու առհասարակ ստեղծագործական ջիղը, չնայած որ ինքը՝ Ռոբը, իրեն արվեստում չէր պատկերացնում։ Առանց առանձնապես հակառակվելու, պարզապես ասածն անելու համար Ռոբը գնաց ստուդիա։ Երբ իրեն հանձնարարեցին տանը ձի նկարել ու վերադառնալ երկու օրից, Ռոբը պատասխանեց. «Ավելի լավ է հիմա նկարեմ, թե չէ չեք հավատա, որ ես եմ նկարել»։ Ռոբը նկարեց վազող ձիու՝ տարբեր դիրքերում այնպես, ինչպես դա ընդունված է անիմացիայում։ Այդտեղ էլ հնչեց ավելի ուշ հայտնի դարձած արտահայտությունը. «Այս հիպիից մեծ մուլտիպլիկատոր դուրս կգա»։ 


Սահակյանցն իսկապես այսպես կոչված՝ «խորհրդային հիպիներից» էր։ Այսինքն՝ երկար մազեր ու մորուք ուներ, լսում էր գրեթե արգելված ռոք երաժշտություն։ Բայց միաժամանակ դեմ էր արևմտյան հիպիների կենսակերպին, որոնք թմրանյութեր էին օգտագործում և ամեն կերպ խրախուսում էին ազատ սերը։ Ռոբը ժամանակին էր տուն վերադառնում, տնից չէր փախչում դեպի տարբեր կասկածելի ակումբներ, աշխատում էր ու իրական հիպի համարում հենց իրեն և ոչ թե «ծաղիկների երեխաներին»։ Ինչ վերաբերում է մուլտիպլիկացիային, ապա ստուդիայի ղեկավարության հավանությանն արժանանալով՝ Սահակյանցը պրակտիկայի անցավ Մոսկվայում, վերադարձավ Երևան ու դարձավ «Հայֆիլմի» մուլտիպլիկատոր։ Շուտով դեբյուտի հնարավորություն ստեղծվեց։ Պետք էր նկարահանել «Լիլիթ» ֆիլմը՝ հայկական միջնադարյան մանրանկարչության և Տիգրան Մանսուրյանի երաժշտության հիման վրա։ Նախորդ ռեժիսորը հինգ ամսում այդպես էլ ոչինչ չարեց ու հեռացվեց։ Նախագիծը վստահվեց Ռոբին, ով հաջողությամբ կատարեց հանձնարարությունը։ Ի դեպ՝ «Լիլիթը» դարձավ Ռոբի և իր կնոջ՝ Լյուդմիլայի առաջին համատեղ աշխատանքը։ Լյուլյան, ինչպես նրան անվանում էր Ռոբը, մուլտստուդիա եկավ Ռոբի հետքերով ու նրա հետ մեջք մեջքի աշխատեց մի քանի տասնամյակ։ 


«Լիլիթին» հաջորդեցին «Աղվեսագիրքն» ու հեղինակի էլ ավելի զարգացած ձեռագրով՝ «Անբան աղվեսը» մուլտֆիլմը։ Խորհրդային մուլտաշխարհի հերթական ցնցումը եղավ «Որսորդները»՝ սյուրռեալիստական երաժշտական պատում՝ Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների հիման վրա։ Աբովյանի էկրանավորումը նույնքան ցնցող տպավորություն թողեց. Ֆյոդոր Խիտրուկն այն «բոմբ» անվանեց։ Բայց այս ֆիլմը ևս լայն վարձույթի չհասավ։  

 

«Որսորդները». կադրավորում

 

Ռոբն ու մուլտխումբը

 

Ինտելիգենտ հեղինակությունը

Ժամանակի ընթացքում ձևավորվեց մուլտիպլիկատորների մի ամուր թիմ. Ռոբերտ Սահակյանց, Յուրա Մուրադյան (առավել հայտնի որպես Յուբիկ), Ստեփան Գալստյան, Վովա Մայիլյան, Իգոր Պատրիկ, Ալիսա Կուրդյան։ «Հայֆիլմում» դա սպիտակ ագռավների թիմն էր, նրանք այլ տեսք ունեին, իրենց պահում էին ոչ այնպես ինչպես բոլորը և նկարահանում էին ոչ բոլորին հասկանալի ֆիլմեր։ «Անբան աղվեսում» նրանք նույնիսկ հաջողացրին իրենց անունները գրել պլաստիլինի տուփի վրա։ Ինքը՝ Սահակյանցն էլ գրեթե յուրաքանչյուր ֆիլմի հետնախորքում իր ստորագրությունն էր թողնում. մե՛կ տան պատին, մե՛կ թերթի կտորին, մե՛կ էլ մի ուրիշ տեղ անփոփոխ կերպով հայտնվում էր «Ռոբ» գրությունը։ 


Ռոբի գլխավորած հիպիների խումբը հատկապես հարգանքի արժանացավ, երբ կռվեց ստուդիայի գրեթե բոլոր աշխատակիցների հետ։ Դրանով Ռոբը շատ էր հպարտանում ու վառ գույներով ամեն անգամ չիմացողներին պատմում էր, թե ինչպես «Յուբիկը մեկի մռութին տվեց» և թե ինչպես ինքն էլ «մեկի քիթը ջարդեց»։ Ի դեպ՝ Ռոբն իրոք անհավանական ուժ ուներ։ Ստուդիայում մի մեծ ծանրաձող կար, որով ժամանակ առ ժամանակ մարզվում էր։ Նաև սիրում էր լուսանկարվել՝ իր՝ միանգամից մի քանի ընկերներին շալակը դրած։ 


Առհասարակ սիրում էր բռունցքներն օգտագործել այնտեղ, որտեղ կարիք կար։ Կարևոր չէր, թե ում հետ, եթե պետք էր արդարություն հաստատել կամ ինչ-որ մեկին դաս տալ։ Նա հպարտանում էր, որ կարծրատիպային ակնոցավոր ինտելիգենտ չէր։ 


Դա դեռահասական մաքսիմալիզմի արտահայտումներից մեկն էր, որը Սահակյանցը պահպանեց ողջ կյանքում։ Նա ընդհանրապես մի քիչ երեխա էր. կարող էր երեխաներին դպրոցից դիմավորել չորքոտանու նման, ատամներում՝ դանակ, կամ գլուխը մտցներ մետաղյա հացամանի մեջ ու լավ ակուստիկայից օգտվելով՝ բարձրաձայն օպերային արիաներ կատարել։ 

 

Սահակյանցի ուժը

 

Փչացրած Նազարը 

Դժվարությունները միշտ ուղեկցում էին Ռոբին նույնիսկ «Աղվեսագրքի» հաղթարշավից հետո։ Մի անգամ, ահավոր ծիծաղելի «Կիկոսի» դիտումից հետո Հայաստանի Պետկինոյի քարտուղար Ռաֆայել Սամսոնովն իր մոտ կանչեց Ռոբին ու ասաց, թե նա ոչ մի գրամ հումորի զգացում չունի ու հանգստանալու կարիք ունի։ Դա փաստացի ռեժիսորական աշխատանքի արգելք էր, բայց անմիջապես հետո հանկարծ մի լուր եկավ. Պետհեռուստառադիոն մյուս խորհրդային հանրապետությունների թվում Հայաստանին առաջարկում էր նկարահանել մուլտիպլիկացիոն ֆիլմեր՝ ԽՍՀՄ երկրների ազգային հեքիաթների շարքի համար։ Հայկական հեքիաթների հիման վրա ստեղծված հաջորդ հինգ մուլտֆիլմերը հենց այդ շարքի շրջանակում էին։ 

 


Առաջինը թողարկվեց «Քաջ Նազարը»։ Հիմա էլ Ռոբին մեղադրում էին Թումանյանի հանճարեղ ստեղծագործությունը փչացնելու մեջ։ Եվ չէր օգնում նույնիսկ Թումանյանի կենսագրությամբ հատորյակը, որտեղ խոսվում էր, թե հենց իրեն՝ Թումանյանին էլ ժամանակին հալածել են «փչացրած ազգային հեքիաթի» համար և որը Սահակյանցը պարբերաբար մեջբերում էր չարակամների հետ իր զրույցներում։ Մի քանի տարի անց կգա այն պահը, երբ Ռոբը կվճռի հեռանալ «Հայֆիլմից» ու շարունակել իր գործունեությունը սեփական ստուդիայում։ 

 

Կենտրոնական հարձակվողը

Թիմային ոգու բարձրացման համար մուլտիպլիկատորների խումբը պարբերաբար մասնակցում էր ֆուտբոլային մրցաշարերի՝ Միության այլ երկրների կոլեգաների թիմերի հետ։ Դա արվում էր այսպես. հերթական ֆիլմի թողարկումից հետո ռեժիսորական աշխատավարձով հավաքվում էր մի ամբողջական թիմ իր երկրպագուներով ու մեկնում հակառակորդի հետ մարտի։ Կիևցի մուլտիպլիկատոր Դավիթ Չերկասկին՝ հանրահայտ «Կապիտան Վրունգելի արկածները» մուլտֆիլմի հեղինակը, հիշում է իր հանդիպումը Սահակյանցի հետ «Աղվեսագրքի» պրեմիերայից հետո. «Միասին դուրս եկանք Կիևում քայլելու, և Ռոբը սկսեց ոտքով տշտշել ինչ-որ ժեշտի կտոր։ Դե, ես էլ առաջարկեցի՝ թե ֆուտբոլիստ ես, թիմ հավաքի, խաղանք։ Եվ Ռոբն ամենայն լրջությամբ մի ամբողջ թիմ բերեց Երևանից։ Հասկանում ե՞ք՝ մենք դուրս էինք եկել գնդակ գլորելու, իսկ էդ տղերքը եկան անվանական շապիկներով, կարծես իրական պրոֆեսիոնալներ լինեին։ Մի խոսքով, կարգին նվաստացրեցին մեզ»: 


Թիմի կենտրոնական հարձակվողն ու գլխավոր ստրատեգը, իհարկե, Ռոբն էր։ Տարիներ անց, երբ կյանքից հեռացավ նրա մտերիմ ընկեր ու գաղափարակից Յուբիկ Մուրադյանը, Սահակյանցը նրա գերեզմանին ֆուտբոլային թիմի տարբերանշանով ծաղկեպսակ դրեց։ 

 

«Դասը» ֆիլմի կերպարները

 

Ձմեռվա գիշերվա երազը

Միության փլուզումից հետո շրջափակման տարիներին Սահակյանցի գործընկերներից շատերն անգործ մնացին։ Բայց մի՞թե էլեկտրականության բացակայությունն ու մնացածը կարող էին խանգարել Ռոբին աշխատել։ Նա գտնում էր հովանավորներ, պատվերներ էր վերցնում ու ողջ թիմին ապահովում աշխատանքով։ Հետաքրքիր դեպք եղավ Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա BBC-ի վեց անիմացիոն ֆիլմերից բաղկացած ալմանախի նախագծի հետ կապված։ Ռոբին առաջարկեցին էկրանավորել «Միջամառային գիշերվա երազը»։ Երեսուն րոպեանոց ֆիլմի աշխատանքներին անցնելու նրա առաջին նախապայմանը ոչ թե մենակ, այլ ողջ թիմով Մոսկվա մեկնելն էր, անգամ եթե ստիպված լիներ վճարել սեփական գրպանից։ Չնայած BBC-ի բոլոր մերժումներին՝ նա հայտարարում էր, որ չի պատրաստվում միայնակ տաք-տաք նստել, մինչ իր գործընկերները քաղցած են։ Արդյունքում՝ գրեթե կես տարի 15-20 հոգանոց թիմն աշխատեց աշխատանքային բարվոք պայմաններում՝ Մոսկվայում։ Նրանց, ում հնարավոր չեղավ տանել, Ռոբը պարբերաբար գումար էր ուղարկում։ Ավելին՝ Ռոբը հասավ նրան, որ իր ողջ թիմը ներկա գտնվեց ալմանախի շնորհանդեսին նվիրված միջոցառմանը, որին հրավիրված էին միայն ռեժիսորները։ 

 


Արդյունքից գոհ էին բոլորը. Սահակյանցին պատվոգիր հանձնեցին արքայազն Չարլզի կողմից, իսկ Երևան վերադառնալու հաջորդ օրը նա ոտքով հասավ քաղաքի մյուս ծայրը՝ նավթ առնելու։ Ի դեպ, 1990-ականների մութ ու ցուրտ տարիների ողջ ընթացքում Սահակյանների տանն այդպես էլ ոչ մի անգամ չհայտնվեց այդ ժամանակվա երևանյան տների ամենագորշ ատրիբուտը՝ վառարանը։ Ուղղակի, սկզբունքից ելնելով։ Իսկ առաջին «ֆուջիկան» Սահակյանցներին նվիրել էր Ռուբեն Հախվերդյանը, ում համար Ռոբը մուլտֆիլմ էր նկարել «Նախագահական ընտրություններ» երգի հիման վրա. իր ստեղծագործության մեջ թերևս ամենակոշտ ֆիլմը, որն այդ շրջանի քաոսի արտացոլումն էր։ 

 

Հանճարը

Ռոբն իր արժեքը լավ գիտեր։ Երբ Հայաստան ժամանեց Վիլյամ Սարոյանը, նրա մշակութային ծրագրի մեջ մտնում էր այց «Հայֆիլմ»։ Կինոստուդիայում հատուկ հյուրի համար ինչ-որ ֆիլմ ցուցադրեցին։ Որոշ ժամանակ անց ձանձրացած Սարոյանը որոշեց աննկատ դուրս գալ կինոդիտումից։ Ինչ-որ բանով գրողին զբաղեցնելու համար որոշեցին նրան ցույց տալ «Աղվեսագիրքը»։ Ֆիլմն ավարտվեց, ու հավաքվածներն ապշած նայեցին Սարոյանին, ով վեր թռավ տեղից ու բացականչեց. «Ինչու՞ միանգամից սա չցուցադրեցիք»։ Ներկաներից մեկն արագ վազեց մուլտստուդիա՝ Սահակյանցին կատարվածի մասին պատմելու։ Նա էլ առանց գործից շեղվելու լսեց ու շատ հանգիստ ասաց. «Ուրեմն նորմալ մարդ է»։ 


Ռոբն առհասարակ կարող էր առանց կեղծ համեստության ինքն իրեն հանճար անվանել։ Բայց դա ոչնչով չէր խանգարում նրան ողջ կյանքում հիանալ գործընկերների աշխատանքով։ Եվ իհարկե, ինքն էլ կուռքեր ուներ։ Ինչպես ինքը մի օր ասաց՝ «Յուրի Նորշտեյնն աստվածացնում էր Խիտրուկին, ինչպես Օրլեանի կույսը՝ դոֆինին»։ Բայց դա չխանգարեց Սահակյանցին համամիութենական փառատոներից մեկի ժամանակ, որի ժյուրիի անդամ էր, ելույթ ունենալ իր գործընկերների՝ Ֆյոդոր Խիտրուկին հոբելյանի առթիվ գլխավոր մրցանակ շնորհելու որոշման դեմ։ Սահակյանցը պնդեց, որ ժյուրին պետք է ուշադրության արժանացնի այն ժամանակ դեռ քիչ հայտնի էստոնացի անիմատոր Պրիտ Պյարնին և հասավ իր ուզածին։ 

 

Սահակյանցն ընտանիքի և օգնական Արևիկ Ռշտունու հետ

 

 

Աշխարհից չկտրված

Սահակյանցի 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի անիմացիոն ժապավենները խնդրահարույց էին և կոշտ, շատերը՝ քաղաքականացված։ Նա ասում էր այն, ինչ մտածում էր, հաճախ էլ այն, ինչ շատերի մտքին էր։ Իր ֆիլմերը համարում էր «նկարված մտքեր». «Ի տարբերություն գրողի՝ ես կարող եմ իմ մտքերսն ամրապնդել պատկերներով»։ Նման մտքերից էր ութ րոպե տևողությամբ «Կոճակ» ժապավեն-պամֆլետը՝ թողարկված 1989-ին՝ Ղարաբաղյան շարժման թեժ ժամանակներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները բանտում էին, իսկ Երևանում կանգնած էին խորհրդային զորքեր։ Չնայած վտանգներին՝ Սահակյանցն ամեն դեպքում որոշեց ցուցադրել ֆիլմը։ Պրեմիերան տեղի ունեցավ Կինոյի տանը։ Ավելի ուշ նա հիշում էր. «Սեանսից հետո հավաքվածները ծափահարում էին 10-15 րոպե՝ հընթացս վիրավորանքներ հասցնելով կառավարությանը։ Այդ ազգային ալիքը ես չէի փոխարինի աշխարհի ոչ մի փառատոնի ծափահարությունների հետ»։ 


Նրան, ավելի ճիշտ նրա մուլտերին, ականջ էին դնում շատերը։ Մեկ սահակյանցական մուլտը կարող էր որոշիչ լինել նախագահական մրցավազքում. «Ես ագրեսիվ եմ նրանում, ինչում վստահ եմ»,– սիրում էր ասել Ռոբը։ նա պարզապես չէր հավատում արվեստագետի՝ այս աշխարհից կտրված լինելուն։ 


Նա գնաց հանկարծակի, շատ հասարակ ու առօրեական։ Եվ աշխարհը միանգամից փոխվեց։ Հեռացավ գագաթը, փլվեց լեռը։ Հաշվի առնելով նրա մարմնեղությունը՝ համարյա ուղիղ իմաստով։ Փոշին դեռ չի նստել ու դեռ անհայտ է, թե ինչ կլինի այնտեղ՝ հորիզոնում նրանից հետո։ Մնացել է միայն տաղտուկ դատարկություն և ենթագիտակցության խորքերից դուրս եկող ցանկություն՝ կյանքի ետնախորքում կրկին տեսնել կարճ ու բովանդակալից «Ռոբ» գրությունը։

հավելյալ նյութեր