Ռոլանդ Գասպարյան. «Ռեգգիոտ ա Էրևանը, նամանավանդ` ամռանը»
Ռոլանդ Գասպարյանի ռեգգիոտ Երևանը։
Տեքստը` Լենա Գևորգյանի
Լուսանկարները` Առնոս Մարտիրոսյանի
ԵՐԵՎԱՆ #3 | 2012
«Վա՜յ, էնքան էի սիրում տրամվայները:»
« Էրևանը այժմ դարձել ա Երևան:
Դրանք տարբեր են, ինչպես գյուղացին ու գեղացին:»
Ծնվել եմ հին, կրիմինալ Մետաքս փողոցում գտնվող սեփական տներից մեկում: Մեր թաղը միաժամանակ և’ քաղաք էր հիշեցնում, և’ գյուղ: Ամեն տուն իր «բաղչան» ուներ, բնակիչները հավեր էին պահում: Տատիկս լոլիկ ու վարունգ էր աճեցնում: Չորս հոգով էինք ապրում` հայրս, մայրս, տատիկս ու ես: Ցավոք, մեր տների տեղը հիմա հարուստերի սեփական տներ են կառուցվել: Հիմա ես ապրում եմ մամայիս կողմի տատիկիս տանը` Գնունու վրա, բայց ոչ թե սեփական տուն ա, այլ բնակարան:
Հին թաղի ընկերներս շատ-շատ էին: Հիմա հազվադեպ ենք հանդիպում, բայց գիտեմ, որ ասում են` «Ռոլանդը մեր բակից ա եղել, մեր ընկերն ա»:
Առաջին անգամ ծխել եմ 12 տարեկանում`Մետաքս փողոցի վրա` Սարի թաղ տանող կամրջին: Բայց երբեք թաքուն չեմ ծխել, մենակ պապայիս ներկայությամբ չէի ծխում: Նոր-նոր սկսեցի իր ներկայությամբ ծխել, էն էլ թարգեցի`մի օր ասեցի` վերջ, ու թարգեցի:
Իսկական էրևանցին արհեստի, արվեստի մարդ ա, որը ամեն հարցում «յոլա ա գնում» ու ամենի միջով կարող ա անցի: Բայց որ համբերության բաժակը լցվում ա` անտանելի մի պատմություն ա դառնում: Իսկական էրևանցու կերպարը հասկանալու հարցում շատ մեծ դեր ա ունեցել հենց մեր հին տան մթնոլորտը:
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սովորեցի մինչև չորորդ դասարան: Հետո հեռացանք Հայաստանից: Երբ վերադարձանք, տատիկիս շենքին համարյա կպած Շավարշյանի անվան թիվ 40 դպրոց ընդունվեցի: Մինչև երրորդ դասարան գերազանցիկ էի, հետո` «գել ու գազան» դարձա: Յոթերորդ դասարանում արդեն անտանելի էի: Արթնանում էի առավոտվա իննին երկու պակաս, գնում էի դպրոց ու ինձ միանգամից հետ էին ուղարկում:
Դեմքիս սպիներից չե՞ք ասի, որ միշտ «ռազբոռկաների» կիզակետում եմ եղել: Մեր կողքի թաղի` Կրիվոյի հետ էինք անտանելի կռվում: Դասերին նստած էինք լինում, մեկ էլ տղերքը գալիս ու ասում էին` «իջեք, եկել ե~ն»: Ֆուտբոլի դաշտը փակում էինք ու… տուր թե կտաս` մի ծափ, մի ծիծաղ, մի ուրախություն, շատ լավ տարիներ էին:
Վա՜յ, էնքան էի սիրում տրամվայները: Ամբողջ ընտանիքով շատ ծանր տարանք, երբ հանեցին գծերը: Շատ էի օգտվում տրամվայից` ընկերներով գալիս էինք Վարդան Մամիկոնյանի կանգառը, 7 համարը նստում ու գնում էինք Թոխմախ` լողանալու:
Օպերայի բակում` Սպենդիարյանի արձանի ետևի դիքի կողքի պատին անգլերեն մեծ տառերով գրել էինք REINCARNACIA ու հենց էդտեղ էլ մեր հավաքատեղին էր: Հիմա գրառումը մաքրել են: 2000 թվին էդտեղ հանդիպեցի խմբի առաջին կազմի տղաներին: Nirvanai-ի խմբի երկրպագու էի էդ ժամանակ: Իրանց նկարով շապիկ էի հագնում, մազերս երկար էին: Հենց էդ ճաշակային ընդհանրություններն էլ մտերմացրեցին մեզ:
ՆՓԱԿ-ում նորահայտ ռոք խմբերը ամեն շաբաթ համերգ էին ունենում: Իսկ բոլոր ռոք սիրողները, ովքեր երկու ակորդ սովորում են, արդեն որոշում են խումբ հիմնել: Մեր մոտ նույն պատմությունն էր: Բոլորից թաքուն պայմանավորվեցի ու տղերքին ասեցի, որ համերգ ենք ունենալու: Խուճապ սկսվեց` «փորձ չենք արե~լ, գործիք չունե~նք»: Իսկ ես արդեն նույն ՆՓԱԿ-ում չորս փորձի համար էլ էի պայմանավորվել, որոնց ընթացքում էլ տաս երգ գրեցինք ու համերգ տվեցինք:
Փորձեր անում էինք Մասիվում` մեր կիթառահարի տանը: Իրա ծնողները Ամերիկայում էին, տունը դատարկ էր, լույսերն ու հեռախոսները անջատված էին: Մեր հարվածային գործիքներ նվագողը կարողանում էր լարերն էնպես իրար միացնել, որ լույս ունենանք: Մի անգամ «լույսի մարդն» եկավ ու ծեծեց իրան:
Ժուռնալիստների տան շենքում գտնվող ռոք ակումբում էինք հաճախ լինում: Ամեն ինչ շատ անկեղծ էր էդ ժամանակ: Չէինք մտածում լույսի վարձի, կամ մեքենա առնելու մասին: Բայց էդ անցյալից իմ լավ ընկերներն են մնացել ու մեր անկեղծությունը, ուրիշ ոչինչ` մնացածը փոխվել ա:
Ես հպարտ եմ, որ ապրել եմ մութ տարիներին: Ինչպիսի՞ն կլինեինք, եթե էդ տարիների միջով չանցնեինք, այլ միանգամից ինտերնետ տեսնեինք: Հիմա այլ կերպ եմ նայում ամեն ինչին ու այլ կերպ արժեվորում: Ինձ համար խորթ են «հյուսիսային պողոտաները»:
Առաջին կլիպը ՏԵՑ-ում ենք նկարել: Էն ժամանակ դեռ ռոք էինք նվագում: Նկարահանումները ճանապարհի կողքն էինք անում ու բոլոր անցորդները կանգնում, զարմանում էին, թե էս ինչ ենք անում: Պահակները խառնվել էին իրար:
Էրևանը այժմ դարձել ա Երևան: Դրանք տարբեր են, ինչպես գյուղացին ու գեղացին:
Էրևանում կարող ես գնալ մի տեղ ու ասել, որ սոված ես, բայց փող չունես, հետո կվճարես, քեզ կհավատան ու կհյուրասիրեն: Էրևանում կարող ես տաքսու վարորդին ասել, որ քեֆդ լավ ա ու խնդրել, որ տուն տանի`5-ից 2-ը հաստատ կտանեն: Էրևանում կարող ես հյուր գնալ որ ժամին ուզում ես, առանց նախապես զանգահարելու: Էրևանում, նույնիսկ եթե վարձով ես ապրում, կարող ես ասել` «Սուսան տոտա ջան, գործերս խառն ա, մի քանի օրից կվճարեմ» ու քեզ տնից չեն հանի: Կարող ես, օրինակ, հողաթափիկներով գնալ Մարզահամերգային համալիր: Էրևանում շաբաթը յոթ օր քեֆ ենք անում: Ուրիշ տեղ էս ամեն ինչը չկա: Էրևանը իմ տունն ա: Ինչ էլ որ լինի ինձ հետ, գործերս վատ լինեն, կամ անհաջողություններ ունենամ, գիտեմ, որ կգնամ տուն և հաց ու ջուր կունենամ:
Հիմա Էրևանում իմ ամենասիրած տեղը տունն ա, որովհետև մի քանի ամիս քաղաքում չէի: Հետո վերադարձա ու Եվրոպայով շրջագայության մեկնեցինք: Շրջագայության ընթացքում մի պահ ամեն մեկս մեր ընտանիքները հիշեցինք, մեկը կնոջը զանգահարեց, մյուսը ծնողներին, մեկի կինը հղի էր… Էնքան էի կարոտել Էրևանը, որ ԱՄՆ-ից վերադարձի ճանապարհին էլ չէի համբերում, թե երբ եմ ճամպրուկներս թողնելու տանն ու դուրս գամ զբոսնելու: Երեք օր շարունակ մոտ հինգ ժամ քայլել եմ քաղաքով` հերթով «հոտոտելով» ամեն անկյունը: Այստեղ ես տանն եմ:
Ռեգգիոտ ա Էրևանը, նամանավանդ` ամռանը. բոլորը ժպտում են, նույնիսկ հագուստի գույներն են փոխվել` «սև ու սուգի» տեղը լավ, հավեսով վառ գույներ են տիրում փողոցում: Ռեգգիոտ են փողոցները, էնքան հետաքրքիր, տարբեր մարդիկ կան: Բայց ամենառեգգիոտը` «Գազելներն» են: Եթե չլինեն «Գազելների» ու տաքսիների վարորդները, էնքան տխուր ու մոխրագույն կդառնա մեր քաղաքը:
Ի՞նչ ենք անելու առանց նման խոսակցությունների. «Դու հանկարծ չմտածես, թե ես վարորդ եմ, ես լուրջ մարդ եմ»: Դուք էլ հանկարծ չմտածեք` ես երգիչ եմ, ես լուրջ գործեր եմ արել, հետո գործերս վատացան ու ձայնասկավառակ թողարկեցի: Ես երազում եմ մի օր տաքսու վարորդների մասին վավերագրական ֆիլմ նկարահանել, հարյուր տոկոս հաջողության կունենա էդ բարի դարդոտվածությունը:
Հայկական ռեգգին մի փոքր վերափոխել ենք ու ավանգարդ ֆոլք ենք նվագում, որովհետև եթե մենք լինեինք դրեդերով, դա չէր լինի հայկական, մեզ չէին հավատա: Ամբողջ Եվրոպան լիքն ա էդպիսի «դրեդավորներով», որոնք իրականում չեն էլ հասկանում, թե ինչ են անում: Դա նույնն ա, եթե սևամորթը հայկական տարազ հագնի և հայկական ավանդական երաժշտություն կատարի` ծիծաղելի կլինի:
Էրևանը փոխվում ա, ես դա հաստատ գիտեմ: Բայց ով ինչ ուզում ա լացի, կամ ասի, ինձ էստեղ դուր ա գալիս: