Ռուսական կինոյի օրերի հետքերով․ Մելիքյանից Օսիպյան
Կինո

Ռուսական կինոյի օրերի հետքերով․ Մելիքյանից Օսիպյան

Հոկտեմբերի 21-ից 23-ը «Ռոսկինոն» «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էր Ռուսական կինոյի օրեր՝ Russian Film Festival ապրանքանիշի ներքո։ Ռուսական ֆիլմերի այս շոուքեյսը բաղկացած էր 5 կինոնախագծից․ մեկ անիմացիոն ֆիլմ, 3 խաղարկային և մեկ մինի-սերիալ։ Կինոքննադատ և կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի ամփոփիչ անդրադարձը։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

Իհարկե, ժամանակակից ռուսական կինոշուկայի մասին լիարժեք և ամբողջական պատկերացում կազմելու համար 5 կինոնախագիծը քիչ է, բայց կազմակերպիչները փորձել էին հավաքել ամեն ինչից մի քիչ-մի քիչ։ Մի քիչ ռետրո և 70-ականների մոսկովյան ստեղծագործական ինտելիգենցիա, մի քիչ տեղական էքշն` հերոս-հրշեջների մասնակցությամբ, հեքիաթային ֆոլկլյոր` համեմված այսօրվա արդի ու անգամ հրատապ օրակարգով, կանացի լսարանի վրա թիրախավորված ու սմարթֆոնով նկարահանված սև-սպիտակ սերիալ, և իրական դեպքերի վրա նկարված կենսագրական դրամա, որը կհետաքրքրի հեղինակային կինոյի սիրահարներին։

 

Բացի նրանից, որ կազմակերպիչները ցանկանում էին փոքրաքանակ ֆիլմերով հնարավորինս լայն պատկերացում ստեղծել հայ հանդիսատեսի մոտ ժամանակակից ռուսական կինոյի մասին, նրանք կարևորեցին նաև հետադարձ կապը և լսարանի կարծիքները։ Ամեն կինոդիտումից առաջ հանդիսատեսին բաժանվել էին հարցաթերթիկներ, որոնք պետք էր լրացնել՝ նշելով, թե որքան ես հավանել դերասանների կամ ռեժիսորի աշխատանքը և, առհասարակ՝ ինչ ես մտածում ամեն ֆիլմի մասին։ Կազմակերպված էին նաև Q&A սեսիաներ, որտեղ հանդիսատեսը քննարկեց ֆիլմերն ինձ հետ. իհարկե, շատ ավելի հետաքրքիր է խոսել ֆիլմերի մասին անմիջապես դրանց ստեղծագործական թիմի անդամների հետ, առանց որոնց երբեմն հարց-պատասխանների դիապոզոնը դառնում է սահմանափակ և գուցե արդյունքում մտնում փակուղի, քանի որ ցանկալի է ֆիլմի հետ կապված հարցերի պատասխանները լսել դրանց ստեղծման հետ ուղղակիորեն կապ ունեցող մարդկանցից։ Այնուամենայնիվ, հարց-պատասխանն ավելի շուտ դարձավ համընդհանուր քննարկում, որտեղ ես էի հարցնում հանդիսատեսին, թե ինչ են իրենք մտածում այս կամ այն ֆիլմի մասին, կոնկրետ ինչն են կարևորել և որքանով են հաճույք ստացել դիտումներից, իսկ մարդիկ հերթով կիսվում էին իրենց տպավորություններով՝ լրացնելով ու հակադարձելով միմյանց։ Բացի այդ, աշխատում էի հնարավորինս շատ ներկայացնել որոշ մասնագիտական մանրամասներ ու հետաքրքիր փաստեր, որոնց մասին ֆիլմերի ռեժիսորները պատմել են հարցազրույցների և ասուլիսների ժամանակ։

 

Թեև այս տարվա RFF-ի կամ Ռուսական օրերին ցուցադրված ֆիլմերի ստեղծողները ֆիզիկապես ներկա չէին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, նրանք ուղարկել էին տեսաուղերձներ, որտեղ ողջունում էին հայաստանյան հանդիսատեսին և ուրախանում իրենց ստեղծագործության՝ հայկական էկրան հասնելու կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ հինգ ֆիլմից երկուսի ռեժիսորներն ազգությամբ հայեր Աննա Մելիքյանն ու Սերգեյ Օսիպյանն էին։ Մելիքյանն իր 2018 թվականի «Քնքշություն» կարճամետրաժը վերածել է մինի-սերիալի, որն ավելի շուտ հիշեցնում է ձգձգված ինստագրամյան ռիլզեր, մոսկովյան բիզնեսվումանի՝ ցայտնոտի մեջ երազանքի տղամարդ փնտրելու և դրան զուգահեռ սեփական խավարասերներից գլուխ հանելու մարաթոն։ Վիկտորիա Իսակովայի դերակատարմամբ Ելենա Իվանովնա Պոդբերյոզկինան միաժամանակ ժամանակակից ողջույն է ռյազանովյան Լյուդմիլա Պրոկոֆևնային և մենշովյան Կատերինա Տիխոմիրովային. իսկ մելիքյանական իրականության մեջ Կոնստանտին Խաբենսկու հերոսը՝ քանդակագործ Գոշան օմմաժ է Ալեքսեյ Բատալովի դասական դարձած Գոշա, նույն ինքը` Գոգա, նույն ինքը Ժորային։ 

 

«Քնքշություն»

 

Օսիպյանի «Անծանոթի դիմանկարը», թեև ստեղծվել է փայլուն դերասանական կազմի շնորհիվ, խիստ սքեչային է և տեղ-տեղ շատ թատերական։ Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի դերասաններն ապրում են 70-ականների դեկորացիաներում՝ գրեթե ամեն տեսարանում հիշեցնելով մեզ, որ գործ ունենք բեմադրության հետ։ Թեև Օսիպյանին հաջողվել է տեղ-տեղ ստեղծել շատ կոլորիտային, մթնոլորտային դրվագներ և նոստալգիկ տրամադրություն, իսկ գլխավոր դերակատարներից Կիրիլ Պիրոգովը հիանալի մարմնավորում է տաղանդավոր ու հարբեցող գրող, պատերազմի վետերան Լև Նիկոլաևին, պատմությունը թվում է մի քիչ խճճված։ 

 

Երիտասարդ ռեժիսոր Վասիլիսա Կուզմինայի «Նիկան», որը պատմում է բանաստեղծուհի, խորհրդային պոեզիայի վունդերկինդ Նիկա Տուրբինայի բարդ ու խճճված կյանքի մասին, միանշանակ, ռուսական շոուքեյսի ամենատպավորիչ ու հնչեղ աշխատանքն է։ Եթե չլիներ այս տարվա RFF-ը, ֆիլմը, հավանաբար, այդպես էլ չէր ցուցադրվի հայաստանյան մեծ էկրանին։ Իսկ ռեժիսոր Ալեքսեյ Նուժնիի «Կրակը»  մեզ հասավ ուշացումով (ֆիլմը ստեղծվել է դեռ 2020-ին): Քովիդյան և հետքովիդյան իրականության համար սա բացառություն չէ, բացի այդ, հասկանալի է, որ էքշն և ֆիլմ-աղետ ժանրերը ստեղծված մասշտաբային կինոն ռուսական կինոարտադրողների համար պարծանքի առիթ է, թեև կատակերգությունների մեջ հմտացած Նուժնին այստեղ աշխատել է հայտնի կլիշեներով և անգամ բաց հղում է արել Մայքլ Բեյի հոլիվուդյան «Արմագեդոնին»։ Անսպասելի էր հանդիսատեսի՝ դպրոցականների տեսքով հիացական կարծիք-արձագանքները. ոմանց համար, ինչպես նրանք խոստովանեցին, եզակի առիթ էր Marvel-ի իրականությունից դուրս էքշն ֆիլմ տեսնելու։ 

 

«Կրակ»

 

Իսկ Վիկտոր Գլուխուշինի և Մաքսիմ Վոլկովի «Բուկա. իմ սիրելի հրեշը» անիմացիոն հեքիաթը, թեև տեղ-տեղ հերոսների տրամաբանության ու կերպարների կերտման հարցում հիշեցնում էր դիսնեյական լուծումները՝ հաճելիորեն զարմացրեց բնապահպանական էկո-թեմայի և աղջիկների մոտ «հիասքանչ արքայազնի» մասին երազող ու իրենց «փրկմանը» սպասող միֆը կոտրելու հարցում։ Մուլտֆիլմում չարագործը փորձում է չարաշահել ռուսական տայգայի բարիքները՝ մտածելով միայն սեփական շահի մասին, ինչի համար, իհարկե, պատիժ է կրում։ Բավական առողջ և կարևոր ուղերձ է հայ երեխաների և, ինչո՞ւ չէ, նրանց ծնողների համար։ 

հավելյալ նյութեր