Ռուսլան Բելի․ «Հիմա բոլորը գտնվում են սպասողական վիճակում»
Հումոր

Ռուսլան Բելի․ «Հիմա բոլորը գտնվում են սպասողական վիճակում»

Իր առաջին երևանյան համերգներից առաջ ռուսական ստենդ-ափի աստղ Ռուսլան Բելին շփվել է Դիանա Մարտիրոսյանի հետ, պատմել իր տեսած Երևանի ու մտորել ռելոկացիայի հնարավոր հետևանքների մասին։

Հարցազրույցը՝ Դիանա Մարտիրոսյանի

 

Լուսանկարները՝ Հարութ Մալխասյանի

 

Ռուսլանի հետ նախատեսում էինք շփվել՝ զբոսնելով քաղաքի գողտրիկ ու հյուրընկալ վայրերով, ցույց տալ կիսա-անդերգրաունդային ու տուրիստների աչքից մի փոքր թաքնված համեղ տեղերը, որտեղ նա դեռ չի եղել, միասին այցելել Գինու օրերը, միանալ աղմկոտ ամբոխին։ Մեզնից առաջ անցավ Գարիկ Մարտիրոսյանը, ում հետ Ռուսլանը անցկացրեց իր աշխատանքային պարտականություններից դուրս մնացած ժամանակը։ Իսկ մենք փոխարենը հանդիպեցինք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դիմահարդարման արևոտ սենյակում՝ շոգից մի փոքր թմրած, սակայն հարավային հյուրընկալության պասիվ հանգստի բոլոր դասական բարիքները վայելող զբոսաշրջիկի կեցվածքով ու անհոգ դեմքով Ռուսլանին: Առաջին համերգին մնում էին հաշված ժամեր։ 

 

 

Մտածում էի՝ կշփվենք Երևանով զբոսնելիս, քաղաքի ֆոնին լուսանկարներ կանենք…

 

Վայ, Գարիկի հետ Մարտիրոսյան արդեն այնքան ենք քայլել։ Ես անցած աշնանն էլ էի Երևանում, ընկերներով որոշել էինք առանց որևէ առիթ ուղղակի էստեղ  գալ, իսկ երեկ նայեցի՝ 12 կմ մենակ ոտքով քայլել եմ, որը ինձ համար ուղղակի ֆանտաստիկ արդյունքն է, էնպես որ…

 

Ռելոկացիայի արդյունքում բազմաթիվ ռուսաստանցիներ Երևանում նոր տեղեր են բացել, սթենդ-ափ համերգներ են անում…

 

Էդպիսի տեղերում չեմ եղել, բայց Գարիկը տարավ կոկտեյլ-բարեր, որոնց կողքով ես անցած տարի անցել եմ ու չեմ իմացել, որ այդ շենքում այդպիսի տեղեր կան, թվում էր, թե պարզապես բնակելի տներ են, շատ հավես էր, դուրս շատ եկավ։

 

Իսկ ավելի երկար մնալու գաղափար չի՞ եղել։ 

 

Չէ, շաաատ շոգ է, շատ շոգ (ծիծաղում է): Աննկարագրելի շոգ է, համ էլ ես շատ եմ հավանում Մոսկվան ամռանը, էնպես որ ամառները նախընտրում եմ անցկացնել Մոսկվայում, իսկ աշնան ու գարնան ամիսներին հնարավոր է սկսեմ ավելի հաճախ հյուրընկալվել։

 

Իսկ ի՞նչ կարծիքներ կան՝ ինչպե՞ս կփոխվի ռուսալեզու ժամանցային  մեդիան այս ակտիվ ռելոկացիայի շնորհիվ։

 

Լսի դե ես չգիտեմ է, թե ինչ կոնտինգենտ է ձեզ մոտ տեղափոխվում, կարծրատիպերի ժամանակը չէ, բայց դե տպավորություն կա, որ ավելի շատ այթիշնիկներն են գալիս, չէ՞։

 

 

Ոչ միայն, նաև ստեղծագործող ոլորտներից, օրինակ՝ Գարիկ Օգանիսյանն ու Արթուր Չապարյանն արդեն մեծ համերգ են տվել, ուրիշ կոմիկներ են ելույթներ ունենում…

 

Արդեն, հա՞… Դե չգիտեմ՝ երկար կմնան, թե՞ սա ավելի շատ փոխաբեռնման կետ է։ Անկասկած, եթե մեկնում են ինչ-որ ստեղծագործող մարդիկ՝ իրենք որևէ ազդեցություն ունենալու են, էնպես չէ, որ այստեղ ինչ կա կքանդեն՝ բերելով իրենցը, չէ, բայց գուցե մեկնարկ կտան որևէ նոր բանի։ Չգիտեմ՝ ինչքանով է սթենդ-ափը զարգացած Հայաստանում, էնպես որ որոշակի փորձի փոխանակում կլինի։

 

Դե քանի որ ռուսական YouTube-ը բազմաթիվ հաջող նախագծեր է ունեցել՝ հիմա նաև տրամաբանական կլինի ինչ-որ յութուբյան կամ պոդքասթային ձևաչափեր ստեղծել համատեղ ուժերով, ինչ-որ կոլոբորացիաներ մտածել…

 

Լսի հա, իհարկե, ամբողջ հարցը ժամանածների քանակի մեջ է…

 

Նաև որակի…

 

Այո, որակի, թող ոչ ոք չնեղանա… Չնայած կարծիք կա, որ ձեզ մոտ նոր սերունդը՝ երիտասարդությունն արդեն այդքան էլ ռուսախոս չէ, գուցե էս ամենից հետո ինչ-որ ուշադրություն կդարձվի լեզվի վրա։ Ինձ թվում է՝ դեռ շատ քիչ ժամանակ է անցել, որ կարողանանք հստակ ասել, թե ով ինչպես է գործելու։ Հիմա ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ բոլորը գնտվում են սպասողական վիճակում, սպասում են, որ ամեն ինչ հանդարտվի, ինչից հետո նոր կարելի է  որևէ գործեր ուրվագծել։ Հենց հիմա, գտնվելով այս կետում, բացարձակապես անհասկանալի է, թե ինչ կարելի անել։ Նկատի ունեմ՝ որևէ կտրուկ շարժումներ անել, մեկնել-չմեկնել, ժամանակի հետ հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ պետք է մեկնես, եթե բոլորը մեկնեն, ապա ով կմնա… Լսի, կարծես թե բոլոր ժամանակներում էր այնպես, որ էմիգրացիան ավելի շատ տալիս էր, քան վերցնում, չէ՞։ Նկատի ունեմ՝ ցանկացած տեսակի, մասսայական թե մասնակի։ Էնպես որ որևէ կերպ՝ մշակութորեն կամ այլ ձևով դա արտացոլվելու է։ 

 

Իսկ գուցե բացեք էյստեղ ձեր StandUpStore-ի երևանյան մասնաճյուղը։

 

Դա էդքան էլ հեշտ չէ. մշտական սթենդ-ափ հարթակ բացելու համար անհրաժեշտ է կոմիկների հստակ, կրիտիկական քանակ։ Երբ ձեռքիդ տակ ունես ունես ընդամենը հինգ-վեց կոմիկ՝ դա շատ բարդ է։ Եթե խոսքը լիարժեք, ինքնուրույն սթենդ-ափ հարթակի մասին է, իհարկե։ Այդ դեպքում ավելի լավ է գործ ունենալ արդեն իսկ գործող սրճարանների ու բարերի հետ, ուղղակի այդտեղ ելույթ ունենալ։ Որովհետև սթենդ-ափ ակումբն ենթադրում է որոշակի մշտական առօրյա, հինգ-վեց հոգին շատ շուտ կհոգնացնեն, դա երգերի կատարում չէ, որ կարելի է ամեն օր կրկնել ու լսել։ 

 

Ռուսաստանցիներն ինչ եկել են՝ որոշ տեղերում յութուբյան «Разгоны» ձևաչափն էլ են իրականացնում երևանյան բարերից մեկում, գուցե վրացի կամ ղազախ կոմիկները կարողանան միանալ մերոնց, ստեղծվի նոր շարժում…

 

Միգուցե։ Գիտես, կարող է ձևավորվել շարժական սթենդ-ափ, Վրաստանն էլ ձեզ մոտիկ է՝ ինչ-որ չափով դա կարող է նպաստել։ Նայի, ամեն դեպքում մենք հիմա չենք կարող արհեստականորեն որևէ բան անել իրենց փոխարեն, դա բնական պրոցես է, պետք է բնական կերպով տեղի ունենա ինքն իրեն։