Ռուսական կինոյի օրեր. ի՞նչ դիտել հոկտեմբերի 21-ից 23-ը
Կինո

Ռուսական կինոյի օրեր. ի՞նչ դիտել հոկտեմբերի 21-ից 23-ը

2020 թվականից «Ռոսկինոն» Russian Film Festival ապրանքանիշի ներքո կազմակերպում է Ռուսական կինոյի օրեր. այն ռուսական ֆիլմերն ու սերիալները, որոնք (գուցե) չեն մտել օտարերկյա վարձույթ՝ հնարավորություն են ստանում վերջիվերջո հասնել սպառողին։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրությունների ժամանակացույց


Հոկտեմբերի 21 (ուրբաթ)


14:30 - «Բուկա, իմ սիրելի հրեշը»


17:00 - «Կրակ»


20:30 – «Նիկա»


Հոկտեմբերի 22 (շաբաթ)


17:00 - «Քնքշություն»


Հոկտեմբերի 23 (կիրակի)


19:00 - «Անծանոթի դիմանկարը»
 

Կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը կարճ ռեվյուների ձևաչափով անդրադարձել է այս տարվա ֆիլմացանկին, որպեսզի հանդիսատեսին ավելի հեշտ լինի կողմնորոշվել ներկայացված ֆիլմերի մեջ։

 

 

«Քնքշություն»
մինի-սերիալ, ռեժիսոր՝ Աննա Մելիքյան


IPhone-ով ստեղծված սևուսպիտակ սերիալը Մելիքյանի համանուն կարճամետրաժի շարունակությունն է. տեղական արտ-մեյնսթրիմի կինոդիվա Վիկտորիա Իսակովայի, Մելիքյանի մշտական դերասան Եվգենի Ցիգանովի և ամենայն ռուսաց աստղ Կոնստանտին Խաբենսկու մասնակցությամբ մինի-սերիալն ավելի շուտ հիշեցնում է ինստագրամյան reels ձևաչափը, որտեղ խնամված, վճարունակ, շքեղ կանայք անցնում են տարատեսակ զավեշտալի, բայց խիստ էսթետիկ իրավիճակների միջով՝ յոգայից, ռեթրիթ կենտրոններից, աֆիրմացիաներից ու հոգեբանի հետ հանդիպումներից մինչև ստացված ու չստացված ժամադրություններ և անձնական երջանկության (Մելիքյանի պարագայում՝ արքայազնի) փնտրտուք։ Այստեղ կինը կարող է լիարժեք երջանիկ լինել միայն տղամարդու կողքին։

 

 

«Անծանոթի դիմանկարը»
ռետրո-դրամեդի, ռեժիսոր՝ Սերգեյ Օսիպյան


70-ականների գրոտեսկացված դեկորացիաներում ֆիլմի գլխավոր հերոսը՝ հայտնի ռադիոներկայացման մեջ լրտեսի դերակատարը, փորձում է շարունակել սեփական կարիերան ներկայացման հեղինակի հետ պատահած դժբախտ դեպքից հետո։ Գիշերային Մոսկվայի նեոնային ցուցանակի լույսի տակ նա հանդիպում է հայտնի ու հարբած դրամատուրգի, որը կարող է փրկել ռադիոպիեսը և, ինչու չէ, անգամ ստեղծել իր երկրորդ մեծ վեպը, որին սպասում է խորհրդային ընթերցողը։ Նոստալգիկ ու չափազանցված իրավիճակային դրամեդին կարող է հետաքրքրել խորհրդային ռետրո-մթնոլորտով ու արտ-կենցաղ տեղափոխվել ցանկացած ժամանակակից հանդիսատեսին։

 

 

«Կրակ»
ֆիլմ-աղետ, ռեժիսոր՝ Ալեքսեյ Նուժնի

 

Նուժնին հայտնի է կինոսերների շրջանակներում դեռ իր համացանցային հիթի՝ Քևին Սփեյսիի մասնակցությամբ «Ծրար» միստիկ կարճամետրաժի շնորհիվ։ Սակայն «Կրակը»՝ Կոնստանտին Խաբենսկու և մի շարք այլ ճանաչված դերասանների մեծ և փոքր դերակատարումներով (օրինակ՝ Իրինա Գորբաչովա, Իվան Յանկովսկի, Վիկտոր Սուխորուկով, Անդրեյ Սմոլյակով) ավելի շուտ հիշեցնում է հոլիվուդյան ֆիլմ-աղետները՝ իրական՝ մսից ու արյունից հերոսների, ծայրահեղ ֆորս-մաժորների և զոհողության մասին պատմող էքշ էլեմենտներով դրամաները։ Ժանրի սիրահարների համար հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են պաթետիկ հոլիվուդյան բանաձևից գլուխ հանել ռուս կինոգործիչները, իսկ Խաբենսկու հերոսը կհիշեցնի իր հայտնի դերերը՝ օպերատիվ ոստիկան Պլախովից մինչև չարքին հետապնդող Անտոն Գոռոդեցկի։

 

 

«Նիկա»
կենսագրական դրամա, ռեժիսոր՝ Վասիլիսա Կուզմինա

 

Կուզմինայի լիամետրաժ դեբյուտը բավականին հասուն և ամբողջական աշխատանք է, որն ի տարբերություն բազմաթիվ այլ՝ ստեղծագործող մարդկանց մասին պատմող կենսագրականներից խուսափում է հայտնի ու կրկնվող սխալներից՝ հնարավորինս ճիշտ կենտրոնանալով մի պատմության և մի սյուժետային գծի վրա։ Այստեղ, իհարկե, առկա են որոշ ֆլեշբեքեր և ներքին երկխոսություններ, որոնք 27-ամյա Նիկա Տուրբինան (ճանաչված ու երբեմնի լայն ճանաչում ունեցող բանաստեղծուհին) վարում է ինքն իր հետ, սակայն պատմությունն այստեղի և հիմայի մասին է։ Անձնական տաղանդի ողբերգական հետևանքը, մոր հետ բարդ հարաբերությունները և Ես-ի փնտրտուքը դարձնում է «Նիկան» ոչ միայն հետաքրքիր ֆիլմ հիմնված իրական դեպքերի վրա, այլ իսկապես ռուսական must watch։  

 

 

«Բուկա. իմ սիրելի հրեշը»
անիմացիոն ֆիլմ-հեքիաթ, ռեժիսորներ՝ Վիկտոր Գլուխուշին և Մաքսիմ Վոլկով

 

16-ամյա արքայադուստր Վարվարան ապրում է բարի և սրտացավ, ինժեներական տաղանդ ունեցող հոր՝ ցար Ելիսեյի հետ։ Բոլորից հեռու նա նստում է փոշոտ աշտարակի պատուհանագոգին և երազում Էդոարդո արքայազնի մասին, ում հետ գաղտնի նամակագրության մեջ է։ Սակայն այդ մասին տեղեկանում է արքայական փոստատարը, հետո էլ անձամբ ցարը, և արդյունքում Վարվառան փախչում է անտառ, որտեղ նրան հանդիպում է Բուկան՝ տայգայի ամենավախենալու (իրականում՝ բարի) հրեշը։ Ռուսական այս անիմացիան տեղ-տեղ աուտենտիկ է, տեղ-տեղ էլ որոշ դրվագներ ու հերոսներ հիշեցնում են հայտնի դիսնեյյան կերպարների (ինչպես Վարվառայի մորաքույրներն, օրինակ, «Քնած գեղեցկուհու» երեք փերիներին)։ Այնուամենայնիվ, դպրոցականների համար սա գունեղ ճամփորդություն է՝ լի զավեշտալի իրավիճակներով, ռոբոտներով ու կոտոշավոր, կապտաբրդյա հրեշով, իսկ ֆիլմը խոսում է կարևոր ու արդի խնդրի՝ բնության հանդեպ սպառողական վերաբերմունքի մասին։