«Սա արվեստի շուրջ հանրային մոբիլիզացիայի ձև է»
Tonelab համերգսրահ-ստուդիայում մեկնարկել է բարեգործական համերգների շարք, որի նպատակն է հասցեական օգնություն տրամադրել ծայրահեղ բարդ վիճակում հայտնված արցախյան ընտանիքների: Բացումն արեց Թմբաթա խումբը, ամսի 13-ի երեկոյան կնվագի FairWind-ը, ամսի 14-ին՝ Katil Band-ը։ Շարքի մասին զրուցել ենք Tonelab-ի բարեգործական նախաձեռնության անդամ, երաժիշտ Արթուր Աթայանի հետ։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Երկրորդ համերգի (FairWind) հասույթը կուղղվի Դավիդյանների ընտանիքին: Այս մեծ, 12 հոգանոց ընտանիքը մի կերպ փրկվել է Վաղուհաս գյուղից, այնուհետև բեռնատարով երկու օրում հասել է Գորիս՝ անձրևի տակ, առանց ծածկի: Այժմ նրանք Գյումրիում են. Վալերիկ պապիկը, Ռիմա տատիկը, հայրը՝ Հայկը ու մայրը՝ Իրինան, Հարութ հորեղբայրը, և հինգ անչափահաս երեխաները՝ Գեղեցիկը, Վալերիկը, Դավիթը, Կարինեն և Էրիկը, ժամանակավոր ապաստան են գտել մարզադպրոցում, այլ բռնի տեղահանված ընտանիքների հետ: Համայնքն ու սպորտ դպրոցի անձնակազմը փորձում են լուծել ընտանիքի բնակության հարցը, սակայն ընտանիքը գրեթե ամեն ինչի կարիք ունի, առաջին հերթին՝ գոյատևման միջոցների:
Երրորդ համերգի (Katil) հասույթը կուղղվի Արզումանյանների ընտանիքին՝ Արթուրին, Անգելինային, երեք երեխաներին և սպասվող չորրորդ փոքրիկին: Գյումրիում ապաստան գտած ընտանիքը ֆինանսական աջակցության կարիք ունի. միջնեկ տղան՝ Ռաֆայելը, ոսկրերի գենետիկ հազվագյուտ հիվանդություն ունի, Արցախի շրջափակման ընթացքում չի հետազոտվել և չի ստացել բուժում, նաև շատ շուտով՝ մոտակա շաբաթներին, կծնվի նրանց կրտսեր դուստրը: Ընտանիքը երազում է աշխատանքի անցնել և տուն կառուցել Հայաստանում, որպեսզի երեխաներն իրենց հայրենիքում մեծանան:
Ի՞նչ է Tonelab-ը, սովորական համերգասրա՞հ, թե՞ մի քիչ ավելին։
Tonelab-ը հիմնադրվել է 2023 թվականի ապրիլին՝ Rozen Tal խմբի անդամներ Նարեկ Թովմասյանի ու Արմեն Եդիգարյանի և խմբի մենեջեր Արսեն Օհանջանյանի կողմից։ Սա միաժամանակ համերգասրահ է, ստուդիա և փորձատեղի, ինչպես նաև երաժշտական դպրոց, որտեղ հիմա, օրինակ, արդեն ընթանում են կիթառի ու հարվածայինների դասեր։ Գաղափարի հիմքում հայկական ինդի երաժշտության խթանումն էր, հնարավորություն տալն անկախ արտիստներին մատչելի հնարավորություններով օգտվելու փրոդաքշնի ամբողջական ցիկլից՝ փորձերից մինչև համերգներ ու ձայնագրություն։
Ինչպե՞ս ծագեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին աջակցության բարեգործական համերգների միտքը։ Ինչո՞ւ էր կարևոր արձագանքել արհավիրքին երաժշտության միջոցով։
Տեղի ունեցածն էնքան ահռելի ու ողբերգական է, որ մենք երևի լիարժեք չենք կարող դեռ գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել և ունենում։ Այսպիսի դեպքերում դժվար է գործուն արձագանք տալ, կարծես պարալիզացվում են մարդու կամքը, ուղեղը, հույզերը, հատկապես արվեստագետների մոտ։ Երաժիշտն իրեն հաճախ անօգուտ է զգում, քանի որ երաժշտությունը, որպես կանոն, լավ հոգեվիճակում են լսում, իսկ էստեղ ոչ մեկ կարծես սիրտ չունի ո՛չ նվագելու, ո՛չ էլ համերգ լսելու։ Մյուս կողմից՝ երաժշտությունն ունի սփոփելու, հույս տալու ուժ, այն առաջացնում է միասնականության զգացողություն։ Այնպես որ արհավիրքի դեպքում այն կարող է իսկապես օգնել՝ թե՛ երաժիշտներին, թե՛ հանդիսատեսին։
Այս շարքը նաև ինչ-որ հնարավորություն է մարդկանց իրենց իրապես օգտակար զգալու։ Երաժիշտը զգում է, որ ոչ թե իր համար է նվագում, այլ կարևոր մի բանի, հանդիսատեսն էլ գիտակցում է, որ իր նվիրաբերած գումարը լավ գործի համար է։ Թեկուզ եթե տասնյակ հազարավոր դոլարներ չգեներացվեն, սա արվեստի շուրջ հանրային մոբիլիզացիայի ձև է, այս ռեզոնանսն ու համախմբվածությունը նույնպես կարևոր է։
Ինչու՞ որոշեցիք անել ամեն համերգը մի կոնկրետ ընտանիքի համար։
Նախաձեռնող խմբի անդամներով նախկինում մի քանի նախաձեռնությունների ենք մասնակցել, օրինակ, երբ Արցախում գազի խնդիր կար, հավաքում էինք գազի բալոններ ու ուղարկում, ու էդ ժամանակներից պարզ դարձավ, որ կան ընտանիքներ, որոնք կարծես մնում են պետական աջակցության լուսանցքում, կամ ընտանիքներ, որոնք շատ հրատապ օգնության կարիք ունեն, իսկ համակարգը դանդաղ է արձագանքում։ Օրինակ, այն ընտանիքը, որին վաղը օգնելու է Katil-ը, ուր որ է երեխա է ունենալու ու իրենց օգնելը հենց այսօրվա խնդիր է։
Նաև փորձում ենք գնահատել ընտանիքների օգնության ձևը։ Օրինակ, եթե կա տեխնիկայի խնդիր, ավելի ճիշտ է կոնկրետ ապրանքը գնել ու հանձնել՝ իրենց ազատելով այդ գլխացավից, որոշ դեպքերում էլ ավելի ճիշտ է գումարը փոխանցել։
Իհարկե, աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ։ Հիմա մեզ շատ է օգնում Գյումրու հայորդաց տունը՝ տվյալներ են տալիս, օգնում են կոորդինացնել և վերջում հավաքված գումարը հասցնում։ Հսկայական աշխատանք են կատարում ընդհանրապես։
Ինչպե՞ս են ընտրվում շարքի մասնակից խմբերը, դու՞ք եք դիմում, թե արդեն իրենք են առաջարկում ելույթ ունենալ։
Մենք բոլորս երաժիշտներ ենք, իրար ճանաչում ենք ու հասկանում, թե ինչի համար է սա արվում, էնպես բոլորը սիրով արձագանքում են ու համաձայնում են, FairWind-ի տղաները նույնիսկ իրենք առաջարկեցին, այլ խմբեր են մեզ հետ կապվել։ Բոլորը համաձայնվում են, եթե ինչ-որ ֆորս մաժոր չկա։
Նախաձեռնության առաջին համերգին ելույթ ունեցավ Թմբաթա խումբը
Քանի՞ համերգ է նախատեսված այս պահի դրությամբ։
Արդեն հաստատ գիտենք եկող շաբաթվա երկու խմբերին, որոնք ելույթ կունենան ուրբաթ և շաբաթ օրերին, ստույգ կհայտարարենք վաղը։ Հույս ունենք մինչև ամսվա վերջ ունենալ ընդհանուր առմամբ յոթ համերգ։
Շատերը չեն հասցնում գալ համերգին, բայց պատրաստ են օգնել ընտանիքներին, դա անելու տարբերակներ կա՞ն։
Էս պահին որպես այլընտրանք տեղում տոմս գնելուն՝ հատուկ քարտի համար ենք տրամադրում, որը հենց այս նպատակի համար է օգտագործվում, ցավոք, հաճախ ընտանիքները պարզապես չեն ունենում սեփական բանկային հաշիվներ։ Ամեն դեպքում, երևի թե հաջորդ շաբաթվանից կկազմակերպենք տոմսերի օնլայն գնման տարբերակ, որ բոլոր ցանկացողները գնեն տոմսը հեռակա, եթե չեն կարողանալու համերգի օրը մոտենալ։