Սա ռոք համերգ չէ, սա վրեժ է
Վրեժ

Սա ռոք համերգ չէ, սա վրեժ է

Տարիների սպասում, բազմահազար ամբոխ, շուրջպար, «Սարդարապատ», անձրև, կայծակ ու ռոք. ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է 2015 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած System of a Down խմբի երևանյան համերգի կազմակերպիչ Արման Ծատուրյանի և Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման մեդիա պատասխանատու Հարություն Կբեյանի հետ ու նորից հիշել այդ գժական երեկոն։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի


Լուսանկարները՝ PAN Photo / Վահան Ստեփանյան, Տիգրան Մեհրաբյան, Հրանտ Խաչատրյան, Կարո Սահակյան

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021
 

#Ռոք

Սկզբում տարիների սպասումն էր, թե ե՞րբ են վերջապես գալու Հայաստան։ Հետո խումբը ցրվեց, հետո վերամիավորվեց, բայց միայն համերգների համար։ Մի քանի շրջագայություն՝ առանց մեզ։ Հետո արդեն պաշտոնականի նման մի լուր եղավ։ Հետո՝ նշվեց խմբի կայքում։ Հետո հայտարարվեց օրը՝ ապրիլի 23, Եղեռնի 100-րդ տարելիցի նախորդ օրը։ Այն էլ որտեղ՝ Հանրապետության հրապարակ, երկրի կենտրոնում։ Այո՛, պաշտոնական տեղեկություն է, բայց հա՞ որ, միևնույն է՝ անհնար է թվում։ Երբ ոստիկանության ներկայացուցիչը շփոթված բացատրում է, որ «Սիստըմ օն Դաու» խմբի համերգը կսկսվի «Քսան զրո-զրոյին», այնքան զվարճալի է ամեն ինչ, որ մտածում ենք՝ չէ, հաստատ լինող բան չի։ Բայց օրը մոտենում է, հրապարակում սկսում են բեմ հավաքել։ Ոմանք փնթփնթում են՝ է թող էն ժամանակ գային, բայց մեկ է՝ այդ երեկոյի համար ոչ ոք ուրիշ պլաններ չի գծում։ Խելոքները ստուգում են օրվա եղանակի տեսությունը։ Հետո քաղաքի տարբեր կողմերից ռոքասերների ամբոխները գալիս հասնում են Հանրապետության հրապարակ։ Հարմար տեղեր են փնտրում, նստում են, սպասում են, սպասում։ Հետո անձրևն է սկսվում, ովքեր չէին ստուգել տեսությունը, նախանձով նայում են անձրևանոցներով ծածկվածներին։ Մի ժամ, երկու ժամ… Հետո բոլոր լույսերը հանգչում են։ Հետո Տարոնը գոռում է «Հայաստաաաաա՜ն» ու հրապարակը պայթում է։ Մյուս երկուս ու կես ժամերը պատմություն են դառնում՝ շուրջպարով, «Հեյ ջան ղափամա»-ով, Տարոնի «It’s good to be back home»-ով, գլուխը թափահարելուց բռնված վզերով, հայաստանցիներին նախանձող վրացի ու ուկրաինացի զբոսաշրջիկներով, Aerials-ի ժամանակ Շավոյի հետ հավասար երկնքում փայլատակող կայծակով ու պարզապես գժական երաժշտությամբ։ 

 

 

 

«Լավ է նորից տանը լինել»

2015-ին Հայաստանն ու աշխարհի բոլոր հայերը պատրաստվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Դրա ճանաչման համար իր գոյության ընթացքում այդքան բան արած ամերիկահայ մետալ խմբի առաջին հայաստանյան համերգը միջոցառումների շարքի մի մասն էր միայն։ Այդ ժամանակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման մեդիա պատասխանատու Հարություն Կբեյանն ասում է, որ այս համատեքստում SOAD-ի համերգը ևս մեկ անգամ հանրահռչակում էր Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը.


«Երբ նախապատրաստվում էինք միջոցառումներին, մեր առաջ հստակ խնդիր ունեինք՝ հանրահռչակելու յուրաքանչյուր օրվա իրադարձությունը, քանի որ Թուրքիան կրկին զբաղվում էր հակաքարոզչությամբ,– հիշում է Կբեյանը,– մենք պետք է ապահովեինք միջոցառումների հասանելիությունը համաշխարհային լսարանի համար՝ համագործակցելով աշխարհում հայտնի լրատվամիջոցների հետ։ Այս միջոցառումների շարքն ասես քննություն էր Հայաստանի համար որպես պետություն և մենք աշխատում էինք վայրկյանների ճշգրտությամբ»։


Այդ աշխատանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը տեղեկության սփռումն էր. հանձնաժողովը կապ էր հաստատել աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների հետ ու միջոցառումներից շատերը տեսել էին աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հեռուստադիտողները։ Բայց ոչ Սիսթեմի համերգը։ Այն հեռուստատեսություն չհասավ։ Բայց դա արդեն անարդար էր ստացվում հայկական մեդիաների նկատմամբ։ 


«Հեռարձակման սահմանափակումների մասին մենք տեղեկացանք համերգից մեկ օր առաջ և սկսեցինք ակտիվ բանակցել խմբին ներկայացնող կազմակերպության հետ, որպեսզի կարողանայինք հեռարձակել այն գոնե տեղական ԶԼՄներով և ուղիղ եթերներով,– հիշում է Կբեյանը։– Ի վերջո, նրանք էլ հասկացան, որ սա իրենց հերթական ելույթը չէր, այլ ուներ հստակ բովանդակություն և կարևորություն»։ 


Չնայած համերգի հեռարձակումը թույլատրված էր տեղական ցանցերով, միջոցառումից երկու շաբաթ անց համերգի ողջ ընթացքը բարձր որակով նկարահանված տարբերակով տեղադրվեց Rolling Stone ամսագրի յութուբյան ալիքում և միայն այդ ժամանակ հնարավոր եղավ համերգը հասանելի դարձնել միլիոնավոր լսարանների համար։ 

 

 

«Հայաստա՜ն, մենք եկել ենք ու չենք գնալու»

Մինչև հիմա հիշում եմ այդ օրվա բոլոր մանրամասները, մինչև անգամ այն, թե ինչ կար պայուսակումս, որովհետև նախքան Հանրապետության հրապարակ հասնելը անհրաժեշտ էր մի քանի անգամ անցնել անվտանգության աշխատակիցների հսկիչ սարքերի կողքով ու ցուցադրել ամբողջ ունեցվածքը։


Երբ պարզվեց, որ ես և ընկերներս մեր պայուսակների եղած-չեղածով վտանգ չենք ներկայացնում, կարողացանք զբաղեցնել մեր տեղը դիմացի շարքերում։ Մեկ շնչին՝ հինգ նախկին սեր. ոնց պտտվում էիր, մի ծանոթ դեմք էիր տեսնում։ 


Համերգի կազմակերպման մասին Արման Ծատուրյանն էլ խոսում է այնպես, ասես երեկ էր։ Հիշում է ամենայն մանրամասնությամբ, թե երկու ամիս տևած նախապատրաստական աշխատանքներն ինչ մարտահրավերներ ու դժվարություններ ունեին։ Ի տարբերություն նախորդ համերգների՝ System of a Down-ը Հայաստան բերելը կրկնակի պատասխանատու էր, թեև Ծատուրյանն արդեն մեծ փորձ ուներ՝ ուսանողական տարիներից եփվել էր ոլորտում, հետո եղել բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ նույն հրապարակում Անկախության մի քանի տոնակատարությունների պատասխանատուն։ 


«Կարճ ասած, նախքան SOAD-ի համերգի կազմակերպումը ես պատրաստվածություն էի անցնել,– ասում է Արմանը։– Երբ ստացա առաջարկը, ես հստակ տեսնում էի բեմը՝ իր բոլոր դետալներով։ Ես գիտեի՝ ինչ պետք է անել»։

 

 

Ավստրիայից բերված ճաղեր ու 120 էջանոց սեյսմիկ հաշվետվություն

Բանակցություններից հետո երկրորդ փուլը տարածքի ընտրությունն էր։ Հանրապետության հրապարակը պետք է ընդուներ 50 հազարից ավել ջահել-ջիվանի, ուստի անհրաժեշտ էր կառուցել բեմն այնպես, որ տեխնիկական ապահովածությունը լիներ անխափան։ Համերգի բեմն իր կառուցված չափերով աննախադեպ էր՝ նախկինում այդքան մեծ տարածք չէր հատկացվել որևէ համերգի, ուստի և՛ տեխնիկական, և՛ այլ ռայդերները (արտիստի պահանջները՝ ելույթի կազմակերպողից) ավելի խիստ էին և որոշ տեղերում՝ անզիջում։ 


«Մենք աշխատում էինք խստապահանջ կողմի հետ և պետք էր ամեն բան կազմակերպել ըստ իրենց ռայդերների։ Որոշ տեղերում փորձում էինք բանակցել, բացատրել, որ Հայաստանի նման փոքր երկրի համար թելադրած պայմաններն իրականացնելը բարդ կլինեն, սակայն կային դեպքեր, երբ իրենց պահանջներին որևէ այլընտրանք պարզապես չէր ընդունվում»,– պատմում է Արմանը։


Խումբը ներկայացնող կազմակերպության ռայդերների համաձայն կառուցվեց մեծ և ընդարձակ բեմ, Հանրապետության հրապարակի տարածքն ապահովվեց բարձր հոսանքային միացումներով ու լուսային սարքավորումներով, բեմը պաշտպանող երկաթյա ճաղերը բերվեցին Ավստրիայից, ձայնային տեխնիկայով և այլն։ Բացի տեխնիկական ռայդերներից հայկական կողմը համերգի նախապատրաստական փուլում ներկայացրեց նաև 120 էջանոց հաշվետվություն բեմի սեյսմակայունության ու տարածքի ընդհանուր աշխարհագրության մասին։ 

 

 

«Դիմում եմ մեզ սպանողներին»

Կենդանի համերգներում միշտ կարևոր է ոչ միայն երգերի ընտրությունն ու կատարողի վարպետությունը։ Մի ելույթը մյուսից տարբերող փոքր, բայց կարևորագույն տարրերից են հանդիսատեսին ուղղված խոսքերը և ահա դրանք կարող են փոփոխվել կախված միջոցառման աշխարհագրությունից։ Իսկ քանի որ Սիսթեմը գտնվում էր պատմական հայրենիքում, այստեղ կապը խմբի ու բազմահազար ամբոխի միջև լրիվ ուրիշ էր։ Օրինակ, կարծես ավելի շեշտելու, որ սա շատ ավելին է, քան հերթական երաժշտական երեկոն, Տարոնն արդեն առաջին կատարումից առաջ (պատահական չէր, որ դա Մեծ եղեռնին նվիրված Holly Mountains-ն էր) բեմից դիմում է «մեր թշնամիներին», թե սա համերգ չէ, այլ վրեժ... Այդպիսի թվացյալ էքսպրոմտային հատվածներ հաջորդ երկուս ու կես ժամվա ընթացքում էլի եղան։ Բայց, որքան էլ զարմանալի է, դրանք այդքան էլ ինքնաբուխ չէին. կազմակերպման նախապատրաստական փուլում նման դեպքերն անգամ նախօրոք հաշվարկվել են։ 


«Ամեն մանրուք հաշվարկված էր, քանի որ գործ ունեինք մարդկանց անվտանգության հետ։ Անգամ այնպիսի դեպքերը, որոնք կարող էին անվերահսկելի վարք առաջացնել կամ անկարգություն։ Մեր ձեռքի տակ մայրաքաղաքի քարտեզն էր և որոշում էինք՝ որ փողոցներն են անանցանելի լինելու և որոնք ոչ։ Հեծանիվ չենք հնարել, այլ հետևել ենք միջազգային ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են բացօթյա համերգներ կազմակերպելիս»,– պատմում է Արմանը։

 

 

 

«Ջիգյար են աս տղաքը»

Կբեյանն այսքանից հետո ինքը չի հասցրել լինել այդ օրը հրապարակում, հետևել է համերգին հեռուստատեսությամբ։ Պատմում է, որ իր համար կարևոր էր տեսնել, որ համերգը հեռարձակվում է բարձր որակով և տեխնիկական ռայդերներին համապատասխան։ Հարցին, թե ինչո՞ւ հենց SOAD-ը, պատասխանը մեկն է՝ ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ իրենք. «Սիսթեմն ազատության խորհրդանիշն էր։ Իրենց էներգետիկան փոխանցվում էր ամբոխին և ամբոխն էլ ոգևորված էր՝ անձրևի ու միջոցառման խորհրդի հետ։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ իրենք կարող էին անել այն, ինչի մասին կխոսվեր ամբողջ աշխարհում»։


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների լուսաբանումն ընդգրկել էր ամբողջ աշխարհը։ Միջոցառումների կազմակերպիչներն այսօր անկեղծանում են՝ իրեն գլխավոր նպատակին կարողացել են հասնել, քանի որ ամբողջ համաշխարհային մամուլը խոսում էր Հայաստանում կատարվելիք իրադարձությունների մասին և միայն Ադրբեջանական լրատվամիջոցներն են զբաղվում հակաքարոզչությամբ։ 


Արման Ծատուրյանն այսօր նույնիսկ ավելի համոզված է, որ 2015 թվականի ապրիլի 23-ի անձրևոտ համերգը շատ ավելին էր, քան հայտնի ռոք խմբի հերթական ելույթ. «Մենք ապացուցեցինք, որ ոճրագործությունից 100 տարի անց մենք չենք կոտրվել և շարունակել ենք ստեղծագործել։ Ես հետևում էի համերգին նաև եթերում և հասկանում էի, որ կարողացել ենք հեռարձակմամբ փոխանցել էն դրայվը, երբ տեսախցիկները որսում էին անձրևը և բազմահազարանոց ամբոխի ապրումները»։

 

 

 

***
…Հետո գիշերային Երևանն էինք չափչփում՝ թաց ու երջանիկ, ականջներում դեռ շատ բարձր ռոքնռոլի արձագանքն է ու համոզմունքը, որ չէ, սա չէր կարող իրական լինել։ Լավ է, որ շուրջդ քո նման հիացած հայացքներով տասնյակ հազարավոր այլ ջահելներ են, ուրեմն մի բան կար այնուամենայնիվ։ Ու մտածում ես՝ ուրեմն անհնար ոչինչ չկա։ 

 

հավելյալ նյութեր