«Արժեքավոր ու գեղատեսիլ ծառեր»․ ի՞նչ է կատարվում Կենտրոնի ծառահատման շուրջ
Քաղաքապատերանը սկսել է էտման և Կենտրոնի բազմաթիվ ծառերի հատման ու փոխարինման ծրագիրը, բնապահպանները բողոքում են։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն», Նանե Դավթյանի ֆբ-էջ
«Երկար սպասված» ծրագիր
Մարտի 20-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն իր ֆբ-էջում հայտարարերց, որ մարտի 23-ից մեկնարկում է «երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»:
Ինչպես պարզվեց, Կենտրոնում ծրագիրը ներառում էր Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտայի միջև ընկած հատվածը՝ Մոսկովյան փողոցը, Սայաթ-Նովա պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան խաչմերուկ: Ըստ հրապարակված պատկերների, նոր «գեղատեսիլ» ծառերը լինելու էին սակուռա ռոյալ բուրգունդի տեսակի ծառերը։
Առանձին հայտարարվեց նաև Մելիք Ադամյան փողոցի՝ Կառավարության շենքին հարող մայթեզրերի դեֆորմացված ծառերի փոխարինման մասին՝ թեղի տերևաշատ գնդաձեւ ծառատեսակներով:
Ծրագրի մասին հայտնի դարձավ նաև հատման ենթակա ծառերի վրա փակցված իրազեկման տոմսերի շնորհիվ։
Մարտի 23-ին ակտիվիստները հավաքվեցին Կասկադում
Բնապահպան Քրիստինա Վարդանյանն իր ֆբ-էջում գրառում կատարեց նախագծի մասին, որում, մասնավորապես խոսվում էր ընթացակարգային սխալների մասին․ «Կցված իրազեկման ծառահատման տոմսը չունի համար, ինչը փաստաթղթավորման կոպիտ խախտում է, քանզի պարզ չէ որ ծառի մասին է խոսքը և գտնել նրան բազայում անհնարին է»։ Նա նաև նշեց, որ «ծառերի դեֆորմացված սաղարթը հատման ցուցում չէ [․․․] Այլ հարց է խորը վնասվածքներ ունեցող, հիվանդ անկենսունակ բույսերը։ Ծառերը աշխարհի բոլոր քաղաքներում փոխարինվում են, բայց ոչ բարձրասաղարթ, չորադիմացկուն ու միջավայրի աղտոտման նկատմամբ կայուն տեսակները, ներմուծված դեկորատիվ և մեծ խնամք պահանջող տեսակներով»։
Ըստ Վարդանյանի, սխալ է նաև սակուրայով թեղին փոխարինելու գաղափարը, քանի որ այդ ծառերը «ոչ սաղարթ են ապահովելու, ոչ էլ Կասկադում հիգիենիկ խնդիր են լուծելու։ Սակուրայի ընտրությունը, մեղմ ասած 0 գիտական հիմք ունի։ Կանաչապատումը գեղեցկության մասին չէ, առողջության մասին է»։
Փոխարենը, Մելիք-Ադամյանում գնդաձև թեղիների տունկը, ըստ մասնագետի, միանշանակ ընդունելի ընտրություն է, քանի որ այդ «ծառերը անհամեմատ ավելի կայուն են»։
Ծրագիրը հաջողվեց մասամբ կանխել
Օրվա վերջում, ըստ Քրիստինա Վարդանյանի, հաջողվեց չեղարկել ծրագրի այն մասը, որը վերաբերում էր Կասկադին։ Բնապահանների հետ բանակցություններից հետո ծառահատումն առայժմ կանխվեց, իսկ հետագայի համար պետք է ընտրվեն նոր ծառատեսակներ։