Սամվել Թադևոսյան․ «Պետք է ամեն օր Երևանի հետ հանդիպման գնալ»
Իմ Երևան

Սամվել Թադևոսյան․ «Պետք է ամեն օր Երևանի հետ հանդիպման գնալ»

«Կյանք ու կռիվ» և «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանը պատմում է Երևանին սիրահարվելու և սիրելու, քաղաքում թափառելու և մուրացկանների դարդերը լսելու, շենքերից Բախի ու Բրուքների ստեղծագործությունները լսելու և այլնի մասին:

Տեքստը՝ Տեքստը` Լենա Գևորգյանի


Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #41 | 2016

#ԻմԵրևան

Յոնջլախում եմ մեծացել: Այս մասում գտնվում է «Հայաստան» խանութը, որ մեր դասարանի Տիկոյի պապայինն էր: Կողքն էլ մեր՝ թիվ 154 դպրոցն է, որը չեմ սիրել, առհասարակ չեմ սիրել դպրոցը: Ինքս ինձ կորցրել եմ դպրոցական տարիներին և վերագտել դպրոցն ավարտելուց հետո:

 

Դպրոցիս դիմացի շենքը՝ նախկին «Հայրենիք» հեռուստաընկերությունն էր: Այդ շենքից գալիս էին այս շենք ու նկարահանումների համար երեխաներ ընտրում: Իսկ առաջին անգամ ելույթ եմ ունեցել մանկապարտեզում՝ ճչալով ասմունքում էի՝ «Սպիտակափառ Մասիս սարի՜ց …»: Հետաքրքիր է, այն հուզմունքն ու հաճույքը, որ զգացել եմ այդ պահին, հիշում եմ մինչև հիմա: Ու հիմա էլ, երբ բեմ եմ բարձրանում, համարյա նույն հոգեվիճակում եմ: Նկարահանման ժամանակ, երբ հնչում է «սկսեցինք», այդ պահից սկսած մինչև «ստոպ» ավելի լիարժեք եմ ապրում ամեն վայրկյանը, քան կադրից դուրս՝ կյանքում մնացածները:

 

Այս ավտոբուսը, ինչքան ինձ հիշում եմ, այստեղ կանգնած է: Բայց հետևում են, լվանում են, չգիտեմ էլ ու՞մն է: Երևանի անփոփոխ արժեքներից է: Սա մեր դիմացի դասարանի Հարությունենց շենք է, կողքը՝ Սամոյենց, Անդոկենց շենքերն են: Մի քանի տարի այս կողմերում չէի եղել:

 

Սա «Կարապետի անցումն» է: 90-ականներին այստեղ աղբանոց էր: Հետո պարիսպ կառուցվեց ու որոշվեց բարեկարգել տարածքը: Չգիտեմ, թե ո՞վ էր, բայց այս պատին գրեց՝ «Կարապետի անցում. Առողջ օքթագօրծել»:

 

 

Մեր տարածքում հետաքրքիր իրերի մի խանութ կար, որի անունը «Երեքնուկ» էր: Հայրն ու երկու որդիներն էին աշխատացնում, ահավոր կատվասեր էին: Մեր ամբողջ բակում մի տարվա ընթացքում մոտ 150 կատու հայտնվեց: Բակի տղաներով պարբերաբար մտնում էինք, անիմաստ, ուղղակի գին էինք հարցնում: Էնքան արեցինք, մինչև խանութը փակվեց, այդպես էլ չիմացանք՝ ինչ եղավ: Ու կատուներն էլ անհետացան: Հիմա մի քանի կատու է մնացել բակում, 6-րդ հարկի Լարիսան է նրանց կերակրում:


Մեր բակը մեծ է, ու ամեն մասում «դեսպաններ» ունեինք: Այստեղ դեսպանը Վահեն էր, գալիս էինք ու ավտոտնակների վրայով թռնում: Մեր հատվածում էլ ավտոտնակներ կային, բայց Վարդուշ տատիկը անիծում էր, թույլ չէր տալիս թռչկոտել:

 

Բելինսկու անվան դպրոցի կողքով անցնում է Գետառը: Մեջը հողմաղաց հիշեցնող մի սարք կա՝ եզակի նմուշ ոչ միայն հին Յոնջլախում, այլ նաև Երևանում: Երբ գետը վարարում է, սարքը պտտվում է ու ջուրը տարածում այգիներին: Ի դեպ, գետի հատակին ինչ ուզես կգտնես՝ սառնարան, հեռուստացույց, բջջային հեռախոս:

 

Մի քիչ այն կողմ «հողերն» են՝ տարածք, որտեղ 30–40 հոգանոց խմբերով գնում էին հարցեր պարզելու:

 

Իմ Երևանը երկու էմոցիոնալ փուլի է բաժանվում։ Առաջինը՝ մանկության ու դպրոցական տարիների Երևանն է, որ սահմանափակվում է Յոնջլախով: Երկրորդ փուլը կենտրոնն է, իր մանրուքներով ու բացահայտումներով:

 

Ընդունվեցի թատերական ինստիտուտ, ինչից հետո ինձ մոտ սկսվեց Երևանը բացահայտելու երկրորդ շրջանը: Սովորել եմ Արմեն Մազմանյանի արվեստանոցում, որն ի համեմատ թատերական ինստիտուտի, լրիվ այլ ձևաչափով ու սիստեմով էր շարժվում: Հետո դրանից էլ անջատվեցի: Առհասարակ պետք է անջատվել, մոռանալ այն, ինչ ստեղծում, ունենում ու կառուցում ես, պիտի կարողանաս թողնել կուտակածը, որ նորը գա, լցվի ու հասունացնի քեզ: Այդպես է, դա բնական գործընթաց է:

 

Ինձ թվում է, որ պետք է ամեն օր Երևանի հետ հանդիպման գնալ: Այն սկզբունքով, որ պետք է իրեն նորովի բացահայտել: Երբ սկսես այդ սկզբունքով ապրել՝ միանշանակ կսիրես այս քաղաքը, միայն սիրահարված չես մնա: Որովհետև նայելուց հետո կսկսես նաև տեսնել:

 

Երևանում թափառելու օր ունեմ. Դուրս եմ գալիս ու լուռ թափառում եմ մեր քաղաքով՝ ուսումնասիրելով ծակուծուկերը, նկատելով մանրուքները: Մտնում եմ բակերը, հին լքված շենքերը, շքամուտքերը, կտուրները: Ինչ-որ մուրացկանի եմ հանդիպում ու սկսում եմ զրուցել նրա հետ, լսել իր պատմությունը կամ հանդիպում եմ, օրինակ՝ ահա (տեսնելով համերգային ազդագիրը — խմբ.) Վահագն Հայրապետյանին, որ մեր քաղաքի գույներից է ու օրդ միանգամից գունալցվում է: Ինձ համար ապրելու կենսաձև է:

 

Երևանի հոտը, մթնոլորտը, օդի բաղադրությունն ինձ համար ձևավորողներից են փողոցային երաժիշտ Գևորգը, ով սկսում է Pink Floyd-ից ու ավարտում մի այլ փսիխոդելիկ երաժշտությամբ, «որոշ մի բանով օգնեք» բացականչող պապիկը, 100 դրամ խնդրող կինը, Վոլդեմարը, ով բոլոր մշակութային միջոցառումներին ներկա է և երազում է լինել Փարիզում, Մաշան, որ իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ես ինքս, և առհասարակ, այն մարդիկ, որ փողոցում են ապրում և փողոցից դուրս:

 

Ամռանը, երբ ձմերուկը շատ էժան է, քայլում ես բակերով ու օդում ձմերուկի հոտ է գալիս: Սիրում եմ թրջած լավաշի հոտը: Յուրահատուկ է նաև թատրոնի հոտը: Երևա՜ն:


Երևանում ամեն շենք ունի իրեն հատուկ երաժշտությունը: Օրինակ՝ Օպերայի և բալետի թատրոնի շենքը Բրուքների 4-րդ սիմֆոնիան է հնչեցնում, իսկ ֆիլհարմոնիկի հատվածում վստահ՝ Արամ Խաչատրյան է հնչում: Հանճարեղ կառույց է, շնչակտուր եմ լինում: Մաշտոցի պողոտայի վրա այնպիսի շենքեր կան, որ միանգամից թավջութակների, ֆագոտների ֆանտաստիկ հնչյուններն են լսվում: Մի ունիկալ շենք կա Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների շենքերի մեջտեղում, մի փոքրիկ շենք՝ ասեղնագործ ճարտարապետությամբ, Բախի երաժշտությունն է հնչում նրանից:

 

Եթե ամենակարող լինեի՝ Երևանում մարդկային պարզ հարաբերությունների դպրոց կստեղծեի: Դեռ չգիտեմ, թե ովքեր էին դասավանդելու այնտեղ, բայց այստեղ կլինեին միմյանց լսելու, հանդուրժողականության, օգնելու ֆակուլտետներ:

 

Երևանը՝ մենք ենք: Եթե սահմանափակումներ, խոչընդոտներ կան, մեղավորը՝ մարդիկ են: Ստեղծիր այն, ինչ ուզում ես, ո՞ւմ ես բողոքում:

 

Երևանն ինձ սովորեցրել է իսկական ընկերություն անել: Այսպես կոչված՝ ընկերության ինստիտուտը մեր մեջ ի մանկություն դրվում է: Ու չնայած դիմացի հարևանի հետ հարաբերության մեջ երբեմն ինչ-որ տհաճ կենցաղային տարր կա, դրա հետ մեկտեղ կա այն ջերմությունը, որ աշխարհում էլ ոչ մի տեղ չկա:

 

Երևանը շատ փոքր է ու հենց դա է պատճառը, որ սովորում ես ձգտել մեծին՝ ինքնազարգանալ, լայնացնել մտահորիզոնդ, առաջ գնալ: Պարադոքսալ է, բայց այդպես է:

 

Սիրում եմ լքված այգիները: Կոմիտասի անվան այգին ուզում եմ բարեկարգված ու ծաղկած տեսնել: Երբ նման բարեկարգումներ սկսենք, առհասարակ, երբ ինքներս մեզնից սկսենք, ծխախոտը գետնին չնետենք, մեքենայի պատուհանից ինչ պատահի դուրս չնետենք ու դառնանք պահանջատեր, հենց այդ ժամանակ էլ կկառուցվի մեր Երևանն ու կկարողանանք ընդիմանալ էն կառույցներին, որոնք մեզ դուր չեն գալիս:

 

Ուզում եմ, որ հայրենասիրությունը, քաղաքը սիրելն ու նմանատիպ հասկացությունները էմոցիոնալ վիճակից դառնան գիտակցական:

 

Առավոտյան ժամը վեցին Մաշտոցի պողոտան բացարձակ ուրիշ էներգետիկա, գույներ, լույսեր, մթնոլորտներով տարածք է դառնում: Ուզում ես լռես, կամ՝ գոռաս: Ուզում ես քայլել, նայել, զննել, զմայլվել, հիանալ, ապշել, շշմել:

հավելյալ նյութեր