Սասունցի կոմիքս
Կոմիքս

Սասունցի կոմիքս

«Սասունցի Դավիթ»՝ էպոս, համահավաք բնագիր և արդեն նաև` կոմիքս։ «Սասունցի Դավիթը» «Թիվ 405» ընկերության արդեն 2-րդ պատկերապատումն է, առաջինը «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի Երկիրն Արարատի» հրատարակությունն էր։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարները՝ Թիվ 405 ընկերության ֆբ-էջից

 

«Տարիներ առաջ որոշեցինք ստեղծել «Հայկ և Բել» պատկերապատումը, որովհետև հավատացած էինք, որ մանկուց հեռախոսների մեջ մխրճված երեխաներին դժվարությամբ կարելի է հետ բերել գրքին, և պետք էր գտնել որևէ միջանկյալ մեդիա, որը կրկին հետաքրքրություն կարթնացներ մեր մշակույթի ու պատմության հանդեպ. պատկերապատումը հիանալի տարբերակ թվաց»,- պատմում է նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը։

 

Նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը

 

Եթե «Հայկ և Բելը» նոր գրված գեղարվեստական ստեղծագործություն է, որի հիմքում Խորենացու «Հայոց պատմությունն» է, ապա «Սասունցի Դավթի» սյուժեն հենց թումանյանական բնագիրն է, որը, պարզվում է, շատ հարմար էր այս ժանրին ադապտացնելու համար։ Խմբագիր, թումանյանագետ Անի Եղիազարյանի խոսքով՝ երբեմն անհրաժեշտություն եղել է «միջամտել» տեքստին, բայց բոլոր փոփոխություններն արվել են՝ հիմք ընդունելով «Սասնա ծռեր» էպոսի այլ պատումները։ 

 

«Սասունցի Դավիթ» կոմիքսը չէր լինի, եթե չլիներ ծնողների ու երեխաների մեծ ոգևորությունը «Հայկ և Բելի» նկատմամբ։ Դե իսկ մենք ենթագիտակցորեն գիտենք, որ ասում ենք՝ Հայկ, Սասունցի Դավիթն էլ հետն է։ Չնայած նրան, որ «Սասունցի Դավիթը» ի սկզբանե պլանավորված չէր դարձնել կոմիքս (այն ուղղակի պետք է զուգակցվեր նկարազարդումներով), նրա հաջողությունը ակնհայտ է։ «Արդեն մեկ ամիս է, ինչ «Սասունցի Դավիթը» շրջանառության մեջ է, իսկ արձագանքները միայն դրական են»,- ասում է Նարեկը։

 

 

Հաջողված կոմիքսի դեպքում մեկ սյուժեն է կարևոր, մեկ էլ իլյուստրացիաները։ Երկու պատկերապատումների ոճն էլ ընտրվել է միանգամից. նկարիչը ոլորտի թերևս ամենափորձառու ներկայացուցիչ Տիգրան Մանգասարյանն է: Տարիներ առաջ նա նկարազարդել է Արշալույս Մարդիգանյանի մասին պատմող գրաֆիկական նովելը, իսկ վերջերս լույս է տեսել նաև նրա «Զակոն»՝ պատերազմի, գերության ու աքսորի միջով անցած հայ նկարչի դրամատիկ պատմությունը։ Ինչպես այդ դեպքերում, այստեղ էլ նկարազարդումներն արվել են ռեալիստիկ ոճով։

 

«Հայկի պարագայում ամեն ինչ հեշտ ստացվեց, սակայն Դավթի կերպարը մինչև վերջին պահը մշակվել է, քանի որ այն մեր մշակույթի մեջ իդեալներ ունի՝ ի դեմս Քոչարի քանդակի։ Որպես պրոդյուսեր՝ ինձ համար խնդիր էր դրված՝ առաջնորդվե՞լ նոր Դավիթով, թե՞ կաղապարվել եղածով. մենք ընտրեցինք առաջինը»։

 

Բայց մի պահ մի կողմ դնենք կերպարի զուտ մարդաբանական հատկանիշները և մտածենք. եթե չլիներ Մանգասարյանի ռեալիստիկ ձեռագիրը, Դավթի կերպարը համոզիչ չէր թվա Մելիքի կողքին։ Իսկ թումանյանական պատումից բոլորս ենք տեղյակ. Դավիթը դեռ պատանի էր, երբ կռվում էր Մելիքի դեմ։ Խնդիրը անհավասար թվացող ուժերի հաղթանակը համոզիչ դարձնելն է։ Ասել է թե՝ Դավթի դեմքի ոչ մի փոքրիկ կնճիռ պատահական չէ։

 

Նկարիչ Տիգրան Մանգասարյանը

 

Պատահական չեն նաև չափի ընտությունն ու կոշտ կազմի առկայությունը։ «Թիվ 405»-ում նկատել են՝ երեխաները սիրում են պառկել հատակին ու թերթել, մինչդեռ փափուկ կազմով գիրքը փակվում է։ Հաշվի առնելով այս փոքրիկ, բայց շատ կարևոր նրբությունը՝ «Սասունցի Դավիթը» տպագրվել է կոշտ կազմով։ 

 

Հետաքրքիր սյուժեն, գունավոր իլյուստրացիաները ու գրքի հարմարությունը շատ արագ գրավում են երեխաներին։ Դա է պատճառը, որ «Սասունցի Դավիթը» միանգամից դարձավ ուսումնաօժանդակ ձեռնարկ։

 

Ստացվում է՝ կոմիքսները միայն ժամանցի համար չեն, կրթական տարրն է կարևոր։

 

Սպասե՞լ նոր կոմիքսների «Թիվ 405»-ի կողմից։ Իհարկե սպասել։ Բայց սպասել համբերատար, չէ՞ որ կոմիքսի վրա աշխատելը նույնն է, ինչ աշխատել ֆիլմի վրա։ 116 էջ իլյուստրացիաները կատակ բան չեն։ Լավ է, որ մինչև նորեր գալուստը արդեն կարդալու բան կա։ 

 

հավելյալ նյութեր