Seasons Park․ մի այգու պատմություն
Զբոսայգի

Seasons Park․ մի այգու պատմություն

Ի՞նչ ճանապարհ է անցել սիրված «Բուլվարը» և ի՞նչ ապագա է այգուն սպասում նոր ձևափաչով ու Seasons անվանմամբ։

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի

 

Լուսանկարները՝ Արմենպրես, Seasons Park

#Գործընկեր

Դեռ 1926-ից Ալեքսանդր Թամանյանը մայրաքաղաքին «կանաչ թոքեր» նվիրելու պլաններ ուներ։ Երբ հին երևանաբնակների հետ ես զրուցում, շատերն են ասում, որ քաղաքում նախընտրում են Երևանի 2800-ամյակի այգին, դեռահասների շրջանում սիրված են Անգլիական ու Սիրահարների այգիները: Իսկ հանգստի, ժամանցի, երեխաների զվարճանքի համար երևանցիները հիմա առավել նախընտրում են Գլխավոր պողոտայի՝ Սարյան-Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում տեղավորված Seasons այգին։ Բայց ինչպե՞ս է ստեղծվել ու հասել մեզ մեր այս «կանաչ ժառանգությունը»: 

 

 

1980-ականներ | Լուսանկարը՝ Արմենպրես/Վ․ Պոլյակով

 

2021 թվականի ամռանը Գլխավոր պողոտայի՝ Սարյան-Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում տեղավորված այգին, որը ժամանակին տեղաբնակների կողմից կոչվել է «Բուլվար» կամ «Մալիբու» (ժամանակին տարածքում գործող համանուն սրճարանի անունով), վերագործարկվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից։ Այգին այժմ կոչվում է Seasons, վերափոխվել է դրա արտաքին տեսքը, տարածքում բացվել են ժամանցի նոր վայրեր ու անցկացվել մի շարք փառատոներ ու համերգներ։ Այգու այցեքարտն է դարձել շատրվանը, իսկ ինքը այգին՝ Երևանի կենտրոնի ամենաաշխույժ հատվածներից մեկն է։ 

 

Բայց այս տարածքը, տարբեր անվանումներով ու տարբեր ձևավորմամբ, արդեն վաղուց է կարևոր դեր խաղում Երևանի կյանքում։ Սարյան փողոցի 62-ամյա մի բնակիչ, օրինակ, հիշում է․ «Այգում նաև ծաղիկի տոն էին կազմակերպում։ Շատրվաններից մինչև պրոսպեկտ սեղաններ էին դնում, տարբեր բույսեր ու ծաղիկներ բերում։ Մարդիկ գալիս էին, այգու սկզբից մինչև վերջ քայլում, ծաղիկներ գնում ու նվիրում իրար․․․ Այգուց դեպի Սպանդարյան փողոց տանող արահետ կար։ Փողոցի ամենահայտնի բնակիչները աղունիկներ պահող Ծերուկն էր (էդպես էին դիմում իրեն) ու կոշկակար Թորգոմը։ Արևածաղիկ վաճառող մի տատիկ էլ կար»։  

 

Մեզ այգում հանդիպած մի տատիկ պատմեց, որ 70-ականներին երեխաների հետ էր գալիս, 90-ականներին՝ թոռների, հիմա էլ ծոռներին է այգի բերում․ «Հիմա, երբ ծոռներիս եմ այգի բերում, հասկանում եմ, որ գիտությունն իրոք զարգացել է։ Մեկ-մեկ ես էլ ինձ չեմ կորցնում բոբիկանում եմ, փոքրիկների հետ շատրվանները մտնում։ Շատ լավ այգի է, կարող եմ ասել, որ գնալով կատարելագործվել է»։

 

Ահա, թե ինչպես էր զարգանում այգու պատմությունը։ 

 

Այգին՝ փոստի կողմից

 

1926-1974․ Օղակաձև այգու քույր այգին

1926-ից Ալեքսանդր Թամանյանի նախագծած մի շարք գլխավոր հատակագծերում այգիները մշտապես իրենց կարևոր տեղն են ունեցել։ Բացի Oղակաձև այգուց, գլխավոր պողոտայի այգին ևս պետք է լիներ նոր ստեղծվող, վերակառուցվող, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի «կանաչ թոքերը»։ Ըստ Թամանյանի նախագծի՝ Երևանը պետք է լիներ արևային քաղաք, այգիներն էլ՝ ծաղիկներով ու կանաչով ողողված։ Ինչպես Օղակաձև այգին, այնպես էլ գլխավոր պողոտայինը գծային առումով  միաժամանակ պետք է լիներ և՛ հանգստի գոտի, և՛ շրջակա միջավայրի վրա բարենպաստ ազդեցություն ունեցող զբոսայգի: Մտածել էր նաև հետիոտնի մասին. պետք է լիներ հաղորդակցման ուղի։

 

1974-1990․ Արմեն Զարյանի նախագիծը 

«Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սուրեն Օհանյանը պատմում է՝ մինչև 1974 թվականը Արամի-Բուզանդ փողոցների անկյունում կային մեկ-երկու հարկանի բնակելի տներ՝ կառուցապատված նախախորհրդային ցարական Ռուսաստանի ժամանակներում։ Դրանց մեծ մասը համարվում էր պատմամշակութային հուշարձան։ 1974-ից սկսվեց այգու հիմնական կառուցապատումը։ 

 

Սարյան փողոցի բնակիչներից մեկն այսպես է հիշում․ «Այգին 70-ականներից սկսեցին կառուցել։ Մի օր տրակտորների ձայնից արթնացանք, տեսանք, որ տարածքը լրիվ քանդում են։ 10 օրվա մեջ հավասարացրին ամեն ինչ, հետո խոտեր ցանեցին, ծառեր տնկեցին, հետագայում արդեն կանաչապատում արեցին, շատրվանները սարքեցին։ Ամառը միշտ մարդաշատ էր, մարդիկ իջնում էին, քայլում էին, խաղահրապարակ կար, երեխեքն էլ խաղում էին։ Ամֆիթատրոնի նման հատված էլ կար, էդտեղ էլ համերգներ էին լինում մեկ-մեկ․․․ Հիշում եմ, որ այգին ջրելու ու տարածքը խնամելու համար հենց կողքի շենքի բնակիչներից էին աշխատող փնտրում, որ հոգատար լինեին ու անընդհատ տարածքում լինեին։ Հայրս էր աշխատում, ջրում էր ծառերը,  մենք էլ երեխեքով իջնում, օգնում էինք»։

 

Բացումը տեղի է ունեցել 1977-ին: Բետոնե շատրվանների հեղինակը Արմեն Զարյանն էր։ Կառուցապատվել էր Սարյան փողոցից մինչև Միսաք Մանուշյանի անվան (նախկին Մաշտոցի) պուրակը։ Զարյանի նախագծի հիմնական խնդիրն էր շրջակա միջավայրի միկրոկլիմայի բարելավման համար ստեղծել ջրային ու բուսական տարածք։ Ի վերջո, խնդիրը լուծված էր. այգին կանաչապատ էր, շատրվաններով հարուստ, հանգստի գոտին ապահոված էր։

 

Այգու սրճարանը | Լուսանկարը՝ Արմենպրես/Մարտին Շահբազյան

 

Seasons սրճարանն այսօր

 

1990-2009․ Առանց շաբաթօրյակների

Անկախության առաջին տարիներին այգու վիճակը վատթարացավ։ Սարյան փողոցի 37-ամյա մի բնակիչ հիշում է․ «90-ականներին արդեն միայնակ բակ էի իջնում։ Սովետի փլուզման ժամանակներն էին, շատրվանները փակվեցին, մնացին դատարկ քարերը։ Ու հիշում եմ, որ այգում ուզում էին Կարեն Դեմիրճյանի արձանը դնել, արդեն պատվանդանը դրել էին, այժմյան Սիզնս ռեստորանի դեմ-դիմաց էր։ Բայց հետո հանեցին այդ պատվանդանը։ Մինչև 2000-ականներ էդպես տարածքը անխնամ ու քանդված մնաց։ Էդ տարիներին նաև դպրոցի շաբաթօրյակները  այգում էին անում, երեխեքը իջնում էին, տերևներ էին հավաքում։ Հիմա շաբաթօրյակների էդ ավանդույթն էլ չկա»։

 

«Տարիների ընթացքում այգու հենապատերը, ծառուղիները, եզրաքարերը, սալահատակը տեխնիկապես ենթարկվել էին կոռոզիայի։ Այնտեղ պահպանված հատված չէր մնացել։ Շատրվանները հսկայական կառույցներ էին, և երբ քանդում էին, դրա տակ բաց տարածություն կար. շատվրանները պոմպակայանների համար էին. քանդվել էին և տեխնիկապես հնարավոր չէր պահպանել: Իսկ նույնը կառուցել բացարձակ անիմաստ էր, քանի որ այդ քանակի ջուր ու էլէկտրաէներգիա ապահովելը չափազանց ծախսատար էր ու ոչ ձեռնտու։ Ի վերջո, եկավ ժամանակ, երբ քաղաքային իշխանությունները որոշեցին վերակառուցել այգին այլ կերպ։ Աշխատանքները սկսվեցին 2009-ից»,- հիշեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը:

 

2009-2021․ Երևանի առաջին հետիոտն (չոր) շատրվանը

2008-2009-ին այգու բարեկարգման համար կառավարության որոշմամբ մրցույթ հայտարարվեց։ Տարածքը կառուցապատման իրավունքով ձեռք բերեց «Տաշիր գրուպ» ընկերությունը՝ դառնալով հողի ժամանակավոր օգտագործող։ Ըստ իրենց առաջարկի՝ նախագիծը մշակեց «Երևաննախագիծ» ընկերությունը։ Խնդիր դրվեց իրատեսական մոտեցում ցուցաբերել և վերականգնել, արդիականացնել այգու աշխատանքը, թարմացնել գործող հանրային սննդի օբյեկտներն ու սրճարանները։ 

 

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ն, հաշվի առնելով նախկինում արվածը, որը ժամանակի մեջ հիանալի այգեպարկային համալիր էր դարձել, որոշակի հատվածներ պահպանեց ու նոր լուծումներով հագեցրեց տարածքը։ Արդյունքում զբոսայգում տնկվեց մոտ 10 հազար տնկի: Բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոեկցիայով ցայտող շատրվանների անսամբլն է։ 600 ջրային շիթ, մինչև 90 մետր բարձրությամբ և բարդ տեխնիկական շոուներ ու հնարքներ ստեղծելու հնարավորություն. այսպես են կառուցված շատրվանները.

 

 

 

«Սկզբում երկհարկանի էինք մշակել։ Ընտրվեց այն տարբերակը, որը հիմա տեսնում եք։ Առաջին անգամ կիրառվեցին հետիոտնաշատրվանները կամ չոր շատրվանները, որոնք հետաքրքիր ջրային միջավայր են ստեղծում երեխաների, ինչու չէ, նաև մեծահասակների համար։ Աշխարհում հայտնի օրինակ է, Հայաստանում առաջիններից էր։ Երեխաների զբաղվածությունն ապահովելու համար հետաքրքիր լուծումներ տվեցինք: Գազոններն ու տնկիներն արդիականացրինք, որոնք էլ ապահովում են այգու ներկայիս ակտիվությունը։ Բարեկարգման աշխատանքները սկսվեցին 2015-ին, այգին շահագործման հանձնվեց 2019-ին»,- պատմեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը։

 

Այգում մեզ հանդիպած մի կոնդեցի հիշում է, որ բոլորովին վերջերս այգին գրեթե լքված վիճակում էր․ «Հիշում եմ՝ մի շրջան կար, որ տան գյուղմթերքն իջնում ու էդտեղից էինք առնում։ Հետո տարածքն աղբավայրի վերածվեց։ Դե մեր միակ զբոսանքի, զվարճանքի ու հանգստի վայրն էլ հենց էս այգին էր։ Երբ իմացանք՝ մարդավայել այգի են դարձնելու, շատ ուրախացանք։ Արդյունքը գերազանցեց սպասելիքները։ Կանաչ, Երևանին վայել եզակի վայրերից մեկն է»։ 

 

Սուրեն Օհանյանի խոսքով՝ այգու վերջին մասի՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածի կառուցապատումը կիսատ է մնացել։ Ըստ պատվիրատուի առաջադրանքի և Երևանի քաղաքաշինական խոհրդի կողմից հաստատված նախագծի՝ ներկայիս ավտոկայանատեղիում կլինեն նոր հասարակական նշանակության կառույցներ։ Ըստ նախագծի՝ պետք է կառուցվի Սարյան փողոցի հարթության հարթակ: Աջ և ձախ կողմերից կլինեն դեպի ներքև տանող հանրային սպասարկման օբյեկտներ, սրճարաններ, հուշանվերների խանութներ: Իսկ ներքևի հատվածում պետք է կառուցվեն շատրվաններ ու ամֆիթատրոններ: Այս հատվածն արդիկանացնելուց հետո միայն Օհանյանն այգու խնդիրները կհամարի լուծված։

 

 

 

2021-ից մեր օրեր

2021 թվականի մայիսից Մաշտոց 15/5 հասցեում գտնվող Seasons ռեստորանային համալիրն ու այգին անցան «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կառավարման ներքո, այգին էլ կոչվեց Seasons։ Ընկերությունը պահպանել է այգու ու քաղաքի ճարտարապետական դիմագիծը, զբաղվում է կանաչ տարածքների և ընդհանուր այգու խնամքով ու մաքրությամբ։ Ամբողջ համալիրն այժմ գործում է «Բոլոր եղանակները ձեզ համար» կարգախոսին համապատասխան։ «Երեմյան Փրոջեքթսը» ամբողջ տարվա ընթացքում բոլոր եղանակներին բնորոշ միջոցառումներ և նախագծեր է իրականացնում այգում։ Ամռանը գործում են գերժամանակակից, միջազգային լավագույն տեխնոլոգիաներով հագեցած շատրվանները՝ իրենց լազերային, լուսաձայնային շոուներով, անցկացվում են բազմազան միջոցառումներ և երաժշտական երեկոներ։ 

 

Ձմռան ամիսներն ու տոները ևս հետաքրքիր դարձնելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերին «Երեմյան Փրոջեքթսը» Seasons այգում մեկնարկեց Seasons Park Station նախագիծը՝ նման ձևաչափով առաջին ձմեռային այգին Հայաստանում։ Seasons Park Station-ի ընդհանուր կոնցեպցիան երկաթուղային կայարանն է տարբեր կանգառներով՝ սիրո, երջանկության, ժպիտների, նվերների և այլն։ Այս ամենի, նաև շատրվանների, այստեղ անցկացվող միջոցառումների ու հետաքրքիր իրադարձությունների շնորհիվ այգին միշտ մարդաշատ է, դարձել է երևանցիների ու քաղաքի հյուրերի սիրելի վայրերից մեկը։ Ինչպես հավաստիացնում են ընկերությունում, տարվա մյուս եղանակներին էլ այգում ուրախ տրամադրությունն ու հետաքրքիր զվարճանքներն անպակաս են լինելու։ 

 

Բայց այսօր արդեն կարելի է փաստել․ Seasons այգու հետաքրքիր լուծումներով շատրվանների, այգու խնամքի, կանաչի գերակայության շնորհիվ է, որ Թամանյանի պլանը գոնե մասամբ կարող ենք կատարված համարել։

հավելյալ նյութեր