Սեպտեմբերին կշահագործվի Երևանի ամենամեծ հանրային խաղահրապարակը
Երեխաներ

Սեպտեմբերին կշահագործվի Երևանի ամենամեծ հանրային խաղահրապարակը

Երևանի ամենամեծ՝ 2000 քմ տարածքով, ժամանակակից հանրային անվճար խաղահրապարակի բացումը կկայանա սեպտեմբերին Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում։

Աղբյուր՝ «Կերոն» զարգացման հիմնադրամ

«Կերոն» զարգացման հիմնադրամը և Կենտրոն վարչական շրջանը մայիս ամսին հուշագրի ստորագրմամբ հայտարարեցին Երևանում երեք նոր հանրային խաղահրապարակների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Նախաձեռնությունը առաջինն է իր տեսակի մեջ. այն ներկայացնում է միջազգային ստանդարտներին համապատասխան խաղահրապարակների ստեղծում, որոնք հասանելի կլինեն բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց ֆիզիկական կարողություններից:

 

«Թաքնված գետի գաղտնիքները. կարմրախայտը» երեք խաղահրապարակներից առաջինն է: Այն տեղակայված է Օղակաձև այգու 6-րդ հատվածում` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ և նախագծված է  0-3, 3-7 և 7-12 տարիքային երեք խմբերի համար: 

 

 

Խաղահրապարակը թեմատիկորեն ձևավորված է որպես երևակայական ջրային աշխարհ՝ ալիքներով, ձկներով և կղզիներով։ Դրա կենտրոնում տեղադրվելու է Հայաստանի գետային ձկներից մեկի՝ կարմրախայտի վիթխարի խաղային կառույցը, որն ալիքաձև կախովի ցանցերի հետ միասին ձևավորելու է շուրջ 27 մետրանոց խաղային համալիր, որտեղ երեխաները կկարողանան մագլցել, սահել և խաղալ թե՛ միայնակ, թե՛ խմբով։  Խաղահրապարակն առաջարկելու է խաղի բազմազան տեսակներ. արկածային խաղեր՝ մագլցման ցանցերի և թունելների միջոցով,  բնական նյութերի հիմքով զգայական և շոշափելի խաղեր, սահարաններ և այլն:

 

«Կարմրախայտ» խաղահրապարակը նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր երեխա գտնի իր տարիքին և զարգացման փուլին համապատասխան հետաքրքիր խաղային տարր։ Այն ներառական է լինելու՝ հիմնվելով միջազգային  ստանդարտների վրա և ապահովելով տարբեր կարողություններ ունեցող երեխաների միասին ժամանցը ընդհանուր տարածքում։



 

Այն կունենա ինչպես միջազգային ստանդարտներին համապատասխան և եվրոպական առաջադեմ քաղաքներում արդեն շահագործվող խաղային տարրեր՝ ճոճանակներ ու սահարաններ, այնպես էլ հատուկ պատվերով հենց այս նախագծի համար ստեղծված խաղային սարքավորումներ աշխարհի առաջատար արտադրողներից։

 

Խաղահրապարակները նախագծելիս հաշվի են առնվել ծնողների, տարբեր տարիքային խմբերի երեխաների, հարակից տարածքների բնակիչների կարծիքները. այդ նպատակով իրականացվել են ֆոկուս խմբեր և քննարկումներ։ Բարձրաձայնված դիտարկումները ներառվել են նախագծման փուլում։

 

Խաղահրապարակում ծնողների հարմարավետության համար նախատեսված են տեխնիկապես հագեցված նստարաններ, որոնցից ապահովվում է խաղահրապարակի ամբողջ տարածքի տեսանելիությունը: Խաղահրապարակը նախագծված է՝ հաշվի առնելով երեխաների անվտանգությունն ու բնապահպանական բարձր ստանդարտները: Տարածքի հիմնական գոտիներում օգտագործվել են փափուկ խճաքարային և ռետինե ծածկույթներ, իսկ խաղային տարրերի ավելի քան 50%-ը պատրաստված է բնական փայտից և օգտագործված նյութերի 40 տոկոսը վերամշակված է, որոնցից մի մասը՝ հավաքված օվկիանոսներից։ Նախագծման առաջնահերթություններից է նաև առկա կանաչապատ տարածքի լիարժեք պահպանումը եւ նոր կանաչապատ գոտիների ստեղծումը:

 

 

Նախագծի մշակման, իրականացման և վերահսկողության գործընթացում ներգրավված են ոլորտում տարիների փորձ ունեցող միջազգային և տեղական կազմակերպություններ՝ UrUrban-ը՝ կոնցեպտի մշակում ու վերահսկողություն, և  DSVent-ը՝ շինարարական և ինժեներական աշխատանքներ։

 

Այս խաղահրապարակը ոչ միայն երեխաների խաղի տարածք է, այլև մտածված միջավայր՝ զարգացնելու նրանց երևակայությունը, շարժողական հմտությունները և շփումը: Խաղահրապարակի պաշտոնական բացումը նախատեսնվում է սեպտեմբերին:

հավելյալ նյութեր