«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում
Փարաջանով 100

«Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրություն ARARAT թանգարանում

Ի նշանավորումն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։

#Գործընկեր #ARARAT #Ռամբալկոշե

Ցուցադրությունը ներկայացնում է մեծն վարպետ Փարաջանովի ընկեր, աշակերտ, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարները՝ այդ թվում հայտնի «Թռիչք» ֆոտոն։ 


Վարպետի կյանքի և ստեղծագործությունների ընկալման հարցում այս լուսանկարն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և ունի ստեղծման հետաքրքիր պատմություն։ Այն արվել է 1981 թվականի մայիսի 15-ին և փոխանցում է ոչ միայն Փարաջանովի դիմագծային կերպարը, այլև նրա ստեղծագործական միտքը, քանի որ Յուրի Մեչիտովի կողմից արված լուսանկարի կոմպոզիցիոն հեղինակը հանդիսացել է հենց ինքը՝ Փարաջանովը։ 

 


«Դժվար, գրեթե անհնար է մեծն Փարաջանովի փառավոր ժառանգությունը համակողմանի վերլուծելը։ Նրա ստեղծագործական աշխարհին հարաբերվելու առաջին իսկ փորձառությունը վերափոխում է պատկերային ընկալումների մեր հայացքները և վերածվում մտագրավ մի առեղծվածի։ Կյանքի վառ պահերի, առատաձեռնության և վարպետության մարգարե Փարաջանովի ողջ կյանքը գեղեցիկի ու ներդաշնակի որոնման անկեղծ փորձ է, ինչի մի քանի դրվագներ տեղ են գտել այս ցուցադրությունում։ Ուրախ ենք, որ ARARAT թանգարանի տասնյակ հազարավոր այցելուներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից գալիք մի քանի ամիսների ընթացքում կկարողանան բացահայտել Վարպետության, Առատաձեռնության, Ստեղծագործական մտքի և Նվիրվածության նոր եզրեր», - մեկնաբանում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ 

 

Ըստ ցուցահանդեսի համադրող Վահան Ստեփանյանի, ցուցադրության գլխավոր գաղափարն էր վերականգնել այն մայիսյան օրը, որի ընթացքում կատարվել է «Թռիչքը»։ Ժապավենն ընդգրկում է ոչ միայն Փարաջանովով կադրեր, այլև այլ անձանց ու վայրեր։ Ցուցահանդեսի մաս է կազմում նաև Մեչիտովի հարցազրույցը, որտեղ նա վերհիշում է այդ օրվա իրադարձություններն ու Փարաջանովի հետ զրույցները։ 
 

 

Մեչիտովի արված՝ հռչակավոր թռիչքային կադրով ժապավենը

 

Սերգեյ Փարաջանովն ու Յուրի Մեչիտովը


Նշենք, որ ցուցադրության պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին և հանդիսացել է Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի musæum նախագծի մաս։ 


ARARAT թանգարանում «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը կգործի մինչև 2024 թվականի մայիսի 1-ը։ 

հավելյալ նյութեր