Shhau. «Ախպերավարի եմ շփվում Երևանի հետ»
Իմ Երևան

Shhau. «Ախպերավարի եմ շփվում Երևանի հետ»

Երաժիշտ, կոմպոզիտոր, սաունդ դիզայներ Shhau-ի հետ խոսել ենք երևանյան ջազի, քաղաքով ոգեշնչվելու, երաժշտական համայնքների, երևանյան մոտեցման ու այլնի մասին։

Տեքստը՝ Լենա Գևորգյանի

 

Լուսանկարը՝  Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022
 

#ԻմԵրևան

Ռայկոմում եմ մեծացել՝ 8-րդ հիվանդանոցի կողքի տարածքում։ Կարծում եմ, որ մարդու վրա ազդում է այն տարածքը, որտեղ ծնվել ու մեծացել է։ Ու, դե՜, շրջապատը, իհարկե՛։

 

Շատ փոքր տարիքում հալամոլա էինք խաղում ու քենթ-սթոփ։ Ընկերս ու ես «իշմարի» ձև էինք հորինել, որ ոչ ոք չէր հասկանում։ Ու մեզ հաղթելու շանսը համարյա զրոյական էր։ Ավելի մեծ տարիքում էլ բակում չէինք խաղում՝ «վատ-վատ» բաներով էինք զբաղված։ Տղայական կռիվներ, ռազբոռկաներ՝ դպրոցական տարիներին նույնիսկ ոստիկանություն ընկանք։ 

 

Բակում 4-5 բեսեդկա ունեինք։ Մեկը կարմիր բեսեդկան էր, չնայած որ իրականում կապույտ էր։ Վրայից ներկել էին, բայց անունը տենց էլ մնաց։ 

 

Քուչից քուչա գնալու ու հաշիվ մաքրելու կոնկրետ քաղաքականություն կար։ Եթե մեկը մյուսի հետ լավ էր՝ շատ անգամ ստիպված էիր մյուսի հետ էլ լավ լինել։ Բայց եթե հանկարծ այդ երկուսը թարսվում էին, քուչեքով իրար դեմ էին դուրս գալիս։ Շատ երևանյան մոտեցում էր։ Բայց ես միշտ բոլորի հետ լավ էի։ 

 

5 դպրոց եմ փոխել՝ սկսել եմ 114-ից։ 147-ում ամենաերկարն եմ սովորել. հենց էնտեղ սկսեցինք հատիկով սիգարետ առնել ու դասամիջոցներին զուգարանում ծխել։ Կամ էլ տատիկիս բակ էինք գնում՝ պադյեզդում ծխելու։ 

 

 

Այդ տարիներին հիմնականում ինչ կար՝ էդ էինք լսում։ Բլութութով ու իկապորտով իրար երաժշտություն էինք փոխանցում, ժանրը միշտ չէր էական։ Մամաս ջութակահարուհի ա, տանը հիմնականում լավ երաժշտություն էինք լսում։

 

6-7 տարեկանից երաժշտությամբ եմ զբաղվել ու երբ սկսեցի հաճախել երաժշտական դպրոց, արդեն հարվածային գործիքներ էի նվագում։ Հետո Կոնս ընդունվեցի, ու զուգահեռ Թումոյում երաժշտության դասընթացավար էի, Pyramidz բենդի ղեկավարն էի։ Բայց իրականում ամեն ինչ սկսեց տանը մյուզիք ուսումնասիրելուց ու օդի մեջ նվագելուց։ 

 

Մի անգամ պարզեցինք, որ մեր կողքի բակերում երաժշտությամբ զբաղվող էլի մարդիկ կան։ Որոշեցինք խումբ հավաքել։ Զեյթունի տրամվայի գծերի ներքևում երաժշտական դպրոց կար։ Սենյակներից մեկում հարվածային գործիքներ էինք գտել։ Գնում էինք ու հենց այնտեղ փորձեր անում։ 

 

Կոնսերվատորիայում միանգամից երկու բաժնում էի սովորում՝ կոմպոզիտոր ու երաժշտագետ։ Ավարտեցի կարմիր դիպլոմով։

 

Երևանը քաղաք ա, որտեղ բոլորը կարծես ոգեշնչվում են։ Ամեն երկրորդը Dj, ռեփեր, լուսանկարիչ կամ արվեստագետ է դառնում։

 

Ինչո՞վ ա հայկական ջազը հայկական՝ նվագելու մոտեցումով։ Երաժշտությունը լեզու ա, ու այստեղ նաև երևանյան լեզվով ես նվագում։ Բայց անկախ լեզվից ու տարածքից՝ գնահատականը նույնն ա մնում։ Լոկալ ոճային փոփոխությունը, ֆոլք ու քաղաքային երաժշտական էլեմենտները, միևնույն է, իրենց ազդեցությունն ունեն։

 

Քաղաքը ոչ միայն ջազ ա լսում։ Տարբեր Երևաններ կան՝ կենտրոնը տոլերանտ ա, այստեղ հնարավոր ամեն ինչ կարող ա հնչել՝ և՛ բլեք մետալ, և՛ ռաբիզ, և՛ տեխնո, և՛ ալտերնատիվ հիփ-հոփ, և՛ նյու ջազ, և՛ դիփ հաուս և այլն։ Բանգլադեշում դժվար թե մետալ համերգ կազմակերպվի։ 

 

Երաժշտությունը դժվարանում եմ բառերով նկարագրել՝ ինքն էն ա, ինչ կա։

 

Երևանը շատ խառն ա՝ միանշանակ որևէ մի ոճ չի կարող նկարագրել մեր քաղաքը։

 

Երաժշտական առումով կրթության պակաս ունենք։ Մարդիկ սիրում են այն, ինչը նրանց համար հեշտ հասանելի է ու առաջինն է մատուցվում։ Ցանկացած նոր բան իրենց համար դժվար ա ընկալել, որովհետև չեն էլ փորձում ուսումնասիրել։ Սակայն վերջին շրջանում նորություններ իրականում շատ են լինում, ինչը գովելի ա։ 

 

Shhau-ի Shorts, Vol 1 ալբոմը

 

Եթե արդեն պատրաստ ես ինչ-որ նոր բան ներկայացնես, միշտ չի, որ դրա հարթակն այստեղ կա։ Այսինքն՝ ստացվում ա, որ ի սկզբանե պետք ա մտածել հարթակ ստեղծելու մասին։ Դա էլ իր հերթին դանդաղացնում ու դժվարացնում ա ընթացքը։

 

Մեր քաղաքում երաժշտական փոքր-փոքր համայնքներ կան ձևավորված։ Ու որպես կանոն շատերն իրար հետ չեն համագործակցում։ Արհեստական մրցակցություն կա, աջակցությունը երբեմն բացակայում ա։

 

Երևանն ինձ համար համ քաղաքն ա, համ մարդիկ։ Անձնական աճը, ոնց էլ լինի, կապված ա քաղաքի ռիթմի հետ։ Իսկ Երևանն իր ռիթմն ունի, որը երբեմն շատ դանդաղ ա ընթանում, մեկ-մեկ էլ՝ արագ։ 

 

Մտածելակերպով մարդիկ մեզ մոտ ծայրահեղականորեն և՛ տարբեր են, և՛ նման, ու դա Երևանն ա։

 

Ախպերավարի եմ շփվում Երևանի հետ։ Վերջերս շատ չենք շփվել, բայց լավ հարաբերություններ ունենք, ընկերություն ենք անում իրար հետ։

հավելյալ նյութեր