Շիշավորված է Հայաստանում
Վինիլ

Շիշավորված է Հայաստանում

Ինչպես ֆրանսիացի Լյուկ Հաասը հայտնվեց հետխորհրդային Հայաստանում, և ինչպես նրա շնորհիվ ՆԱՏՈ-ն դարձավ առաջին հայկական ռոք խումբը, որի երաժշտությունը թողարկվեց արտերկրում վինիլային կրիչով։ Հայոց փանկի խորհրդավոր էջերից մեկի մասին շփվել ենք գլխավոր գործող անձանցից երկուսի հետ։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Լյուկ Հաասի արխիվից

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

 

Լյուկ Հաասը

Չինական հրապարակի անունով

Լյուկ Հաասը սկսեց ճանապարհորդել, երբ 18 տարեկան էր։ 1983-ին կյանքը նրան հասցրեց սոցիալիստական Լեհաստան, որտեղ այդ ժամանակ սահմանված էր արտակարգ դրություն։ Հենց այդ ճամփորդությունն էլ Լյուկի համար դարձավ որոշիչ։ Նա հայտնաբերեց լեհական փանկը, որն այդ պայմաններում է՛լ ավելի հետաքրքիր էր թվում, և սիրահարվեց։ «Առհասարակ իմ ճանապարհորդելու նպատակը, աշխարհը տեսնելուց զատ, հենց հետաքրքիր երաժշտության և խմբերի բացահայտումն էր,- պատմում է Լյուկն այդ իրադարձություններից գրեթե չորս տասնամյակ անց,- ես ուզում էի լսել գործեր ինձ անծանոթ լեզուներով և ճանաչել այդ երկրներն իրենց բնորոշ երաժշտության միջոցով»։ 


Շուտով պարզապես երաժշտական ծանոթությունները վերածվեցին երաժշտական արտադրանքի։ 1993-ին նա թողարկեց առաջին վինիլային սկավառակը և հիմնեց սեփական լեյբլը՝ Tian An Men 89 (ակնարկելով պեկինյան հրապարակը, որտեղ 1989 թվականին տեղի են ունեցել խոշոր բախումներ ուսանողների և ոստիկանների միջև)։ Լեյբլի նպատակն է բացահայտել փանկն այն երկրներում, որոնք դուրս են մնացել ուշադրությունից։ Tian An Men 89-ը թողարկում է սահմանափակ քանակությամբ վինիլային ձայնապնակներ Ասիայում, Միջին Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և նախկին Սովետական Միության երկրներում ստեղծագործող փանկ խմբերի կատարումներով։ Օրինակ հայաստանյան ՆԱՏՈ-ն հենց այդ տեսակի անդերգրաունդ էր։ 


«Ես ուզում էի թողարկել փանկն աշխարհի այն անկյուններից, որտեղ ֆինանսական խնդիրների, պատերազմական և այլ կոնֆլիկտային վիճակների հետևանքով փաստացի հնարավոր չէ նման երաժշտության թողարկումն ու տարածումը»,– պատմում է Լյուկը։ Բայց լեյբլը Հաասի անձնական հոբին էր։ Այն չէր կարող լինել գումար վաստակելու միջոց, քանի որ 90-ականներին մարդիկ փանկով առանձնապես չէին հետաքրքրվում, այն էլ՝ աշխարհի հեռավոր ծայրերից, վինիլների արտադրությունն էլ ամբողջ աշխարհում ձգտում էր զրոյի։ 

 

 

 

Երևանը՝ Հաասի այցի ժամանակ

 

Կիսափակ սահմաններ 

1993-ին Լյուկը որոշեց մի երկար ճանապարհորդություն իրականացնել, որի արդյունքում հայտնվեց Հայաստանում, թեև, ինչպես այսօր ծիծաղով հիշում է, որևէ պաշտոնական փաստաթղթով դա ապացուցել անհնար է…


Սկզբի համար Ֆրանսիայից ավտոբուսով ուղևորվեց Ուկրաինա՝ Լվով։ Լյուկը գնեց տոմս մի ուղղությամբ, վերցրեց մի պայուսակ և նստեց ավտոբուսը։ Սահմանին նրան 5 դոլարով տրանզիտային վիզա տրամադրեցին, որը ուժի մեջ էր ընդամենը 5 օր։ Դա այս ճանապարհորդությանը վերաբերող առաջին ու վերջին պաշտոնական նշումն էր իր անձնագրում։


Հետո գնաց Կիև, Կիևից՝ Մինսկ, հետո Սանկտ-Պետերբուրգ: Սահմանները հատելիս նրան նույնիսկ չկանգնեցրին։ Հետո գնեց օդանավի տոմս դեպի Երևան։ Մեկնելիս կրկին ոչ մեկ չհարցրեց իր անձնագիրը, իսկ Երևանում օդանավակայանը դատարկ էր, մաքսակետեր չկային, ընդունարանների սեղանների մոտ ևս դատարկ էր։ Լյուկը պարզապես օդանավից մտավ շենք և դուրս եկավ, վերցրեց տաքսի և խնդրեց վարորդին տանել կենտրոն։ 

 

Դատարկ օդանավակայան

Տարածաշրջանում տոտալ քաոս էր, Հայաստանում դեռ օգտագործում էին սովետական ռուբլիներ, որոնք չէին գործում նույնիսկ Ռուսաստանում։ Ոչ մեկ չգիտեր կանոնները, կար որոշակի տարօրինակ ազատություն։ «Հյուրանոցն առաջին վայրն էր, որտեղ ինձնից անձնագիր պահանջեցին և նկատեցին, որ վիզա չունեմ,– պատմում է Լյուկը,– Բայց խնդիր չեղավ, ես վճարեցի իմ սենյակի համար և ամեն ինչ նորմալ էր»։ 


Այսօր էլ հիշում է, որ երկրում շատ ծանր վիճակ էր. պատերազմ էր, պարբերաբար անջատումներ էին լինում, մետրոն գրեթե միշտ կանգնած էր, և նա սկսեց շրջել Երևանով, հարցուփորձ անել երիտասարդներին տեղական ռոք երաժիշտների մասին։ Որոշ ժամանակ փնտրելուց հետո նրան պատմեցին ՆԱՏՈ-ի մասին։ «Ես կապվեցի նրանց հետ և ինձ հրավիրեցին իրենց փորձատեղ, որը քաղաքի ծայրամասում էր, «ԱրմՊրոեկտ» ինստիտուտի լքված շենքում,- հիշում է Լյուկը,- երկար քննարկեցինք, լուսանկարներ արեցի , նրանք մի քանի գործ կատարեցին, և ես՝ շատ գոհ լսածիցս, որոշ ձայնագրություններ վերցրի հետս»։

 

 

Ռուսական ռոք՝ շիշավորված Հայաստանում

Այդ տարիների հայաստանյան անդերգրաունդը ռուսական ռոքի մեծ ազդեցության տակ էր։ Համերգների ժամանակ «Կինոյի», «Ակվարիումի», «Սեկտոր Գազայի» ու այլ հայտնի խմբերի քավռները սովորական երևույթ էին, շատերն էլ իրենց հեղինակային երգերը գրում էին ռուսերեն՝ ոգեշնչված սիրված կատարողներից։ ՆԱՏՈ-ն բացառություն չէր։ Լյուկի օգնությամբ թողարկված սկավառակի վերնագիրը հենց այդպես էլ ասում էր՝ «ռուսական ռոք։ Շիշավորված է Հայաստանում» (պահպանել ենք սկավառակի վրայի հեղինակային ուղղագրությունը)։


ՆԱՏՈ-ի համահիմնադիր Արամ Սահակյանը պատմում է, որ ամեն ինչ սկսվեց ընկերներին մի փառատոնի կազմակերպման մեջ օգնելուց։ 90-ականների սկիզբն էր, Հայկ Հարությունյանը և Արայիկ Մավիսակալյանը որոշեցին «Ալմաստ» գործարանի տարածքում ռոք փառատոն կազմակերպել։ Արամը, ով այդ ժամանակ աշխատում էր Ազգային սեյսմիկ պաշտպանության կենտրոնում, իր վրա վերցրեց միջոցառման կազմակերպչական աշխատանքների, ձայնային ապահովման և գործիքներին վերաբերող հարցերի մի մասը։

 

ՆԱՏՈ-ն և Լյուկ Հաասը (աջից երկրորդը)
 


Ընթացքում նա զգաց, որ որոշակի պասիվություն կա ոլորտում, որ առհասարակ «շատացել են ռաբիզ կերպարները», որոնց պետք է մի լավ զարմացնել։ Նա որոշեց խումբ հիմնել, սկսեց փառատոնի շուրջ հավաքված մարդկանց հարցուփորձ անել, թե նրանցից ո՞վ ի՞նչ կարող է նվագել։ Խումբը հավաքվեց շատ արագ, ընդամենը մի քանի երգ փորձեցին, որպեսզի հաջորդ օրը հայտնվեն բեմում։ Հարվածային գործիքները նվագում էր Արթուր «Մաշտոց» Թարփուշյանը, ստեղնաշարայինները հայտնվեցին Դավիթ Կազարյանի ձեռքում, Արամ Սահակյանը նվագում էր կիթառ և երգում էր, իսկ Արթուր Վենգերժանովիչը բասիստն էր ու երգերի մի մասի հեղինակը։ Ավելի ուշ նրանց նաև միացավ Արթուր Ջաղինյանը։ 


«Երգերի մեծ մասը գրվում էր կոլեկտիվ ուղեղով,– հիշում է Արամը,– մեր գործերը նման չէին այն ժամանակվա ռոք խմբերի ասպետական սիրո մասին երգերին։ Դրանք տարբեր էին, լացակումած ռեգիից մինչև «Սեկտոր Գազայոտ» ռոքնռոլ»։ 

 

 

Ականջ ծակող ու անհարմար

Ի վերջո, կարելի է ասել, որ ՆԱՏՈ-ն դարձավ հայաստանյան առաջին խումբը, որի ալբոմը թողարկեցին վինիլային տարբերակով արտասահմանյան երկու լեյբլներ։ Ձայնապնակներից մեկը թողարկվեց ամերիկյան Վիսքոնսին նահանգում Beer City Records ընկերության կողմից։ Այդ նույն լեյբլը մոտավոր նույն ժամանակահատվածում թողարկել էր հայաստանյան մեկ այլ՝ «Ռոդեու» խմբի երաժշտությունը։ Դեր խաղաց այն, որ ընկերության հիմնադիրներից մեկը ամերիկահայ էր, ով պատահաբար ամսագրերից մեկում կարդացել էր հեռավոր Հայաստանում գործող փանկ մշակույթի մասին։ 


Մյուս թողարկումը եղավ Սթրասբուրգում՝ Tian An Men 89 լեյբլի ներքո։ Արամը Լյուկից ֆաքսով ստանում էր սկավառակի շապիկի դիզայնի տարբերակներ, ինքն էր ուղարկում հայկական դեկորի դետալներ և խմբի երգերի տեքստեր, որպեսզի այդ ամենը տեղ գտնի շապիկի վրա։ 

 

 


«Ի տարբերություն այլ տեղական ռոք բենդերի՝ մենք ուզում էինք, որ ՆԱՏՈ-ի երաժշտությունը ծակեր ուրիշների ականջը, անհարմար լինել ցույց տալու բարեկամներին, հեռուստացույցով որևէ կերպ չերևար,– հպարտությամբ հիշում է Արամը,– և արտասահմանյան լեյբլներին դա հետաքրքիր էր, ի վերջո՝ նրանք էին մեզ հետ կապի դուրս եկել»։


Լյուկը ՆԱՏՈ-ի ձայնագրությունները ձեռքին մեկ շաբաթ Հայաստանում մնալուց հետո որոշեց, որ ժամանակն է շարժվել առաջ և գնալ Վրաստան, որտեղ քաղաքացիական պատերազմ էր թնդում (ուրեմն հետաքրքիր երաժշտություն էլ կարելի է գտնել)։ «Իմ ընկերներն ինձ ասում էին, որ Հայաստանում ապահով է, քանի որ այստեղ նրանք գիտեն, թե ում դեմ են պայքարում և ով է նրանց թշնամին, իսկ Վրաստանում մարդիկ մեկը մյուսի դեմ են ելել,»– հիշում է Լյուկը։

 

Միջազգային համբավ

Լյուկի խոսքով՝ ՆԱՏՈ-ն սիրվեց արտասահմանցի ունկնդրի կողմից։ Հետաքրքիրն այն է, որ 90-ականներին պնակների վաճառքը մեծ չէր, բայց վերջին տարիներին շատերը սկսել են հետաքրքրվել առհասարակ փանկով և ՆԱՏՈ-ի երգերով (հերիք է կարդալ YouTube-ում խմբի կատարումների տակ թողված մեկնաբանությունները՝ ամենատարբեր երկրներից)։ 


«Եթե մարդը հետաքրքրվում է իմ լեյբլով, դա արդեն իսկ նշանակում է, որ նրան գրավում է արտասովոր երաժշտությունը,– պատմում է Լյուկը,– այն ժամանակ դժվար էր վաճառել վինիլները և այդ թվում ՆԱՏՈ-ինը, բայց այսօր այդ պնակների օրինակները սփռված են ամբողջ աշխարհով, բոլոր նրանց մոտ, ովքեր սիրում են հետաքրքիր ու մի քիչ էլ տարօրինակ գործեր»։


Սակայն այդ խառը ժամանակներում երաժշտությամբ զբաղվելը, մեղմ ասած, հեռանկարային չէր։ 90-ականների վերջում գրեթե բոլոր անդամները տարբեր ուղղություններով լքեցին Հայաստանը, ըմբոստ փանկային տարիները մնացին անցյալում։ Որպես հուշ մնաց կոլեկցիոներների մոտ արդեն լեգենդար համարվող վինիլային սկավառակը։ 


Լյուկը շուրջ 25 տարի աշխատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեում, եղավ բազմաթիվ այլ կոնֆլիկտային երկրներում, լսեց շատ այլ թաքնված փանկ խմբերի և հիմա, արդեն թոշակի անցած, պատրաստվում է նորից վերակենդանացնել Tian An Men լեյբլը, բացահայտել ընդհատակյա ռոքը՝ հին ու բարի ժամանակների պես։