Շնչող արվեստ 2
Թանգարաններ

Շնչող արվեստ 2

Վերակենդանացող արվեստը Երևանի թանգարաններում:

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

#Թանգարաններ #Արվեստ

2018-ի հունիսյան ջերմ օրերին Երևանի մի քանի թանգարանների մուտքերի առջև իսկական իրարանցում էր։ Խումբ-խումբ մտնում ու դուրս էին գալիս տասնյակ երիտասարդներ, տարեցներ ու երեխաներ։ Պարզվում է՝ մի քանի թանգարաններում արվեստի ստեղծագործությունները շունչ էին առել ու երևանցիներին հրավիրում էին իրենց տարածք՝ շփվելու։ Այս տարի, մայիսի 21-ին, 25-ին և 29-ին որոշ հայտնի արվեստի գործեր խոստանում են նորից շունչ առնել։ 

 

ԵՐԵՎԱՆ-ը բացահայտել է թանգարանային այս առեղծվածն ու պարզել մանրամասները։ 

 

 

Շնչող արվեստը Երևանի թանգարաններում

«Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահան Բադալյանը, ով նաև արդեն USG-ի հովանավորվող ծրագրերի շրջանավարտ էր, ԱՄՆ մշակութային հաստատություններ կատարած այցերի ընթացքում ձեռքբերված փորձի ու գիտելիքների հիման վրա հղացավ ու իրականացրեց «Շնչող արվեստ» («Art Alive!») նախագիծը։ Վահանը համոզված էր, որ ժամանակակից թանգարանների այցելուները կարիք ունեն ավելի շատ ներգրավվածության և ժամանցի և որ դա ամենևին էլ չի հակասում թանգարանների հայեցակարգին։

 

Գեղարվեստական նախագիծը նպատակ ուներ նոր շունչ հաղորդել Երևանի մի քանի թանգարաններին՝ ներկայացնելով նրանց ամենանշանավոր ցուցանմուշները նոր մեդիաներով և անսպասելի ձևով: Սա հայ հանրության համար հիանալի հնարավորություն էր վերանայելու և վերաիմաստավորելու սեփական գեղարվեստական ժառանգությունը, տեսնելու այն նոր ու արտառոց մատուցմամբ։ Թանգարանների այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու թե ինչպես են թանգարանների որոշ ամեանշանակալի ցուցանմուշները «վերակենդանանում» և հրավիրում իրենց արվեստային տարածք։

 

Նախագծի ընթացքում ժամանակակից պարի, ֆիզիկական թատրոնի, դերասանական արվեստի, բոդի-արտի, վիդեո-արտի, ինստալյացիայի և տարբեր գեղարվեստական լուծումների միջոցով Փոքր թատրոնի արտիստները փորձել են նոր, կենդանի շունչ հաղորդել կտավին կամ քանդակին՝ առաջացնելով անսպասելի տպավորություններ և հույզեր։ Ընտրվել էին Մարտիրոս Սարյանի երկու կտավները Սարյանի տուն-թանգարանում, Սարո Գալենցի «Մադոննան»՝ Կալենց թանգարանում, Արև Պետրոսյանի «Բացարձակ ազատությունը»՝ «Արև» արվեստի պատկերասրահում, Երվանդ Քոչարի «Էրեբունի-Երևան» եռաչափ աշխատանքը Երվարդ Քոչարի թանգարանում, Վարդգես Սուրենյանցի մի քանի գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից և Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Ֆերնանդո Բոտեռոյի «Կատուն»։

 

 

Նոր տարածքների գրավում 

«Շնչող արվեստի» գրանցած մեծ հաջողությունից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Վահան Բադալյանի հետ նախաձեռնել է ծրագրի երկրորդ թողարկումը այս տարի: Ընտրվել է երկու թանգարան Երևանում և մեկը՝ Գյումրիում։ Մայիսի 21-ին Երևանի Սիրահարների այգում նախագիծը կիրականացվի Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ», Հակոբ Հակոբյանի «Հայելիով կինը» և Գառզուի «Ալ սենյակ» կտավների հիման վրա, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից։

 

Միջոցառումը նաև նվիրված է ականավոր արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին և նրա ջանքերով 1972-ին հիմնադրված` Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակին։ Արվեստասեր հանրությանն արդեն քաջ հայտնի գործերը կներկայանան միանգամայն նոր գեղարվեստական մատուցմամբ և մեկնաբանությամբ։ Մայիսի 25-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանի բակում ու ցուցասրահներըւմ կենադանություն կստանան վարպետի «Նռան գույնը» ֆիլմից կադրեր:  Իսկ արդեն մայիսի 29-ին Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի մի քանի ցուցասրահներում, որտեղ ներկայացված են հայկական ավանդական արհեստները, այցելուները հնարավորություն կունենան ընկղմվելու հին քաղաքի առօրյա անցուդարձի մեջ։ 

 

 

Ի դեպ, այս նախագծի շրջանակում ապրիլ ամսին արդեն իսկ տեղի ունեցավ «Թանգարանների ապագան ստեղծարար մոտեցումների համատեքստում. փորձ և հեռանկարներ» շնորհանդես-դասընթացը, որի ընթացքում Երևանի և Գյումրիի շուրջ 50 թանգարանների աշխատակիցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակակից աշխարհում թանգարանային ոլորտում ակտիվորեն կիրառվող նորարարական և ստեղծարար մոտեցումներին ու գործիքակազմին, որոնք կարող են նպաստել նոր լսարանների ներգավմանն ու հանրության ավելի լայն շրջանակներում թանգարանների հավաքածուների ճանաչելիության բարձրացմանը:

 

«Շնչող արվեստը» վերահարստացրեց Երևանի թանգարանային մշակույթն իր նորարարական լուծումներով և ստեղծարարությամբ։ Այն կոտրեց հայաստանյան թանգարանների մասին ձևավորված կարծրատիպերն ու վստահեցրեց, որ թանգարանում հնարավոր է իրականացնել ինտերակտիվ, միջառարկայական նախագծեր և որ թանգարան-թատրոն համագործակցությունը միանգամայն հնարավոր է։

հավելյալ նյութեր