Շոշափելի հետևանք
Պատերազմ

Շոշափելի հետևանք

«Եթե այդ իբր ոչ խոցելի նյութը նման վիճակում է, ապա մարդու հե՞տ ինչ կլինի»

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Consequence: Artefact / Հետևանքը. արտեֆակտ

 

 

Պատերազմը անհետ չի հեռանում, հետևանքներն անխուսափելի են: Երբեմն դրանք ակնյահտ են, ինչպես հրակոծված մետաղյա տանիքը կամ պայթյունից այրված մեքենան, իսկ երբեմն առաջին հայացքից տեսանելի չեն՝ մարդկանց ներսում, մի տեղ թաղված, բայց անընդհատ իրենց մասին հիշեցնող։ Այս ամսվա սկզբում Երևանում, իսկ մինչ այդ նաև Արցախում ներկայացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» համալիր աշխատանքը։ Նախագիծն ընդգրկում է պատերազմի հետևանքով ընդմիշտ ձևափոխված նյութերից ստեղծված ծավալային օբյեկտների և պատերազմի ստվերում ապրող, բայց առ այսօր առաջ գնացող 12 հերոսների ֆոտոպատմության ցուցադրություն։ Նախագծի շրջանակում նաև վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որը լույս է գցում նախագծի ամբողջ ընթացքի վրա։ ԵՐԵՎԱՆը զրուցեց լուսանկարիչ Արեգ Բալայանի, արվեստագետ Էդիկ Պողոսյանի և ռեժիսոր, օպերատոր Հրայր Սարգսյանի հետ։

 

 

 

Կորիզը

«Ստեղծագործել պատերազմից քայքայված մետաղներով»․ «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի սկզբնական գաղափարը Էդիկ Պողոսյանը ձևակերպել էր այսպես։ 20 տարվա դադարից հետո նա վերադարձել էր կերպարվեստ, սկսել աշխատանքը մետաղի հետ։

 

Իր ամբողջ գիտակից կյանքը ապրել էր Իրանում, եղել Իրան-Իրաքյան պատերազմի վկա, իսկ 12 տարի առաջ տեղափոխվեց Հայաստան, որն իր հերթին փորձում էր ոտքի կանգնել Արցախյան պատերազմից հետո: Էդիկի խոսքով, երբ ապրում ես ռազմականացված իրականության մեջ և որպես մարդ ձևավորվում ես հակամարտության ժամանակում, հաճախ մտքերդ այդ թեմաներին են վերադառնում, հատկապես եթե տեղափոխվել ես մի վայր, որը մեկ այլ կոնֆլիկտի մեջ է:

 

Էդիկը արդեն ճանաչում էր Արեգ Բալայանին և որոշեց հանդիպել ու զրուցել իր գաղափարի շուրջ: Առաջին զրույցից մեկ տարի անց կրկին հանդիպեցին ու որոշեցին միասին իրականացնել նախագիծը, բայց արդեն նոր՝ ընդլայնաված տարբերակով։ Կարևոր էր հասկանալ՝ ինչպես միավորել լուսանկարն ու մետաղը։ Էդիկի ու Արեգի լուծումն էր անել դա մարդկային պատմությունների և մետաղյա ծավալային օբյեկտները համադրելով: Ծրագրով նախատեսվում էր զեկույցանման ֆիլմի ստեղծում, բայց արդեն երկրորդ այցից պարզ դարձավ, որ ֆիլմը կդառնա նախագծի լիարժեք մասնիկ։ Դրա ստեղծման պատասխանատուն դարձավ Հրայր Սարգսյանը։

 

Հետազոտական մասը տևեց մոտ կես տարի։ Հեղինակներն սկսեցին մետաղներ հավաքելուց ու տեղանքը ուսումնասիրելուց, զուգահեռաբար հանդիպում ու խոսում էին մարդկանց հետ։ Էդիկի գաղափարը առաջնային իմպուլսն էր, որին միացան Արեգի և Հրայրի հայացքները, ու երկար քննարկումներով ու խմորումներով միասին եկան հասան նրան՝ ինչ կա: Հեղինակներն ասում են՝ այս նախագիծը Արցախի մասին չէ: Այն ռազմական գործողություններից ծնված հետևանքների մասին է։ Ճիշտ է, ներկայացված ծավալային օբյեկտները և մարդկային պատմությունները Արցախյան հակամարտությանն են վերաբերում, բայց այս խնդիրը համամարդկային է։

 


Հարց


Էդիկ․ Հինգ, թեկուզ երկու կամ երեք միլիմետրանոց մետաղը ահագին ամուր և ոչ խոցելի է երևում։ Հարց է առաջանում․ եթե այդ իբր ոչ խոցելի նյութը նման վիճակում է, ապա մարդու հե՞տ ինչ կլինի։


Շրջադարձային պահը


Արեգ. Երբ առաջին անգամ գնացինք Թալիշ, հանդիպեցինք այնտեղի ադմինիստրացիայի ղեկավար Լյովայի հետ։ Նա տարիներով Եղնիկներում է ծառայել, կարելի է պատկերացնել իրա զսպվածությունն ու լուռ բնավորությունը։ Բոլորս մտանք ներս իր սենյակ, բարևեցի ու սկսեցի պատմել` ինչի ենք եկել, ինչ ենք ուզում անել։ Պատմում, պատմում եմ, դեռ լուռ է, բայց ես հո գիտեմ, որ Ղարաբաղում այդպես է, սպասում է տեսնի մտքինս ինչ է՝ ռենտգեն է անում։ Չի պատասխանոմ, նշանակում է՝ ուզում է ավել բան պատմեմ։ Զգում եմ՝ Էդիկը արդեն մի քիչ լարվել է, երևի մտածում էր՝ չի ստացվի համոզել։ Մի քանի բառ էլ խոսեցի, մեկ էլ ասում է՝ ի՞նչ կխմեք։ Ու այդպես էլ գնաց: Մեզ տարավ Թալիշի վայրերով, ցույց տվեց որտեղ է ապահով, իսկ որտեղ ենք հակառակորդի տեսադաշտում։ Բարձրացանք Թալիշի դպրոց։


Էդիկ. Պտտվում էինք դպրոցով, տանիքի մի կտոր տեսանք՝ մեջը մեծ ճեղք։ Որոշեցի հագնել այն։ Արեգը արագ կանգնացրեց ինձ պատի մոտ, որ նկարի քանի դեռ ծանրությանը դիմանում էի: Էսքիզային վիճակ ու մեկ էլ հանկարծ այդ մարդու հայացքը, ձայնը փոխվեց։ Ասում է՝ տղեք, ես նոր հասկացա ձեր միտքը, սրանից ուժեղ բան չի կարա լինի։ Այդ պահից, կարծում եմ, բոլորիս համար ամեն ինչ ընկավ իր տեղը և ես հասկացա, որ միջի եղած անվստահության, կասկածի պատնեշը հենց նոր փլվեց։ Բայց այդ լեգիտիմությունն և իրավունքը ձեռք բերելու համար մեծ ճանապարհ ենք անցել։

 

 

Որովհետև պետք էր


Արեգ. Ամենաբարդ նկարահանումները երկու եղբայրների հետ էր։ Բառեր չես գտնում, որ կարողանաս բացատրել, որ երրորդ տակառը իրենց եղբոր տեղն է, բայց պարտավոր ես բացատրել՝ ինչու ես հենց այդպես որոշել նկարել, հո մանեկեն չեն։ Այս ամեն ինչը իրենք են անում, պետք է համաձայն լինեն, բայց դրա համար նախ և առաջ պետք է հասկանան։ Ընթացքում շատ անմիջական շփվում էինք, հեռախոսով բաներ էին ցույց տալիս։ Իրենք այդպես ապրում են, բայց իրենց մեջ նաև ապրում է իրենց եղբոր չլինելը։ Ի սկզբանե տղաների հայրիկի հետ էինք կապի մեջ, ու մոր կարծիքը այս ամենի վերաբերյալ չգիտեինք։ Մայրը Արցախում Ֆիլմի ցուցադրության ժամանակ, դահլիճ չմտավ՝ ցուցասրահի անկյունում պատին հենված կանգնած էր։ Մոտեցա, նկատեց, բայց գլուխը չբարձրացրեց։ Խառնվեցի մի քիչ, ասեցի՝ կներեք ինձ։ Ուրիշ բան չկար ասելու։ Ասեցի՝ կներեք, որ քչփորել եմ, այդքան խորացել եմ, բայց ես վերցնում եմ ինձ վրա այդ պատասխանատվությունը որովհետև… և երկուսս իրար հետ ասացինք ՝ պետք էր։ Այդտեղ սաղ կասկածները, վախերը կորան ու հասկացանք, որ իրոք պետք էր։


Ֆիլմը

 

Հրայր. Ի սկզբանե գիտեի, որ իմ հերոսները լինելու են իրենք՝ Արեգն ու Էդիկը։ Նաև հստակ էր, որ պետք է ցույց տանք պատերազմի հետևանքը, բայց մնացած ենթաասելքիները ամբողջ ընթացքում տեղի ունեցող տրանսֆորմացիայի արդյունքում ձևավորվեցին։

 

Արեգ Բալայանը, Էդիկ Պողոսյանը, Հրայր Սարգսյանը
 


Ինձ համար ամենաբարդը նախագծի հերոսների անձնական տարածքի այդ նուրբ գիծը չխախտելն էր։ Ֆիլմում հերոսները շատ իրական են։ Կյանքում էլ ֆիլմի Արեգը նույն Արեգն է, Էդիկը նույն Էդիկը, պարզապես ներկայացրել եմ՝ ինչպես ես եմ տեսել իրենց այդ ամբողջ ճանապարհի ընթացքում։ Միգուցե առհասարակ պրոցեսում ավելի հանգիստ ու պոզիտիվ միջավայր է եղել, բայց ես տեսնում էի, որ հումորը ձև էր այդ ներքին ծանրությունը հանելու։ Երբ երեկոյան գնում էինք, նստում մի կտոր հաց ուտելու, երևում էր, որ փորձում են իրենց մեջ հասկանան տեղի ունեցածը, երբեմն անգամ խոսել չէին կարողանում։ Արտաքինը այդքան կարևոր չէր, կարևոր էր ոնց են իրենք իրենց ներսում զգում, ինչպես են տանում այդ պատասխանատվությունը, վախերը։ Ես ինքս փորձում էի որոշակի դիստանցիա պահել, էլի իրար հետ էինք անում, բայց այդ դիստանցիան պետք էր, քանի որ պետք է ֆիլմ նկարեի, իսկ իմ հերոսներն իրենք էին։ Նախագծի կերպարների հետ էլ նույն մոտեցումն էր, Արեգի միջոցով էի շփվում, քանի որ ես չէի ուզում, որ իրենք ինձ նկատեն, իսկ Արեգին վստահում էին, իրենցից մեկն էին համարում։


Ես փորձում էի անջատել իմ բոլոր էմոցիաները, որովհետև եթե դու մի պահ խորանաս իրենց ապրած կյանքի մեջ, կարող է կամերան մի կողմ գցես ու ընկնես մտածմունքների մեջ, բայց դոկումենտալիստի մասնագիտությունը դա չէ։

 

Սկզբում մտածում էի ամբողջությամբ երկխոսությունների վրա հավաքել ֆիլմը, հարցազրույցներ չլինեին, իրենց բզբզեի, սկսեին զրուցել՝ ես էլ նկարեի, բայց դա շատ բարդ էր, քանի որ մի պահից նրանք սկսեցին լռել՝ երկխոսությունները արդեն իրենց ներսում էին։ Հետաքրքիր էր, թե ինչքան շատ էին մարդիկ ուզում, որ նախագիծը իրականանա։ Խոսքերով չէին ասում, բայց պարզ էր։ Շատ շերտեր կային, և այդ դիստանցիաի պատճառներից ևս մեկն այն էր, որ եթե շատ խորանայի այդ բոլոր շերտերի տակ, ֆիլմը կտևեր մի քանի ժամ։

 

 

 

Նարատիվն ու պատերազմի սեղանը


Էդիկ. Մենք չենք փորձել ցույց տալ սրացումը, հեղինակի գոյությունը կամ ըմբոստությունը նյութը ավելի գրավիչ դարձնելու համար: Մնացել ենք իրականության մեջ։ Կոնցեպտուալ գործ ստեղծել չէի ուզում՝ ավելի շատ վերացականի կողմնակից եմ, թեև ներկայացված գործերը դասական աբստրակցիայի չես վերագրի։ Այնուամենայնիվ, մի աշխատանք ստեղծեցի, որը կոնցեպտուալի դաշտում էր: Ցուցասրահի կենտրոնում կանգնեցված «սեղանը» (պատերազմական ժամանակաների ինքնաշեն սեղանների նման), որի վրա հացի կտորներ են դրված, նույնպես իր նարատիվն ունի։ Գաղափարը այսպես է հնչում ՝ հաց ուտել պատերազմի սեղանին։ Հացը որպես կյանքի հնարավորություն, իսկ ծակծկված մետաղը որպես պատերազմի ամենօրյա վախ:


Ինչպես նախագծի կատալոգում նշում է արվեստաբանն Ելենա Այդինյանը՝ այն կարող է շատ ճակատային թվալ, բայց այն փորձառություն է առաջարկում, և երբ դու գալիս կանգնում ես այդ սեղանի մոտ, մի պահ պայմանականորեն մտնում ես նույն դրության մեջ, ու կապ չունի դու կոնֆլիկտի որ մասում ես՝ պատկերը նույն է։ Սեղանը դարձավ պերֆորմատիվ ակտերի տարր։ Թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում բացման ընթացքում հաց կիսեցինք, մեր բոլոր երևանյան քննարկումները այդ սեղանի շուրջ եղան։

 

 

Ֆոտոշարքի հերոսներից մեկը՝ Արոն


Հերոսը


Արեգ. Բացումից հետո թիմով, մեր ընտանիքներով գնացինք մի կտոր հաց ուտենք, մի բաժակ բան խմենք։ Ընթացքում իմացանք, որը մեկը քննադատություն էր գրել նախագծի վերաբերյալ։ Այդ պահին աշխատեցի շատ չխորանամ, բայց անկախ քեզնից սկսում ես մտածել, միգուցե իրոք մի բան սխալ ես արել։ Մեր հերոսներից մեկը՝ Արոն, դիմացս էր նստած։ Կիսաջղայնացած հարցրեցի. «Ինչի՞ ես նկարվել»։ Նայեց վրաս ուշադիր ու ասեց. «Ասեմ, Արեգ, ուզում էի, որ ինձ նկարեիք, որ չկորեմ։ Իմ երեխան չմտածի, որ իրա հերը կորած մեկն ա։ Իմանա, որ իր հայրը հերոս ա։ էս կատալոգը, որ տվել եք, տանում ա ընկերներին ցույց ա տալիս, ասում ա՝ պապաս հերոս ա…»

 

 

Վերջաբան


Մարգարիտ․ Ինձ համար այս նախագիծը անցյալի մասին չէ, այլ հեռուն գնացող ապագայի, բայց առաջ շարժվելու համար պետք է իրականության, պատմության ու դրա հետևանքների հետ ամենայն անկեղծությամբ հաշվի նստել։ Տալ պատասխան բոլոր այն հարցերին, որոնք նախկինում տեսականորեն իմացել ենք, բայց չենք ուզել խորապես գիտակցել։ Հայաստանում և Արցախում գրեթե չես գտնի մի ընտանիք, ում տան տղամարդկանցից, կամ նույնիսկ կանանցից մեկը չի մասնակցել որևէ պատերազմական գործողության։ Հայրենական մեծ պատերազմ, Արցախյան շարժում, Ապրիլյան պատերազմ։ Բոլորի տներով կարմիր թելով անցնում են նմանօրինակ դեպքեր ու իրադարձություններ, բայց դրանցից մնացած հետևանքներից մենք խոսում ենք հոգոց հանելով, հերթական անգամ խուսափելով հասկանալուց։ Այնուհանդերձ, պատերազմները չեն ավարտվում ռազմի դաշտում և գրեթե բոլորս որևէ պատերազմի հետևանքի կրող ենք։ Այս նախագիծն փորձ էր հասկանալու այն, ինչի մասին, գրվել են երգեր, նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, բայց չեն տրվել հարցեր հենց այն մարդկանց, ովքեր այդ հետևանքների ապրող օրինակն են։ Ըստ իս՝ հենց իրենք գիտեն իրական երջանկության արժեքը, գիտեն ինչն է սիրուն, գիտեն՝ ինչու է պետք շարունակել առաջ գնալ։ Իսկ մեզ մնում է նայել, սովորել ու սկսել սեփական ներքին երկխոսությունը։


Արեգը նախագծի մասին ասում է՝ ուրիշի ճանապարհը հասկանալով անցնում ես քո ճանապարհը, տաշվում ես, քանդվում, հետո հետ ես սարքվում, կարող ա մի բանդ քանդվում է, մի ուրիշը հավաքվում է դրա փոխարեն։ Հետաքրքիր պրոցես, որով անցնում ես ու մեծանում։