Շողակաթ Վարդանյանի «1489»․ Կարեն Անտաշյանի կարծիքը
Կինո

Շողակաթ Վարդանյանի «1489»․ Կարեն Անտաշյանի կարծիքը

Հուլիսի 9-ին Ոսկե ծիրան կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գուցե կարևորագույն պրեմիերան․ ցուցադրվե Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը, որը մինչ այդ արդեն հասցրել էր մի շարք խոշոր փառատոներում մրցանակներ շահել։ Ներկայացնում ենք բանաստեղծ Կարեն Անտաշյանի անդրադարձը։

Տեքստը՝ Կարեն Անտաշյանի

 

Ֆիլմի հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Կինոյի տանը

#ՈսկեԾիրան #Արցախ

Չգիտեմ, երբևէ Կինոտան դահլիճը տեսե՞լ էր այդքան արցունքներ, հանդիսատես համարվելու անպատեհությունից ուրվական, ստվեր դառնալու ու մի ձև դուրս արտահոսելու այդքան կարիք, ֆիլմի ավարտից հետո հանկարծ ավելորդ աղմուկ չարտադրելու ծիսական նրբանկատություն, բոլորովին այլ բանի հետ առերեսված լինելու շփոթվածություն, մարդկային կսկիծ - չէր տեսել։

 

Ֆիլմը 44-օրյա պատերազմի 7-րդ օրը անհայտ կորած ժամկետային զինծառայող Սողոմոնի անդառնալի կորուստը ապրող ընտանիքի պատմությունն է, որ նրա բացակայությունը սկզբից փայփայում է որպես փրկության հույս, հետո որպես նահատակված սրբի սրբազան մասունքներ և վերջում որպես եռագույնով սառը ագուցված հողագույն ոսկորների անհաղորդ կապոց։

 

Պարզ, կենցաղային, ակնհայտ թվացող պատկերաշարը, որով մի կողմից պատմվում է հազարավոր հնարավոր նույնատիպ պատմություններից հերթականը՝ միևնույն ժամանակ հագեցած է անսահման դրամատուրգիական զգայականությամբ, անկեղծության ու հավաստիության ցավացնող մերկությամբ, միստիկ այլաբանությունների աշխարհ մոդելավորող բազում խորհրդապաշտական նշաններով ու մի տեսակ արվեստային, ստեղծագործական կուռ տրամաբանությամբ, որ քեզ մոլորված է թողնում արվեստի ու իրականության անորոշ սահմանագծին՝ թույլ չտալով որոշարկել քո մասնակից, կամ հանդիսատես լինելու դիրքորոշումը։

 

Մարդկային ամենաինտիմ ապրումի՝ կորստյան վշտի միջով անցնող մարդկանց մոտ իբրև գնահատող դիտարկու, իբրև գողտու էսթետ հայտնվելու անամոթությունը այդպես էլ չի լքում քեզ։ Տառապող մարդուն և սեփական տառապանքը վավերագրող արտիստին նույնարկելով հասկանալի դարձնելու քո պարզունակ մարկդային ջանքը դատապարտված է անհաջողության ու չնայած սեփական կենսագրությունն առ պոետիկ տեքստ որոճալու քո տասնամյակներով հղկված փեշակին, դու նորից այլայլված հայտնաբերում ես, թե ինչ է իրականում նշանակում լինել բանաստեղծ՝ լեզու գտնել ուրիշների սիրո ու տառապանքի համար՝ անարգելով սեփականը։

 

 


 

2023 թվականի նոյեմբերին դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ Ամստերդամի IDFA-ում, Շողակաթ Վարդանյանի դեբյուտային ֆիլմը արժանացել է երկու մրցանակի՝ որպես միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ և FIPRESCI մրցանակի։ Գլխավոր ժյուրին այսպես է ձևակերպել իր որոշումը․ «Ֆիլմ՝ իբրև թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք. թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, վերջապես անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ»:

 

Իսկ FIPRESCI—ի մրցանակը, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից, ունեցել է հետևյալ ձևակերպմամբ՝ «Ֆիլմը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին, օրգանականորեն անցնելով առաջին դեմքի տեսանկյունից դեպի ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»: