Սինե-ակումբ. կինոն, արվեստը և մարդը
Կինո

Սինե-ակումբ. կինոն, արվեստը և մարդը

Ֆրանսիական ամենատարբեր հին ու նոր ֆիլմերը՝ հայերեն և անգլերեն ենթագրերով, 2022 թվականի մարտից ցուցադրվում են Հայաստանի ազգային գրադարանում՝ Սինե-ակումբ նախագծի շրջանակում։ Մուտքն ազատ է։ ԵՐԵՎԱՆը շփվել է ակումբի հիմնադիրների հետ։

Տեքստը՝ Վիկտորյա Սամուելի

 

Լուսանկարներրը՝ Հայաստանի ազգային գրադարանի

 

Հետևել Սինե-ակումբի ցուցադրություններին

 

#Կինո

Կրթել հանդիսատեսին

«Արվեստի հիմնական կետերից է այն, որ դու վերապրես հերոսին։ Նա դառնում է քո փորձառությունը։ Սա էլ զգացիր, սա էլ ապրրեցիր։ Սա էլ հաղթահարեցիր։ Քո փորձառությունը հարստանում է։ Դու հարստանում ես»։

Գարեգին Զաքոյանի կարծիքով՝ արհեստավարժությունը հենց այն է, որ հեղինակը կարողանա այնպիսի կինո ստեղծել, որ անկախ նրանից՝ «հերոսը գող է, ավազակ, պոռնիկ թե չափազանց ազնիվ մարդ, դու վերապրես և ինչ-որ առումով նույնականանաս նրանց հետ։ Չէ՞ որ դու հայտնվում ես այդ կեղտի մեջ, ունենում ես այդ փորձառությունը եւ մաքրվում: Առաջ է գալիս արվեստի այն գործառույթը, երբ մարդը դրա միջոցով հասնում է կատարսիսի»։

Զաքոյանը Սինե-ակումբի հիմնադիրն է։ Մյուս երկու համահիմնադիրների հետ նա հավատում է, որ կարևոր է կինորարվեստի տարածումն ու զարգացումը։ Իսկ դրա համար անչափ կարևոր է կիրթ հանդիսատեսը։ Դրանք անմիջականորեն փոխկապակցված են իրար, և դժվար է լավ կինո նկարել, երբ չկա այն հանդիսատեսը, ով կարիքն ունի բարձր գեղարվեստական արժեքի։

Սինե-ակումբն ստեղծվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համատեղ աջակցությամբ, իսկ դրա առաքելությունն, ըստ հիմնադիրների, նպաստելն է հենց այդպիսի հանդիսատեսի վերհանմանը, ստեղծմանը և կինոարվեստի տարածմանը։

 

 


Զարգացնել տեղական կինո-մթնոլորտը

Ըստ ակումբի համահիմնադիր Արթուր Վարդիկյանի` նախագիծն ուղղված է Հայաստանում կինոմթնոլորտի զարգացմանը, «որ հանդիսատեսը հնարավորություն ունենա ոչ միայն ժամանակակից կոմերցիոն կատակերգություններ կամ մարտաֆիլմեր նայելու, այլև դիտելու ավելի հին, դասական ֆիլմեր, նաև այնպիսի ժամանակակից ֆիլմեր, որոնք չեն հայտնվում կինոթատրոններում։ Եվ ոչ միայն մեզ հետ դիտել ֆիլմը, այլ նաև լսել մասնագետի ներածությունը տվյալ ֆիլմի մասին։ Շատ հաճախ էլ ցուցադրություններից հետո մասնակեցել քննարկումների, համախոհներ գտնել։ Այս ամենը նպաստում է երկրի մշակութային կյանքին։ Այսպիսի միջավայրն ու քննարկումները չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել մարդկանց վրա»։

Ինչպես հիշում են համակարգողները, սկզբում ավելի շատ ֆրանսախոս մարդիկ էին գալիս, հետո հանդիսատեսն ավելի բազմազան դարձավ։ Կան ուսանողներ, ովքեր հաճախ նույնսիկ այս ոլորտից չեն, բայց ավելի շատ ակտիվություն կարող են ցուցաբերել։ Օտարերկրացիներ են հաճախ գալիս՝ անգլիախոս, ֆրանսախոս, ռուսախոս։ 

Ցուցադրության համար ֆիլմեր ընտրելը, Արթուրի խոսքով, ենթադրում է հարյուր կամ ավելի ֆիլմեր դիտում։ Ընդհանրապես՝ ակումբի և ցուցադրությունների համակարգումը բազմապրոֆիլ աշխատանքներ է ենթադրում, որը, սակայն, ունի իր առանցքը և չի շեղվում դրանից։

«Ծրագիրը կազմելու համար ստիպված ենք լինի 100 կամ ավելի ֆիլմ նայել, ընտրել լավագույնները և անել դրանց թարգմանությունները։ Յուրաքանչյուր հեղինակի ստեղծագործությունների մեջ նոր շերտեր ենք բացահայտում, որոնք գուցե տվյալ հեղինակի առավել հայտնի գործերում չնկատվեն։ Եվ շատ հաճելի է, որ կիսվում ենք այս ամենով նաև հանդիսատեսի հետ»,- ասում է Արթուր Վարդիկյանը։

 

Ինչպիսի՞ն պետք է լինի կինոն

Կինոարվեստն՝ իր բազմապիսի արտահայտություններով և ժանրերով արդեն 128 տարի է՝ կա և շարունակում է գոյություն ունենալ մեր կյանքում։ Դրանց մի մասն օգնում և փրկում է, տալիս է հնարավորություն լինելու և զգալու նոր բաներ կամ ոչինչ չի տալիս, կամ ամեն ինչ կախված է ժամանակից և հանդիսատեսից։ և ամեն դեպքում, ես հարցնեմ կինոյից այս մարդկանց՝ ի՞նչ է պետք լավ կինո նկարելու համար։

Ըստ Գարեգին Զաքոյանի` կինո նկարողը պետք է հասկանա՝ ինչի համար է նկարում այդ ֆիլմը․ «Եթե նա հասկացավ, նաև կհասկանա՝ ոնց է պետք, և ինչ է պետք։ Իսկ այս ամենից առաջ պիտի գիտակցի՝ ինչի է մարդն, ընդհանրապես, այս աշխարհ եկել։ Մենք բնության գիտակից մասն ենք, մենք պարտավոր ենք գիտակցել։ Մարդկության մեծամասնությունն ապրում է իր՝ կենդանական ֆունկցիան կատարելու համար, ինչն, ի դեպ, անում է շատ ավելի վատ, քան կենդանիները։ Մարդն ավելի հաճախ փչացնում է։ Իսկ փչացնելու առաջին քայլն ինքնագիտակցություն ձեռք չբերելն է»։

«Պետք է, որ հեղինակը, ռեժիսորը հավատարիմ լինի ինքն իրեն և հնարավորինս ճշգրտորեն ներկայացնի այն, թե ինքն ինչպես է տեսնում աշխարհը։ Եթե նա դա անի, անկախ նրանից, թե ինչքան խոր կլինի ֆիլմը, հանդիսատեսի համար այն լինելու հետաքրքիր, որովհետև տեսնելու կամ զգալու է մի բան, ինչը նախկինում չի զգացել»,- վստահ է Արթուր Վարդիկյանը։

 



 

Հաջորդ երկու ցուցադրությունները հուլիս ամսվա համար

Արթուր Վարդիկյանը ներկայացնում է ակումբի մոտակա երկու ցուցադրությունները․ «Հուլիսի 18-ին ցուցադրելու ենք Ռոբեր Բրեսոնի «Լանսելոտ լճային» ֆիլմը, իսկ հուլիսի 25-ին՝ Քրիս Մարկերի «Նամակ Սիբիրից» գործը։ Երկուսն էլ կինոյի պատմության բացառիկ և անկրկնելի դեմքերից են այն իմաստով, որ երբեք կինոյի ոչ մի ուղղության անդամ չեն եղել, չեն հարել ոչնչի, ինչն իրենց հրամցրել են։ Ստեղծել են բացառապես իրենց կինոն։ Այս երկու ֆիլմերն էլ իրենց պակաս հայտնի աշխատանքներից են, և կարծում ենք՝ դրանով իրենք պակաս հետաքրքիր չեն դառնում, այլ նորից հնարավորություն են տալիս ավելի շատ շերտեր տեսնելու»։

հավելյալ նյութեր