«Սիրանուշ Աղաջանյան․ Թիթեռներ»
Սիրանուշ Աղաջանյանի խճանկարների ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կտևի մինչև հունիսի 4-ը։
Աղբյուր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն
2023 թվականի փետրվարի 24-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» գործում է «Սիրանուշ Աղաջանյան․ Թիթեռներ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են խճանկարի տեխնիկայով աշխատող արվեստագետի մի քանի աշխատանանքեր։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում և Արցախում նա ստեղծեց մեծածավալ խճանկար-թիթեռներ՝ «Հետպատերազմյան թիթեռներ/Սիրահարանք» անվանումով։ Սիրանուշի համար թիթեռների գաղափարը ծնվել է որպես նոր կյանքի, վերածննդի և սիրո մարմնավորում։ Հետպատերազմյան շրջանը սուր անկումային մի փուլ էր հայ հասարակաության մեջ, այդ թվում արվեստագետների համար։ Սիրանուշը որոշեց այդ թիթեռների միջոցով «պարպել» մռայլությունն ու լարվածությունը, ապագայի նկատմամբ հուսահատությունը։ Այդպիսով, 2021 թվականի փետրվարից ի վեր, Երևանի մի շարք վայրերում (ՆՓԱԿ, Կոնդ, «Ալմաստ» գործարան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր), ինչպես նաև հետագայում Ստեփանակերտում հայտվեցին հսկայական թիթեռներ։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» ներկայացված «Սիրանուշ Աղաջանյան․ Թիթեռներ» ցուցադրությունը, շարունակելով հետպատերազմյան «Սիրահարանքի» թեման, տարբերվում է, որովհետև այստեղ թիթեռները նոր կերպարանք են ստանում։ Գրադարանի ողջ պատի երկայնքով տարածվող թիթեռները դեկորատիվ կերամիկայից և բնական քարերից են, որոնք այս պատկերների փիքսելներն են: Մարդկության պատմության ամենահին արվեստային տեխնիկաներից մեկը հազարամյակների խորքից ձեռք է մեկնում 21-րդ դարի մարդուն, ում համար թվանշային փիքսելը հեռախոսների և համակարգիչների էկրանների վիզուալ հաղորդակցման հիմքն է։
Ցուցադրությունը կգործի Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» փետրվարի 24-ից հունիսի 4-ը։ Մուտքն ազատ է։