Սիրողական օբյեկտիվ
Անկախացում

Սիրողական օբյեկտիվ

Ճարտարապետի և անհայտ հեղինակի սիրողական կադրերը Շարժման օրերից։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Արսեն Շուռ Կարապետյանի, անհայտ հեղինակի

 

ԵՐԵՎԱՆ #64 | 2020

#ՄերՀայրենիք

Ճարտարապետ Արսեն Շուռ Կարապետյանը պատմում է իր սեփական տեսախցիկով արված սիրողական կադրերի (սև-սպիտակ) մասին, ինչպես նաև կիսվում լքված մի շենքում հայտնաբերված՝ անհայտ լուսանկարչին պատկանող ժապավենով (գունավոր

 

Հենց էն տարիքը

88-ին ութերորդ դասարանում էի։ Մայրիկիս հետ պատահական անցնում էինք հանրահավաքների կողքով։ Տեսածս ինձ շատ ոգևորեց։ Դրան գումարվում էր նաև, որ հենց այն տարիքում էինք, երբ ամեն ինչին ուզում ես մասնակցել։ Սովետ էր, չէր կարելի, ցույցերն արգելված էին. շատ գրավիչ էր։ 


Հետաքրքիր էր, որ ես ու տարիքակիցներս բավական հասուն էինք, տեղյակ էինք տեղի ունեցողից։ Մեզ համար ոգևորվածության առիթ էր, բայց իրականում տագնապալի օրեր էին։ Կկրակե՞ն, չե՞ն կրակի։ Ծնողներս խիստ էին, բայց, չնայած դրա, թողնում էին գնալ ցույցերի։

 

 

 

Ինքնաբուխ հայրենասիրություն

Երբ դեռ նոր էր ամեն ինչ սկսվում, ու ցույցեր գրեթե չկային, Հրապարակում պարբերաբար շքերթներ էին անցկացվում և բոլոր դպրոցներին պարտադրում էին աշակերտներին բերել այնտեղ։ Մեզ էլ դասարանով տարան, ու երբ հասանք Լենինի արձանի մոտ, բոլորս հանեցինք եռագույնները և սկսեցինք թափահարել։ Շքերթը դարձավ Արցախին նվիրված ցույց։ Նախաձեռնողներն ավելի բարձր դասարաններից մի խումբ տղաներ էին։


Սովետի ժամանակ ցույց անելն անհավանական բան էր թվում։ Վերջին անգամ քաղաքում ցույցեր վաթսունականներին էին եղել։ Թե՛ տանը, թե՛ դպրոցում մեզ բան չասեցին, այդ օրերին քաղաքում խառն իրավիճակ էր, արդեն անիմաստ էր մի բան ասել։

 

Այն ժամանակ ու հիմա

Հիմա չափազանց եփված ենք, բոլորը կարծես ամեն ինչից գլուխ են հանում։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, մի քիչ ավելի ռոմանտիկ էր։ Բնականաբար, կար գիտակցում, բայց մեծ քաղաքական հարցերի մեջ շատ քչերն էին գլուխ հանում։ Մի բան է, երբ դիմացդ սեփական երկրիդ ոստիկանությունն է, ուրիշ բան է, երբ կանգնած ես սովետական բանակի առջև։ Այն ժամանակ կարող էին տանկերով վրայովդ անցնել, այսօր այդ վախը չկա։


Մի անգամ հայրս իմ վրա շատ ուժեղ ջղայնացավ։ Գնացել էինք ցույցի, բոլորը գոռում էին՝ «ով չիջնի ցույցի, հայ չի», մենք էլ երեխեք էինք՝ ոգևորվել էինք, սկսեցինք նույնը բղավել։ Երբ եկա տուն, հորս պատմեցի, շատ բարկացավ։ Մինչև հիմա հիշում եմ ասածը։ Ասաց՝ «դու ի՞նչ իրավունք ունես մարդուն ասել, թե նա ինչ անի»։ Ուժեղ տպավորվել էր, հիմա երբ զգում եմ, որ մի տեղ ամբոխ է հավաքվում, հեռանում եմ։ Կարելի է ասել իմունիտետ եմ ձեռք բերել։

 

 

 

 

Հայտնի և անհայտ հեղինակից

Փոքրուց սիրել եմ լուսանկարել։ Երբ երկրորդ-երրորդ դասարաններում էի, հայրս ինձ տեսախցիկ նվիրեց։ Կոչվում էր՝ SMENA 8-N LOMO: Փոքրիկ, շատ հասարակ տեսախցիկ էր։ Ցույցերին միշտ հետս էր։ Իրականում շատ լուսանկարներ ունեի։ Նույնիսկ քաղաքի վրայով թռչող ուղղաթիռներն էի բռնացրել։ Տան վրայով ցածր թռչում էին մոտ 20 ուղղաթիռ։ Իրական հոգեբանական ճնշում էր։


Ցավոք, ժապավեններիս մի մեծ մաս տվել էի ընկերներիցս մեկին, որպեսզի երևակեր, բայց հետո նա մահացավ ու ժապավեններս անհետ կորան։ Տեսախցիկս էլ մեկ այլ ընկերոջս էի տվել, գնում էր օդանավակայան, իսկ ես զբաղված էի։ Հենց այն օրն էր, երբ առաջին զոհը եղավ։ Ընկերս, փախչելով օդանավակայանից, գցել էր տեսախցիկս ու կոտրել։ 

 

Իհարկե էսօրվա նման ամեն մեկը չէր, բայց միևնույն է՝ շատերն էին սիրողական նկարում, հաստատ ես միակը չէի։ Ես ուղղակի ֆիքսում էի տեսածս։ Օպերայի մոտ բոլորը քաղաքական թեմաներով ազդագրեր էին բերում-կպցնում։ Ինքնաբուխ արվեստ էր, ես էլ նկարում էի դրանք, որ հիշեմ։ Փոշմանում եմ, որ քաղաքը քիչ եմ նկարել, միգուցե հիմա հնարավոր կլիներ շատ ավելին պահպանել։

 

 


Մի անգամ տղաներով դուրս էինք եկել Բաղրամյան, փողոցի մեջտեղում դատարկ էր. մի կողմից հանրահավաքի մասնակիցներն էին, մյուս կողմից սովետական բանակի զինվորները, իսկ մենք նրանց միջև։ Այդ օրը երկու լուսանկար արեցի՝ նկարեցի երկու կողմերը։ Միգուցե այսօր երեխաներիս թույլ չտայի նման տեղերում հայտնվել։

 

93-ին Կոմիտասում գտնվող Դիզայնի ինստիտուտի շենքն էինք չափագրում։ Մի պահից այնտեղի աշխատողները պարզապես թողել էին շենքը ոնց կար ու հեռացել էին։ Նրանց ֆոտոլաբորատորիայից լիքը ժապավեններ էինք փրկել։


Այդ պահին մի մեծ մաս թողեցինք այնտեղ, պայմանավորվել էինք, որ կգանք վերցնելու, շինարարներն էլ խոսք էին տվել պահել, բայց հետո պարզվեց՝ գցել էին աղբը։ Բարեբախտաբար, մի քանիսը վերցրել էի հետս։ Վրան գունավոր, շատ լավ որակով լուսանկարներ էին ցույցերից։ Սկանավորեցի ու պահեցի ինձ մոտ։ Ցավոք, հեղինակն անհայտ է։

հավելյալ նյութեր