SOAD-իստները. «Մեկ էլ դուրս եկավ Սերժը…»
Կուռքեր

SOAD-իստները. «Մեկ էլ դուրս եկավ Սերժը…»

Ձեռքից ձեռք փոխանցվող առաջին պիրատային կասետները, հանդիպումները կուռքերի հետ ոչ պաշտոնական այցերի ժամանակ, երևանյան համերգի անվերջ սպասումները և Սերժի «բարև, ազիզ ջան»-ը. շփվել ենք Սիսթեմ օֆ ը Դաունի ամենահին երկրպագուների հետ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

 

Էդգար Բարսեղյան

ֆոտոլրագրող

SOAD-ի մասին իմացա 1998-ին, երբ ընկերներիցս մեկը՝ Ասպետը, խմբի դեմո ձայնագրությունն էր բերել կասետով։ Իրենց առաջին ձայնագրությունն էր, 4 երգ կար վրան։ Նման երաժշտություն 98-ին դժվար էր պատկերացնել, նորույթ էր ու շատ տպավորիչ, այն էլ՝ ստեղծված հայերի կողմից։ Ասպետն էդ կասետը շատերին բաժանեց ու էդպես բոլորով լսում էինք, քննարկում ու հասկանում, որ մի նոր խոսք ենք բացահայտել ռոքում, որ Նիրվանայից հետո ոչ ոք չէր արել։ 


Այդ կասետից հետո արդեն սկսել էինք հետևել SOAD-ի գործունեությանը, նոր ձայնագրությունները գտել, լսել, քննարկել ու բախտավոր էինք համարում մեզ, քանի որ այն սերունդն էինք, որ SOAD-ի ամենանոր գործերը լսում էինք հենց թողարկման օրը։ Ոգևորիչ էր, որ հայ են, դա մեզ համար խթան հանդիսացավ, որպեսզի գտնենք այլ հայերի, ովքեր ռոք կամ մետալ են նվագում ու ի ուրախություն մեզ՝ պարզվեց, որ այդպիսիք շատ էին։ Մինչ էդ մեզ թվում էր, թե տենց մի 300 հոգի հայ կա, որ հետաքրքրվում էր մետալով, բայց պարզվեց, որ հայերն ամեն տեղ կարողանում են լավ երաժշտություն ստեղծել։ Նաև շատ էինք ուզում, որ SOAD-ը համերգով գա Հայաստան։ 


Օրերից մի օր լուր հասավ, որ Սերժը հենց հիմա Երևանում է՝ «Դոլմամայում», եկել է սիրած աղջկան տանելու։ Աշխատանքի էինք։ Մի քանի ընկերներով մեզ դուրս գցեցինք ու շատ արագ հասանք Աբովյան-Պուշկին խաչմերուկ՝ առանձնապես որևէ հույս չունենալով, որ լուրը ճիշտ է։ Եվ մեկ էլ դուրս եկավ Սերժը։ Անբացատրելի զգացումներ էին։ Չէինք հավատում, որ իրական է, որ մեր կողքին է։ Դե, էն ժամանակ ինֆորմացիան քիչ էր, անգամ չգիտեինք՝ հայերեն խոսում է, թե չէ։ Ասեցինք «hello Serj», ինքն էլ թե՝ «բարև, ազիզ ջան»։ Անսպասելիորեն հաճելի էր նրանից այդքան հայավարի ողջույն լսելը։ 


Այդ օրն իր հետ նկարվեցինք, մինչ օրս պահում եմ, շատ թանկ դրվագ է։ Մի քանի տարի հետո աղմուկ բարձրացավ, որ նորից եկել են, արդեն խմբով ու «Էրեբունի» հյուրանոցում են մնում։ Էդ ժամանակ չկարողացա գնալ, բայց շատերը սպասել էին ու հանդիպել իրենց։ Էդ օրվանից սկսեցին հաճախ հնչել հարցեր, թե ե՞րբ ի վերջո հանդես կգան համերգով Հայաստանում։ Ինքս էլ բազմիցս փորձել եմ նպաստել դրան, հող նախապատրաստել, բայց դե, նման համերգ կազմակերպելու համար մեծ ֆինանսական միջոցներ էին պետք, իսկ այդ ժամանակ Հայաստանում ռոք համերգին նման միջոցներ չէին հատկացվում։ 


Բազմաթիվ այլ դրվագներ են եղել, հիշում եմ, թե ինչպես մի ուրիշ այցի ժամանակ ժամեր շարունակ «Մարիոտի» մոտ սպասեցինք, որ տղաներն իջնեն, զրուցենք իրենց հետ։ Ու ինձ ամենից շատ ապշեցնում էր այն, թե որքան հասարակ էին իրենք շփվում ու չէին տառապում աստղային հիվանդությամբ։

 

 


2009-ին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Սերժի՝ Օքլենդի ֆիլհարմոնիկի հետ համերգի դիտում կազմակերպեցի։ Իհարկե շատ հիասթափեցնող էր, որ ոչ թե համերգ է, այլ տեսագրության դիտում, բայց դա առիթ հանդիսացավ, որ SOAD-ի տղաներն իրենք էլ տեսնեին, որ այստեղ լսարան ունեն ու կա մեծ հետաքրքրություն իրենց երաժշտության հանդեպ։ 


Հետո Սերժի համերգն էր ԹՈՒՄՈ-ում, որը բավականին տպավորիչ էր, բայց դե ոչինչ չի համեմատվի 2015-ի համերգի հետ։ Ես այդ ժամանակ որպես ֆոտոլրագրող վազվզում էի մի իրադարձությունից մյուսը։ Իսկ այդ օրը կար մի հատիկ կարևոր իրադարձություն՝ SOAD-ի համերգը Հանրապետության հրապարակում։ 


Վազելով ինձ գցեցի հրապարակ, հետո անձրև եկավ։ Ես էդ անձրևին շատ շնորհակալ եմ՝ մարդկանց սղլիկ էր դարձրել ու հնարավոր էր ամբոխի միջով արագ-արագ տեղաշարժվել, հասնել մինչև բեմ, լուսանկարել տարբեր դիտանկյուններից։ Դա անմոռանալի օր էր։ Մինչ օրս էլ SOAD լսում եմ հաճույքով ու ամեն անգամ վերապրում եմ այն սրտատրոփ վիճակը, երբ Youtube-ում հայտնվում էր իրենց նոր տեսահոլովակը։

 

 

 

Սերգեյ yerevantropics Նավասարդյան

դիզայներ

Կար ժամանակ, երբ ինտերնետ ունենալը մեծ արտոնություն էր։ Էդ ժամանակ երևի մի հիսուն հոգի կլիներ Երևանում, որ ունեին դրանից։ Մեկը ես էի։ Այ էդ մարդիկ ունեին կապ մնացած աշխարհի հետ ու էդտեղից էին իմացել, որ Ամերիկայում կա տենց մի հատ կտցրած գազան հայերի խումբ։ Մոտավորապես նույն ժամանակ ստեղ հասավ առաջին ալբոմը, էն որ ձեռք ա նկարած շապիկին։ Մեկը բերել էր ու հերթով բոլորի համար սիդիների վրա գրում տարածում էր։ Ես կարծեմ «Օսկարից» էի առել։ Ձայնագրում էին, մի հատ էլ ահավոր որակի թղթի վրա նկարն էին տպում, ու պատրաստ էր։ Կասետն էլ կարելի էր գտնել Երիտասարդականում, հիմիկվա քսերոքսնոցների տեղում մի քանի շատ լավ կետ կար։ 


Ես էդ ժամանակ ռոքոտ փուլում էի։ Ու հիշում եմ, որ շատ տպավորված էի Սիսթեմի նոր, լրիվ ուրիշ սաունդով։ Նման չէր մեր լսած ռոքին, թարմ էր։ Հայկական էլեմենտներն էլ իրանց հերթին։ 


Հետո՝ Toxicity-ն նոր էր դուրս եկել, իմացանք, որ Սերժ Թանկյանը, Շավոյի ու իրանց պրոդյուսերի հետ գալիս են Երևան։ Կարծեմ Սերժն առաջին անգամ էր ընդհանրապես, դե Շավոն երևանցի էր, իրա համար բացահայտում չէր։ Բայց գլխավոր նպատակը ստեղի ֆանատներին տեսնելն էր, մի քիչ էլ անկախ Հայաստանը տեսնել։ Աբովյանում տուն էին վարձել՝ հիմիկվա կաֆե «Ցենտրալի» շենքի երկրորդ հարկում։ Մեզ մի քանի հոգով գտան, կանչեցին։ Ես էլ որպես Սիսթեմի պատվավոր ֆանատ դրանց թվում էի։ Ահագին նստեցինք, Սերժը վերջին մի 15 րոպեն մտավ, սաղիս ողջունեց, լավ-լավ բաներ ասեց, նկարվեց, ու գնաց։ Իսկ ես էն տարիքում էի, որ սիրած աստղին հանդիպելը շատ մեծ բան էր։ Ֆոտոն ունեմ պահած։ Հետո մի քանի անգամ էլ գնաց եկավ ու կար մարդկանց մի շրջանակ, որոնք իրան գիտեն այ էդ ժամանակներից։ 

 

 


Պարբերաբար էդ թեման էր բարձրանում, թե՝ հեսա-հեսա գալու են, բռնվեք։ Էնքան չեկան, որ 2005 թվին ես հելա գնացի Բեռլին, որ իրանց վերջապես լայվ լսեմ։ Էդ Mezmerize/Hypnotize-ի տուրն էր, այսինքն իրանք ամենապիկում էին ու դրանից հետո ուղղակի ցրվեցին։ Առաջին անգամ էի էդ կարգի համերգին, լրիվ ցնդած վիճակ էր։ 


Չնայած դե 15 թվին որ եկան, շատ լավ եկան։ Չնայած ուշոտ էր։ Հիմա հասկանում եմ, որ էդ լուրջ, բարդ հարց ա, ֆինանսներից ա կախված, մենեջմենթից, լեյբլից ու էլի հազար բանից։ Մյուս կողմից՝ Հայաստանի համար, եթե ուզեին, կարային արտահերթ մի բան անեին, եսիմ։ Բայց չեմ փնթփնթում, որովհետև էդ ուշացած համերգը մեկ ա՝ բոմբ էր։

 

 

 

Միքայել Զոլյան

երաժշտասեր, պատմական գիտությունների թեկնածու

Ընկերներիցս մեկի՝ Ասպետի հայրը Կանադայում էր աշխատում, ու մի օր իր մոտ մի կասետ հայտնվեց, որն էլ տվեց ինձ լսեմ։ Ինչ-որ ռոք խումբ էր, հայեր էին։ SOAD-ի կասետն էր, առաջին ալբոմից սինգլ էր, մինչև հիմա պահել եմ, տանը մի տեղ գցած է։ Հա, ես էն քիչ մարդկանցից եմ, ով SOAD դեռ կասետով է լսել։ 


Բայց այն ժամանակ ես այդքան չտպավորվեցի։ Դե հայերը սիրում են պեղել, գտնել դրսում ինչ-որ ոլորտներում աչքի ընկած հայերի։ Ես իրենց էլ այդ կոնտեքստում ընկալեցի, մտածեցի՝ դե Ասպետի ծանոթներն են երևի։ Լսեցի ու մոռացա դրա մասին։ Ավելի ուշ ընկերներից մեկը՝ Հայկը, որին բոլորը գիտեին որպես Պռոդ (որովհետև Փրոդիջիի համար մեկ ֆանատն էր) ու ով հայտնի էր բավական առաջադեմ երաժշտական նախասիրություններով, գրպանից mp3 փլեյեր հանեց ու SOAD-ի Chop Suey-ը միացրեց։ Ես այդ օրը բացահայտեցի միաժամանակ SOAD-ին ու mp3 նվագարկիչը որպես այդպիսին։ Շատ էի տպավորվել ու նույնիսկ չկապեցի դա նախկինում լսածիս հետ, յուրահատուկ էր, նոր էր։ Ոգևորիչ էր նաև իրենց հայ լինելու փաստը։ Դրանից հետո արդեն սկսեցի գտնել այլ երգեր, գնել ձայնասկավառակներ ու լսել։ 

 


Ժամանակ առ ժամանակ նաև ինչ-որ իրեր էի ձեռք բերում իրենց հետ կապված։ Դրամապանակս, որն արդեն 15-ից ավելի տարի ինձ հետ է, առանձնահատուկ է ինձ համար հատկապես նրանով, որ դրա վրա SOAD-ի տղաների մի նկարազարդում է, որը ես նախկինում ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Կար շրջան, երբ այն նոր էր, ու բոլորը ոգևորվում էին այն տեսնելով, հետո հնացավ, մաշվեց ու բոլորն ասում էին՝ նոր դրամապանակ գնելու ժամանակն է, իսկ հիմա այն բոլորի ուշադրությունը գրավող անտիկվարի նման մի բան է, չնայած որ շատ է մաշվել, մեջից ամեն ինչ թափվում է։


2000-ականների սկիզբն առհասարակ բավական տխուր էր հայկական երաժշտության առումով։ Ցանկացած հայկական կապվում էր հնի, ավանդականի, պահպանողականի հետ, իսկ SOAD-ը թե՛ հայկական էր ու թե՛ ժամանակակից։ SOAD-ը կոտրում էր այդ կարծրատիպը։ 


Հավես էր նաև, երբ Հայաստանից դուրս իրենց ճանաչում էին ու գիտեին իրենց հայ լինելու փաստը։ Նման դրվագ ունեցա Պետերբուրգի ռոք խանութներից մեկում։ Հիշում եմ նաև Իտալիայում ակումբներից մեկում SOAD-ի տակ պարող բազմությունն ու իմ հպարտ կեցվածքը։ Մի օր էլ մի թուրք ուսանող ասաց, որ շատ է սիրում իրենց ու շատ է ափսոսում, որ քաղաքական հայացքներից ելնելով Թուրքիայում համերգով հանդես չեն գալիս։ Ես այդ ժամանակ լռեցի, չասացի, որ Հայաստան էլ դեռ չեն եկել։ 

 


 


Իհարկե, իրենց Հայաստան գալու պահը հասունանում էր։ Ժամանակ առ ժամանակ լուրեր էին պտտվում, թե գալու են, կամ եկել են։ Ես այդ հանդիպումների մասին ուշ էի իմանում, չէի գնում։ Բայց, բարեբախտաբար, ես եղել եմ 2015-ի համերգին։ Առանց կեղծ համեստության ասեմ, որ շատ երկրներում եմ եղել, ճանապարհորդել, սովորել և այլն, ու նաև շատ-շատ համերգների եմ եղել, բայց 2015-ի համերգն ինձ համար շատ հատուկ է։ 


Նախ էդ համերգի միջոցով մենք բացահայտեցինք, որ կա մի քանի տասնյակ հազար մարդ, որ սիրում է SOAD։ Էդ համերգի շնորհիվ Հայաստանում երիտասարդությունը հասկացավ, որ ինչ-որ բան է փոխվել ու որ գոյություն ունեն հազարավոր լավ մարդիկ էս երկրում, որոնց հետ կարելի է շփվել, որոնք նույն երաժշտությունն են լսում։ Հիշում եմ, որ երբ դեռ հրապարակ չէինք մտել, այգում ինչ-որ մարդիկ էին նստած, կիթառ էին նվագում, էդ երևի առաջին անգամն էր, որ ես զարմացա, ու ինքս ինձ մտածեցի՝ էս Հայաստանու՞մ ենք գտնվում, էս ամենը ստեղ է՞ կատարվում։ Հետո արդեն ավելի հաճախ եմ ունեցել էդ զգացումն ինչ-որ այլ համերգների, ռեյվերի ժամանակ, բայց էն ժամանակ նոր էր։ 


Մի անձնական հարց էլ կար։ Համերգից մի 10 օր առաջ էի ամուսնացել ու այդ օրերին պիտի լիներ իմ մեղրամիսը, որը ես հետաձգեցի հենց համերգի համար։ Կինս իր գործերով Մոսկվա գնաց, ես էլ համերգ։ Հետո ամուսնալուծվեցինք։ Բայց համերգ գնալը ճիշտ էր, թե չէ հիմա կլինեի և՛ ամուսնալուծված ու և՛ համերգին գնացած չէի լինի։ 


Շատ ուժեղ փորձառություն էր։ Անձրև էր, բաճկոնս էնպես էր թրջվել, որ մի քանի օր չորանում էր, բայց էմոցիաներս այնքան մեծ էին, որ ամեն բան արժեր դրան։ Մի քանի ուժեղ պահեր կային, օրինակ երբ «Ղափաման» երգեցին, ու տեղ-տեղ մարդիկ շուրջպար կազմեցին ։ Այդ շրջանում Կալումեում էինք հավաքվում ու SOAD-ի կամ ազգային երգերի տակ պարում, ու այդ պահին հրապարակում այնպիսի տպավորություն էր, որ Կալումեն է ընդարձակվել ու արդեն մի 50 հազար մարդ կա։

 

System of a Down-ի համերգը 1997 թվականին, մինչև համաշխարհային ճանաչումը

 

 

 

Ռուբեն Վարդազարյան

քոփիռայթեր

2003-ին էր, երբ առաջին անգամ SOAD լսեցի ռադիոալիքներից մեկով։ Հաղորդավարը հայտարարեց, թե այժմ կլսեք մեր հայրենակիցներին Լոս Անջելեսից, ովքեր պայթեցրել են մետալ աշխարհը։ Chop Suey-ը միացրեցին ու ես տեղիցս վեր թռա. ֆանտաստիկ էր, հզոր ու ոչ մի բանի նման։ Զգացողություններս՝ հիացմունք, մեծ հիացմունք ու ցանկություն՝ լսելու տղերքի մյուս բոլոր կատարումները։ 


Հաջորդ օրը գնացի Աբովյանի «Դիսկ վորլդ» խանութը։ Ոչ կասետ կար, ոչ դիսկ, նույնիսկ չգիտեին իրենց մասին։ Հետո էլի մի քանի տեղ գնացի՝ չկար ոչ մի տեղ։ Միայն ինտերնետով կարողացա մի քիչ լսել։ Շատ թույլ կապ էր, ամեն երգը 2 սեմեստր ներբեռնվում էր, անտանելի էր։ Նոր մի ութ ամիս հետո առա կասետը։ Հայ լինելու փաստն ընդհանրապես կարևոր չէր, ես մետալի ֆանատ էի, եմ։ Ինձ ծնկի էր բերել զուտ իրենց երաժշտությունը։ Նոր բան էր։ 


2015-ին անասելի ուրախացա, երբ իմացա, որ իսկապես գալիս են Հայաստան։ Իսկ մինչ այդ, պարբերաբար լցվում էի հույսով, հետո հուսահատ լինում՝ հերթական անգամ իմանալով, որ կեղծ լուր է ու չեն գալու։ Էդ համերգի օրը ես շատ մռայլ ու ընկճված տրամադրություն ունեի։ Մի կերպ տնից դուրս եկա, որ գնամ համերգի։ Հա, որքան էլ պարադոքսալ հնչի, ես բավականին անտարբեր տրամադրությամբ սկսեցի ու ավարտեցի էդ օրը։ Շատ վատ հոգեվիճակում էի, նույնիսկ SOAD-ի այցն էդ ժամանակ ինձ չէր ուրախացնում։ Ինչ արած։

 

 

 

Արսեն Հակոբյան

ՏՏ մասնագետ

Կարծեմ 1997-ն էր, որ ծանոթացա SOAD-ի հետ։ Հիշում եմ, որ դրանից մոտ մի տարի անց խումբը թողարկեց իր առաջին համանուն ալբոմը։ Իսկ 97-ին ընկերոջս՝ Ասպետենց տան հերթական հենգաութներից մեկի ժամանակ ոգևորված տեղեկացրեց, որ նոր հայկական խումբ է հայտնվել Լոսում, nu metal են նվագում (մենք էլ էդ ժամանակ nu metal շատ էինք լսում, Korn, Coal Chamber, Deftones, Head Pe և այլն) ու որ արդեն լավ աղմուկ են հանել ու ցույց տվեց Ամերիկայից իրեն ուղարկած կասետը։ Խմբի պաշտոնական դեմոթեյփերից մեկն էր, վրան Sugar երգի դեմոն ու ևս մեկ կամ երկու գործ։ Բացի էդ կասետից խմբի պրոմո նկարներ էին ուղարկել ու խմբի լոգոյով սթիքերներ։ Երևի հենց խումբն էր իրեն ուղարկել, որ Հայաստանում տարածի։ Ահագին ժամանակ սենյակիս պատին կպցրած էին (հիմա մեծ արժեք կունենային Ebay-ում):


Էդ օրվանից ուշադիր հետևում էինք SOAD-ին, տարածում խմբի մասին խոսքը երևանյան ռոքասերների շարքերում ու ուրախանում իրենց հաջողություններով։ Օրինակ, երբ իմացանք, որ Slayer-ի հետ տուր են պատրաստվում գնալ, կամ որ Ռիք Ռուբինի պես լեգենդար պրոդյուսերը զբաղվելու է խմբի առաջին ալբոմի ձայնագրությամբ, շատ ուրախացանք։ 

 


Իրականում հայկական խմբի կապը նման անունների հետ արդեն իսկ ապշեցուցիչ էր մեզ համար, դե էն ժամանակ չէինք էլ կարող պատկերացնել, որ հետագայում կդառնան մոլորակի ամենահայտնի ռոք համույթներից մեկն ու նույնիսկ կխավարեն իրենց մեծ բեմ բարձրացրած հսկաների (Slayer-ի) համբավը։ Էն ժամանակ նույնիսկ մտավախություն ունեինք, ասում էինք՝ հա, շատ լավ խումբ ա, որակյալ ու հետաքրքիր երաժշտություն են նվագում, բայց դժվար մեծ հաջողությունների հասնեն, քանի որ խմբի անդամների տարիքն արդեն բավականին բարձր է (Սերժն էն ժամանակ արդեն 30 տարեկան էր, ինչը, ենթադրում էինք, արդեն չափազանց բարձր տարիք է սկսնակ խմբի համար)։ Փաստորեն չարաչար սխալվում էինք։ Խմբի դեբյուտային ձայնասկավառակի թողարկումից արդեն պարզ դարձավ, թե ինչ որակյալ խումբ է ու այդտեղից էլ հենց սկսվեց խմբի սրընթաց վերելքը դեպի համբավ։


2015-ի հայաստանյան համերգն ահավոր ուշացած էր, մեր սպասածից մոտ 12-13 տարի ուշացած։ Դեռ 2000-ականների առաջին կեսից ի վեր անհամբեր սպասում ու տարակուսում էինք, թե ինչու մինչև հիմա չեն այցելել իրենց պատմական հայրենիքը համերգներով։ Հետո տեղեկություն ստացանք, որ խնդիրն իրենց լեյբլի՝ Sony Music-ի հետ է կապված։ Կարճ ասած՝ շատ երկար ենք սպասել։ Տարեցտարի երբեմն շշուկների ալիքներ էին բարձրանում, թե բա՝ վերջը գալիս են, բայց էդ ալիքները ոնց գալիս, այնպես էլ մարում էին մինչև 2015 թվականի համերգը, որի մասին իմանալը չնայած իհարկե մեծ ոգևորություն պատճառեց, բայց դե արդեն շատ-շատ ուշացած էր։ Այդ տարիներին ես ինձ արդեն SOAD-ի ֆան չէի համարում, անցած ճանապարհ էր։ Բայց համերգն այնուամենայնիվ ապշեցնող էր, ինչ խոսք։

հավելյալ նյութեր