Սոցցանց
Թիկունք 2020

Սոցցանց

Ինչպես պաշտպանիչ ցանցեր գործելու համար մոբիլիզացվեցին «Արեգնազանի», ապա և մյուս դպրոցների սաներն ու ծնողները, իսկ Օպերայի և բալետի թատրոնի մասնագետները հիշեցին «Անուշի» ու «Ժիզելի» համար ռեկվիզիտային ցանցեր գործելու փորձը։

Տեքստը՝ Էլեն Բաբալյանի

 

Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2021

#Թիկունք2020

Ծնողական ցանցագործություն Վալդորֆում

Համացանցային (այդ բառի ոչ վիրտուալ, այլ ուղիղ, շոշափելի իմաստով) առաջին կենտրոններից էր «Արեգնազան» կրթահամալիրը՝ իր տարածքով, ակտիվ ծնողական բազայով։ Տնօրենը երևի չէր էլ պատկերացնում, որ դպրոցի՝ անխտիր բոլոր պատերին մեխեր կխփվեն, բոլոր սենյակները «կզավթվեն» մանկահասակ բանվորների կողմից, իսկ ծնողները, որոնք մինչ այդ ծնողական ժողովի հազիվ էին գալիս, այլևս դպրոցից դուրս չեն գա։ «Արեգնազանը» զարկ տվեց Հայկական բանակի համար քողարկող ցանցեր գործելուն։ Տեխնիկան պարզ էր, որոշ նրբություններ յուրացնելուց հետո բոլորը կարող էին միանալ։

 

Աշխատանքը բաժանված էր ըստ տարիքային խմբի՝ սեփական փոխադրամիջոց (ցանկալի է մեծ, տարողունակ) ունեցող պապաները սկզբում Երևանի, հետո արդեն մարզերի կարի արտադրամասերից գտնում-համոզում-վերցնում, իսկ հաճախ էլ առնում ու բերում էին զինվորական համազգեստի թափոններ, ամբողջական թոփեր։ Հաջորդ փուլի պատասխանատուն դպրոցականներն էին։ Կրտսեր սաները տեսակավորում էին կտորները, առանձնացնում մեծ հատվածները, լցնում արկղերի մեջ, ավագները մկրատով կտրատում էին դրանք եղևնու ձևով։ Այնուհետ էստաֆետը հանձնվում էր մամաներին։ Դպրոցի պատերից ամրացված ձկնորսական կամ այլ ցանցերի վրա նրանք ժրաջան մեղուների պես արագորեն գործում էին պաշտպանիչ ցանցերը։ Ոչ մի օղակ չէր կաղում։ Առաջին ցանցը՝ 5x6 մ չափսի, պլանավորել էին գործել հինգ օրում, իսկ ավարտեցին մեկում։

 

Վալդորֆի ծնողներն ու ուսուցիչները՝ ցանցագործության ժամանակ
 

Վալդորֆի աշակերտուհի Արփին


Հետո ծավալները շատացան, առաջնագիծն անընդհատ պահանջում էր ավելի ու ավելի շատ պաշտպանիչ ցանցեր։ Տեսնելով, որ աշխատանքը շոշափելի արդյունքներ է տալիս և օգնում պատսպարվել ԱԹՍ-ների կարկուտից՝ դպրոցն օգնող ձեռքեր խնդրանքով հայտարարություն տարածեց։ «Հենց հաջորդ օրն այնքան մարդ եկավ, որ ստիպված էինք հերթապահություն սահմանել։ Շատերն էին փախչում տնիցտեղից, հեռուստացույցից, հեռախոսներից, ու ցանց գործելը լավագույն թերապիայի տարբերակն էր։ Ոմանք գործում էին աղոթելով, ոմանք՝ անիծելով թշնամուն։ Մի կին այնքան ձիգ էր գործում, ասես Էրդողանի վզի օղակը փաթաթեր… իհարկե, նրա գնալուց հետո քանդում-նորից էինք գործում, բայց հաջորդ օրն էլի թույլ էինք տալիս մասնակցել։ Մի աղջիկ կար, մայրը չէր կարող գալ, նա էր գալիս-տանում կտորի դետալները, որ մայրն աղոթքներ գրի անկյուններում»,– պատմում է Վոլդորֆի ներկա ծնող, ցանցագործության ժամանակավոր խմբակի համակարգող ու հավերժ դասախոս, մարքեթոլոգ Իրինա Մինասյանը։ Պատմում է ու ցույց տալիս տուփերի մեջ դասավորած փոքրիկ փայտեր խաչերը։ Դպրոցի երգի ուսուցչուհի Արաքսն է բերել, օրհնված խաչերն են, ամրացնում են ցանցերի անկյուններում՝ գաղտնագրության շտայներական ուսմունքի ոգով։


«Արեգնազանում» աշխատանքի տարիքային սահմանափակում էլ կար. տատիկները, ցավոք, չէին կարող մասնակցել. դա պայմանավորված էր կորոնավիրուսով։ Տատիկներին տալիս էին թելեր, խնդրում տանը գործել երկար գուլպաներ ու տաք ժիլետներ, հորդորում չմոռանալ ընթացքում աղոթել։ Օրական տասից-տասներկու հսկայական ցանց արտադրող դպրոցն արդեն սկսել էր սպիտակ կտորներ փնտրել՝ առաջին ձյունից սպիտակած Արցախի սարերում զինվորներին պաշտպանելու, երբ զինադադարի մասին լուրը փորձեց վերջակետ դնել նաև այս ֆրոնտին։ Փորձեց, բայց ապարդյուն։ Նոյեմբերի 10-ից հետո էլ վալդորֆցիները շարունակում են հավաքվել և բանակի համար ցանցեր գործել։ Ցավոք, ավելի պակաս քանակով, բայց գիտակցությամբ, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ 

 

 

Ազգային ակադեմիական ցանց

Սոցցանցերից փախնելու համար ցանցեր գործող մեկ այլ կետ էլ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն էր։ Անվան նման վսեմ ու բարեհունչ կեցվածքով օպերային երգիչներն այստեղ համերաշխ կոլեկտիվով պաշտպանիչ ցանցեր էին գործում՝ ընթացքում երգելով արիաներ «Անուշ» և այլ օպերաներից։


Պատմական բեմի պատերը, բարեբախտաբար, մեխերով չծակվեցին. փրկեցին բեմի դեկորների համար կիրառվող շտանգետները, որոնք ծառայեցին որպես ձող ցանցերը կախելու համար։ Ընդհանուր առմամբ, ցանցային ադմինիստրացիայի օպերայի թևի աշխատանքային միակ տարբերությունը սա էր։ Հումքը նույնն էր՝ զինվորական համազգեստի թափոն, տեխնիկան՝ նույնպես։ Թեև 47 տարի թատրոնում աշխատած կոստյումեր տիկին Նինան այս հարցին էլ ստեղծագործաբար մոտեցավ՝ տերևի տեսք ստանալու համար պտտելով կտորների մնացորդները։

 

 


Ցանցի հետ աշխատանքի փորձը շատ չէ, միայն «Դավիթ Բեկ» օպերայում են հայ զինվորները ցանցից հագուստներով… Իրականում՝ ոչ։

 

90-ականներից թատրոնի ռեկվիզիտոր Սերոբը հիշեցրեց տիկին Նինային, որ «Անուշ» օպերայում նույնպես ցանցեր կան՝ ջրհեղեղի տեսարանի ժամանակ։ Պարուհիներից մեկը ցածրաձայն հուշեց՝ «Ժիզելում» էլ կա ցանց...


Օպերայի բեմը պարտավորեցնող է, այստեղ չկան կենցաղային խոսակցություններ, միմիայն բարձրագույն արվեստ։ Ու արվեստի խոնարհ ծառաները հենց առաջին օրը պայմանավորվել են խնայել մեկմեկու և չհայտնել վատ լուրեր, միևնույն է՝ վատ լուրը շուտ է տեղ հասնում։ Այստեղ հավաքվում են օգնելու Հայկական բանակին և իրենք իրենց՝ կտրվել սոցցանցերից՝ գործելով ցանցեր։ Ֆիզիկական աշխատանքին անսովոր, նուրբ ձեռքերն արդեն հարմարվել են մկրատներին, չեն էլ նկատում այտուցները։


Մեներգչուհի Սիրանույշ Գասպարյանը կտորի մի պատառիկ է վերցնում ու միանգամից ֆիքսում. «Սա հաստատ Աննա Կնյազյանն է կտրատել, սա նրա ձեռագիրն է»։ Բոլորը ժպտում են, իսկ ինձ ու լուսանկարչին բացատրում, որ Աննան ջութակահար է։ Մասնագիտական հումոր։ Մենք շարունակում ենք չժպտալ... Բոլորից հեռու անկյունում մի սպիտակահեր տղամարդ կռիվ է տալիս ցանցի հետ, փորձում միայնակ երիզել։

 


«Թույլ տվեք օգնել, սա խմբակային աշխատանք է». չի մերժում։ Թատրոնի հետ կապ չունի, նավաստի է, ուղղակի ապրում է թատրոնի հարևան տներից մեկում, իմացել է, որ այստեղ ևս ցանց են գործում, 40 տարվա աշխատանքային գործիք մեծ ասեղն առել-եկել է։ Հովնան Ալեքսանյանը պատմեց, որ ավարտել է Լիտվայի ծովային դպրոցը, աշխատել ձկնորսական նավերում, այս ասեղով հազարավոր ցանցեր գործել, հիմա էլ եկել է սովորեցնելու։ Սակայն տեսնելով, որ «ցանց գործելն» այլ բան է նշանակում, արագ վերապրոֆիլավորվել է, սկսել երիզել ցանցերը կտորի չենթարկվող պատառիկներով։ «Անկախությունից հետո եկա Հայաստան, դարձա ցամաքային նավաստի։ Մեր պատերազմը սկսվել է 88-ից, մենք չկարողացանք վերջակետ դնել, հիմա թողել ենք ձեր սերնդի վրա, ու մեզ մեղավոր ենք զգում»… Ցամաքային նավաստին առաջին օրն է միացել ու դեռ չգիտի, որ Օպերայի բեմում նույնիսկ ցանց գործելիս խոսում են միմիայն վեհ արժեքներից։ Արվեստից, ոչ թե պատերազմից…


Նաիրի Զարյան

Երևանի Նաիրի Զարյանի անվան դպրոցն առաջիններից էր, որ դեսանտ ուղարկեց «Արեգնազան»՝ յուրացնելու ցանցագործության նրբությունները։ «Ցանցը ցանցառ չպետք է լինի» հիմնական օրենքին ավելացրեցին սեփական հմտությունները։ Կարողացան գտնել ձկնորսական բարակ թելով հյուսած ցանցեր, ինչը զգալիորեն թեթևացրեց ընդհանուր քաշը։ Հումքը որոշեցին ոչ թե թափոններից ստանալ, այլ թոփով կտորներից։ Դրանց համար առաջին գումարը հատկացրեց տնօրենը. «լոտորեա» էր խաղացել, իր հերթն էր ստանալու, ուզում էր թոռան ծնունդին նվեր գնել։ Բայց թոռը դեռ կհասցնի նվեր ստանալ։ Ու դպրոցի սոցիալական հարթակներում կոչ արեցին դուրս գալ սոցիալական ցանցերից ու օգնել իսկական ցանցեր գործել։ Արագ արձագանքեցին հատկապես նոր շրջանավարտները։ Այդ նրանց տարիքակից տղաներն էին հիմա կռվում առաջնագծում։

 

 


Նաիրի Զարյանի անվան դպրոցն առաջիններից էր, որ դեսանտ ուղարկեց «Արեգնազան»՝ յուրացնելու ցանցագործության նրբությունները


Տնօրեն Արմինե Հովհաննիսյանը պատմեց, որ եթե երեկոյան ուշ չհամոզեին գնալ, ամբողջ գիշեր կգործեին. «Գիտեինք, որ դպրոցի սաների մեծ մասը պատերազմի առաջին գծերում է, ուզում էինք գոնե մի բանով աջակցել նրանց։ Ոչ կարգին կապ կար, ոչ դրական լուրեր, առավոտից իրիկուն պաշտպանիչ ցանցեր էինք գործում ու հավատում, անկեղծորեն հավատում, որ դա կօգնի… Ուսուցիչները մի կախարդական ձիրք ունեն, բոլոր աշակերտների անուններն անգիր գիտեն։ Ու երբ զոհերի ցանկն էինք կարդում, հանկարծ հանդիպում ծանոթ անունների, սառում էինք, թաց աչքերով իրար նայում ու չգիտեինք՝ մեզնից ով կզանգի ծնողին, կամ զանգենք՝ ի՞նչ ասենք, ինչպե՞ս մխիթարենք։ Ու ավելի եռանդով էինք գործում, գործում»։


Սպորտդահլիճը վերածվել էր հսկայական աշխատասենյակի, դպրոցի տնտեսվարն ամենուր ամրացրել էր ձողեր, ձողերին՝ ցանցեր, ցանցերի ներքևում՝ կշռաքարեր, կողքերից ցանցը ձողին ֆիքսել… կանանցի բիգուձիներով։ Տնտեսվարը, ինչ խոսք, հնարամիտ էր. «Ես ի՛նչ եմ արել։ Այ, մի անգամ մի ձեռնափայտով տատիկ եկավ, հազիվ էր քայլում։ Մեզ բերել էր կես մետր կանաչավուն կտոր՝ թևի տակ դրած։ Այ նա է արել ավելին, քան կարող էր...»

 

 

Երևանից Վարդենիս

Այս մի քանի օրինակով պարզորոշ երևում է՝ ինչպես ինքնակազմակերպվեց թիկունքն ու արեց մի բան, որի վիդեոն Յութուբում մի ամիս առաջ տեսնելիս անկեղծորեն կզարմանար։ Ցանցագործությունը դարձել էր սոցիումի միավորման, թիկունքի պայքարի ճակատներից մեկը։ Հազարավոր անծանոթ մարդիկ, անտեսելով աշխարհին ինքնամեկուսացում պարտադրած կորոնավիրուսը, ամեն օր ժամերով կողք-կողքի գործում էին։ Շատ դպրոցներ ու թատրոններ միացան նախաձեռնությանը։ Զինվորին ռումբերից ու երկնքից թափվող հազար ու մի պատուհասներից պաշտպանելու, թևի տակ առնելու ցանկությունը շոշափելի տեսք էր ստանում նրանց շնորհիվ։


Քողարկող ցանցերը հիմնականում հանձնում էին Պաշտպանության նախարարությանը։ ՊՆ-ում զարմացած ասում էին՝ «Էս ժողովուրդը Երևանից Վարդենիս ցանց գործեց»։ Դառնորեն արձանագրենք՝ պետք էր գործել Բերձորից Թալիշ։