Սոցիալական ցանցից՝ սոցապ նախարարություն
Թիկունք 2020

Սոցիալական ցանցից՝ սոցապ նախարարություն

Ինչպես հարյուրավոր կամավորները հմտորեն կատարեցին ահռելի ծավալի աշխատանք, որով, ըստ էության, կարողացան փոխարինել սոցապ նախարարությանը։

Տեքստը՝ Էլեն Բաբալյանի

 

Լուսանկարները՝ 4 Plus / Նազիկ Արմենակյան, Փիրուզա Խալափյան, Գայանե Հարությունյան, Տաթև Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2021

#Թիկունք2020

Ի սկզբանե էր բանը

Արդար չի քննարկել, պրպտել՝ ով, երբ ու որտեղ առաջինը սկսեց օգնել։ Սա մրցավազք չէ, սա ձնագունդ է, թե կուզեք՝ փեթակ, որի մայր մեղուն Արցախն է։ Դե, իհարկե, ամենից տարածական ու աչքի ընկնող շտաբը Մատենադարանում էր (կամ Կամերայինում՝ տարբեր կերպ են կոչում)։ Այստեղ հայ դերասաններն ի բարօրություն հայոց աշխարհի ի գործ էին բանեցնում իրենց հայտնի ու սիրված լինելը, հավաքում օրենքով թույլատրելի ամեն ինչ (բերում էին տնական պահածոներ, որոնք, ցավոք, մերժում էին ընդունել)։


Մեխանիզմը շատ պարզ էր. իրենց սոցկայքերի բազմահազարանոց էջերով ուղիղ եթեր էին դուրս գալիս ու ասում՝ ինչի կարիք ունի սահմանին կանգնած զինվորն ու թիկունքում ապաստան գտած արցախցին։ Րոպեներ անց սկսվում էր ավտոշքերթ դեպի հնագույն ձեռագրապահոց։ Հիմնականում բերում էին տաք շորեր, ուտելիք, ծխախոտ, դեղեր, բժշկական պարագաներ, զինվորական հեռադիտակներ, ջուր, ծածկոցներ, անկողնու սպիտակեղեն, զուգարանի թուղթ, անձեռոցիկներ, քնապարկ, չոր սնունդ, զինվորների ներքնաշորեր, փաուեր բանքեր, արևային մարտկոցներ, մեծ արկղեր… ոչի՞նչ չմոռացա։ Վստահ եմ՝ այս ցանկն այդ օրերին Մատենադարանի մատույցներում քնող-զարթնող կամավորների զայրույթը կշարժի, քանի որ նրանք կթվարկեն ևս երկու տասնյակ իրեր, որոնք անձամբ են դասակարգել, փաթեթավորել, առաքել։

 

Կամավորների ջանքերով հավաքագրված օգնությունը բաշխվում է նաև պատերազմի հետևանքով Արցախից Երևան և այլ բնակավայրեր տեղափոխված ընտանիքներին
 

Երևանի Կամերային պետական թատրոնի բակում


Սոցցանցից՝ սոցապ

Այդ օրերին տեղ ու դադար չկար Մաշտոց-Կորյուն հատվածում, ու խցանումները որևէ կերպ կանոնակարգելու նպատակով նույնիսկ ճանապարհային ոստիկաններ էին եկել։ Ապրանքը գալիս էր անդադար, բոլորն ուզում էին մասնակից լինել այն ահռելի գործընթացին, որը կարող էր որոշիչ դեր խաղալ պատերազմի ընթացքում։ Ու պարզվեց, որ հեռատես հայերից ամեն մեկի տանն էլ կային նեղ օրվա համար պահած ապրանքներ։ Կամավորները պատմում են, որ փոքր երեխաներից մինչև պատկառելի ծերունիներ ուզում էին իրենց ունեցածը կիսել զինվորի ու արցախցու հետ։ Ու հատկապես ազդեցիկ էին դեպքերը, երբ մարդիկ բերում էին ոչ թե իրենց ավելորդը, այլ ունեցած վերջինը… 

 

«Ժողովրդական սոցապի տրանսպորտն ապահովում էին կամավոր-վարորդները, որոնցից ոմանք 17-20 անգամ անձամբ են իրենց մեքենաներով օգնություն հասցրել պայթող արկերի տակ տնքացող Արցախի հիվանդանոցներ ու զինանոցներ»


Արդյունքում դերասանների վարկանիշի ու կամավորների օրուգիշեր անխոնջ աշխատանքի շնորհիվ կայացավ, արմատներ գցեց ու արագ ընդլայնվեց այլընտրանքային սոցապնախարարությունը։ Նրա ՏՏ բաժնի ծրագրավորողները գրեցին հատուկ ծրագիր՝ առաջարկ-պահանջարկի բազա։ Սրտացավ մարդիկ առաջարկում էին կացարաններ, կամավորները դասակարգում, այնուհետև տեղավորում Արցախից տեղահանվածներին։ Ժողովրդական սոցապի տրանսպորտն ապահովում էին կամավոր-վարորդները, որոնցից ոմանք 17-20 անգամ անձամբ են իրենց մեքենաներով օգնություն հասցրել պայթող արկերի տակ տնքացող Արցախի հիվանդանոցներ ու զինանոցներ։ Կային կամավորներ, որոնք ամեն գիշեր գնում էին օդանավակայան՝ դիմավորելու ԱՄՆ-ի կամավորների ու բարեգործների ուղարկած դեֆիցիտ ապրանքները։


Կամերայինի աստղային կազմին նույն Մատենադարանի տարածքում միացել էին նաև «Գլոբինգի» աշխատակիցները։ Նրանց ստեղծած շտաբում հավաքում էին հիմնականում տաք հագուստ, ծածկոցներ և այլն։ Ու նայելով մաթեմատիկական ճշգրտությամբ առանձնացված տաղավարներին, գիշերային ճշգրիտ լուսավորությանը, անձրևին ընդառաջ ջրադիմացկուն կտորներն օպերատիվ ամրացնելուն, տղամարդու, կնոջ, երեխայի հագուստի հստակ տեղաբաշխման անվանական արկղերին՝ պարզ էր դառնում, որ այս ամենի մենեջերը (կարդալ՝ թիմի բոլոր անդամները) պերֆեկցիոնիստ է։

 

Պատերազմի օրերին Թումոյի այգում մարդիկ ցանցեր էին գործում: Նրանց միացել էին անվտանգության աշխատակիցներ։
 


Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար բեմում պատրաստվում էին քողարկող ցանցեր


Տիկնիկայինի շտաբ

Սոցցանցերում հազարավոր երկրպագուներ ունեցող մեկ այլ դերասանուհի հեղինակում էր Սայաթ-Նովայի Տիկնիկային թատրոնում տեղ գտած նույն ժողովրդական սոցապնախի ևս մեկ ճյուղ։ Անաիս Սարդարյանը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին արդեն ժամը 11-ին Արյան կենտրոնում էր՝ դոնոր դառնալու ակնկալիքով։ Ու մեկ ժամ անց էլ խառնել էր մի քանի հարուստ ընկերների, որպեսզի գումար հատկացնեն օգնության համար։


Անաիսն Արցախից է, նա զգում էր, որ այս կռիվը շուտ չի ավարտվելու։ Բայց դեռ չէր պատկերացնում անելիքի այն ահռելի ծավալը, որն անհրաժեշտ էր հետևանքները գոնե որևէ կերպ չեզոքացնելու համար։ Տիկնիկային թատրոնը միանգամից համաձայնեց նրանց հյուրընկալել։ Առաջին ընտանիքը, որոնց օգնեցին, Հրազդանում էր ապաստանել։ «Նրանց որդին կռվում էր, երեք փոքր տղաներ ունեին, ու երբ մայրն ասաց, որ ևս երեք զինվոր էլ հիմա է մեծացնում, ես հասկացա, որ անմնացորդ պարտական ենք նրանց։ Այդ պահից քուն ու դադար կորցրեցինք»,– պատմում է ու սկսում թվել, թե որքան մեծ թվով կամավորականներ միացան նրանց։


50-ից ավելի մարդիկ հերթափոխով աշխատում էին ռոբոտի պես՝ առանց տրտնջալու, առանց սխալվելու իրավունքի։ Անաիսն անդադար մոտ 150 հազար հետևորդներով սոցցանցի իր էջում ուղիղ եթերներ էր ունենում, հաճախ՝ արտասուքից կարմրած, այտուցված աչքերով։ Նրա սթորիներից հետո մարդիկ միանում էին նախաձեռնությանը, բերում ուտելիք, սնունդ, կահույք տրամադրում։ Գումար չէր հավաքում, նույնիսկ երբ առաջարկում էին, կամավորականների հետ ուղարկում էր գնումներ անելու խանութից։


15 հազար ընտանիք մոտ քառասուն օր չեն ունեցել կենցաղային խնդիրներ ժողովրդական սոցապի Տիկնիկայինի մասնաճյուղի օգնությամբ։ «Մի օր փոքր տղա եկավ, հետևից ինչ-որ մարդիկ 15 հատ տորթ էին բերում։ Պարզվեց՝ տղայի ծննդյան օրն է, նա խնդրել էր, որ ծնողները որքան կարող են շատ տորթ առնեն, որ բերի արցախցի երեխաներին։ Մի կին կար Կալինինգրադից՝ դոկտոր Անին, երկու օրը մեկ նրա անունով օգնության արկղ էին բերում, պարզվեց՝ երկու օրը մեկ է աշխատում ու գումարը փոխանցում այստեղ՝ ընտանիքին, նրանք էլ սնունդ էին առնում, ու նրա անունից բերում։ Մի տղամարդ այդպես էլ գաղտնիք մնաց, միայն անունն իմացանք՝ Արտակ։ Շաբաթը մեկ գալիս էր հազար դոլարով ու հարցնում՝ ինչ առնեմ։ Ոչ մի կերպ չասեց՝ ով է։ Մի Ռոբերտ պապիկ ունեինք, բոլոր կամավորներին Անաիս էր ասում, ամեն ուրբաթ տղան փող էր ուղարկում, նա էլ սնունդ էր գնում-բերում։ Տիկնիկային թատրոնում աշխատող մի կին, ով մեզ հետ հավաքագրում էր օգնությունը, մի քանի օր չեկավ։ Զանգեցինք, պարզվեց՝ հիվանդացել է։ Հոկտեմբերի վերջն էր արդեն, ցրտել էր, իսկ նա իր տան ամբողջ տաք վերմակներն ու ծածկոցները բերել էր… օրինակները շատ-շատ են»,– իրար հերթ չտալով պատմում են կամավորներն ու հանկարծ լռում։

 

«Մի հղի կին կար, Շուշիից էր… Շուշիի գրավման օրը յոթ ամսական աղջիկ ծննդաբերեց։ Մենք հավաքվեցինք, օժիտ կապեցինք, գնացինք տեսակցության։ Աղջիկ էր, անունն էլ Շուշի…»


«Մի հղի կին կար, Շուշիից էր… Շուշիի գրավման օրը յոթ ամսական աղջիկ ծննդաբերեց։ Մենք հավաքվեցինք, օժիտ կապեցինք, գնացինք տեսակցության։ Աղջիկ էր, անունն էլ Շուշի…»։ Չեն ավարտում միտքը։ Թվում է՝ սա նոր կյանքի մասին լավ պատմություն է։ Բայց ոչ... Շուշին երկու շաբաթ անց մահացավ։ Ուզենք, թե չուզենք, ապրողներս դեռ ապրում ենք։ Հիմա Տիկնիկայինի շտաբում վերանորոգում է, սոցապնախի մասնաճյուղից այն շուտով նորից կանցնի Մշակնախի իրավասության ներքո։ Բայց արդեն ժողովրդական չի լինի։


Երեխաներ

Պատերազմը հատկապես ծանր հետևանքներ է ունենում երեխաների վրա՝ դա հայտնի փաստ է։ Ու այդ խնդիրը, թեկուզ և ժամանակավոր, բայց փորձեցին լուծել էլի սոցցանցերի հայտնի մարդիկ, դերասաններն ու երգիչները։ Նրանց օգնությունը շոշափելի չէր, սակայն հաճախ ավելի կարևոր հարցեր էր լուծում, քան կենցաղային խնդիրները։ Երեխաների սիրելի մուլտհերոսները, մանկական հաղորդումներում (այն սակավաթիվ) ներգրավված դերասանները շրջում էին հյուրանոցներով ու զվարճացնում երեխաներին։

 

Կամերային պետական թատրոնի խաղասենյակներից մեկում, մի խումբ կամավորականներ Արցախի երեխաների զբաղեցնում են տարբեր խաղերով
 

 

Արցախի երեխաները նկարելով էին զբաղված, մինչ իրենց ծնողները իրենց հասանելիք օգնությունն էին ստանում Կամերային պետական թատրոնից, նկարները թողնելով խաղասենյակի պատին


Կավագործության, նկարչության խմբակների ղեկավարները, գրկած իրենց մատիտներն ու մոլբերտները, կավն ու տարբեր տարրաները, ասես իրենց սուրբ պարտքն էին կատարում՝ փորձելով գոնե ժամանակավոր կտրել երեխաներին համընդհանուր վշտից ու աղետից։ Ու մեծամասամբ հաջողվում էր։ Դերասան Անդրանիկ Հարությունյանը պատմում է, որ Աշտարակում այցի ժամանակ մի տղա ոչ մի կերպ չէր ժպտում. «Մնացած դերասանները շարունակեցին ներկայացումը, ես աննկատ մոտեցա, փորձեցի նրան էլ ներգրավել։ Բայց տղան սառը նայեց աչքերիս մեջ ու ասաց, որ այս առավոտ նրա հայրը մահացավ։ Ես չկարողացա շարունակել ներկայացումը, ու ընդհանրապես ես հետո մի կերպ կարողացա իմ մեջ ուժ գտնել այլ ապաստաններ այցելելու»։ Անդրանիկը չի կարողանում ընտանիքների որևէ թիվ նշել, փոխարենը գիտի երեխաներին, որոնց համար զվարճալի ներկայացումներ է խաղացել, երգել-պարել. «Երեք հազարից ավելի արցախցի երեխաների հետ եմ ծանոթացել, ոմանց նույնիսկ կարողանում էինք նվերներ տանել, դե, եթե որևէ տեղից գտնում էինք գումար կամ օգնություն։ Մի անգամ նույնիսկ վատ այլընտրանքի առաջ էինք կանգնել. մեզ գումար էին ուղարկել նվերների համար, բայց իմացել էինք, որ Սևանի ափին տնակների մեջ տեղավորված 150 ընտանիքները մրսում են, ցուրտ է, պլիտաներ չկան։ Ու այդ անգամ երեխաները նվերներ չունեցան...»։ Առանց նվերի էլ նրանք կմեծանան, միայն թե առողջ լինեն։ Ու հայրիկը վերադառնա։


Ստացվեց այնպես, որ երեխաների հետ աշխատող դերասաններն ու երգիչները նոր ենթաճյուղ ավելացրեցին ժողովրդական սոցապնախի կառուցվածքում։ Նրանք առանձնացրեցին ու լուծումներ փորձեցին գտնել երեխաների սոցիալական դերի պահպանման, պայքարեցին նրանց մանկության իրավունքի համար։ 

 

Կամավորների զինվորական վերապատրաստման դասընթաց «ՈՄԱ» (Ողջ Մնալու Արվեստ) կազմակերպությունում

 

Լոֆթ

«Լոֆթի» ժողովուրդը, ախր, շատ առաջադեմ է։ Թեպետ մի քիչ ավելի ուշ միացան սոցապնախարարությանը՝ չէին կողմնորոշվում ֆորմատի հարցում։ Բայց հապաղելու ժամանակ չկար, պատերազմի արդեն 10-րդ օրը կազմավորվեց դրամահավաքի ու տեղեկատվության շտաբը։ Ամբողջ ռեսուրսն ուղղվեց ֆինանսական ներդրումների ներգրավմանը։ «Լոֆթն» առաջիններից էր, որ չթերագնահատեց նաև տեղեկատվական պատերազմը։ Արագ ներգրավեցին կամավորների՝ գրաֆիկ դիզայներների, վեբ քոնթենթ ստեղծողների, տարբեր լեզուների թարգմանիչների, SMM մասնագետների և այլն: Ձևավորված կրեատիվ թիմն անդադար հորինում, մշակում ու տարբեր հարթակներում տարածում էր վիզուալ պրոդուկտ, որի շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն ավելի ու ավելի լայն շրջանակներ էր ինտեգրում։ Այստեղ ստեղծեցին թուրքական ապրանքները բոյկոտող մի շարք կարևոր պոստերներ, գեներացվեցին գաղափարներ, որոնց միջոցով վիզուալ տեսք ստացան թշնամիների ահաբեկչական ձիրքերը։


«Լոֆթում» կին ձեռներեցների հայկական արտադրանքների բարեգործական վաճառք եղավ, որի ընթացքում հիմնադրամի համար հավաքեցին 1 մլն 700 հազար դրամ։ Պատերազմի օրերին «Լոֆթի» տարածքը վերածվել էր ահռելի վորքփլեյսի՝ մի անկյունում հայտնի հայերի տեսաուղերձի նկարահանումներն էին, մյուսում՝ նկարածի մոնտաժը, մի կողմում Արցախից ժամանած ֆելդշերը սեմինար էր անցկացնում առաջին բուժօգնության մասին, մյուսում այդ նույն բուժօգնության սեմինարի թվարկած  պարագաներն էին հավաքագրում, որ ուղարկեն առաջնագիծ։ Այստեղ հյուրընկալվեցին նաև մի խումբ արցախցի փոքրիկներ, խաղացին համակարգչային խաղեր, սեղանի թենիս, սեղանի խաղեր, կինոսրահում նայեցին ուրախ ֆիլմ ու գոնե ինչ-որ չափով մոռացան, որ իրենց հայրենիքում հիմա կռիվ է, որ մաման ու տատիկը լացում են, երբ պապայից երկու օր լուր չեն ստանում:

 

Երևանի Կամերային պետական թատրոնի բակում մեկնարկեց «Օգնություն Արցախին» նախաձեռնությունը, որի շրջանակներում պատերազմի օրերին կամավորները հագուստ, դեղորայք և սննդամթերք էին հավաքագրում Արցախ ուղարկելու համար։
 

Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի օպերատիվ շտաբում ձևավորվում էր կանանց կամավորական զորահավաք՝ ՕՄՈՆԻ խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ։ Մինչև 55 տարեկան բոլոր հայ կանայք կարող են ներկայանալ անձնագրով՝ կանանց կամավորական գումարտակին անդամագրվելու համար


Գերմանական ճշտապահության շտաբ

Երեկոյան ժամը 6:38 էր, Երևանի Կոմայգու շտաբի կամավորներն անհանգիստ աջ ու ձախ էին նայում. սպասում էին։ Երկու շաբաթից ավելի է՝ ամեն օր գերմանական ճշտապահությամբ նույն ժամին մոտակա շենքերից ամուսիններ էին գալիս՝օգնելու կամավորներին տեսակավորել օրվա ընթացքում հավաքվածը։ Ուղիղ 6:40 մտան շտաբ։ Ամուսիններն աշխատում էին լուռ, արագ, արդյունավետ։ 


Կոմայգու շտաբն ընդհանրապես գերմանական օրենքների հետ ընդհանրություն շատ ուներ։ Այստեղ առաջին օրից ձևավորված պատասխանատվությունների և իրավունքների մեխանիզմն այնքան հստակ էր, որ նույնիսկ օգնություն բերողներն էին ակամայից դառնում պարտաճանաչ։ Օրինակ, Էդուարդ անունով մի տղա իր ընկերների հետ օրացույցային երկու շաբաթը մեկ բերում էր ուղիղ երեք մեքենա օգնություն, հետո անհետանում ու երկու շաբաթ անց նորից ներկայանում։ Կամ Ստեփանակերտից մի ընտանիք ամեն առավոտ ուղիղ ժամը 10-ից մինչև երեկոյան 6-ը գալիս էր օգնելու կամավորներին, ասես աշխատանքի գային։
 

 

«Էդուարդ անունով մի տղա իր ընկերների հետ օրացույցային երկու շաբաթը մեկ բերում էր ուղիղ երեք մեքենա օգնություն, հետո անհետանում ու երկու շաբաթ անց նորից ներկայանում»


Կոմայգու շտաբը համակարգողների ֆունկցիաներն էլ էին հստակ տարանջատված։ Մանյա Սարգսյանը շտաբի մամլո խոսնակն էր, ամբողջ օրն իր սոցիալական ցանցերով տեղեկացնում էր՝ ինչի կարիք ունեն։ Մհերն ու Սամվելը Կոմայգու տարածքը բաժանել էին ըստ ենթաբաժինների, կամավորներն էլ ապահովում էին օրգանիզմի անխափան աշխատանքը. «Օրումեջ սահման գնացող մեքենա ունեինք, մի օր այնպես ստացվեց, որ դատարկ էր շտաբը, զինվորներին ուղարկելու ոչ մի բան չունեինք։ Արդեն բոլորին զանգել էի՝ ոչ ոք ոչինչ չուներ տալու։ Համարյա հուսահատվել էինք, երբ եկան մի խումբ ուսանողներ ու բերեցին մեծ քանակությամբ սնունդ։ Հանգիստ շունչ քաշեցինք, տղաները սոված չեն մնա. հենց այդ պատասխանատվության գիտակցումն էր, որ այդ օրերին համախմբեց մեր պես հազարավոր հայ մարդկանց»։


Մի օր մի տատիկ եկավ ու թոռան համար տակդիր խնդրեց։ Հարցին՝ ինչո՞ւ միայն տակդիր, ասաց՝ վաղը թոշակ եմ ստանալու, մնացածը կկարողանամ գնել, տակդիրները թանկ են, օգնեք։ Բնականաբար, հավաքեցին մի մեծ փաթեթ ու ճանապարհեցին տատիկին»։ Շտաբի «Աշխատանքի արդյունավետ կառավարման» վարչության պետ Սամվելն էլ հիշում է՝ ինչպես էին բոլոր լրագրողներին հարցազրույց տալուց առաջ գոնե 20 րոպե ինտեգրում կամավորական աշխատանքին, ասում է՝ մինչև անձամբ չմասնակցեն, չզգան րոպեի արժեքը, չեն հասկանա՝ մեխանիզմն ինչ տրամաբանությամբ է գործում։ Իսկ մեխանիզմը գործում էր գերմանական ճշտապահության ու խստապահության օրենքներով։


Լուսավորիչները

Ժողովրդական սոցապի ամենատղամարդկային կետը Պռոշյան 12 հասցեում էր. այստեղ հոսանք էին ստանում։ Մինի պոլիտեխնիկ հիշեցնող շտաբում ամենուր լարեր էին, ups-ներ, տարբեր մարտկոցներ, բրուտալ գործիքներ։ Առաջնագծում կապի միջոցներն ու ջերմահեռադիտակները լիցքավորելու համար հոսանք ստեղծելու, առաջացնելու, մոգոնելու համար լուրջ հաշվարկ էր պետք։ Ամսի 5-ին հավաքված թիմն ուներ մեկ առաջադրանք. վերաձևափոխել հին ու անսարք ups-ներն ու ստանալ մոտ 300-500 հատ գործող սարք, որոնք 12 V հոսանքը կդարձնեն 220 V։

Ծրագրավորողների և ինժեներների կամավորական թիմը ձևափոխում էր սովորական ups-ները՝ վերածելով 220 վոլտի, որն առաջնագծում զինվորին թույլ կտար լիցքավորել հեռախոս, ռացիա և գիշերային տեսագրիչներ


Տղաներն իրենք էլ չնկատեցին՝ երբ ու ինչպես հանրապետության բոլոր դպրոցների, մարզպետարանների, ԱՁ-ների ու այլ ընկերությունների սարքերը հավաքվեցին Պռոշյանի փոքր բակում։ «100-ը դարձավ 1000, հետո 2000… հետո կորցրեցինք հաշիվը։ Միայն պետությունը մեզ տրամադրել է գործածությունից դուրս եկած 8000-ից ավելի սարք, խոշոր ընկերություններն այնպիսի քանակներ էին բերում, որ պահեստավորման նորմալ տեղ էլ չէինք գտնում»,– պատմում է Պռոշյանի ժողնախի համանախարար Կարեն Դերձյանը Աստիճանաբար սահմանին լույս տվեցին, հերթում բունկերներն էին։ Կամավորների մի մասը՝ «պոլիտեխնիկ-շտաբի ասպիրանտները», բարդ ինժեներական խնդիրներ էին լուծում, «առաջին կուրսեցի» կամավորներն էլ գիշեր-ցերեկ ձուլում-միակցում-զոդում էին սպիտակ-կարմիր լարերը։ Արդյունքում քանդվեց մոտ 10 հազար անսարք ups, որից ստացան 5 հազարից ավելի գործող սարքեր։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի Արցախում յուրաքանչյուր 100 մ հեռավորության վրա կային հոսանքի աղբյուրներ. Արցախը լուսավորված էր

։
«Մեր շտաբում աշխատանքը շատ սպեցիֆիկ էր, բայց եղել են մարդիկ, ովքեր տեղում են յուրացրել ու լավ արդյունքներ տվել։ Չեմ մոռանա մի տղամարդու, ով քաղցկեղով հիվանդ էր, քիմիաթերապիաների արանքում գալիս էր մեզ օգնելու։ Գիտեր, որ երկար կյանք չունի, բայց ուզում էր վերջին օրերին էլ օգտակար լինել։ Կային մարդիկ, որոնք իրենց տան միակ ups-ն էին հանում-բերում։ Շատ կային զինվորների հայրեր, ովքեր գալիս էին օգնելու ու, դա նրանց հավատ էր տալիս առ այն, որ իրենց սարքած ups-ը հենց հասնի սահման, հենց հոսանք ունենա, անպայման կզանգի իր հերոս տղան։ Ու նման կոնսոլիդացիայի արդյունքում հնարավոր դարձավ հաղթահարել հոսանքի խնդիրը, որը պատերազմից մեկ շաբաթ անց արդեն կրիտիկական էր»։


Պռոշյանի շտաբի աշխատանքն ուներ մեկ կարևոր տարբերություն. եթե նախորդ կետերում աշխատանքի պտուղները ժամանակի ընթացքում էին քաղում, ապա այստեղ ամեն ինչ շատ օպերատիվ էր։ Առաջնագծում գտնվողները հեռախոսը լիցքավորելուց հետո նկարում-ուղարկում էին ups-ներն ու գրում. «Տեսեք՝ ինչ լավ սարք ենք ստացել»՝ հաճախ չիմանալով էլ՝ որտեղից ու ոնց։ Ու կամավորները ժպտում էին ի պատասխան ու շարունակում «լավ սարք» հավաքել։

 

 

«Դաժձևիկ» նախաձեռնության կամավորները Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում թիկունքի համար անձրևապաշտպան և այլ անհրաժեշտ պարագաների պատրաստման աշխատանքներ կատարելիս


Աշխատող օրգանիզմ

Մենք, իհարկե, չկարողացանք ընդգրկել Երևանում ու նաև մարզերում գործող ժողովրդական սոցապների մեծ մասը։ Բայց պատկերը գրեթե ամենուր նույնն է՝ տրամադրվող ու տեղաբաշխվող օգնություն, դրամահավաք, կացարանների հայթայթում և այլն։ Իսկ ձեռագիրը նույնն է, քանի որ նպատակն է նույնը, տեսլականը, կամավորականների մղումները։ Որովհետև թիմ են՝ անկախ նրանից, թե որ քաղաքում են տվյալ պահին։ 

 

«Պարզվեց, որ մենք կարողանում ենք մի քանի օրում ստեղծել օպերատիվ գործող սոցապ նախարարություն՝ իր բարդ ենթակառուցվածքներով»


Ընդհանրապես, կարծիք կա, որ թիմային աշխատանքը հայերի ամենաուժեղ կողմը չէ։ Պնդումը միշտ հիմնավորվում է ֆուտբոլում մեր ունեցած պարտություններով ու, հակառակը, շախմատում արձանագրած համաշխարհային ձեռքբերումներով։ Ու այս պատերազմի օրերին հանկարծ գործով ապացուցվեց, որ հայերն ունեն հավաքական ոգի, որը գլուխ է բարձրացնում ճգնաժամի, գլոբալ աղետի դեպքում։ Ու պարզվեց, որ մենք կարողանում ենք մի քանի օրում ստեղծել օպերատիվ գործող սոցապ նախարարություն՝ իր բարդ ենթակառուցվածքներով։ Բայց ռեալ աշխատող օրգանիզմ՝ հիմքում ունեցող մարդասիրական ու կառուցողական օրենքներ։ Իհարկե, հետո կլինեն ոչ կառուցողական պնդումներ, իբր այդ նույն ոգին մարում է, հենց աղետը փոքր-ինչ հեռանում է։ Բայց միշտ կարելի է շրջել պատմության անիվը։

հավելյալ նյութեր