Սորոկինի օրը․ «Հեքիաթի» շնորհանդեսը Երևանում
Նոր գիրք

Սորոկինի օրը․ «Հեքիաթի» շնորհանդեսը Երևանում

Սեպտեմբերի 25-ին Երևանի Կինոյի տանը Common Ground գրախանութի հրավերով ընթերցողների հետ հանդիպման էր եկել ժամանակից ռուս գրականության գուցե ամենանշանավոր հեղինակ Վլադիմիր Սորոկինը՝ ներկայացնելու իր նոր գիրքը՝ «Հեքիաթը»։

Տեքստը՝ Մարիամ Դավթյանի 

 

Լուսանկարները՝ Դիանա Ղարիբյանի

 

#ՔաղաքըԿարդումԷ

- Եթե վառենք ձեր այս գիրքը, ի՞նչ ուտեստ կպատրաստվի, - հարցրեց զրուցավար Եգոր Գլումովը՝ ակնարկելով Սորոկինի «Մանարագա» վեպը, որի մռայլ ապագայում չճարվող տպագիր գրքերի կրակի վրա հատուկ խոհարարներ դելիկատեսներ են պատրաստում մեծահարուստների համար։

 

 Երևի ստեռլյադ՝ շամփուրի վրա, - պատասխանեց գրողը։

 

Այսպես սկսված զրույցը թույլ տվեց ավելի լավ ճանաչել մեր ժամանակի ամենազդեցիկ ռուս գրողներից մեկին։ 

 

Նրա այցը Երևան սկսվել էր մի փոքր արկածային․ գրողի ճամպրուկը դեռ ճամփորդում էր ու Երևան էր հասնելու այն ժամանակ, երբ նա արդեն հետ վերադարձի օդանավում պիտի լիներ։ Այդ անհարմար իրողության մասին պատմելուց հետո եղավ խոստովանություն, որ Երևանը օր օրի ավելի ու ավելի է հավանում, առանձնահատուկ նշելով իրեն ժպտացող Արարատը․ «Ինչ երջանիկ եք դուք, որ ապրում եք այս համայնապատկերի ներքո», - անկեղծ ասաց գրողը։

 

 

Մանկության հեքիաթային արմատները

Զրույցից պարզ դարձավ, որ Սորոկինի աշխարհայացքը ձևավորվել է դեռ մանկության տարիներին՝ ռուսական գյուղի հեքիաթների միջավայրի ու սովետական փոքրիկ բնակարանի պատերի ներքո՝ հյուրեր ընդունելիս, սեղանի տակ գիշերելու երանության և սյուրռեալիստականության արանքում։ Թվում է՝ նրա հիշողությունները փայտահատ պապիկի պատմությունների, անտառի եզրին ծվարած գյուղի կենցաղի, հոգատար տատիկի, խորհրդային բարքերի տաք կքած ընտանիքի կյանքի մասին պահպանվել են ոչ միայն որպես տեքստեր, այլ որպես կենդանի պատկերներ ու կտավներ, որոնք խառնվել են այդ մանկության մի դրվագում իրեն շատ տպավորած գեղանկարների հետ, որ տեսել է կուբիստական շրջանի Պիկասսոյի ցուցահանդեսին։ 

 

Տպավորություն է, որ հիմա էլ ընթերցողը կարդում է դեռ այդ տպավորությունների մեջ ձևավորված գրական մտածողությունը, այդ նույն պատկերներն են վերածվել գրականության, ստանալով սատիրայի ու ողբերգության խտացված արտահայտչաձև, ներծծելով նոր ժամանակների աբսուրդն ու սյուրռեալիզմը։ Հատկանշական է այն, որ մանկության երազանքներից խոսելիս, պատմեց, որ ինը տարեկան փոքրիկ Վլադիմիրը երազում էր դառնալ ասենիզատոր՝ գյուղի կանալիզացիայի կեղտաջրերի հորը դատարկող և անտառում բեռնաթափող մեքենայի վարորդ։ Ամենազազրելին ու զզվելին մաքրելու այս ցանկությունը ընթերցողը հիմա էլ է տեսնում Սորոկինի ստեղծագործությւնների մեջ։

 

«Հեքիաթի» հեղինակի սիրելի հեքիաթները

Իհարկե, հնարավոր չէր շրջանցել գրական նախասիրությունների թեման։ Սորոկինը նշեց Սաշա Սոկոլովի, Տուրգենևի, Խարմսի ու Գազդանովի անունները, ինչպես նաև մանկության սիրելի գրքերը՝ «Մյունհաուզենի արկածները» և «1000 ու մի գիշերը» (թեև՝ մանկական ադապտացիաների տեսքով)։ Իսկ հիմա սպասում է նոր գրական աստղերի, քանի որ ժամանակն է այդպիսին, սպասողական․ «Պատերազմի և հեղափոխության սմուտայում, չի գրվում, գրվում է հետո, որպեսզի ընդարձակվի, լայնացվի մշակութային տարածքը, դաշտը»։ 

 

 

Գրական կանխագուշակումներ

Ռուսաստանում վերջին տարիների գործընթացները շատերին ստիպեցին վերհիշել «Օպրիչնիկի օրը», որով Սորոկինը, կարծես, դեռ տարիներ առաջ կանխագուշակել էր իր երկրի ապագան։ Այդուհանդերձ, ըստ հեղինակի համեստ կարծիքի, կանխագուշակող գրողներ չկան, պարզապես «գրում ես, իսկ տարիներ անց ես ինքդ ես հասկանում, թե ինչ սոցիալական նյարդի ես դիպել»։

 

Բայց ինչպե՞ս հասունացավ ու գրվեց այդ վեպը. «Վեպերը առհասարակ հասունանում են շատ դադաղ, ժամանակի ընթացքում պիտի հասնեն, ինչպես խնձորը, ինչպես որսից հետո գլխիվայր կախված բադի գլուխը, որ պիտի չորանա ու ընկնի։ Այդպես հասունացավ «Օպրիչնիկը» ու մի օր, սկսեցի այն գրել մի դեպքից հետո։ Մենք մի շուն ունեինք։ Շուկայում նրա համար ոսկոր էի գնում, երբ աչքովս ընկավ մի հսկայական ցուլի կոնքոսկր, վրան մի քիչ միս։ Որոշեցի մեր շնիկի հոգու հետ խաղալ ու այդ ոսկորը, որ իրենից չափերով մեծ էր, տուն բերեցի։ Երբ նայում էի, թե ինչպես է շունս երանության մեջ պոկոտում միսը այդ ոսկորից, վազվզում դրա շուրջ, այդ տեսարանը ստիպեց ինձ սկսել»։ 

 

Մշակույթի դաստիարակիչ ուժը

Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում (այսինքն՝ հիմա), մարդը մարդ է միայն մշակույթի շնորհիվ, նշեց գրողը։ Մշակույթը դաստիարակում է երեխայի հոգին ու միտքը՝ նկարելու, գրելու, նվագելու միջոցով։ Մշակույթը, ըստ նրա, ավելի հզոր է, քան ցանկացած թմրանյութ․ քանի որ չի կոտրում, չի ընդհատվում, այլ ընդարձակվում է անընդհատ։

 

 

Տեխնոլոգիաների մասին

Հանդիպմանը հնչած հարցերից մեկն այս պահին ամենաթեժ թեմային էր վերաբերում՝ արհեստական բանականություն։ Սորոկինը չհամաձայնեց այն մտքին, թե ԱԲ-ը կարող է մարդուն զրկել ստեղծագործականությունից ու ստեղծագործելուց։ Նա այն համարեց գործիք, որը երբեմն օգտակար է, բայց երբեք չի փոխարինի ստեղծագործական աշխարհի մարդկային բնույթին։ «Երաժշտությունը կամ տեքստը, որը գրել է մեքենան, լսելով անմիջապես հասկանում ես՝ մարդ չի արել»,- վստահեցրեց գրողը ու հիշեց Գարի Կասպարովի պատմած դեպքը, որը հրաժարվել էր մրցել ԱԲ-ի հետ, քանի որ տպավորություն է, թե «մարդը կռվում է էքսկավատորի հետ»։ 

 

Գրող-մարդ 

Սորոկինի երևանյան հանդիպումը տպավորիչ էր ոչ միայն գրական մտքերի, այլև նրա մարդկային պարզության ու համեստության շնորհիվ։ Նա խոսեց առանց վերամբարձ արտահայտությունների, բայց յուրաքանչյուր նախադասության մեջ զգացվում էր գրականության հանդեպ խոր սերը, ակնածանքն ու հավատը, որ այն բուժիչ է։

 

Կորած ճամպրուկից մինչև Արարատի պատկերով տպավորված Սորոկինի այցը դարձավ հիշեցում, որ մշակույթը մնում է այն դաստարակիչ, բուժիչ ուժը, որն իսկապես մարդուն մարդ է պահում։

 

հավելյալ նյութեր