Սուձյա՝ անամո՜թ
Ֆուտբոլ

Սուձյա՝ անամո՜թ

Առաջին այցելություն ֆուտբոլային մարզդաշտ՝ տարբեր մարդիկ, տարբեր հաշիվներ։

Տեքստը՝ Նե Թադևոսյանի, Արա Պետրոսյանի


ԵՐԵՎԱՆ #9 | 2012

Արա, 27 տարեկան

Հայկական ակումբները եվրագավաթներում սկսեցին հանդես գալ նույն 1996 թվականից: Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցելու էր հելսինկյան «ՀԻԿ»-ի դեմ: Առաջին խաղը Երևանում էր՝ բակում մի քանի հոգով որոշեցինք գնալ «Հրազդան» ստադիոն: Երբ հասանք ստադիոն, պարզվեց, որ տոմս չունենք: Այն ժամանակ մուտքի երկաթե պատնեշների մոտ հսկում էին ամբողջովին կանաչ հագած տատիկ-պապիկներ՝ ճիշտ այսօրվա կանաչապատողների հագուստով: Որոշեցինք խնդրել տատիկներին, որ ներս թողնեն. ուրիշ ճար չունեինք: Մոտ 15 րոպե համոզում էինք, նույնիսկ հիվանդ ձևացանք, իսկ տատիկները մեզ համոզում էին, որ եթե նույնիսկ այս արգելքը անցնենք, միևնույն է դեպի տրիբունաներ տանող մուտքերի մոտ էլի ստուգողներ կան, ու նրանց հաստատ չենք համոզի: Ինչևէ, մի կերպ խաբեցինք-անցանք ու սկսեցինք վազել դեպի աջ՝ մեզ նման լիքը պատանիների հետևից: Հաղթահարելով մի քանի երկաթե պատնեշ՝ հայտնվեցինք տրիբունա տանող հիմնական ճաղավանդակի առջև ու մի կերպ սողալով մտանք մարզադաշտ: Առանց հասկանալու հայտնվել էինք արևելյան տրիբունայում: Երբեք չեմ մոռանա այդ վազքից հետո մի շնչով խաղակեսի միջնամասում ստադիոնում հայտնվելը: «Փյունիկը» հաղթեց՝ 3:1, չնայած հետո պատասխան խաղում պարտվեց՝ 2:5:

 

 

Օգոստոսի վերջին ՀՀ ազգային հավաքականը Աշխարհի 1998 թ. գավաթի ընտրական փուլի շրջանակներում մրցելու էր Պորտուգալիայի հետ: Լուիշ Ֆիգուն դեռ համաշխարհային աստղ չէր, ու խաղն ավարտվեց 0:0:

 

 

Այդ հաշիվը մի փոքրիկ սենսացիա առաջացրեց: Հայաստանի հավաքականը դեռ անուն չէր հանել, և պորտուգալացիների հետ ոչ ոքին փոքրիկ փոթորիկ առաջացրեց Եվրո- պայում: Անմոռանալի պատկեր էր Հրազդան մարզադաշտից դուրս եկող մարդկանց անվերջանալի հոսքը, որ ձգվում էր դեպի Հաղթանակի կամուրջ:

 

Այդ տարիներին ստադիոնում բացառապես արական սեռի ներկայացուցիչներ էին, գոռոցներն ու բղավոցները մեծ մասամբ բաղկացած էին հայհոյանքներից, իսկ խաղից հետո տրիբունաներն ամբողջությամբ ծածկվում էին արևածաղկի սերմերի մնացորդներով:

 

Հիմա բավականին շատացել են աղջիկները, մի մեծ բանակ են կազմում ու գնում երկրպագելու Հայաստանի հավաքականին: Երևի դրանից էլ քչացել է հայհոյող տղամարդկանց թիվը…

 

 

Գոռ, 25 տարեկան

Առաջին անգամ Հայաստան-Ֆրանսիա խաղին գնացի: 11 տարեկան էի ու խաղը նայելու մեծ եղբորս ու իրա ընկերների հետ էի գնացել: Հազիվ էի հարմարվել այդ ահռելի միջավայրին, մարդկանց բազմությանը, աղաղակներին, մեկ էլ էն եմ հի- շում, որ ես օդում եմ: Ինչպես մի քիչ ուշ հասակացա՝ Հայաստանի հավաքականը խփել էր առաջին գոլը, պատկերացնո՞ւմ եք ինչ էր կատարվում ստադիոնում. հայերը գոլ էին խփել այն ժամանակվա աշխարհի չեմպիոններին: Երկար ժամանակ 1:0-ն պահում էինք:

 

Ճիշտ ա, հետո արդեն 1:3 պարտվում էին, արդեն 90-րդ րոպեն էր ու շատ հայ երկրպագուներ, ուղղակի հայավարի հեռանում էին ստադիոնից, բայց մեկ էլ հոպ՝ բոլորիս համար անսպասելի, մրցավարը ավելացված ժամանակում 11 մետրանոց նշանակեց Ֆաբիեն Բարտեզի դարպասին: Գնացողները նորից սկսեցին հետ գալ: Ու խաղն արդյունքում 3:2 ավարտեց հօգուտ ֆրանսիացիների: Բայց ես դեռ երկար էի ապրում այդ օրը ստացած իմ տպավորություններով, մտածում էի, ի՞նչը սխալ արեցին, ո՞նց անեին, որ հաղթեին: Հիշում եմ, մենք յարուսում էինք նստած ու հայերի գոլից հետո ինձ թվում էր, թե հիմա պատշգամբը կփլվի, ու խաղը կիսատ կմնա:

 

 

Բա կողքի երկրպագուները, մինչև հիմա ականջներումս զրնգում ա. «Ջորկաև, լա՜վ էլի, հա՜յ ես՝ պաս մի տուր, մի՛ խփի»:

 

 

Էդուարդ, 40 տարեկան

Առաջին ֆուտբոլային տպավորությունը 2 տարեկանում ունեցա, երբ մեր տանը հավաքված մարդիկ այնպես գոռացին «գո՜լ», որ ես վախից սկսեցի լացել: 3 տարեկանից սկսած հայրիկիս հետ հաճախ գնում էի «Արարատի» խաղերին: Իմ տեղը հորս կամ հորեղբորս ուսերի վրա էր՝ լա- վագույն դեպքում նրանց արանքում էի մի կերպ տեղավորվում: Ընդ որում, այն ժամանակ մինչև ստադիոն հասնելը երկար ճանապարհ էինք կտրում: Ներկայիս Ֆրանսիական դեսպանատան մոտից մեքենաների ճանապարհը փակ էր լինում, ստիպված ոտքով էինք հասնում: Հիշում եմ առաջին մուտքս ստադիոն: Երբեք այդքան մարդ մի տեղում չէի տեսել:

 

Մութ էր ու միակ լուսավորությունը ստադիոնի ահռելի լամպերից էր գալիս, իսկ խավարի միջից ծուխ էր բարձրանում, քանի որ բոլորը ծխում էին: Հիշում եմ, որ այն ժամանակվա ֆուտբոլային դիտումներին ոչ ոք առանց թերթի ստադիոն չէր գնում, տանում էին, որ դնեին տակները: Ու հենց այդ օրերին կրպակներում վաճառում էին 3 շաբաթվա վաղեմության թերթեր, այն էլ կրկնակի թանկ, քան ասենք այդ թերթը արժեր, երբ նոր էր լույս տեսնում:

 

 

Ու եթե փողոցում թերթը ձեռքի մեջ փաթաթած տղամարդ էիր տեսնում, կարող էիր վստահ լինել, որ նա գնում է ստադիոն՝ ֆուտբոլ նայելու:

 

Բայց ամենաահավորը ընդմիջման ժամանակ զուգարանի դիմացի հերթի երկարությունն էր: Եթե զուգարան էիր ուզում, ստիպված պիտի խաղի ժամանակ գնայիր, ընդմիջմանն անհնար էր: Բայց դե խաղի ժամանակ էլ աչքիդ մեկը դաշտում էր մնում՝ բա որ այդ ընթացքում գոլ խփեին:

 

Սերգեյ, 31 տարեկան

6 տարեկան էի: Դե պատկերացրեք էդ տարիքի երեխայի մոտ ինչ տպավորություն կլինի, երբ առաջին անգամ գնում է ստադիոն: Հիշում եմ, որ «Արարատ»-«Դնեպր» խաղն էր: Առաջին կեսին քնել էի, 2-րդ խաղակեսին արթնացա, քանի որ ամբողջ ստադիոնը գոռաց՝ գոլ՜: Հազիվ էի այդ բացականչությունից ուշքի եկել, մեկ էլ հորս ընկերը գոռաց՝ շահեցի՜: Պարզվեց ավտոմեքենա է շահել՝ այն ժամանակ ֆուտբոլային խաղերի տոմսերով համ էլ ավտոմեքենաներ էին խաղարկում: Խաղն ավարտվեց 3–3:

 

 

Իսկ ամենից տպավորիչ խաղը, որ դիտել եմ ստադիոնում, եղել է Հայաստան-Գերմանիա խաղը, 1996-ի հոկտեմբերին: Ես տասներորդ դասարան էի, հասցրեցի անգամ խաղից հետո գերմանացի ֆուտբոլիստներից ստորագրություն վերցնել:

 

 

 

Արտավազդ, 26 տարեկան

Ֆուտբոլիերկրպագու դարձա 1994 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ: Այդ նույն տարվա աշնանը Հայաստանի հավաքականն առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ու մի օր հայրիկս որոշեց ինձ ու քրոջս տանել Հայաստան-Իսպանիա խաղին: Դա երկրորդ խաղն էր Երևանում՝ առաջինը՝ Կիպրոսի հետ, զրո-զրո էր ավարտվել: Շատ ոգևորված էի, որովհետև բոլորովին չէի պատկերացնում, թե ինչ պետք է տեսնեմ: Այնպես ստացվեց, որ մայրիկս դասղեկիս խնդրել էր ինձ դասից մի քիչ շուտ թողնել (երկրորդ հերթ էի), դրա համար բոլոր դասընկերներս էլ նախանձով էին ինձ ճանապարհում:

 

Ստադիոն ոտքով հասանք՝ Կիևյանից Ծիծեռնակաբերդով: Մեզ նման էլի հազարավոր մարդկանց հետ: Երբեք չեմ մոռանա խոտածածկի կանաչը՝ հեռուստացույցի հետ չես համեմատի, արևածաղիկ չրթող հարևան երկրպագուներին և ստանդարտ դիրքերի ժամանակ ահռելի դղրդոցը, երբ ամբողջ ստադիոնը հարվածին ընդառաջ ոտքերով թմբկահարում էր հատակը:

 

Մեկ էլ անսովոր էր ֆուտբոլ դիտելն առանց մեկնաբանի: Մերոնք պարտվեցին՝ երկու-զրո, բայց այն ժամանակ պարզապես ֆուտբոլ դիտելն ու «հայե՜ր» բացականչելը մեծ բան էր: Դրանից հետո մի քանի տարի գրեթե ոչ մի խաղ բաց չէի թողնում:

 

 

«Հրազդանի» մարտերից ամենահիշվածն ու հաճելին երևի Ֆրանսիայի հետ խաղն էր, երբ մերոնք երեսուն րոպեի ընթացքում աշխարհի չեմպիոններին հաղթում էին մեկ-զրո, վերջում էլ՝ երեք գնդակ բաց թողնելուց հետո, չընկճվեցին ու երկրորդն էլ խփեցին: Այն ժամանակ դեռ մեծ հաղթանակների սովոր չէինք, դրա համար տրիբունաներում նստածները երջանիկ էին միայն նրանից, որ հաջողվեց ֆրանսիացիներին նյարդայնացնել և վերջապես երկու գոլ խփել:

 

 

Ալեքսան, 50 տարեկան

Ես 10 տարեկան էի, 1972-ն էր, եթե չեմ սխալվում, գարնանն էր: Քավոր ունեի՝ Սերոժը, եկավ հորիցս հարցրեց, թե բա՝ տանեմ էսօր Ալիկին ֆուտբոլի: Հայրս շատ չոգևորվեց, բայց Սերոժը ինձ աչքով արեց, մամայիս հետ պայմանավորվեց, ու ես գնացի ստադիոն: Ազատ տեղ չկար: «Արարատը» «Կայրատի» հետ էր խաղում: Կովալենկոն գոլ խփեց, սիրու՛ն էր, հիշում եմ: Բայց առաջին ֆուտբոլը առավել հիշվեց, քանի որ մի քանի նստարան այն կողմ պապաս էր նստած ու ինձ նկատել էր: Բախտս բերեց՝ ուրախ տրամադրություն ուներ՝ վերջապես նոր հսկայական «Հրազդանն» էր բացվել, ու ես չպատժվեցի: Հիշում եմ, որ շատ լարված էի նայում խաղը, որ հանկարծ մի բան բաց չթողեմ: Ախր էն ժամանակ մեծ էկրաններ չկային, որ կրկնությունը ցույց տային: Այս առումով այն ժամանակ տանը նայելն ավելի հարմար էր, գոնե կրկնողությունները հանգիստ քո համար նայում էիր: Բայց Սերոժը մշտական տոմս ուներ ու իրա հետ մեկ-մեկ գնում էինք: Էտ գիտեք ի՞նչ երջանկություն էր, որ հերթ չէինք կանգնում տոմսի համար:

հավելյալ նյութեր