Սուրճն ու գինին՝ Bardo-ում
Այն մասին, թե ինչպես Կասկադի նորաբաց Bardo-ն՝ վերջին վեց ամսում Melonpan Group-ի բացած երկրորդ գաստրոնոմիական նախագիծը, կարողացավ մի վայրում համատեղել թարմացնող սուրճը, ուժ տվող նախաճաշը և գինու փորձառությունը։
31.07.2026Կեսօր է, առավոտյան սուրճի շտապողականությունն արդեն անցել է, իսկ գինու համար դեռ մի փոքր շուտ է։ Ամեն դեպքում ուսումնասիրում ենք․ առաջին հարկում սուրճն է, թարմ թխվածքն ու grab-and-go ձևաչափով սնունդը, իսկ ներքևում՝ առանձնացված wine room-ը՝ իր գինու ցանկով և երեկոյան մենյուով։


Այս երկակիությունն էլ նախագծի հիմնական գաղափարն է։ Առավոտյան կարելի է մտնել սուրճի ու կրուասանի համար, կեսօրին՝ ճանապարհին որևէ բան վերցնել, իսկ երեկոյան վերադառնալ գինու ու նախուտեստների։ Սովորաբար այս առիթների համար քաղաքում տարբեր վայրեր ենք ընտրում։ Bardo-ն առաջարկում է չփոխել հասցեն, այլ միայն՝ օրվա ռիթմը։
«Մենք չէինք ուզում ստեղծել ևս մեկ սրճարան կամ ևս մեկ գինու բար։ Մեզ հետաքրքիր էր սուրճի ու գինու երկու մշակույթը միավորել մի տարածքում, որտեղ երկուսն էլ բնական են զգում իրենց և չեն մրցակցում միմյանց հետ։ Այդպես առաջացավ Bardo-ի գաղափարը՝ մի վայրի, ուր ուզում ես վերադառնալ օրվա տարբեր ժամերին և տարբեր առիթներով»,— ասում է Melonpan Group-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Մինինը։


Սկսում ենք մեր փորձառությունը Bardo-ի ֆիրմային կրուասանից։ Թեթև, շերտավոր և ճիշտ չափով փխրուն՝ այն լավ է աշխատում սուրճի հետ և արագ հասկացնում է, որ այստեղ թխվածքներին լուրջ են վերաբերվում։ Հացն ու թխվածքները, որոնք ներկայացված են այնպես, որ նման են արվեստի գործերի, ամեն օր պատրաստվում են Melonpan Group-ի սեփական փռում։
Քաղցրի թեման անսպասելի շարունակում է «Սուջուխ» ջելատոն․ ծանոթ համը տեղափոխվել է լրիվ այլ ձևաչափ և այն հաստատ արժե փորձել, հատկապես եթե դասական տարբերակներից մի փոքր հոգնել եք։

Bardo by Melonpan
Հասցե՝ Թամանյան 2
Աշխատանքային ժամեր՝ 09:00–00:00
Եվ իհարկե, Melonpan Group-ը այստեղ էլ չէր կարող չհյուրասիրել համանուն մելոնպան։ Ճապոնիայում վաղուց դասական դարձած այս թխվածքը ստեղծել է հայ խոհարար Հովհաննես Ղևենյանը, և հենց այդ պատճառով այսօր Երևանում այն փորձելը ոչ միայն համեղ է, այլև խորհրդանշական։ Փափուկ բուլկին՝ քաղցր ու թեթևակի փխրուն վերնաշերտով, արտաքինով հիշեցնում է սեխի կեղևը (այստեղից էլ պատմական անվանումը)։ Եվ ահա, Melonpan Group-ը բերում է մելոնպանը հայրենի՜ք։ Bardo-ում այն արժե պատվիրել սուրճի հետ՝ որպես ոչ միայն համեղ, այլև իր պատմությամբ հետաքրքիր ընտրություն։


Երեկոյան վերադարում ենք արդեն հանուն wine room-ի։ Այստեղ Bardo-ի ռիթմը փոխվում է․ արագ սուրճի կանգառի փոխարեն ուզում ես երկար մնալ, գինի ընտրել և պատվիրել դրա հետ նախատեսված նախուտեստներից։ Գինու ցանկը կազմել է Bardo-ի թիմը, և ներքևի տարածքը գործում է ոչ թե որպես սրճարանի հավելում, այլ ինքնուրույն երեկոյան հասցե։
Ուշ երեկոյան հեռանում ենք այն համոզմամբ, որ Bardo-ի ամենաճիշտ սահմանումը ո՛չ սրճարանն է, ո՛չ էլ գինու բարը։ Սա այն հասցեներից է, որոնց մասին կարելի է մեկից ավելի պատասխան ունենալ՝ կախված նրանից, թե երբ ես եկել և ինչի համար։ Կարևորը՝ գալն է։