«Ես օգտվեցի անմեղության կանխավարկածի իրավունքից ու հակադարձ հարցերցի՝ իսկ ինչու՞ ոչ»
Ոսկե Ծիրան

«Ես օգտվեցի անմեղության կանխավարկածի իրավունքից ու հակադարձ հարցերցի՝ իսկ ինչու՞ ոչ»

Ոսկե Ծիրան կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը մեկնաբանում է այս տարվա փառատոնի պատվո հյուրի ընտրությունը․ ինչպես մի քանի օր առաջ հայտարարվեց, Երևան կժամանի դերասան Քևին Սփեյսին։

Աղբյուր՝ Կարեն Ավետիսյանի գրառումը ֆեյսբուքում

#ՈսկեԾիրան #Կինո

Երեք օր շարունակ կարդալով հազարավոր բարոյախրատական մեկնաբանություններ, լայնքաչափով՝ կառուցողական քննարկումներից մինչ հաշվեհարդարի սպառնալիք, երկու տող էլ ես գրեմ՝ որպես Քևին Սփեյսիի այցի թիվ մեկ պատասխանատու, քանզի MeToo շարժման թե՛ բարեփոխիչ ու թե՛ կազմաքանդող երկու բևեռներն էլ առաջին հերթին հենց պատասխանատվության մասին են:

Կաննի կինոփառատոնում կա մի կարևոր միջոցառում՝ փառատոների տնօրենների ընթրիք, որը ծանոթություններից, համագործակցության եզրերից, ռոզե խմելուց ու մոլեկուլյար խոհանոցի մասին զրույցներից զատ, կարևոր է խնդիրների վերհանման ու փոխադարձ խորհրդատվության առումով:

Երբ հերթը հասավ ինձ, միջազգային կոլեգաներից մեկը մնացածին ասեց թե բա յաաա գիտե՞ք իրանք անցած տարի ում էին բերել... Կիտանոյին՝ Նորին մեծություն Բիթ Տակեշիին։ Մի փառատոնի տնօրեն ձախ աչքը փակելով սկսեց Կիտանոյի նմանակումը անել, հետո պատմեցի, թե ինչ գլխացավանք էր, հետո հիշեցին, որ տարիներ առաջ Կաննի կինոփառատնում ոնց ա վերջին պահին Կիտանոն չեղարկել Տարանտինոյի հետ հրապարակային զրույցը՝ դնելով փառատոնին անհարմար դրության մեջ, հետո էն նույն փառատոնի տնօրենը փորձեց նույն նմանակումը անել արդեն աջ աչքը փակելով, հավաստիացնելով, որ տենց ավելի նման ա, հետո էն մյուս գործընկերս հարցրեց՝ բա էս տարի ովքեր են ձեր հյուրերը: Թվարկեցի՝ բոլորը ուրախ էին ու մեկ էլ ասեցի, որ նաև հնարովոր ա ՝ Քևին Սփեյսին...

Հանկարծ այդ նույն դեմքերը կտրուկ փոխվեցին, Կիտանոյին նմանակող տնօրենի երկու աչքերը զարմանքից բացվեցին, անհարմար դադարը լցնող կոկորդ մաքրելու ձայների ներքո հնչեց հարց, որը հազարապատիկ թվով հնչում է այս օրերին՝ ինչու՞:

Ես օգտվեցի անմեղության կանխավարկածի իրավունքից ու հակադարձ հարցերցի՝ իսկ ինչու՞ ոչ:

Պատասխանները շատ տարբեր էին, իսկ մի որոշ ժամանակ անց՝ տարբեր էին նաև կարծիքները ու միակարծություն կար բացառապես մեկ հարցում՝ Սփեյսին ֆանտաստիկ արվեստագետ է:

Բնականաբար այսօր՝ Նոր էթիկայի ժամանակներում դա չի կարող լինել միակ չափորոշիչը , քանի էթիկական իմպերատիվը օրակարգային հարց է և MeToo շարժման մեծագույն ձեռքբերումը՝ հենց վարքագծի վերանայման պատասխանատվությունն է , որը իր ծայրահեղ միջոցներում հասնում է կատարյալ աբսուրդի, բայց միջինացված սաղնղակում դրականորեն պարտադրում է զսպվածություն ու սանձում է մեզանից ոչ անմասն կրքերի վիրավորական արտահայտչաձևերը ու ինքը Սփեյսին ընդունել է իր մեղքն առ այն, որ իր ֆլիրտի ոճը եղել է հախուռն ու հանդուգն ու այս ամբողջ տարիները ու դատավարությունները ստիպել են նրան վերանայել այդ վարքագիծը, որը վիրավորական է եղել որոշ, իսկ միգուցե շատ դեպքերում ու բազմիցս՝ թե՛ հրապարակավ, թե՛ առանձնազրույցներում խնդրել ներողություն ու այո դա MeToo-ի շնորհիվ է, այլ ոչ թե, որ մի օր քնեց-զարթնեց ու մեղսաքավություն իջավ վրան: Իսկ օրինակ մենք որքանո՞վ ենք անկեղծ, որ մեզանից ամեն 3-րդը հանդուգն ու հախուռն է ֆլիրտի մեջ ու որ միթույական չափանիշներով Հայաստանում կնստեր ամեն 3-րդ պռոռեկտորը, թատրոնի և կինոյի ռեժիսորը, սպորտսմենը, գիտնականը, տաքսիստը, ժողովրդական արտիստը «pЭdoֆiL Эk BЭrЭԼ voR mЭr ЭrЭxЭkiH ПxЦи» գրող ամեն 3-րդ քոմենթչին և «Ոտնահարում եք մեր արժեհամակարգը» գրող ամեն 3-րդ մտավորականը:

Բայց այդ նույն շարժումը հասնում է աբսուրդի , երբ հենման կետ է դարձնում միայն ու միայն մեղադրողների բազմաձայնությունը, զրոյացնելով արդարադատության ամենահիմնարար սկզբունքները, այդպես այսօր ստիպված ենք «արդարանալ» մեկի փոխարեն, ում բոլոր հոդվածներով արդեն արդարացրել է ոչ թե Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, այլ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության գերագույն դատական ատյանները:

Բացառապես նույն պատկերը կլիներ, եթե հնարավորություն ունենայինք Մարզահամեգային համալիր բերել Մայքլ Ջեքսոնին, Կինոյի տուն՝ Չարլի Չապլինին կամ Փարաջանովի թանգարան՝ հոբելյար Փարաջանովին, ասում եմ առանց մի գրամ երգիծանքի:

Դիրքորոշման բուն նյութը անգամ այն չէ, որ 15-ամյա չեղարկման մշակույթը դժվարությամբ է մրցակցում 1500-ամյա անմեղության կանխավարկածի ինստիտուտի հետ, այլ այն, որ Ոսկե ծիրանը հումանիտար կազմակերպություն չէ, այլ կինոփառատոն, որտեղ մենք, խորապես համոզված լինելով, որ բարեպաշտ մարդու ու լավ արվեստագետի նույնականացումը միֆ է, պատվում ենք ոչ թե արժանավոր մարդկանց, այլ արժանավոր արվեստագետների ու դատում ենք ոչ թե մարդուն, այլ իր արվեստը:

Այդ առթիվ առաջիկա օրերին Կինոյի տան Մեծ դահլիճում ներկա կգտնվենք մեծագույն դատավարության բրիտանացի ռեժիսոր Սըր Ալան Փարքերի «Դեյվիդ Գեյլի կյանքը» ֆիլմում, մտավորական-ամբաստանյալ Դեյվիդ Գեյլի դերում, հուսանք նաև ներկա դահլիճում՝ ամերիկյան կինոյի բարձրագույն՝ Օսկար և բրիտանական թատրոնի բարձրագույն՝ Լոուրենս Օլիվիեյի մրցանակների կրկանկի դափնեկիր Քևին Սփեյսի:

հավելյալ նյութեր